Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում պրեմիերա է. կներկայացվի «BOOMԵՐԱՆԳ» կատակերգությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում պրեմիերա է: Հուլիսի 25-ին և 26-ին թատերասերներին կներկայացվի «BOOMԵՐԱՆԳ» մեկ գործողությամբ կատակերգությունը: Պատմությունը հետհեղափոխական շրջանում ապրող օլիգարխի մասին է։ Փախուստի մեջ գտնվող օլիգարխի, դավաճան սիրուհու, թմրամոլ որդու, խարդախ հաշվապահի կյանքում ամեն ինչ փոխվում է, երբ հայտնվում է խորհրդավոր անծանոթուհին։ Ներկայացման հիմքում բումերանգի օրենքն է՝ «ինչ անես՝ քեզ է վերադառնում»: Հենց այդտեղից էլ առաջացել է կատակերգության վերնագիրը՝ «Բումերանգ»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ներկայացման բեմադրությունը կատարել է Սեդրակ Գոջամանյանը: Դերերում հանդես են գալիս Լևոն Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ժաննա Հովակիմյանը, Վահե Զիրոյանը, Միլենա Ավանեսյանը: Պիեսի հեղինակը Արմեն Վարդանյանն է, բեմանկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանը: Երաժշտական ձևավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը, գրաֆիկական դիզայնը՝ Արվին Քոչարյանի:
«Քաղաքական ուղղվածությամբ կատակերգության գաղափարն առաջացել է հետհեղափոխական շրջանում. 2018 թվականի հունիս-հուլիս ամսից ես և սցենարիստ Արմեն Վարդանյանը որոշեցինք, որ կարելի է ներկայացում պատրաստել հեղափոխության ու դրանից հետո առաջացած հասարակական դասակարգի մասին, ներկայացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում մեր հասարակության մեջ»,-ասում է ներկայացման բեմադրիչ Սեդրակ Գոջամանյանը: Ռեժիսորի կարծիքով՝ արվեստագետը որպես երրորդ աչք այս ներկայացմամբ նայում է այն ամենին, ինչ տեղի ունեցավ հեղափոխության օրերին և հեղափոխությունից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում