Հնագիտությունը ՀՀ-ում լուրջ զարգացում է ապրում. վկայում են օտարերկրացի հնագետները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հնագիտությունը տարիների ընթացքում լուրջ զարգացում է ապրել: Այս գնահատականը Հայաստանում աշխատող օտարերկրացի հնագետներինն է:
Քորնելի համալսարանի պրոֆեսոր Ադամ Սմիթը, ով Հայաստանում հայ մասնագետների հետ աշխատում է 1992 թվականից, «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ այդ ժամանակվանից ի վեր տարիների ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել:
«Մեկ նախադասությամբ կարող եմ ասել, որ շատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Երբ ես եկա Հայաստան, այստեղ հնագիտությունը, կարծես, ամենակարևոր բանը չէր, հիմա բոլորովին այլ իրավիճակ է, միջազգայինից բացի, ձևավորվել են նոր հայկական արշավախմբեր, որոնք բարձր մակարդակով են աշխատում»,- ասաց նա: Ադամ Սմիթը նկատեց, որ այս տարիների ընթացքում ոլորտում տեխնոլոգիական առաջընթաց է ապահովվել: Նա ընդգծեց, որ նկատելի է նաև մարդկային ներուժի զարգացումը: Ժամանակին երիտասարդությունը շատ քիչ էր ցանկանում զբաղվել հնագիտությամբ, իսկ այսօր այդ թվաքանակը բավական մեծացել է: Նոր երիտասարդներ են եկել, որոնք էապես նպաստում են Հայաստանում հնագիտության զարգացմանը:
Քորնելի համալսարանի պրոֆեսոր Լորի Խաչադուրյանը նշեց, որ հնագիտությունը միայն լաբորատորիաներում ու թանգարաններում չի ծավալվում, այլև բաց դաշտերում, բնության մեջ և այս իմաստով շատ կարևոր է տեղի բնակիչների ներգրավվածությունը ծրագրերում:
«Երբ հնագետները գնում են տարբեր շրջաններ, գյուղեր, տեղի մարդկային ռեսուրսը օգտագործվում է ծրագրերում: Եվ ահա այստեղ կարևորն այն է, թե ինչպես այդ մոտեցմամբ, այդպիսի ծրագրերով կարելի է փոխել մարդկանց վերաբերմունքը հնության, շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ»,-ասաց Լորի Խաչադուրյանը:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշեց, որ ինստիտուտի 60-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանում անցկացվող գիտաժողովը լավ առիթ է ոչ միայն ամփոփելու արված աշխատանքը, այլև նախանշելու հետագա անելիքները: Ահա քննարկվում է նաև, թե ինչպես հնագիտական արդյունքները տվյալ բնակավայրում իրենց ազդեցությունն ունենան սոցիալական, տնտեսական խնդիրներ լուծելու գործում:
«Խոսքը հանրային հնագիտության մասին է, որը աշխարհի զարգացած երկրներում տարածված է: Մենք այդ փորձը պետք է ներդնենք մեր երկրում: Իհարկե, հատուկենտ հնավայրերի հետ կապված ունենք այդ փորձը, սակայն ցանկանում ենք, որ համալիր ծրագիր լինի: Այն է, հնագիտական ծրագիրը ծառայեցնենք բնակչության շահերին, մարդկանց ներգրավենք այդ աշխատանքներում, զբոսաշրջային նպատակով ծառայեցնենք»,-ասաց Պավել Ավետիսյանը:
ՌԴ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի պրոֆեսոր Սերգեյ Կորենևսկին նշեց, որ Հայաստանում երկար ժամանակ է աշխատում, և ընդգծեց, որ այս տարածաշրջանը բավական հետաքրքիր է հնագիտական տեսանկյունից:
«Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հնագետների հետ: Եվ ահա այդ լավ հարաբերությունները յուրահատուկ շեշտադրում ստացան, երբ մենք Հայաստանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ ստորագրեցինք համագործակցության հուշագիր: Դա հնարավորություն է տալիս ավելի ազատ շփվել և համատեղ ծրագրեր իրականացնել»,-ասաց Սերգեյ Կորենևսկին:
Հռոմի «Միջերկրածովյան և արևելյան երկրների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի» առաջատար գիտաշխատող Ռոբերտո Դանը նշեց, որ Հայաստանում է իր թիմով: Ուսումնասիրություններ են կատարում Վայոց ձորի մարզում, շուտով կտեղափոխվեն Կոտայքի տարածաշրջան, որտեղ պեղելու են «Սոլակ-1» հնավայրը:
«Ուզում եմ նշել, որ հայ-իտալական համատեղ հնագիտական ծրագիրն արժանացել է Եվրոպայի ամենաբարձր մրցանակին՝ որպես լավագույն գիտահետազոտական ծրագիր»,-ասաց նա:
Հնագիտության և ազգագրության փոխտնօրեն Արսեն Բոբոխյանը նշեց, որ ահա այս համագործակցության, հայ և միջազգային հնագետների լուրջ աշխատանքի շնորհիվ բավական մեծ տվյալների բազա է ստեղծվում Հայաստանի անցյալն ուսումնասիրելու, հասկանալու համար, և դա ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի համատեքստում: Համատեղ աշխատանքով վերհանվում են մարդկության պատմության կարևոր դրվագներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում