«Երանելի են Երկնքի հետ կապ հաստատածները»
Նմանատիպ
– Հա՛յր, Ձեզ համար ի՞նչ է նշանակում աղոթքը:
– Ազդանշան եմ ուղարկում և օգնություն խնդրում: Մշտապես օգնություն եմ խնդրում Քրիստոսից, Աստվածածնից, սրբերից՝ ինձ և այլոց համար: Եթե չխնդրեմ, չեմ էլ ստանա: Հիշում եմ, քաղաքացիական պատերազմի ժամանակ խռովարարները շրջապատեցին մեզ՝ հազար վեց հարյուր հոգի: Մերոնք ընդամենը հարյուր ութսունն էին: Մենք սարի ետևում էինք ամրացել: Եթե նրանք մեզ բռնեին, ապա բոլորիս կսպանեին: Ես փորձում էի ալեհավաքը տեղակայել՝ կենտրոնի հետ կապվելու համար: Բայց ոչինչ չէր ստացվում. ընկնում էր կրակոցներից: Կապիտանը գոչում էր. «Թո՛ղ դա, այստե՛ղ արի, օգնի՛ր նռնակները տանել»: Ժամանակ առ ժամանակ նա գնդացիրների մոտ էր վազում՝ ստուգելու, թե գործերն ինչպես են ընթանում: Եվ հենց նա հեռանում էր, ես միանգամից վազում էի հեռակապի մոտ: Մինչ նա հրամաններ էր արձակում, ես փորձում էի ալեհավաքը տեղադրել, իսկ հետո կրկին վազում էի՝ նռնակներով արկղերը քարշ տալու, որպեսզի հրամանատարը չբարկանար: Ի վերջո, փայտի ու ականազերծման բահի օգնությամբ կարողացա ալեհավաքը բարձրացնել ու կապ հաստատել: Ընդամենը երկու բառ ասացի: Եվ վերջ, դա բավարար էր: Առավոտյան ավիացիան օգնության հասավ և մեզ փրկեցին: Կատա՞կ բան է, հարյուր ութսուն հոգի շրջապատված լինեն հազար վեց հարյուր հոգու կողմից և կարողանան դուրս պրծնել:
Այդ ժամանակ էր, որ հասկացա վանականի բարձրագույն կոչումը՝ օգնել աղոթքով: Աշխարհիկ մարդիկ ասում են. «Վանականներն ինչո՞վ են զբաղված: Ինչո՞ւ չեն գնում աշխարհ՝ մարդկանց օգնելու»: Դա նույնն է, թե ռադիստին ասես. «Ի՞նչ ես ռադիոկապը բզբզում: Թո՛ղ, հրացանը վերցրու և գնա՝ կրակելու»:
Եթե մենք նույնիսկ աշխարհի բոլոր ռադիոկայանների հետ կապ հաստատենք, ոչ մի օգուտ չենք քաղի, եթե երկնային շփում չունենանք Աստծու հետ, չխնդրենք և օգնություն չստանանք Նրանից: Երանելի են Երկնքի հետ կապ հաստատածները և բարեպաշտության միջոցով Աստծու հետ շփման մեջ գտնվողները:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում