Դեսպան Մկրտչյանը Լիտվայում քննարկել է Հայաստանի ազգային գրադարանի հետ կապերի զարգացման հեռանկարները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հուլիսի 29-ին այցելեց Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարան, որտեղ հանդիպեց տնօրեն Ռենալդաս Գուդաուսկասին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով դեսպան Մկրտչյանին՝ Ռենալդաս Գուդաուսկասը բարձր գնահատեց դեսպանության և Լիտվայի ազգային գրադարանի միջև հաստատված երկարամյա արդյունավետ համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն առաջիկայում ավելի կխորանա և կներառի համագործակցության նորանոր ոլորտներ։ Պրոֆեսոր Գուդաուսկասը նաև նշեց, որ ամենաջերմ տպավորություններով է վերադարձել Երևանից, որտեղ վերջերս մասնակցում էր «Հիշողության կերպարանքները» խորագիրը կրող միջազգային սեմինարին։
Հանդիպման ընթացքում Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց դեսպանության առաջիկա միջոցառումները, քննարկվեցին մոտ ապագայում համատեղ նախաձեռնությունների կազմակերպման հնարավորությունները և Հայաստանի ազգային գրադարանի հետ կապերի զարգացման հեռանկարները։
Ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ դեսպան Մկրտչյանը Լիտվայի ազգային գրադարանին նվիրեց հայոց պատմությանը և մշակույթին նվիրված գրականության հերթական խմբաքանակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում