Եթե կառավարությունը լավ գործ անի` ԲՀԿ-ն կսատարի. Տ. Ուրիխանյան

Կառավարությունն այդպես էլ չի կարողանում հիմնավորել, թե ինչպես է լինում, որ Հայաստանի տնտեսությունն աճում է, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ նվազում։ Այս մասին նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման շրջանակներում հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Աղքատության ցուցանիշը 36 տոկոս է, մինչդեռ այս կառավարությունը, Ուրիխանյանի խոսքով, խոստացել էր այն հասցնել 25 տոկոսի։

«Կառավարությունը խոստացել էր Հայաստանը դարձնել բիզնեսի և ներդրումների համար տարածաշրջանային գերազանցության կենտրոն, բայց դա հայկական աշխարհի’ իրականություն չդարձած մի մասն է: Ավելին՝ այս ամենից հետո դեռ հայտարարում են, որ մեզ մտածողության փոփոխություն է պետք, ինչպես ժամանակին ասում էին, թե չխոսենք ճգնաժամի մասին, որ այն Հայաստանը շրջանցի, իսկ դա լուրջ չէ, որովհետև երկիրը կանգնած է խորացող մարտահրավերների առաջ և այդ մասին լռելը հավասարազոր է դրանց խորացմանը»,- Aysor.am-ի փոխանցմամբ ասել է Տ․Ուրիխանյանը:

Եթե կառավարությունը լավ գործ անի, ապա ԲՀԿ-ն, Ուրիխանյանի հավաստմամբ, պատրաստ է սատարելու, բայց այսօր կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը չի նպաստում վերոնշյալ խնդիրների լուծմանը, ինչի պատճառով էլ ԲՀԿ-ն հրաժարվեց մաս կազմել քաղաքական կոալիցիայի:

«Մեր դիրքորոշումը չի փոխվել, և ԲՀԿ-ն ներկայացվող ծրագրի հաշվետվությունը գնահատում է անբավարար»,- եզրափակել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում