Ռումինիայի Թուլչա քաղաքի հայկական եկեղեցում մատուցվել է եպիսկոպոսական Սուրբ պատարագ
Նմանատիպ
Ռումինիայի Թուլչա քաղաքում հուլիսի 21-27-ը տեղի է ունեցել Միջէթնիկ շաբաթ փառատոնը: Այս տարի ևս այլ համայնքների ու փոքրամասնությունների կողքին իրենց մասնակցությունը բերեցին նաև Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Ռումանիայի հայոց թեմի մամուլի դիվանից, փառատոնի շրջանակներում Թուլչա էր այցելել նաև Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Այցի շրջանակներում, հուլիսի 26-ին Սրբազան Հայրը պաշտոնական հանդիպում ունեցավ Թուլչայի եպիսկոպոս Վիսարիոն Բըլցատի հետ: Հանդիպմանը ներկա էին Կոնստանցայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը, Բուխարեստի հայոց ծուխի ատենապետ Դանիել Մեհտեմետյանը, թեմական խորհրդի անդամ Զարեհ Նազարյանը: Հանդիպման ընթացքում խոսվեցին Հայ Առաքելական և Ռումին Ուղղափառ եկեղեցիների եղբայրական ջերմ հարաբերությունների մասին, քննարկվեցին համագործակցության մեծացման հնարավորությունները մի շարք ոլորտներում:
Թուլչա քաղաքում կանգուն է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայոց եկեղեցին` կառուցված 1882թ.: Դեռևս 2013թ-ից առաջնորդի կարգադրությամբ Թուլչայի հայկական եկեղեցում, իբրև այցելու քահանա իր ծառայությունն է բերում Կոնստանցայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը: Սրբազանի տեսլականն էր աշխուժացնել տեղի փոքրաթիվ համայնքը, հնարավորություն ստեղծել, որպեսզի երկարամյա դադարից հետո հայոց եկեղեցում դարձյալ հնչի մեր Սրբազան Պատարագը, հայալեզու աղոթքը` եկեղեցու շուրջը հավաքելով համայնքի ցրված անդամներին: Պատարագներին այցելում են ոչ միայն հայեր Թուլչայից ու Բաբադագից, այլև նաև ռումինացիներ:
Հերթական պատարագը մատուցվում է հուլիսի 28-ին` ձեռամբ Թեմակալ Առաջնորդի և մասնակցությամբ Տ. Օշական քահանա Խաչատրյանի: Սուրբ Պատարագին ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, թեմական և ծխական խորհուրդների անդամներ և ուխտավորներ Ռումինիայի մի շարք ծուխերից ու քաղաքներից` Բուխարեստ, Բակըու, Բոտոշան և այլն: Սրբազանն իր օրհնությունն է բերում ներկաներին, շնորհավորում փառատոնի հաջող անցկացման և կազմակերպման համար` աղոթք բարձրացնելով առ Աստված Հայաստանի և Ռումինիայի Հանրապետությունների, հայ և ռումին Եկեղեցիների և երկու բարեկամ ժողովուրդների անսասանության, զորացման ու բարգավաճման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում