Սիմֆերոպոլի օդանավակայանում բացվել է Այվազովսկու 202-ամյակին նվիրված ցուցահանդես
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Սիմֆերոպոլի օդանավակայանում բացվել է հանրահայտ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, նրա աշակերտների և հետևորդների նկարների վերարտադրությունների ցուցահանդեսը։
««Այվազովսկին և ծովանկարչության ավանդույթները» խորագիրը կրող ցուցադրական ծրագիրը նվիրված է մեծ նկարիչ Այվազովսկու ծննդյան 202-ամյակին, որի անունն է այս տարվանից կրում Սիմֆերոպոլի օդանավակայանը։ Ներկայացված է Այվազովսկու ութ նկարի վերարտադրություն, նաև նրա աշակերտների և հետևորդների՝ Էմմանուիլ Մագդեսիան, Միխայիլ Ալիսով և Արսենի Մեշչերսկի»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Օդանավակայանում ցուցահանդեսի բացմանը բանաստեղծության և ջութակի հնչյունների ներքո ավազի վրա վերստեղծվել է Այվազովսկու երկու կտավ և նրա աշակերտ Մագդեսիանի մեկ նկար։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես:
Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII-րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն: