Անվտանգության ոլորտի բարեփոխումների թեմայով դասընթաց` ՀՀ ԱԳՆ-ում

Հունիսի 11-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Անվտանգության ոլորտի բարեփոխումների թեմայով վերապատրաստման դասընթացի պաշտոնական բացումը, որին մասնակցեցին’ Ավստրիայի պաշտպանության և սպորտի նախարարության պատվիրակությունը, ՀՀ գերատեսչությունների ու ԵԱՀԿ ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դասընթացը կազմակերպվել է Հայաստանի ԱԳՆ, Ավստրիայի պաշտպանության և սպորտի նախարարության ու Երևանում ԵԱՀԿ գրասենյակի կողմից: Այն անցկացվելու է Ծաղկաձորում հունիսի 11-14-ը, որի ընթացքում Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի մասը կազմող Անվտանգության ոլորտի միջազգային խորհրդատվական թիմի փորձագետները անվտանգության խնդիրներով զբաղվող ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներին կդասավանդեն անվտանգության ոլորտի բարեփոխումների հայեցակարգի և դրա բովանդակության, հետհակամարտային միջավայրում բարեփոխումների ծրագրման և ոորդինացման, ինչպես նաև հիմնախնդրին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

Իր ողջույնի խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը կարեւորեց դասընթացի անցկացումը’ նշելով, որ Հայաստանը ձեռնարկել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումներ: Միջոցառումներ են ձեռնարկվում ՀՀ զինված ուժերի եւ անվտանգության համակարգի այլ բաղադրիչների արդյունավետությունն ու որակական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ’ առկա մարտահրավերներին, մասնավորապես՝ պետությանը և իր քաղաքացիներին ուղղված արտաքին սպառնալիքներին արձագանքելու դրանց կարողությունները ամրապնդելու նպատակով:

Իր ելույթում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ողջունեց սեմինարի մասնակիցներին և վստահություն հայտնեց, որ դասընթացն իր նպաստը կբերի Հայաստանի անվտանգության համակարգի բարեփոխումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում