Իսրայելում գտնվել է 9000 տարվա մեգապոլիս

Իսրայելում գտնվել է 9000 տարվա մեգապոլիս

Աշխատանքի հազարավոր միջոցներ, ոսկե զարդեր, արձանիկներ, սերմեր և այլ առարկաներ են գտել հնագետները Իսրայելում նեոլիտի ժամանակաշրջանի հնավայրի պեղումների ժամանակ: Գիտնականները կարծում են, որ 9000 տարի առաջ այդ տարածքում մեծ մեգապոլիս է եղել: Այնտեղ կարող էր ապրել 2-3000 մարդ, որ այն ժամանակի համար մեծ թիվ է: Հնավայրը Երուսաղեմից դեպի արևելք 5 կիլոմետր հեռու է, բացահայտվել է պատահաբար, երբ ճանապարհի կառուցման նախնական աշխատանքներ էին կատարվում: Երկար ժամանակ իշխում էր տեսակետը, որ այստեղ չեն եղել նեոլիտի ժամանակների բնակավայրեր, երբ մարդկությունը քոչվոր կյանքից անցնում էր նստակյացի և շեշտը դրվում էր հողագործության ու անասնապահության վրա:

Էքսկավատորով փորելիս գտնվել են մեծ կառույցներ՝ մասնավոր տներ բազում սենյակներով, հասարակական ու ծիսական կառույցներ, փողոցներ: Գտնվել են աշխատանքի քարե գործիքներ, նետերի ծայրակալներ, որ օգտագործվել են որսի ու կռվի ժամանակ: Հնագետները բազմաթիվ քարե իրեր են հայտնաբերել դամբարաններից, որ թույլ է տալիս այդ առարկաները համարել ծիսական: Գտածոներից են գոմեշի արձանիկը, տարբեր չափերի քարե ապարանջանները, նաև՝ երեխաների համար: Որոշ իրեր օբսիդիանից են, որ հրաբխային ապակու տեսակ է: Այս գտածոները փոխել են գիտնականների կարծիքը՝ թե ինչպես է նեոլիտը զարգացել Հին Հրեաստանում:
BBC

Հ.Գ. Հայերին հաճախ են համեմատում հրեաների հետ: Ինչու՞ Իսրայելում անընդհատ գտնվում են հնադարյան բնակավայրեր, Հայաստանում՝ ոչ: Խնդիրը վերաբերմունքն է՝ նրանք ուզում են իմանալ, ճանաչել ու ճանաչելի դարձնել իրենց հայրենիքի պատմությունը և ցանկացած կառույցի սկիզբը պեղումներն են, մենք ամեն ինչին վերաբերվում ենք ուտիլիտար տեսակետից: Ոչ մի կառույց սկսելուց առաջ չենք պարզում՝ տակն ինչ կա: Կարծես՝ իսկապես մեր կյանքը սկսվել է մեզնով ու մեզնից առաջ հազարավոր տարիներ այս հողերի վրա չեն ապրել մեր նախնիները: Զբոսաշրջությունը զարգացնում են նաև գիտնականները՝ հնագիտական պեղումներն ու նոր գտածոները: Մարդիկ սիրում են իմանալ ինչ կա հողի տակ, ինչ գանձեր ու ինչ պատմություն:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում