Հետհաշվարկն սկսված է. «Սևան» միջազգային երաժշտական փառատոնին մնաց 10 օր

Հետհաշվարկն սկսված է. «Սևան» միջազգային երաժշտական փառատոնին մնաց 10 օր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Aravot.am: Այս օրերին Սևանում ընթանում են «Սևան» միջազգային երաժշտական փառատոնի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները:

Արդեն 5-րդ անգամ Սևանը կհյուրընկալի փառատոնի մասնակիցներին, ովքեր հնարավորություն կունենան օգոստոսյան երկու օրերը` 3-ը և 4-ը, դարձնել ինքնատիպ, լցված լավ ու բարձրաճաշակ երաժշտությամբ, և այդ ամենը` Սևանա լճի ափին ու Սևան քաղաքում:

«Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հեղինակած փառատոնը տարեցտարի ընդլայնում է և՛ աշխարհագրությունը, և՛ բովանդակությունը, ձեռք է բերում նոր ընկերներ ու համախոհներ:

Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2015թ-ին, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզը ներկայացնող երաժշտախմբեր և անհատներ: Առաջին փորձը խոստումնալից էր, և 2016թ-ին փառատոնը միավորեց հանրապետության տարբեր մարզերի և Երևան քաղաքի կայացած և սկսնակ համույթներին, անհատ կատարողներին:

Փառատոնից փառատոն նպատակն առավել հստակեցվեց` երաժշտության շուրջ միավորել Հայաստանի տարբեր մարզերում և արտերկրում ապրող երիտասարդներին, նրանց տրամադրել բեմ, հնարավորություն տալ ելույթներ ունենալ արդեն կայացած երգիչների կողքին, միաժամանակ աշխուժացնել տեղացիների ու զբոսաշրջիկների ամառային առօրյան` մշակութային ալիքը տարածելով ողջ հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:

Նախորդ երկու տարիներին փառատոնի շրջանակներն ընդլայնվեցին. փառատոնը լճից եկավ քաղաք, իսկ այս տարի, ինչպես նշում են կազմակերպիչները, երաժշտական ինքնատիպ այս հարթակը կհամախմբի Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Ռուսաստանի, Ֆրանիսայի ռոք և ֆոլկ երաժշտախմբերին:

«Գաղափարին միացել են այն մարդիկ և կազմակերպությունները, ովքեր փառատոնի անցկացումը համարում են անհրաժեշտություն: Հովանավորների և գործընկերների շրջանակն էլ տարեցտարի ընդլայնվում է. արդեն վստահելի գործընկերներին միանում են նորերը: ՀՀ վարչապետը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը, Սևանի համայնքապետարանը, Գեղարքունիքի մարզպետարանը, Իջևանի գինու գործարանը, «Ծովագյուղ» սուպերմարկետը, «Լոշիկ» ռեստորանը, Վորդ Վիժն կազմակերպությունը, «Դարգետ» գարեջրային բրենդը, Ֆեստիվար My Armenia ծրագիրը, «Բոհեմ» արվեստանոց-թեյարանը և մյուսները փորձելու են երաժշտական այս միջոցառումը դարձնել առավել հետաքրքիր և նպատակային»,- ասում է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը:

 

Օգոստոսի 3-ին Սևանա լճի ափին` հանրային թիվ 1 լողափում, կհյուրընկալվեն ռոք խմբերը, իսկ օգոստոսի 4-ին քաղաքի Սայաթ-Նովա փողոցի վերջնամասում` «Փյունիկ» խաչքարի հարևանությամբ` ֆոլկլյոր խմբերը:

Կազմակերպիչները նկատում են, որ փառատոնը համատեղում է մշակութային, տնտեսական և բնապահպանական բաղադրիչները, իսկ գաղափարախոսական հենքն էլ Սևանին շնորհակալություն ասելն է:

Փառատոնի անցկացման երկու օրերը, դրանց հաջորդող և նախորդող ողջ շրջանը ուղեկցվել և ուղեկցվելու է ակտիվ քարոզարշավով, որի առանցքում լճի արժևորումն է, բնապահպանական խնդիրների վրա ուշադրություն դարձնելը, Սևանի նկատմամբ նորովի վերաբերմունքի մշակումը:

Նախապես բոլոր խմբերին կոչ է արվել պատրաստել փոքրիկ տեսաֆիլմ-պրեզենտացիա` «Շնորհակալություն ասենք Սևանին» կարգախոսով: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մասնակից դառնալու է այս գաղափարի կրողն ու քարոզողը:

Փառատոնի շուրջ համախմբված գործընկերները ևս միացել են այս քարոզարշավին:

Փառատոնին մասնակցելու է 16 խումբ, որոնք համապատասխանում են փառատոնի այս տարվա ձևաչափին:

Փառատոնի ընթացքում համերգային ծրագիրն ուղեկցվելու է մի շարք նախաձեռնություններով և ամառային ժամանցն ապահովող միջոցառումներով, մասնավորապես` վարպետաց դասեր, տոնավաճառ, նկարչական աշխատանքների ցուցահանդես սևանյան թեմաներով, զբոսանք լճի վրա, գիշերակաց վրաններում լճի ափին:

Հետհաշվարկն սկսված է. ևս 10 օր, և Սևանը կհյուրընկալի փառատոնի մասնակիցներին, զբոսաշրջիկներին և այս իրադարձությանը յուրաքանչյուր տարի սպասող մարդկանց, ովքեր Սևանին ևս մեկ անգամ շնորհակալություն ասելու հնարավորություն կունենան:

Մշակութային երկխոսությունն ու միջմշակութային հաղորդակցությունը կրկին կդառնան օգոստոսյան օրերի ուղեկիցները` հաղորդելով նոր լիցքեր, բարձր տրամադրություն պարգևելով անմոռանալի պահեր:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում