Մատենադարանում ցուցադրվում են հայերեն հնատիպ գրքեր
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Մաշտոցյան Մատենադարանում բացվել է հնատիպ գրքերի ցուցադրություն: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի պաշտոնական կայքից։
Մատենադարանի հնատիպ գրքերի հավաքածուի մեջ (ավելի քան 2400 միավոր) իր ուրույն տեղն է զբաղեցնում հայերեն առաջին տպագիր գիրքը՝ Ուրբաթագիրքը, որը միջնադարյան աղոթագիրք-բժշկարան է, Հակոբ Մեղապարտի ջանքերով տպագրվել է Վենետիկում 1512 թվականին:Հնատիպ գրքերի հավաքածուն հարստացնում են Նոր Ջուղայում, Հռոմում, Ամստերդամում, Մարսելում, Լիվոռնոյում, Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Ռուսաստանում հրատարակած հնատիպ գրքերը, հատկապես Ամստերդամում Ոսկան Երևանցու 1666-1668թթ. հրատարակած հայերեն առաջին Աստվածաշունչը՝ հարուստ նկարազարդումներով և գեղեցիկ կազմությամբ:
Մատենադարանի հնատիպ գրքերի հավաքածուն ներառում է ավելի քան 90 անուն միօրինակ գրքեր, որոնք եզակի օրինակ են Հայաստանում: Այդ գրքերից ցուցադրության մեջ ներառվել են 1565-66թթ. Վենետիկում Աբգար Դպիր Թոխատեցու հրատարակած «Սաղմոսարանը», 1584 թ. Հռոմում Սուլթանշահի տառերով «Տոմար Գրիգորյան» գիրքը, Նոր Ջուղայում խաչատուր Կեսարացու 1641 և 1642 թթ. հրատարակած «Հարանց վարքը» և «Ժամագիրքը», Միլանում 1621թ. Ֆրանչիսկո Ռիվոլայի «Բառգիրք Հայոց»-ը, 1733թ. Վենետիկում Մխիթար Սեբաստացու հրատարակած «Աստվածաշունչ»-ը, որը Ոսկանյան Աստվածաշնչի սրբագրված և բնագրին ավելի մոտ օրինակն էր, Մարսելում հրատարակած «Սաղմոսարան»-ը: Ցուցադրությունը իրենց շքեղությամբ լրացնում են Վենետիկում լույս ընծայված շքեղակազմ Ավետարանները, 1772թ. Սիմեոն Երևանցի կաթողիկոսի «Զբոսարան հոգևոր» գրքույկը, որը Հայաստանում անդրանիկ հրատարակությունն էր: Ցուցադրվում է նաև Մադրասում 1794-1796թթ. լույս տեսած հայ առաջին պարբերականը՝ « Ազդարար»-ը, որի հրատարակիչն ու խմբագիրն էր հայ լրագրության ռահվիրա Հարություն Շմավոնյանը:
Ցուցադրությունն իր մեջ ընդգրկում է հայ հնատիպ գրատպության գրեթե բոլոր օջախները՝ իրենց բազմաբնույթ և յուրօրինակ հրատարակություններով, աչքի ընկնող տպագրական բարձր արվեստով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում