Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպանին
Նմանատիպ
Հուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն:
Հայոց Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք իր պատասխանատու առաքելության մեջ:
Այնուհետև անդրադառնալով Հայաստանի և Չեխիայի միջև առկա բարեկամական սերտ հարաբերություններին ու գործակցությանը՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ դրանք կլինեն շարունակական և բարի արդյունքներ կապահովեն երկու ժողովուրդների համար:
Ըստ Հայոց Հայրապետի՝ հայ-չեխական կապերի առավել ամրապնդման և զարգացման գործում կարևոր դերակատարություն ունի Չեխիայի հայ համայնքը: Այս կապակցությամբ Գարեգին Բ Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Չեխիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:
Իր հերթին նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, Նորին Սրբությանը վստահեցրեց, որ իր ներդրումը կբերի հայ-չեխական փոխհարաբերությունների առավել զորացման ու զարգացման գործում:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Չեխիայի Կաթոլիկ Եկեղեցու և Մայր Աթոռի միջև հաստատված ջերմ հարաբերություններին և Չեխիայի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկայի այցին Հայաստան:
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում