Հովհաննես Երանյան. Խարխափումներ
Նմանատիպ
Մայրս չգիտեր, որ կոտրվել են երկու ոտքերս: Չէին ասել, որ ամեն ոտքիցս տասնութ կիլոգրամ կշռաքար կախված ամենաքիչը կես տարի անշարժ պառկելու եմ հիվանդանոցի մահճակալին գամված: Չէին ասել, որովհետև իրենք էլ չգիտեին: Սկզբում բժիշկներն ինձ ասացին, թե կքայլեմ ամենաուշը երկու ամսից: Երևի ճիշտ արեցին, որ խաբեցին, թե չէ ինձ սափրող վարսավիրի հարցին` ո՞նց եմ դիմանում միաժամանակ շոգին ու ցավին, պատասխանս, թե թող իր սուրսայր ածելին պարանոցիս վրա էլ գոնե մեկ անգամ տանի ու բերի, միայն որպես կատակ չէր հնչի: Երբ երկու ամիս անց բժիշկներն էլի այդքան ժամանակ ուզեցին ինձ ոտքի կանգնեցնելու համար, ես հասկացա, որ շատ ամիսներ են անցնելու, մինչ կկարողանամ տուն գնալ ու տեսնել նրան: Ընկերներիս խնդրեցի, որ ինձ հետ կատարվածը հայտնեն մորս հնարավոր մեղմ տարբերակով և բերեն նրան ինձ մոտ հիվանդանոց: Նրա գալուց առաջ խնամքով դիմակավորեցինք, թաքցրինք ձախս, իբր միայն աջն է վնասված: Նա ներս մտավ, կռացավ, արցունքն աչքին համբուրեց ինձ, ու շշնջաց . «իմ խեղճ բալա», բայց երկու-երեք րոպե անց աշխուժորեն ու ափսոսանքով պատմում էր կարկուտի հասցրած վնասի մասին: «Ինչ պոմիդոր էր եղել, տղա ջան, ինչ պոմիդոր: Ես իմ կյանքում այդպիսի բերք չէի տեսել»: Ես սկզբում վրդովվեցի մորս` անձիս նկատմամբ, իմ կարծիքով անբավարար ուշադրությունից, և այդ պահին մտածում էի, թե իզուր ցավեցնելով` թաքցրեցինք ձախս, բայց նրա գնալուց հետո սիրտս ծակում էր իմ այդ անարդար մտքից, որովհետև ինքը դեռ բահ էր բռնում ու փոր անում, բահը դեռ կարողանում էր բռնել ու ջրել մեր բանջարանոցը, քաղհանել մոլախոտը և առանց ծնողների մնացած երեք անչափահաս երեխաներիս պահել: Մորս գնալուց անմիջապես հետո ես խելագարվում էի կարոտից, բայց հրաժարվեցի նրա հետ հեռախոսով խոսելու ընկերոջս առաջարկից, երբ արդեն ամիսներ էին անցել մեր վերջին հանդիպումից:
Ես նրա հետ խոսում էի ամեն օր, հիմնականում գիշերները, երբ ցավը դառնում էր նողկալի և փորձում վհատեցնել և բարոյազրկել: Սխալվում էր բժիշկ Աշճյանը, որ կարծելով, թե քնած եմ ու չեմ լսում իրեն, կնոջս ասաց. «Զարմանում եմ, թե ինչ արժանապատիվ է տանում անդիմանալի ցավը»: Գիշերային ցավերը ինձ զրկում էին արժանապատվությունից, և ես այնպես էի գոռում, որ կանգ էին առնում գահավեժ ջրվեժները, արմատախիլ էին լինում ամենաերկարակյաց ծառերը, պապանձվում էին ամենալեռնային աղմկոտ գետերը, փլվում էին ամենաամուր շինությունները, հողին էր հավասարվում կառուցվածքս, բայց ոչ ոք ինձ չէր լսում` նույնիսկ կողքիցս ոչ մի վայրկյան չհեռացող կինս: «Տեր, ուժ տուր չպարտվեմ» շշնջում էի, բայց ավելի հաճախ, շատ ավելի հաճախ.» Մամ ջան, մամ ջան ես ի՞նչ անեմ», և երկու դեպքում էլ թե աղաչանքս էր նույնը, թե` հասցեատերը: Ու ամենևին էլ կարճ չի ամառվա գիշերը, ես գիտեմ, ես տեսել եմ, թե ինչ երկար է գիշերը, թեկուզ ամառվա: Մանավանդ երբ դրսում քամին խոստանում է ճղակոտոր անել հիվանդանոցը շրջապատող բոլոր ծառերը` ու…ու…ու…, խշշշշշ, ուուուուու: Մեկին հաղթում է, շուռ տալիս հոսանքի լարերի վրա: Բուժքույր Ռուզանը երկար ժամանակ մոմ է ման գալիս` չկա ու չկա: » Մամ ջան, մամ ջան»: Ցավազրկողն ու քնաբերը երակներիս մեջ է ներարկում վառիչիս կրակի թույլ լույսի տակ: Մութ է, քամի ու անվերջանալի գիշեր: Ինչ սիրուն է ծխախոտիս վառվող ծայրը: Կարմիր է, սև ու խավար չի, ինչպես այս գիշերը: Կարմիր է, սպիտակ չէ, ինչպես հիվանդասենյակի պատերը, դիմացս ցցված ու գիշեր ու զօր դնդնացող սառնարանը, բժիշկների, բուժքույրերի, հավաքարարների հագուստը, մնացած ամեն ինչ, որ կարող եմ տեսնել պարանոցս կարելվույն չափով պտտելով:
– Հերի՛ք է ծխես, -լսում եմ, -գազախցում չենք:
– Սիրելիս, ես ո՞նց դիմանամ, -պատասխանում եմ:
– Էս արմագեդոն եղանակին ինչ էլ հավես ունես իմպրովիզի: «Մամ ջան, ի՞նչ անեմ»: Մի նախադասություն է, չես կարողանում անգիր անել, -ասում է ու ճիշտ ութ վայրկյան անց մշմշացնում:
Հինգ հատիկ ծխախոտ է հանել տուփից, դրել կողքիս, իբր ամբողջ գիշերվա համար հերիք է: Էդքան էլ ցերեկը թռցրել եմ, պահել բարձիս տակ: Մինչ ցավազրկողը կներգործեր` ես փորձում էի հասկանալ քամուն: Էլի մի ծառ տապալեց, էլի ողբն ու կականը մի ամբողջ պտույտ գործեցին հիվանդանոցի շուրջ բոլորն ու ամեն ինչ հանկարծ լռեց: Էլ ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն: Փոթորիկն իր զոհերն առնելով հեռացավ: Կնոջս համաչափ շնչառության հետ լսում էի նաև անդունդների դավադիր լռությունն ու ոխակալ սպասումը: Իմ համբերությունը չէր կարող լցնել այդ վիհերի խորությունը: » Մամ ջան, բա ես ի՞նչ անեմ»: Նա այդպես էլ ոչ մի անգամ մորֆի չընդունեց: Նույնիսկ այն ժամանակ, երբ քաղցկեղ աղտորոշմամբ նրան որոշակի չափով անվճար նշանակում արեցին: Դրանից հետո նա շուրջ մեկ տարի ապրեց, բայց ամեն օր մեռնում էր աչքիս առաջ` ոչ միայն անդիմանալի ցավերից, այլ պարզապես խեղդվում էր, չէր կարողանում օդը ներշնչել մինչև թոքերը: Գիտեի, որ մորֆին օգնելու էր ինչ-որ ժամանակ ու այլևս ոչինչ չէր օգնելու: Բայց ես անընդհատ հետաձգում էի այդ պահը, կարծելով, թե երկար է ապրելու: Նա դիմացկուն էր և քիչ էր տնքտնքում: Տալիս էինք սովորական ցավազրկողները, և նա մի քանի ժամ հանգիստ քնում էր: «Մամ ջան, մամ ջան, ես ի՞նչ անեմ», շշնջում էի անընդհատ, երբ ցավազրկողները չէին օգնում ու չգիտեի, թե ոնց օգտակար լինեմ մեռնող մորս:
Երկար է գիշերը, նույնիսկ` ամառային: Իմ համբերությունը չի կարող լցնել ինձ վաղուց սպասող վիհերի խորությունը, ինքս պիտի հանձնվեմ նրանց և գահավիժումը պիտի երկարի ու երկարի: Ահա, դանդաղ անցնում եմ մռայլ ու ահարկու ժայռերի կողքով:
Նրանցից մեկը թեքվում է ու կողքինին ինչ որ բան շշնջում: Ես գիտեմ, որ իմ մասին են փսփսում:
– Ձեր հերն եմ անիծել, -շշնջում եմ և իջնում ու իջնում:
Միթե այս անդունդը հատակ չունի: Ձև եմ տալիս անկումիս, սկսում եմ թռչել: Ճիշտ է, դեռևս վար ու վար, բայց եթե ուզենամ կարող եմ նաև վեր բարձրանալ: Լողում եմ օդում, ինչպես ջրում, բայց միայն գլխիվայր: Հետո սկսում եմ կառավարել մարմինս: Էլի, էլի մի ճիգ և ստացվում է: Ստացվում է, թեպետ դժվարությամբ, բայց կարողանում եմ նաև վեր լողալ: Վեր եմ լողում, վեր եմ լողում: Քիչ անց էլի հանդիպում են բամբասկոտ ժայռերին:
– Հը, – ասում եմ, – բարեկամներ, կարծում էիք էլ չենք հանդիպելու:
Սրանք նորից իրար են թեքվում ու շարունակում փսփսալ: Քիչ անց հասկանում եմ, թե իմ դեմ ինչ դավ են նյութում` շարժվում են, մոտենում իրար, փորձում են սեղմել, ճզմել ինձ:
Նայում եմ վեր: Լույսը դեռ չի երևում, բայց ես գիտեմ, որ այն կա, իմ գլխավերևում է, պետք է միայն բարձրանալ ու բարձրանալ: Եվ շտապել է պետք: Դավադիր ժայռերը օղակը փոքրացրել են, ահա կմնամ նրանց արանքում: Նշմարում եմ լույսը, բայց թևերս հոգնել են, դժվարությամբ են թափահարվում, ուժասպառ են: Ոտքերով էլ պիտի փորձել, ոտքերս պիտի օգնեն ձեռքերիս:
– Լսեք, – ասում եմ նրանց, – դուք նույն ցեղի, նույն ազգի ու տոհմի, նույն ռասսայի ու դավանանքի անդամներ եք, նույն հայրենիքն ունեք` իմ մարմինն է, պիտի օգնեք միմյանց, եթե չպրծանք այս վիհից, կորչելու ենք բոլորս միասին: Այնպես որ, գլուխ մի պահեք, ձեզ տեսնեմ:
Ոտքերս լսում են հորդորս, բայց կրունկներիս միջով անցկացված ձողերը շանթում են մարմինս, կշռաքարերը շխշխկում են: Կինս վեր է թռչում.
– Հո շուռ չտվեցի՞ր, -անհանգստանում է:
– Ինչքա՞ն կարելի է քնել, – հարցնում եմ:
– Չծխես, – պատասխանում է, – փորձիր մի քիչ էլ քնել:
– Մամ ջան, բա ես հիմա ի՞նչ անեմ:
Երկար է ամառվա գիշերը: Երկար ու խավար: Քամին շարունակում է իր ողբերգական արիան` խշշ, ուուու, խշշշ, ուուու: Մի քիչ էլ դիմացիր, հոգիս, տես, խավարն այլևս անթափանց չէ, սպիտակ առաստաղն սկսվել է նշմարվել: Մի քիչ էլ համբերիր և կտեսնես, թե ինչ պայծառ առավոտ է լինելու: Հենց լուսանա` ցավդ կանցնի և դու կքնես: Կքնես մեկ ժամ, երկու, երեք, կքնես հանգիստ և չես տեսնի, թե ինչպես է հավաքարար Ազատուհին ավլում գիշերվա ընթացքում հատակին թափված ցավիդ մնացուկներն ու հուսահատությանդ կտորտանքները:
Նա հազիվ էր տառերն իրարից ջոկում` երեք տարի էր դպրոց գնացել: Ակնոցի մի ապակին էլ վաղուց կոտրել էր, բայց մահվանը նախորդող ամբողջ տարին կարդում էր, կամ փորձ էր անում Նոր կտակարանը կարդալ: Ես խլում էի նրա ձեռքից սուրբ գիրքն ու ինքս բարձրաձայն կարդում նրա համար: Ոչ միայն կարդում էի, այլև մեկնաբանում, բացատրում Աստծո որդու առակները:
«Լսեցեք մի այլ առակ. Մի տանուտէր կար, որ այգի տնկեց և այն ցանկապատեց ու նրա մեջ հնձան փորեց և աշտարակ շինեց. Ապա այն վարձու տուեց մշակներին և գնաց հեռու երկիր: Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն: Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով` մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին: Դարձյալ ուրիշ ուղարկեց` թուով աւելի, քան առաջինները: Եւ սրանց էլ նոյնն արեցին: Յետո նրանց մոտ ուղարկեց իր որդուն ու ասաց` թերևս իմ այս որդուց ամաչեն: Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին` սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությունը մենք սեփականացնենք:
Եվ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս և սպանեցին»:
– Մամ, քո կարծիքով, երբ այգու տերը գա, ի՞նչ կանի այդ մշակներին, -հարցնում էի մորս, ինչպես Աստծո որդին իր ունկնդիրներին, բայց մայրս նրա աշակերտների նման չէր պատասխանում. «Չարերին չարաչար կոչնչացնի և այգին կտա այլ մշակների, որոնք նրան կտան պտուղներն իրենց ժամանակին», այլ ասում էր.» Ի՞նչ կանի, բալես, դու ասա, մեռնեմ իմ տղին, իմ տղեն թող ասի»: Ես նրան հարցով էի պատասխանում.
– Մամ, քա կարծիքով, ո՞վ է այգեպանը:
– Այգու տերը չէ՞, -երկմտում էր մայրս:
– Աստված է այգեպանը, մամ, մենք էլ չար ծառաներն ենք: Այգեպանի ուղարկածները մարգարեներն էին, որոնց հալածեցին մարդիկ, հետո Աստված իր միակ որդուն ուղարկեց, չէ՞, մամ:
– Մեռնեմ իրա զորությանց, մեր տեր Քրիստոսին, – հուզվում էր մայրս առակի պարզությունից, – այգուց հանեցին դուրս ու սպանեցին: Տես հլա, մեռնեմ իմ տղին, ոնց տեղը տեղին բացատրեց:
Ժամանակ առ ժամանակ, երբ ես ծալում էի գիրքը` համարելով ընթերցանությունը ավարտված, նա շշնջում էր. «Տղես, քեզ որ մի բան ասեմ, իմ վրա հո չես բարկանա»:
– Ոչ մամ, ոչինչ մի ասա, ես քո խոստովանահայրը չեմ, ես քո որդին եմ, միայն քո և ոչ ավելին, ինքս էլ մեղքերի մեջ ու թողության կարոտ:
Հետո նա տնքտնքալով գնում էր, պառկում հարևան սենյակի իր անկողնուն ու մինչ ցավի սրացումը ինչ որ աղոթք մրմնջում և աղոթքի արանքում անընդհատ կրկնում.» Մորս չպահեցի, տղա ջան, չպահեցի»:
Երբեմն, ես էլ նրա հետ աղոթում էի: Աղոթում էի, որ կինս շուտ վերադառնա, որովհետև ոչ մի դեպքում չէի կարող նրանից գիշերանոթ խնդրել: Հետո նա չդիմանալով ցավին, առնում էր դեղերի տրցակն ու մոտս գալիս: Ամեն անգա ես հիմնավոր բացատրում էի, թե որը որից հետո պիտի խմի, բայց նա կամ չէր հիշում, կամ էլ հաճելի էր այդ արարողակարգը:
Ես ընտրում էի համապատասխան հաբը, տալիս նրան և հուսադրում, թե մի քանի րոպեից ցավը մեղմացած կլինի ու մտքումս կրկնում. «Մամ ջան ես ի՞նչ անեմ»: Ես քայլեցի, երբ նա արդեն առանց օգնության չէր կարողանում տեղաշարժվել: Այդ մեկ տարվա ընթացքում, երբ ես գրեթե ամեն օր նրա համար սուրբ գիրքն էի կարդում, մայրս մաշվում էր ժամ առ ժամ: Նա մարմնեղ կին էր, խիստ փարթամ կրծքերով, այնքան, որ մինչ օրս մանկության տարիներից պահած վրեժներ ունեմ նրանց նկատմամբ, ովքեր թեկուզ մեկ անգամ անհարկի կատակ են արել այդ մասին, բայց մեկ տարվա, նույնիսկ ավելի պակաս ժամանակում այնպես սմքեց, որ երեխաներիս համար էլ դժվար չէր նրան զուգարան ուղեկցել, բաղնիք կամ խոհանոց: Ուրիշ տեղ մայրս այլևս չուներ գնալու: Առաջ բակ էլ էր դուրս գալիս, երկար նստում պատի տակ, տնքտնքոցների արանքում պատասխանում անցորդների բարևներին, բայց արդեն հազվադեպ ճանաչելով նրանց:
Հետո դադարեց դուրս գալ` ցավը ստիպում էր տառապել անկողնուն գամված: Արդեն երկու տարի էր, որ երբեմն խնդրում, երբեմն էլ պահանջում էինք, որ պարանոցին գլխաշոր կապի, որովհետև պարանոցի վրա գնդակի մեծության սապատ էր առաջացել, ու առանց տհաճության դժվար էր նայել: Ես հիմնականում կարողանում էի խույս տալ:
Բայց նա դժկամությամբ էր համակերպվում ամբողջ օրը վզին գլխաշոր կապելուն, բացի այդ, երբեմն-երբեմն ցույց էր տալիս ինձ ու խնդրում, որ շոշոփեմ ու պատասխանեմ, թե արդյոք էլի է մեծացել վերջին օրերին: Ընտանիքի անդամները անում էին ամեն ինչ, որպեսզի ավելի ու ավելի դժվար տեղաշարժվող հիվանդին չթողնեն իմ հույսին, որովհետև ինքս էի հենակներով մի կերպ տեղաշարժվում ու մի անգամ, երբ իր խնդրանքով ես էի օգնողը` շրխկացինք գետին, հետո ես ձայն էի տալիս, կանչում էի կնոջս ու նայում, թե ինչպես է մայրս ոտքի կանգնելու հուսահատ ու անհաջող փորձեր անում:
Այդ տառապանքի պահին նա ավելի տձև էր երևում, ուռած պարանոցը բաց էր, թորշոմած կրծքերը կախվել էին գիշերազգեստի վրա, իսկ իրանը վաղուց ծռված էր իննսուն աստիճանի չափով: Մենք ընկել էինք` ես միջանցքի, իսկ նա զուգարանի հատակին և ինքնուրույն ոտքի կանգնելու զուր ջանքեր էինք գործադրում: Կարծելով, թե տերերն իրեն բնորոշ դիրք ընդունած, խաղ են անում, Սևուկը եկավ, տնկվեց մեր միջև, սկսեց բրազիլական պար հիշեցնող շարժումներ անել ու պոչը քսմսել դեմքիս: Տնեցիները մեզ մոտ եկան ոչ թե իմ օգնության կանչերը լսելով, այլ պատին զարնվելու շան կաղկանձը:
Ես նրան միայն մի անգամ եմ տեսել երիտասարդ, երրորդ նարկոզի ժամանակ. Քսան-քսանմեկ տարեկան էր, երբ բազմաթիվ փեսացուներ էին նրանց տուն գալիս, «ձիավորին ձիուց մի ձեռքով ցած կբերեի» ասում էր իր այդ տարիների մասին, տղամարդկանց հավասար հունձ էր անում, աշխատում միաժամանակ կոլխոզի ֆերմայում, որպես կթվորուհի, և ճանապարհաշինարար էր Եղեգնաձոր-Արտաշատ մայրուղու վրա: Այդ տարիների թեկուզ մեկ նկար իսկ չուներ, որ ես գոնե մոտավոր պատկերացում ունենայի, թե ինչպիսին է եղել մայրս մինչև քառասուն տարեկան դառնալը, որովհետև այդ տարիքում է ծնել ինձ` իր առաջին երեխային, հոր մահվանից ու մոր կուրանալուց հետո պահելով երկու կրտսեր եղբայրներին ու քրոջը, ամուսնացրել, նոր միայն ինքը դարձել հիսունն անց հորս երրորդ կինը: Կույր մորը թողել է կրտսեր հարսի խնամքին:
Նա բարձրահասակ էր, թիկնեղ, երկար, հյուսած սև ծամեր ուներ: Դժգոհեցի, երբ վերակենդանացման բաժնի վարիչ Աշոտն ականջիս շշնջաց, թե ինձ դուրս է բերել նարկոզից: Ես ուզում էի տեսնել իմ ջահել մորը:
Չգիտեմ` ինչ մտածեմ: Միթե, իսկապես կարծում էր, թե իր միակ, կամ ամենամեծ մեղքն է դա: Այնքան էր սևեռվել, որ համոզված էր, որ կրկնելու է մոր ճակատագիրը` կուրանալու է, կարծես իր բաժինը քիչ էր, կամ զրկվելու է զավակների խնամքից` որպես իր ամենամեծ մեղքի հատուցում:
Երբ գնդակի չափ ուռուցքը ներսից բացվեց, և նա օրեր շարունակ արյուն ու էլի ինչ որ անհասկանալի հեղուկ էր թքում, բժիշկները պահանջեցին հնարավորինս քիչ շփվել հիվանդի հետ, իսկ երեխաներին արգելեցին նրան մոտենալ: Ասենք այդ օրերին նրան մոտենալ չէր էլ լինում, որովհետև արնախառն հեղուկը անտանելի ծանր հոտ ուներ:
Հիվանդի հետ հարաբերվելու ամբողջ գործն իր վրա կինս առավ, արգելելով երեխաներիս մոտենալ տատին, իսկ ինձ` պատմել մորս, որ վարակի վտանգ կա: Ես ենթարկվեցի կնոջս, բայց երեխաներս բանի տեղ չդրեցին ոչ բժշկի, ոչ էլ մոր արգելքները: Նա սովոր էր և իրեն անգամ այդ վիճակում չէր զրկում թոռներին գրկելու, երկար-երկար համբուրելու հաճույքից: Այնուամենայնիվ նա զգաց, որ բոլորն իրենից ինչ որ չափով խուսափում են, նորից հիշեց իր մեղքն ու արցունք աչքին ինձ խնդրեց հիվանդանոց տեղափոխել: Ես գրկեցի նրա գլուխը, և ասացի, որ նա երբեք միայնակ չի մնա, որ նրա կողքին կլինեմ մինչև իր կյանքի ամենավերջին պահը, որ մենք բոլորս իր կողքին կլինենք, ինչ էլ որ պատահի:
Նա նույնպես արտասվեց ու աչքերի մեջ, բացի արցունքից, թողություն ստացածի շնորհակալ երանություն էր: Ես էլ ոչինչ չեմ խոսել նրա հետ: Նա այլևս վեր չելավ անկողնուց, հանգեց երկու օր անց, գիշերով, միայնության մեջ, հավանաբար պարզապես խեղդվելով թթվածնի պակասից: Որոշել էի այդ մասին հարցնել հերձող բժշկին, բայց կարկամեցի, երբ նա դուրս գալով բաղնիքից, երկտակ ցելոֆանե տոպրակը մեկնեց ինձ ու ասաց. «Կթաղեք նույն փոսի մեջ»: Քարացա: Չգիտեմ` ինչքան մնացի այդպես կանգնած, մինչև որ մեկը կռահեց ձեռքիցս առնել մորս մարմնի այն մասերը, որոնք իրեն` որպես դիակ պետք չէին, որոնց հետ ես ինչ որ ժամանակ նույն ազգից ու տոհմից էի, մենք նույն հայրենիքն ունեինք` մորս մեր մարմինը:
Հետո, ես նրան երկրորդ անգամ տեսա երիտասարդ: Դագաղում պառկած` նա գեղեցկացել էր, ջահելացել: Դեմքը հանգիստ էր, դիմագծերը նուրբ, ցավի ու տառապանքի ոչ մի հետք, անգամ պարանոցի սապատն էր ամբողջությամբ քաշվել:
Հիմա քայլում եմ առանց հենակների, միայն մի ձեռնափայտով, բժիշկների պնդմամբ շուտով դա էլ դեն կնետեմ, բայց գիտեմ, որ այս երկրի վրա ես այլևս կաղալու եմ, երերալու եմ, ընկնելու եմ: Իսկ ոտքերս երբեմն, հատկապես անձրևոտ եղանակին ստիպում են հայհոյել ու գոռալ ցավի դեմ, բայց հիմա «Մամ ջան, մամ ջան, բա ես ի՞նչ անեմ» շշնջում եմ միայն այն պահին, երբ կորցնում եմ նրան երբևէ հանդիպելու հույսը, երբ կարոտը սպառնում է քաղցկեղ դառնալ: «Մամ ջան, մամ ջան ի՞նչ անեմ» շշնջում եմ, փնտրում ու չգիտեմ ուր ուղղեմ հայացքս` ոտքերիս տակ, ուր հողին հանձնեցինք նրան կես տարի առաջ, թե` գլխավերևս: Երանի վերևում լինի, ուր չգիտեմ, թե ինչ կա, ի տարբերություն ներքևի, ուր որդեր են ու ապականություն, խոնավ է ու շատ ցուրտ: Ես այնտեղ եղել եմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում