Իրանական վավերագրական կինոյի ինքնատիպ նմուշ «Սիրելին» ներկայացվեց Հայաստանի հանդիսատեսին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութսունամյա կինը միայնակ ապրում է պաշտելի բնության գրկում: «Սիրելին» ֆիլմը պատմություն է բարի և սիրառատ մոր մասին, որն արի է և բավականաչափ ուժեղ իր կյանքի ծանր շրջանին դիմանալու համար, բայց երբեք չի լքում մայր բնությունն ու իր սիրելիներին: Չնայած տղամարդկային դժվարին կենսակերպին, նա ջանում է կյանքը բանաստեղծական դարձնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռեժիսոր Յասեր Թալեբի 2018 թվականին նկարահանած իրանական վավերագրական ֆիլմն այս տարի ներառվել է «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում:
Հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ֆիլմի պրոդյուսեր Էլահե Նոբախթն ասաց, որ հերոսուհին ապրում է Իրանի հյուսիսում գտնվող ամառանոցում՝ իր կենդանիների հետ: «Ցանկացել ենք արծարծել կնոջ մենության թեման, նրա հերոս լինելն ու սերը բնության, կենդանիների նկատմամբ»,- նշեց բանախոսը:
Նրա խոսքով` գլխավոր կերպարը պատկառելի տարիքում շարունակում է աշխատել, արարել, ստեղծել: «Նշեմ, որ միայնակ ապրելը հենց մեր հերոսուհու ընտրությունն է: Նա իրականում 11 երեխա ունի: Նրա ավագ որդին` Նեջաթը, նկարահանումների ժամանակ միշտ ուղեկցում էր մեզ: Զարմանալի է, որ, չնայած իր մեծ ընտանիքին, կինը ցանկանում է միայնակ լինել: Առհասարակ, Իրանում միայնակ կանայք շատ են»,- ընդգծեց պրոդյուսերը:
«Սիրելին» ժապավենի հիմնական ուղերձն այն է, որ քանի դեռ մարդ շնչում է, անկախ խոչընդոտներից, պետք է ինքնուրույն լինի, հաղթահարի բոլոր դժվարություններն ու երջանիկ զգա իրեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում