Ն. Փաշինյանը հայտարարել է բյուջեի կատարողականին դեմ քվեարկելու մասին

2012-13 ուսումնական տարվա ընթացքում հայաստանյան դպրոցներում աշակերտների թիվը նվազել է 18 հազարով, 2011-12թթ․ Հայաստանից գնացել է 5081 աշակերտ, իսկ 2012-13-ին՝ 4787 աշակերտ։ Նախորդ տարվա բյուջեի կատարողական քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Aysor.am-ի փոխանցմամբ`պատգամավորը նշել է, որ բյուջեի կատարողականում խոսք չկա ծնելիության մասին, մինչդեռ 2012-ին 2011-ի համեմատ՝ ծնունդները պակասել են 1007-ով, զբոսաշրջիկները պակասել են 150 հազարով, ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերն աճել են 93-ով, մինչդեռ, Փաշինյանի խոսքով, բյուջեի կատարողականից իմանում ենք, որ կառավարությունն ընդունել է հայեցակարգեր, ռազմավարություններ, պլատֆորմներ, և որ ամենազավեշտականն է, որ կառավարությանն առընթեր խորհուրդները չեն գործում։

«Ամենազավեշտականն այն է, որ խորհուրդներից մեկը կոչվում է Ոսկեգործության, ժամագործության և ադամանդագործության ոլորտային խորհուրդ։ Սա զավեշտական է՝ արդեն հայտնի օֆշորային սկանդալի ֆոնին։ Տիգրան Սարգսյանը, կառավարության ներկայացուցիչները գործարարներին էին ներկայացնում՝ իբր ադամանդագործության բնագավառում մեծ հնարավորություններ ունեցող մի մարդու՝ Աշոտ Սուքիասյան անունով, թե ինչո՞վ է նա հայտնի, ոչ ոք չգիտի։ Թերևս կառավարության անդամները տպավորվել էին այն փաստով, որ այս անձնավորությունը թանկարժեք բենթլի էր նվիրել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ով, ի դեպ, այս իրադարձությունների գլխավոր դեմքերից է»,- ասել է Փաշնյանը։

Շարունակելով խոսքը՝ Փաշինյանը հարցրել է, թե որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ի՞նչ գործ ունի արքեպիսկոպոս Կճոյանը ադամանդագործությունը զարգացնելու հետ կապված կառավարության ծրագրերի հետ. «Հենց Տիգրան Սարգսյանի, Կճոյանի և Սուքիասյանի բացած ընկերությանը պատկանող հաշվեհամարի վրա է նստել 10 մլն դրամ վարկը, որը կապ ունի Դիլիջանի դպրոցի ծրագրի հետ, որին ես հետո կանդրադառնամ, և այդ գումարները փոշիացել են։

Երեկ, երբ Դավիթ Սարգսյանին հարցրեցի այս մասին, նա այնպիսի մի պատասխան տվեց, որ սրտներիցս մի քար ընկավ։ Դ․Սարգսյանն ասաց, որ դրանք հերյուրանքներ են։ Հավատում ենք, հավատում ենք, որովհետև հերյուրանք չլիներ, ապա կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, կհայտարարեին, որ տասը միլիոն դոլար գցել են հայաստանյան գործարաններին»,- ասել է պատգամավորը։

Նա հիշեցրել է, որ մի քանի ամիս առաջ, երբ լուրեր տարածվեցի գազի գնի բարձրացման մասին, Սերժ Սարգսյանն ասել, որ գազի գնի բարձրացման մասին խոսակցությունները հերյուրանքներ են. «Այո, երկու ամիս հետո տեսանք, որ դա իսկապես հերյուրանք է, հայ հանրությունն ահազագում էր, որ Սյունիքի մարզպետը չարիք է, ասում էին հերյուրանք է, այո, հերյուրանք էր, ասում էին, որ Ներսես Նազարյանը գեներալական պագոնների տակ բիզնես է անում, ասում էին՝ հերյուրանք է, համոզվեցինք, այո, որ հերյուրանք է, կամ Գագիկ Խաչատրյանի համար ՊԵԿ-ը բիզնեսի տանիք է, ասում էին՝ հերյուրանք է․․․հավատում ենք»:

Եզրափակելով խոսքը՝ ՀԱԿ պատգամավորը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին՝ պատճառաբանելով, թե «ի դժբախտություն ոմանց, կարողանում եմ տարբերել իրականությունը հերյուրանքից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում