«Օթելլո»` համերգային կատարմամբ. Ֆիլհարմոնիկ նվագախումբը 13 տարի անց անդրադարձել է Վերդիի օպերային
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2018-2019 թվականների համերգաշրջանն ավարտելու է Ջուզեպե Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարմամբ: Գլխավոր դերերում հանդես են գալու միջազգային մեծ համբավ ունեցող օպերային երգիչներ. Օթելլոյի դերերգը կատարելու է Արսեն Սողոմոնյանը, Դեզդեմոնային մարմնավորելու է Հրաչուհի Բասենցը, իսկ Յագոյի կերպարում հանդես է գալու Անտոն Զարաևը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից «Օթելլո» օպերան ներկայացվելու է Ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) և Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի մանկական երգչախմբի կատարմամբ: Օպերան ղեկավարելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Հուլիսի 26-ին լրագրողները ներկա գտնվեցին օպերայի փորձին և զրուցեցին դիրիժորի, մեներգիչների հետ:
Լուսանկարները` Տաթև Դուրյանի
«Համագործակցում ենք փայլուն երգիչների հետ, որոնք «Օթելլո» օպերայի դերերգերը կատարում են աշխարհի ամենահեղինակավոր բեմերում: Արսեն Սողոմոնյանը վերջերս է Օթելլոյի դերերգով հանդես եկել Բեռլին ֆիլհարմոնիկի հետ` մաեստրո Զուբին Մետայի ղեկավարությամբ»,-նշեց Էդուարդ Թոփչյանը:
Խոսելով հանրահայտ օպերաները պարբերաբար համերգային կատարումներով ներկայացնելու ավանդույթի մասին`դիրիժորն ասաց, որ սիրում է օպերաներ, հաճույքով է աշխատում օպերային երգիչների հետ:
Արսեն Սողոմոնյանն էլ անդրադարձավ նվագախմբի հետ աշխատանքին ու շեշտեց, որ ֆիլհարմոնիկի կազմում հրաշալի երաժիշտներ են:
««Օթելլո»-ն բավականին բարդ ստեղծագործություն է ոչ միայն մեներգչի, այլև նվագախմբի, երգչախմբի կատարման համար: Կարծում եմ` այն Վերդիի այլ գործերի համեմատ ավելի բարձր է. պահանջում է բոլոր երաժշտական գործիքների կիրառումը, որոնք պետք է կատարյալ հնչեն»,-նշեց երգիչը:
Գերմանիայից Հայաստան ժամանած Հրաչուհի Բասենցի խոսքով` մշտապես մեծագույն սիրով ու հաճույքով է վերադառնում հայրենիք: Նա ընդգծեց, որ պատիվ է համագործակցել Ֆիլհարմոնիկ նվագախմբի, տաղանդավոր Էդուարդ Թոփչյանի հետ, որը լուրջ պրոֆեսիոնալ է ու մշտապես մատնանշում է բացերը, որոնք անհրաժեշտ է ուղղել, շտկել:
Ըստ Բասենցի` «Օթելլո»-ն Վերդիի ամենահոգևոր օպերաներից է, որտեղ համատեղվել են սատանան, հրեշտակը: «Ես ասում եմ` շունչ, հոգի, մարմին: Այդ համադրությունն ինձ համար աննկարագրելի է»,-ասաց երգչուհին:
Անտոն Զարաևը, որն առաջին անգամ էր Հայաստանում, նշեց, որ նվագախումբն ուղղակի հրաշալի է:
«Յագոն լավ մարդ է, բայց վատ վարքագիծ ունի: Նրա դիրքորոշում այն, է, որ չունենալով ոչինչ, նա ցանկանում է ամեն ինչ, քանի որ կարծում է` արժանի է դրան»,-իր դերի մասին ասաց երգիչը:
«Օթելլո» օպերայում հանդիպել են երկու հանճար` Շեքսպիրը և Վերդին, ինչի արդյունքն է երաժշտական թանկարժեք գանձը` գրված Շեքսպիրի համանուն երկի հիման վրա: «Օթելլո» օպերան համաշխարհային երաժշտական ժառանգության մեջ համարվում է լավագույններից, իսկ Վերդիի ստեղծագործությունների մեջ` ամենաընտրյալներից: «Օթելլոն» Հայաստանում վերջին անգամ հնչել է 2006 թվականին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և Թոփչյանի ղեկավարությամբ:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այն ներկայացվել է 1990-ականներին Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում