Մեզ պետություն պե՞տք է, թե չէ, մեզ իրավունք պե՞տք է, թե չէ. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ)

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը պնդում է, որ գործադիր իշխանության կողմից դատական իշխանությանն ուղղված ցանկացած մեղադրական հայտարարություն պետք է ունենա ապացույցներ։
«Հայտարարում են, թե այսպես են ասում, այնպես են ասում, բայց ո՞ւր են դրա վերաբերյալ ապացույցները, փաստերը։ Ես կարծում եմ՝ եթե գործադիր իշխանությունը հայտարարում է ինչ-որ հանցագործության մասին և որևէ ապացույց դրան չի ներկայացվում, ուրեմն արժեզրկվում է գործադիր իշխանության ուժը», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ տարօրինակ է, երբ գործադիր իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ դատավորների նկատմամբ ներգործություն է եղել ու այդ մասին փաստեր չեն ներկայացվել։
«Դատական իշխանությունն էլ կարող է ասել, որ դա ընդամենը ձև է՝ հանրությանը տրամադրելու դատական իշխանության դեմ։ Մեզ պետություն պե՞տք է, թե՞ չէ, մեզ իրավունք պե՞տք է, թե՞ չէ։ Տասնամյակների կաթիլ-կաթիլ աշխատանք է եղել դատական իշխանության ձևավորումը, բայց այս ձևով զրոյացնել տասնամյակի պետականաշինական գործը, ընդունելի չէ», – հավելեց Մելիքյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում