Րաֆֆու մարմարե քանդակը՝ այսուհետ Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում

Րաֆֆու մարմարե քանդակը՝ այսուհետ Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Լիբանանահայ Վահէ և Սարգիս Սերայտարեանները քանդակագործ Երեմ Վարդանյանի /1922-1985/ հեղինակած մեծանուն գրող Րաֆֆու մարմարե քանդակը/61x52x35, 1954/ նվիրել են Հայաստանի Ազգային պատկերասրահին: Այս մասին տեղեկանում ենք Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից։

«Շնորհակալ եմ բոլոր այն նվիրատուներին, որոնց ջանքերով պարբերաբար համալրվում է ՀԱՊ-ի հավաքածուն, մեկ անգամ չէ, որ ասել եմ արվեստի արժեքավոր և մնայուն գործերը պետք է պահպանվեն մայր թանգարանում»,- իր խոսքում նշել է Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը։

ՀԱՊ քանդակի բաժնի պատասխանատու Մարիամ Դավթյանն ասել է, որ Երեմ Վարդանյանի տարբեր ժամանակաշրջաններում արված աշխատանքներից մի քանիսը գտնվում են Պատկերասրահում, այս համալրումը պակաս կարևոր չէ, ուրախալի է նաև այն տեսնել մշտական ցուցադրությունում:

Երեմ Վարդանյանը ծնվել է 1922թ. Երևանում։ 1938-1941թթ. սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, իսկ 1945-1950թ.` Երևանի գեղարվեստի ինստիտուտում։ 1941թ. մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1949-1956թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1961թ.՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտում։ 1972թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման։ Մահացել է 1985թ. Երևանում։

Ստեղծագործական կյանքի ընթացքում Երեմ Վարդանյանը կանգնեցրել է 23 հուշարձան` Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արձանաշարից Մովսես Խորենացու հուշարձանը, 1965, Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը Գյումրիում, 1975 (Ա. Սարգսյան, Ե. Վարդանյան, ճարտ. Ռ. Եղոյան), «Կոմիտաս», «Թորոս Ռոսլին», «Մայրություն», «Էլեկտրիկ Նավասարդյանի դիմաքանդակը», «Նելսոն Ստեփանյանի կիսանդրին» Ստեփանակերտում, 1960, Գյումրու երկաթուղային կայարանի ճակատամասի «Հաղթանակ» հարթաքանդակը և շատ այլ ստեղծագործություններ: ՀՍՍՀ Նկարիչների միությունը և Ճարտարապետների միությունը Ե. Վարդանյանի Մովսես Խորենացի մոնումենտալ ստեղծագործությունը 2 անգամ ներկայացրել են հանրապետական և համամիութենական պետական մրցանակի:
Երեմ Վարդանյանը մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ Նրա ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Վրաստանի, Ռուսաստանի, Լատվիայի և միջինասիական մի շարք քաղաքների թանգարաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում