Սբ. Հակոբ Սարուգացի. «Խոնարհությունը կատարելության գագաթնակետն է»

Սբ. Հակոբ Սարուգացի. «Խոնարհությունը կատարելության գագաթնակետն է»

[…] Սերն ինձ մղում է խոսելու Հրաշալիի մասին, բայց նյութի վսեմությունը չափազանց բարձր ու վսեմ է իմ համար։ Ինչպե՞ս, ուրեմն, կարող եմ սկսել։ Նախևառաջ կաղաղակեմ ամբողջ աշխարհին ի լուր, որ ես ո՛չ այժմ, ո՛չ էլ երբեք արժանի չեմ նրան գովաբանելու։ Բայց հետո, հանուն սիրո, կնվիրվեմ ավետելու Վսեմափայլի գովքը։ Միայն սերը կարող է, խոսելով, խուսափել որևէ կշտամբանքից, որովհետև իր մտքերը գրգիռ են հաղորդում լսողին և նրան հարստացնում են։

Երկյուղով ու հիացմունքով կխոսեմ Մարիամի մասին, կասեմ, թե ինչպիսի վսեմ արժանապատվության է բարձրացել երկրի այս դուստրը։ Միայն շնորհի՞ մասին է խոսքը, որ Որդին իջավ նրա մեջ։ Թե՞ նա այնքան սուրբ ու աստվածահաճո եղավ, որ դարձավ սրբազնասուրբ Որդու Մայրը։ Պարզ է, որ Աստված երկիր իջավ շնորհով։ Բայց Մարիամը արժանի եղավ ընդունելու Նրան իր աննկարագրելի մաքրությամբ։ Նա հայեց նրա խոնարհությանը, նրա հեզությանն ու նրա մաքրությանը, և բնակվեց նրա մեջ, որովհետև հոժարությամբ մնում է խոնարհների մոտ, ինչպես Ինքն իսկ ասում է. «Ո՞ւմ վրա կուղղեմ հայացքս, եթե ոչ՝ հեզերի ու խոնարհների» (Ես 57, 15)։ Տեսավ, որ նա ամենախոնարհն էր մարդկանց բոլոր զավակների մեջ և դրա համար բնակվեց նրա մեջ, ինչպես նա ինքն էլ վկայում է. այսինքն, որ հայել է իր խոնարհությանը և դրա համար է բնակություն հաստատել իր մեջ (հմմտ. Ղկս 1, 48)։ Պետք է, հետևաբար, գովաբանենք նրան, քանի որ այդքա՜ն հաճելի էր Աստծուն։ Խոնարհությունը կատարելության գագաթնակետն է. որքան ավելի է մարդը մոտիկից տեսնում Աստծուն, այնքան ավելի է ինքն իրեն խոնարհված զգում իր անձի մեջ։ Խոնարհությամբ է, որ բոլոր ժամանակների սրբերը հաճելի են եղել Աստծուն. ապահով ու անշեղ ճանապարհն է, որով մարդը հասնում է Աստծուն։ Բայց այնքան խորը կերպով, որքան որ Մարիամը, ոչ մի մարդ երբեք չի խոնարհվել սկզբից ի վեր. դա պարզ ու հստակ երևում է այն փաստից, որ ոչ մի մարդ չի բարձրացվել այնքան, որքան նա։ Տերն, արդարև, որ փառավորում է խոնարհության չափի համաձայն, նրան այնքան բարձրացրեց, որ դարձրեց Իր Մայրը։ Ուրեմն ի՞նչ կարող ենք համեմատել նրա խոնարհությանը։ Եթե ուրիշ որևէ մեկը ավելի հեզ ու ավելի մաքուր լիներ, քան Մարիամը, Աստված նրա մեջ կբնակվեր. կթողներ նրան, ով Իր Մայրն է, և այլևս չէր մնա նրա հետ։ Եթե գտներ առավել կատարյալ ու մաքուր մի հոգի, այդ մեկին կընտրեր և այս մյուսից կհրաժարվեր։

Երբ Տերը իջավ երկրի վրա, նայեց բոլոր կանանց և նրանց միջից ընտրեց մեկին. նրան, ով բոլորից ավելի հաճելի եղավ Իրեն։ Զննեց նրան և նրա մեջ խոնարհություն ու սրբություն գտավ, վճիտ հոգի ու Աստծո սեր, մաքուր սիրտ և ուրիշ ոչինչ, քան վեհ ու վսեմ մտքեր։ Այս իսկ պատճառով, Նա ընտրեց այս մաքրությունը, այս կատարյալ գեղեցկությունը. թողեց Իր տեղը և բնակվեց բոլոր կանանց մեջ Օրհնյալի մեջ, որովհետև ամբողջ աշխարհում ուրիշ ոչինչ չկար, որ կարող էր նմանվել նրան կամ նրա հետ համեմատվել։ Միայն նա էր միմիայն խոնարհ, մաքուր, անխառն ու անարատ. նա արժանացավ Աստծո Մայրը դառնալու և նրանից բացի ուրիշ ոչ ոք։ Աստված չափեց, թե նա որքան մաքուր էր և չարից անջատ. նրա մեջ չգտնվեց և ո՛չ իսկ նվազագույն չափով հակում դեպի սուտը, ոչ մի միտք, որի վերաբերյալ անմաքրությունը կարող էր պարծենալ, թե դրա վրա հաստատել է իր իշխանությունը, ոչ մի արարք, որը կարող էր կապակցության մեջ դրվել այս աշխարհի ապականության հետ։ Նրա մեջ չէր այրվում և ո՛չ իսկ նվազագույն սեր աշխարհային իրականությունների հանդեպ. նա երբեք չզբաղվեց այն բաներով, որոնցով մտահոգվում են պատանի աղջիկները։ Աստված տեսավ, որ աշխարհում երբեք չէր կարողանալու գտնել նրան հավասար կամ նույնիսկ նման մեկին. այդ իսկ պատճառով, ընտրեց նրան որպես Մայր, նրանից մաքուր կաթ ծծելու համար։ Նա իմաստուն էր և Աստծո սիրով ամբողջովին լի, որովհետև ուր չկա սեր, այնտեղ մեր Տերը չի կարող բնակվել։ Երբ, ուրեմն, մեծն Արքան որոշեց այցելել մեր երկիրը, կամեցավ Իր բնակության համար ընտրել ամբողջ երկրի ամենամաքուր տաճարը. անարատ, կուսության ու սրբության ամենավեհ մտքերով զարդարված գրկում։ Նա, իր բնությամբ և իր կամքով, լի էր գեղեցկությամբ, երբեք չպղծվեց այլասեր ցանկություններով, անարատ եղավ մանկությունից ի վեր։ […] Եվ նրա մեջ միշտ մնաց դեպի բարին կողմնորոշված իր բնությունը, իր կամքը, մարմնի կուսությունն ու հոգու սրբությունը։

Հենց այս գործը, որ Աստված կատարեց նրա մեջ, ինձ թույլ է տալիս հռչակելու այս ամենը այս պատվելի ու մեծապես արժանի Կույսի մասին։ Հենց այն փաստի համար, որ նա դարձել է Աստծո Որդու Մայրը, ընդունում և եզրակացնում եմ, որ նա եղավ միակ կատարելապես մաքուր կինը ամբողջ երկրի վրա։ Այն ժամանակից սկսած, ինչ կարողացավ զանազանել բարին չարից, նա հարատևեց սրտի մաքրության ու մտքերի ուղղախոհության մեջ։ Երբեք չհեռացավ աստվածային օրենքի արդարությունից և երբեք չսասանվեց մարմնի անարժան ցանկությունների ազդեցությամբ։ Այլ՝ մանկությունից սկսած ամբողջովին բռնված եղավ սրբության տենչով, որին նվիրվեց մտքով ու փութաջանությամբ։ Ամեն օր դնում էր Տիրոջն իր աչքերի առաջ ու նայում էր Նրան, Նրա կողմից լուսավորվելու ու հագենալու համար։ Երբ, հետևաբար, Աստված տեսավ, թե որքա՜ն մաքուր ու անաղարտ էր նրա հոգին, կամեցավ բնակվել նրա մեջ, որովհետև ազատ էր ամեն տեսակ չարիքից։ Այն բանի համար, որ երբեք չհանդիպեց նրա նման մի կին, նրա մեջ կատարվեց այդ հրաշալի գործը, որ առավել վսեմաշուք է, քան բոլոր մեծությունները։ Մարդկանց միայն մի դուստր փնտրվեց բոլոր կանանց միջից և ընտրվեց, որովհետև առավել գեղեցիկ էր, քան մյուս բոլորը։ Սրբազնագույն Հայրը կամեցավ մի Մայր պատրաստել Իր Որդու համար և ուրիշ ոչ ոք չգտավ Մարիամի նման. ուստի ընտրեց նրան, որպեսզի Մայր լիներ Իր Որդու համար։ Այդ Կույսը ներքուստ և արտաքուստ լի էր ծածուկ գեղեցկությամբ և իր սրտի մաքրության համար արժանի եղավ տեսնելու, թե ինչպես էին իր մեջ իրականանում Աստծո խորհուրդները։ […]

Սբ. Հակոբ Սարուգացու (կամ՝ Բաթնայացու, 450-521) «Սբ. Կույս Մարիամ Աստվածածնի մասին Քարոզ»ից
Աղբյուր՝ Mashtoz.org

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում