Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում աշխատելը գրավիչ է. հայտարարված մրցույթին դիմել է 70 երաժիշտ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համալրվել է նոր երաժիշտներով, որոնք կոլեկտիվի կազմ ընդգրկվել են մրցութային կարգով։ Հայտարարված էր մրցույթ ջութակահարի, թավջութակահարի, կոնտրաբասահարի, շեփորահարի, ֆլեյտահարի, կլարնետահարի, հոբոյահարի, տրոմբոնահարի թափուր տեղերի համար։ Համալրվել է 9 տեղ։ Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցելու համար դիմել էր մոտ 70 երաժիշտ։ Նրանցից մեկը Ֆրանսիայից է, հոբոյահար Օլիվիա Ժան Պաուլինը, ով այսուհետև հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմում։
Ինչո՞վ է պայմանավորված այսքան մեծ հետաքրքրությունը սիմֆոնիկ նվագախմբի նկատմամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մեծ հետաքրքրությունը պայմանավորում է նվագախմբի հաջողությամբ։ Դիրիժորը նկատում է, որ մրցույթի ընթացքում ոչ միայն երաժիշտների մասնագիտական որակներն են հաշվի առել, այլև հարցազրույցի փուլ են կազմակերպել, քանի որ շատ կարևորում են երաժիշտների մարդկային հատկանիշներն ու թիմային աշխատանքի ունակությունը։ «Նվագախմբի բազմաժանր, բազմաբովանդակ ծանրաբեռնվածությունը, արագ աշխատաոճը, հաճախակի հյուրախաղերը գրավում են երաժիշտներին։ Նվագախմբի հաջողության ամենամեծ ինդիկատորն այն է, թե որքան մարդ է ցանկանում այնտեղ աշխատել։ Կարող ենք արձանագրել, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունի մեծ պահանջարկ, շատերն են ցանկանում աշխատել մեզ մոտ, ինչը մեծ հաջողություն է մեզ համար»,- «Արմենպրես»-ին ասաց Սերգեյ Սմբատյանը։
Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն առանձնացնում է նաև համագործակցությունը տարբեր գործընկերների հետ. «Իմ քայլը» հիմնադրամը մեր ռազմավարական գործընկերն է։ Հիմնադրամում հավատացին մեզ, և ապագայում մեր համագործակցությունը, վստահ եմ, է՜լ ավելի կոգևորի նվագախմբի երաժիշտներին»։
Խոսելով մրցույթին մասնակցած երաժիշտների մասնագիտական որակների մասին՝ Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ, իհարկե, միշտ ցանկալի է, որ որակն է՜լ ավելի բարձր լինի. «Նրանց մեջ կան տաղանդներ, կան երաժիշտներ, որոնց չէի լսել։ Բայց, իհարկե, ցանկությունս այն է, որպեսզի կրթական համակարգում էլ պատրաստվեն երաժիշտներ նվագախմբի համար»։ Դիրիժոր Սմբատյանը խոսեց նաև այսօր տարբեր ոլորտներում շատ տարածված պրակտիկայի մասին, երբ կազմակերպությունները վերցնում են երիտասարդ կադրերի, ուսանողների, նրանց հետ մասնագիտական աշխատանք տանում, այնուհետև ընդունում աշխատանքի։ Դիրիժորը նկատեց, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում նման փորձ ունեն, կոլեկտիվում մասնագիտական հմտություններ են ձեռք բերել բազմաթիվ ստաժորներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում