Ավետիք Իսահակյան․ Անպարտելի ոգին
Նմանատիպ
Եփրատից հեռու, անապատում կային մի քանի խղճուկ տաղաւարներ:
Հայրենի ողբալի սպանդից մազապուրծ մի քանի տասնեակ Հայեր էին ծուարել, նրանց ներքեւ՝ ծերեր, կանայք ու մանուկներ:
Ցնցոտիներով էր ծածկուած նրանց ոսկրացած մերկութիւնը, եւ նրանց հայեացքների մէջ մշտական սարսափն էր սառած, ինչպէս կախաղանի տակից հրաշքով ազատուած մահապարտների աչքերն են լինում:
Ժպիտ եւ ուրախութիւն սպաննուած էին նրանց աչքերի մէջ. միայն անմեռ յոյսի մի կայծ կար, որ տակաւին կեանքի նշոյլ էր տալիս նրանց բիբերին:
Երկնքից հրաշէկ արեւը կրակ էր մաղում, եւ առաւօտը կիզիչ էր ինչպէս միջօրէին:
Հեռուն, դեղնաւուն հողերի վրայ, հորիզոններն էին իջնում պղնձէ պատերի պէս:
Ծերերն ու պառաւները՝ հիւանդ ու դալուկ, կուչ էին գալիս տաղաւարների մի անկիւնում, գոց աչքերով իրենց երդիքների անդորր ծուխն ու պարտէզնների ծաղկած ծառերը վերապրելով: Եւ քանդւում էր ու հատնում նրանց չարչարուած հոգին…
Գիշերները թեթեւ անդորրում էին այդ թշուառների հուր ու զարհուրանք տեսած աչքերը, սակայն յաճախ, քրքրւում էին նրանց հոգիները կարմիր, ահաւոր տեսիլներով…
Առաւօտ էր: Վաղահաս պառաւած կանայք ստուերի մէջ նստած չորացած մատներով կար էին անում, հազար խնդրանքով ձեռք բերուած աշխատանքներ, որոնցով իրենց հարազատների չոր հացն էին վաստակում:
Անխոնջ, անդուլ կարում էին նրնաք, իրենց ճմլուած սրտերի մէջ սեւ արցունք թափելով:
Տաղաւարների առջեւ մանուկներ՝ պզտիկ աղջիկներ ու մանչեր, մոռանալով իրենց խղճալի օրը, խաղ էին անում, նոյնիսկ երբեմն ուրախ ճիչ արձակելով:
– Տղա՛ք, դասի եկէ՛ք, – հնչեց տաղաւարներից մայրերի ձայնը:
Եւ երեխաները ցրուեցին տաղաւարները: Երկու երեխայ՝ եղբայրներ, ձեռք ձեռքի բռնած մտան տաղաւարներից մէկը: Մեծը տասներկու տարեկան կը լինէր, փոքրը՝ եօթ-ութ: Երկուսով էլ վազեցին, ընկան մայրական գիրկը:
Չարաբախտ կինը նահատակութեան ճանապարհի վրայ կորցրել էր իր ամուսինը եւ երկու զաւակ. ամուսնուն ու պատանի որդուն շատերի հետ միասին անդարձ տարել էին թուրք ոստիկանները, իսկ ծաղկափթիթ աղջկան յափշտակել էին Քրդերը:
Մայրը գորովագին համբուրելով երեխաներին՝ ասաց կրտսերին.
-Աղուո՛ր գառնուկս, հիմա ես կը գրեմ, դուն պիտի կարդաս. տեսնեմ, գիրերը լաւ կը ճանչնա՞ս. վերջն ալ ասոր նման պիտի գրես. եթէ լաւ կարդաս, քեզի արմաւ կու տամ:
Եւ մայրը ցուցամատով գրեց աւազի վրայ.
«Աստուած պահէ հայրիկս, քոյրիկս, աղբարիկս»:
Երեխան հեգելով կարդաց գրածը:
– Ապրի՛ս, աչքի՛ս լուսիկը: – Մայրը նորից համբուրելով փոքրիկին՝ մի քանի չորացած արմաւ տուաւ:
– Հիմա ալ դուն նստէ գրէ:
Երեխան արմաւը ուտելով՝ սկսեց փոքրիկ մատով գծեր քաշել աւազի մէջ:
Մայրը դիմելով մեծ որդուն՝ ասաց.
– Իմ սիրելի՛ Վազգէնս, տեսնեմ ի՞նչ գրեր ես:
Մանուկը մի քանի բաներ էր գրել աւազի վրայ: Մայրը աչքերը լարելով կարդաց.
«Այլազգը տարաւ հայրիկս, քոյրիկս, աղբարիկս, կ’ըսեն որ սպաննած են. ես չեմ հաւատար. երբ տուն դառնանք, զանոնք հոն ողջ առողջ պիտի գտնենք»:
– Հարկա՛ւ, սիրելի՛ս, հարկա՛ւ…
Եւ արցունքը զսպելով համբուրեց երեխային եւ չկարողանալով դասը շարունակել՝ երկուսին արմաւի հետ մի կտոր սեւ հաց տալով՝ ասաց.
– Հիմա գացէ՛ք, դուրսը խաղցէ՛ք, իրիկունը, Վազգէնի՛կս, քեզի Աւետարանէն դաս պիտի տամ. անանկ լաւ պիտի սորվիս որ ընկերներդ զարմանան, ու երբ տուն երթանք, հայրիկդ պիտի տեսնէ որ պարապ չես անցուցած հոս ատենդ. շատ պիտի ուրախանայ:
Երեխաները զուարթ դուրս թռան:
Մայրը նրանց հետեւից փղձկաց դառնագին. ապա արցունքները սրբելով՝ լացակումած մրմնջաց.
– Այո՛, երբ մեր ազատուած Հայրենիքը դառնանք, զանոնք ամէնքն ալ հոն յարութիւն առած պիտի գտնանք, անշուշտ:
Ականատեսը աւելացրեց.
– Խեղճ հայ մայրերէն մի քանին հետերնին միմիայն Աւետարան ունէին. թուղթի ոչ մէկ կտոր: Անապատի աւազները յաճախ դարձան հայ մարտիրոսուած մանուկներու համար գիրք ու տետրակ, եւ աւելի յաճախ՝ պատանք ու գերեզման՝ անխաչ, յաւիտեան կորսուած ու անյայտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում