Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Նմանատիպ
Եկավ մեկը հայր Պիմենի մոտ և ասաց նրան.
«Հա՛յր, սերմանեցի իմ անդաստանը և դրանից ողորմություն տվեցի»:
Ծերը նրան ասաց.
«Բարի գործ ես անում»:
Եվ նա գնաց և առավել հոժարությամբ էր աշխատում` շատերին բաժին հանելով: Լսեց այդ մասին հայր Անուբը և Պիմենին ասաց.
«Դու չե՞ս երկնչում Աստծուց, որ այդպես ես ասում եղբորը»:
Եվ ծերը լուռ մնաց, ապա երկու օրից հետո մարդ ուղարկեց այն եղբոր հետևից և հայր Անուբի ներկայությամբ ասաց նրան.
«Ի՞նչ ասացիր դու ինձ երեք օր առաջ, որովհետև մտքերս ուրիշ տեղ էին»:
Եվ եղբայրն ասաց.
«Ասացի` սերմանում եմ իմ անդաստանը և դրանից ողորմություն եմ տալիս»:
Հայր Պիմենը նրան ասաց.
«Ես այնպես կարծեցի, թե քո աշխարհական եղբոր մասին խոսեցիր ինձ հետ, սակայն, եթե դու ես անում այդ գործը, ապա դա մենակյացին վայել գործ չէ»:
Իսկ նա լսելով՝ տրտմեց և ասաց.
«Ես այլ գործ չունեմ և չգիտեմ` բացի սրանից, և ոչ էլ կարող եմ` բացի իմ անդաստանը սերմանելուց»:
Այնժամ հայր Պիմենի առաջ ընկավ հայր Անուբն ու ասաց.
«Թողությո՛ւն տուր ինձ»:
Հայր Պիմենը եղբոր գնալուց հետո ասաց.
«Ես ևս ի սկզբանե գիտեի, որ դա մենակյացի գործ չէ, բայց ըստ նրա կամքի և կարողության ասացի, որպեսզի նա առաջադիմի սիրո մեջ. և այժմ նա գնաց տրտմած և նույն գործն է անում»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում