Հիվանդության համար տրվող երկնային վարձքը

Հիվանդության համար տրվող երկնային վարձքը

– Ինչպե՞ս է մայրդ:

– Վատ է, Հա՛յր: Ժամանակ առ ժամանակ ջերմությունը շատ է բարձրանում և դա նրան անտանելի ցավ է պատճառում: Նրա մաշկը ճաքում է, պատվում վերքերով և գիշերները չի կարողանում քնել:

– Գիտես այդպիսի մարդիկ մարտիրոսներ են: Եթե ոչ ամբողջովին, ապա կիսով չափ՝ հաստատ:

– Հա՛յր, նրա ողջ կյանքը մի ամբողջ տառապանք է:

– Նշանակում է այն վարձքը, որ կստանա, կրկնապատիկ կլինի: Գիտե՞ս, թե որքան է ստանալու: Դրախտը երաշխավորված է: Տեսնելով, որ մարդ կարող է ծանր հիվանդությանը դիմանալ, Քրիստոս տալիս է նրան այդ հիվանդությունն այնպես, որպեսզի երկրային կյանքի փոքր տառապանքի դիմաց` մեծ վարձք ստանա երկնային հավիտենական կյանքում: Նա տառապում է այստեղ, բայց վարձքն այնտեղ կստանա, այն կյանքում, որովհետև կա Դրախտ և կա վարձատրություն (վշտերի համար):

Այսօր հիվանդ երիկամներով մի կին էր եկել: Արդեն երկար տարիներ նա հեմոդիալիզի* է գնում: «Հա՛յր,- խնդրեց նա ինձ,- խնդրում եմ խաչակնքեք ձեռքս: Երակներիս վրա մի ողջ տեղ չի մնացել և նույնիսկ նորմալ հեմոդիալիզ չեմ կարողանում անել»: «Ձեռքերիդ այդ վերքերը,- ասացի,- մյուս կյանքում ավելի թանկարժեք ադամանդների կվերածվեն, քան այս աշխարհիններն են: Քանի՞ տարի ես հեմոդիալիզի գնում»: «Տասներկու»,- պատասխանեց նա: «Նշանակում է,- ասացի նրան,- դու նաև (հոգևոր) «միանվագ նպաստի» և «նվազագույն թոշակի» իրավունք ունես»: Այնուհետև նա մյուս ձեռքի վերքը ցույց տվեց և ասաց. «Հա՛յր, այս վերքը չի փակվում: Դրա միջով ոսկորը երևում է»: «Այո,- պատասխանեցի ես,- բայց դրա միջով նաև Երկինքն է երևում: Դիմացիր, քեզ համբերություն եմ մաղթում: Աղոթքով խնդրում եմ, որպեսզի Քրիստոս ավելացնի քո մեջ Իր սերը և դու մոռանաս ցավի մասին: Իհարկե կարող եմ ուրիշ բան էլ մաղթել քեզ՝ որ քո ցավը մեղմանա, բայց այդ ժամանակ կանհետանա նաև մեծ վարձքը: Հետևաբար, այն ինչ սկզբում մաղթեցի քեզ՝ ավելի լավ է»: Խեղճ կինը մխիթարություն գտավ այդ բառերի մեջ:

Երբ մարմինը փորձությունների է մատնվում, հոգին սրբագործվում է: Հիվանդությունից տառապում է մարմինը՝ մեր կավե տնակը, բայց դրանից հավիտենական ուրախություն է ստանում այդ տնակի տերը՝ մեր հոգին, այն երկնային դղյակում, որ Քրիստոս պատրաստում է մեզ համար: Այդ հոգևոր տրամաբանության համաձայն, որն անտրամաբանական է այս աշխարհի մարդկանց համար, ես նույնպես ուրախանում ու պարծենում եմ իմ ունեցած ֆիզիկական հիվանդություններով ու արատներով: Միակ բանը, որի մասին չեմ մտածում, դա այն է, որ երկնային վարձքի պիտի արժանանամ: Ես (իմ ցավն) այսպես եմ հասկանում, որ (դրա միջոցով) ես Աստծո նկատմամբ իմ երախտամոռության մեղքն եմ քավում, քանի որ պատշաճ կերպով չեմ պատասխանել Նրա մեծագույն պարգևներին ու բարեշնորհություններին: Չէ՞ որ իմ ողջ կյանքը մի ամբողջ (հոգևոր) խնջույք է՝ և՛ իմ վանականությունը, և՛ իմ հիվանդությունները: Աստված ամեն հարցում ինձ մարդասիրաբար և մեծահոգաբար է վերաբերվում: Սակայն աղոթեցեք, որպեսզի Նա այդ ամենը (միայն) իմ այս կյանքի հաշվին չգրանցի, որովհետև այդ ժամանակ վա՜յ ինձ, վա՜յ: Քրիստոս ինձ մեծագույն պատիվ արած կլիներ, եթե հանուն Նրա սիրո ես էլ ավելի տառապեի: Միայն թե Նա ինձ այնպես ամրացնի, որպեսզի կարողանամ դիմանալ (այդ ցավին): Իսկ փոխհատուցում ինձ հարկավոր չէ:

Երբ մարդու մոտ ամեն բան կարգին է առողջության հարցում, ապա դա նշանակում է, որ նրա մոտ ինչ-որ բան այն չէ: Ավելի լավ է ինչ-որ հիվանդություն ունենա: Ես իմ հիվանդությունից այնպիսի օգուտ եմ ստացել, ինչպիսին խիստ ճգնավորությունից անգամ չեմ ստացել, որ արել եմ մինչև հիվանդանալը: Այդ պատճառով էլ ասում եմ, որ եթե մարդ պարտավորություններ չունի (ուրիշների հանդեպ), ապա ավելի լավ է հիվանդություններն առողջությունից գերադասի: Մարդ պարտք է մնում առողջ լինելով, իսկ ահա հիվանդությունից վարձք կստանա, եթե համբերությամբ դիմանա դրան: Երբ ես ընդհանրական մենաստանում էի ապրում**, մի անգամ այնտեղ մի շատ ծեր եպիսկոպոս եկավ՝ Հիերոթեոս անունով: Նա հանգստի էր անցել և Սուրբ Աննայի անապատում էր ճգնում: Երբ նա ձի հեծնեց մեկնելիս, տաբատի փողքերը վեր բարձրացան և բոլորը տեսան նրա սարսափելի այտուցված ոտքերը: Նրան օգնող վանականներն ուղղակի սարսափեցին: Եպիսկոպսը, դա հասկանալով, ասաց. «Սրանք ամենալավ պարգևներն են, որ Աստված շնորհել է ինձ: Ես խնդրում եմ Աստծուն, որպեսզի չվերցնի դրանք ինձանից»:

* Հեմոդիալիզ – «արհեստական երիկամ» սարքի միջոցով արյան դիալիզ և ուլտրաֆիլտրացում:

** Էսֆիգմեն մենաստանում 1953-1955թթ.:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում