Հայկական մշակույթի երեկո է անցկացվել Տուլչայում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Տուլչա քաղաքում կայացած «Ազգամիջյան ֆիլմերի շաբաթ» փառատոնի շրջանակներում Ռումինիայի Հայոց միության Տուլչայի մասնաճյուղի կազմակերպմամբ անցկացվեցին հայ մշակույթին նվիրված մի շարք միջոցառումներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հուլիսի 27-ին` hայկական մշակույթի երեկոյի բացմանը, խոսքով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության Տուլչայի մասնաճյուղի նախագահ Էդուարդ Լուչիան Սիմիոնը և Կոստանցայի մասնաճյուղի նախագահ Լիվյու Մերդինյանը:
Ողջունելով Ռումինիայի տարբեր վայրերից ու համայնքային կենտրոններից Տուլչա ժամանած հայրենակիցներին ու հյուրերին, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին` դեսպան Մինասյանը կարևորեց հայկական միջոցառումների անցկացումը՝ նկատելով, որ այն ևս մեկ յուրօրինակ միջոց է Ռումինիայում բնակվող փոքրամասնությունների համար ներկայացնելու իրենց մշակույթը:
Քաղաքի կենտրոնական հրապարակում ազգային պարերով հանդես եկան Բուխարեստի «Նաիրի» և Տուլչայի «Զանազան» պարախմբերը: Տուլչայի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրելու ազգագրական ու ժողովրդական երգեր՝ Ժան Սմբատյանի կատարմամբ։
«Ազգամիջյան ֆիլմերի շաբաթ» հերթական 14-րդ փառատոնն անցկացվեց Ռումինիայի կառավարության և նահանգային ու քաղաքային իշխանությունների աջակցությամբ:
Տեղեկանք․ Տուլչան համանուն նահանգի վարչական կենտրոնն է, որը գտնվում է Ռումինիայի սևծովյան Դոբրոջա շրջանում: Տուլչա նահանգի և ՀՀ Տավուշի մարզի միջև եղբայրական կապեր են հաստատվել 2014թ.:
Հետևեք մեզ նաև Telegram-ում