Պարույր Սևակ․ Անհաշտ մտերմություն

Պարույր Սևակ․ Անհաշտ մտերմություն

Ուշ գիշեր է: Գյուղի վրա արդեն քնած
Տարածվել է հանդարտություն մի անձկալի:
Միայն կալսիչն է աղմըկում, այն մեքենան,
Որի ձայնը անպակաս է ամռան կալից:

Կարոն, նստած սեղանի դեմ,
Ինքնահոսով (թանկ նվերը քեռի Յանի`
Սլովակյան նախկին խառատ-պարտիզանի,
Որ Կարոյին է ընծայել:
Երբ Սոֆիա են մերոնց մտել),
Նա նամակ է գրում հիմա
Իր ընկերոջը` Սերգեյին:

Մի պահ տրվում է մտքերին…
…Անց կենալով կռվի դաժան
Անագորույն ճանապարհով
Միշտ միասին և անբաժան`

Ռուս Սերգեն ու հայ Կարոն
Մաքառումով ու պայքարով
Պերեկոպից Բեռլին հասան`
Իրենց սրտում արծածելով
Խաղաղ կյանքի կրակն այրող:

Հաղթանակով ետ դառնալով
Ամեն մեկը դեպի իր տուն,
Նրանք տարան իրենց սրտում
Մի այնպիսի մտերմություն,
Որ ոսկու պես չի ժանգոտում:

Փոստի բանուկ ճանապարհով
Անվերջ եկան ու գնացին
Նամակները հարանման`
Զինվորական սովորությամբ
Հատուկ ծալված` սրտի նման:

Բարևներ ու ցանկություններ
Եվ հարցումներ խիստ գործնական.
– Ձեր կոլխոզում ի՞նչն է պակաս…
– Դուք ի՛նչ ունեք և ի՛նչ չունեք…
– Հարցնում է քեզ Խեչան քեռին
Դաշտապաշտպան անտառներից:
Ձեզ մոտ ո՞ր ծառն է լավ աճում:
– Ախր չունենք մենք սերմ կեչու…
– Սերմը ոչինչ, մենք կուղարկենք:
Մի դու գրիր` ո՞նց եք անում,
Որ այնպես լավ է դիմանում
Ձեր պանիրը «Դարալագյազ»
(Որ կերել ենք մենք ֆրոնտում):
Նա շատ շուտ է մեզ մոտ հոտում:
Գրիր տեսնենք ինչն է պակաս:
– Դա հեշտ է շատ: Մի դու ասա.
Մեկ հեկտարից ինչքա՞ն կտաք…
– Կանչում ենք ձեզ սոնցմրցության:
Ձեր լիազորն եմ ես այստեղ,
Իսկ քեզ այնտեղ` ձեզ մոտ, անշուշտ,
Մեր վստահված անձն ենք հաշվում…

Նամակներն են գնում-դառնում,
Եվ հեռակա նամակներով
Երկու մեծ գյուղ, երկու կոլխոզ
Իրար հետ են ծանոթանում:
– Ձեզ բարևներ Դանել քեռուց,
Նա քեզ շատ է մտաբերում,
Հարցնում է նա` մեղվանոցից
Ինչքա՞ն է ձեր բերքը միջին:
– Հա՛, բարևիր և Մկրտչին,
Հայտնիր նրան, որ փաթեթով
Նա կստանա, և շատ շուտով,
Շատ օգտակար մի բրոշյուր
Ե՛վ ֆերմայի, և՛ իր համար:
Այսպես ահա`
ամեն նամակ,
Որ գնում է ու ետ դառնում,
Պատկանում է ամբողջ գյուղին,
Ողջ կոլխոզին է պատկանում:

Բանն այս ձևով այնտեղ հասավ,
Որ երբ Կարոն անցած ձմեռ
Այցի գնաց Բորիսովո,
Ոչ թե միայն Սերգեյը մեր,
Այլ նրա հետ կոլխոզը ողջ
Դիմավորեց Կարապետին,
Որպես մոտիկ հարազատի:

Եվ կատարվեց նույնը նաև
Այս գարնանը: Շրջգործկոմի
Շոֆեր Հայկը միտն է պահել
Ու պատմում է սրան-նրան:
Դեռ չհասած Սովետաշեն,
Նա կանգնում է ջուր վերցնելու
Եվ ուզում է շարժվել առաջ,
Երբ մի քանի երեխաներ
Ճանապարհին են կտրում նրանց:
-Այս ի՞նչ գյուղ է, երեխաներ,-
Լսվում է ձայնը Սերգեյի:
– Դե մեր գյուղն է, էլ ո՞ւմ, քեռի:
– Ա՜յ դու ճստիկ, – և մեղմաձայն
Ծիծաղում է ուրախ քեռին:-
Այդ իմացանք, բայց դուք ասեք
Ո՞նց է կոչվում:
– Սովետաշե՛ն:
– Իսկ դուք, քեռի, ո՞վ կլինեք,-
Երեխան է հարցնում հիմա:
Ծիծաղում է քեռին կամաց,
Ուշացնում է պատասխանել:
Երեխեքը մոտ են գալիս,
Մի պահ նայում, զննում նրան,
Եվ ի՜նչ…
Հանկարծ միանգամից
Եվ համարյա միաբերան
Բղավում են.
– Սերգե՜յ քեռի…
Աղմկում են, ուրախ կանչում.
– Տո, մենք ինչպես չհասկացանք…
Եվ թողնում են ու գյուղ փախչում,
Որ շուտ հայտնեն լուրն ամենքին`
Մոռանալով մանկան նման,
Չհիշելով, որ մեքենան
Իրենցից լավ վազել գիտի…
Ահա նորից անասնաբույժ
Ընկերոջն է գրում Կարոն:
Ե՛վ իր կողմից, և՛ ողջ գյուղի
Նախ հղում է հազար բարով,
Այնուհետև պատմում սիրով,
Իր, կոլխոզի կյանքից: Կարոն
Նույնիսկ ինքն էլ չի նկատում,
Թե աննկատ խոսքը մեկ էլ
Ինչպես հանկարծ հեռվից եկել
Ֆերմայի շուրջն է պտըտում:
– «Մեր կողմերում հնուց ի վեր
Սովորույթ է. ամեն ձմեռ
Ձյունն է պատում երբ քար ու սար`
Խորխորատներ, ծերպեր, ձորեր
Դարձնելով հարթ հավասար,-
Ոչխարների հոտերը հոծ
Միշտ քշում են ձմեռանոց:
Լեռներն այնտեղ բուրգերի պես
Բարձրանում են իրար վրա,
Բազմահարկ են կազմում ասես.
Ձորերն, ինչպես թրեր հատու
Նրանց լանջերն են կտրատում`
Բաց անելով լայնաբերան
Քարափներ ու անտակ վիհեր:
Այդ ձորերը քարայծների
Հայրենիքն է: Ձորի միջով
Մեկ էլ տեսար սլացավ վեր
Կամ թե հարյուր մետր վերից`
Ուղղահայաց քարափներից
Լողորդի պես ներքև նետվեց
Ահաբեկված մի խենթ քարայծ`
Միշտ ընկնելով եղջյուրներին,
Որ նման են զույգ ծառերի
Նրա գլխում արմատ խրած…
Եվ մեր այդ վեհ լեռնաշխարհի
Համարյա թե ամեն սարի,
Ամեն վիհի, քարափի մեջ
Բացվում է մի փոքրիկ կամ մեծ,
Նեղ կամ արձակ
Մութ քարանձավ:
Սովորությամբ մեր պապերի,
Գուցե արդեն երկար դարեր,
Այս կողմերում կարգ է դառել.
Ամեն ձմեռ, ամեն տարի
Ղշլաղ քշված հոտը պահել
Այս այրերում հսկայական:
Ի՞նչ կա այստեղ անբընական:
Դատողությամբ առողջ ու պարզ
Այլ կերպ վարվել չէր կարելի.
Քարայրը նախ` տաք է, ապա`
Լավ պահում է ու պահպանում
Հոտը գողից ու գայլերից:
Այսպես են միշտ ձիգ դարերից
Մինչև այսօր դատել մերոնք,
Եվ նրանց հետ, Սերգե՛յ, ես էլ:
Ինչպես անցներ մեր մտքերով,
Թե գեղեցիկ մի օր կգա,
Եվ այն, ինչ որ խիստ բնական,
Պարզ էր թվում մեր բոլորին,
Կհարուցի կասկած խորին:
Եվ հարուցեց
Կասկածն այդ մեծ
Քեզ քաջ հայտնի Միկիչ քեռին:
Երեկ եկավ դիմեց նախ ինձ,
Թե սխալ է – հոտ ու նախիր-
Տանել պահել քարայրներում:
Անցած ձմեռ նա կուրսերում
Սովորել է, թե ուղղակի
Քարանձավը հոտի համար
Ոչ թե հարմար կամ անհարմար,
Այլ մահացու է կրկնակի:
Ծանր հոտը ամոնյակի
Եվ ծանրածի,
Եվ ծնվածի,
Ուլի, գառան
Մահն է միայն:
Այնուհետև,-ասում է նա,-
Ամեն անձավ, ամեն քարայր
Շտեմարան է վարակի:
Ամեն տեսակ տիզ վարակիչ,
Ամեն տեսակ միկրոբ, բացիլ
Այնտեղ դառնում են «պահածո»:
Եվ վարակի հարցից բացի`
Լո՜ւյսը…Նույնիսկ «լուսն աստծո»
Չի թափանցում այնտեղ բնավ:
Օդը այնտեղ գաղջ է, խոնավ,
Ծանր ու հոտած: Երբ այդ օդին
Վառված մարխը չի դիմանում,
Է, ինչո՞ւ ենք մենք զարմանում,
Որ ոչխարի, գառան հոտից
Ամեն տարի` ամեն գարուն
Մենք տալիս ենք ծանր կորուստ:
Եվ Միկիչը մի կոշկի մեջ
Զույգ ոտները դրած ամուր,
Բարձրացրեց երեկ աղմուկ`
Պահանջելով, որ այսուհետ
Մեր հոտերը ոչ մի դեպքում
Ձմեռանոց էլ չքշենք:
Իսկ դա ի՞նչ է նշանակում.
Այն, որ պիտի ձայնը լսենք
Մենք գիտության. ոչ թե քշենք
Հոտը լցնենք քարայրի մեջ,
Այլ հենց գյուղում` արձակ ու մեծ
Ձմեռանոց շինենք հիմա
Ոչխարների հոտի համար`
Ըստ գիտության պահանջների
Մեծ, լուսավոր, տաք ու հարմար…

1947-1952թթ

Հետևեք մեզ նաև Telegram-ում