Հայաստանում կբեմադրվի «Տիգրան Մեծ» օպերա
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Հայ ամենամեծ արքայի՝ Տիգրան Մեծի մասին գրվել է 40 օպերա, որոնցից 24-ն անմիջականորեն վերաբերում են Տիգրան Մեծի կերպարին, մնացածում Տիգրան Մեծը հանդես է գալիս որպես մասնակից, կարևոր կերպար։ Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանն ասաց, որ ուրախալի է՝ 40 օպերա կա գրված հայ թագավորի մասին, բայց ամոթալի է, որ Տիգրան Մեծի հայրենիքում այդ օպերաներից որևէ մեկը չի բեմադրվել։
Նա տեղեկացրեց, որ իրենք այդ օպերաներից ցանկանում են բեմադրել Յոհան Ադոլֆ Հասեյի «Տիգրան Մեծ» օպերան։ Այդ օպերայի բեմադրման աշխատանքների մեկնարկն ազդարարվել է մայիսին։ 300 տարի չի բեմադրվել, գրվել է բարձր երաժշտական մակարդակով, ըստ Գ. Մանասյանի, արժանի է համապատասխան բեմադրության։
«Բարոկկո երաժշտական ոճով է գրվել, Հայաստանում չունենք համապատասխան երաժիշտներ, նաև երաժշտական համապատասխան միջավայր՝ գործիքներ, կատարողներ, այդ երաժշտությունն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, անգամ կատարողական արվեստից սկսած մինչև տեխնիկական հարցեր։ Այս ամենը մոռանալով՝ մենք նախաձեռնել ենք այդ օպերայի բեմադրությունը։ Կարծում եմ՝ կկարողանանք այդ դժվար, բազմաթիվ բարդություններ ունեցող խնդիրները հաղթահարել։ Մեր հաջողությունը երաշխավորված է, որովհետև այդ օպերան բեմադրելու համար ունենք երկու տաղանդավոր աշխարհահռչակ հայ արվեստագետներ՝ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրիչ Գեորգի Իսահակյանը»,- հայտարարեց Գ. Մանասյանը։
Նրա խոսքով, այս օպերան Տիգրան Մեծի մարդկային, վեհանձն կերպարի մասին է։
Ասուլիսին ներկա Ջորջ Փեհլիվանյանն ասաց, որ մեծ հաճույք է գալ Հայաստան ու աշխատել հայ երաժիշտների հետ։
«Նյութերը շատ են, պետք է նոր սկսել աշխատանքը ու հույս ունեմ, մեկ տարում Հայաստանում այն կներակայացվի»,- նշեց դիրիժորը։
Գեորգի Իսահակյանի խոսքով, ուրախ է, որ հրավիրվել է այս նախագծի իրականացման համար։ Նա նշեց, որ հիանալի միտք է Տիգրան Մեծի մասին օպերա բեմադրել Հայաստանում։
«Բարոկկո երաժշտությունը պահանջում է և երաժիշտներ, և նվագախումբ, որը ունակ է դա կատարել, և հանդիսատես։ Բարոկո երաժշտությունը հեշտ չէ, պետք է պատրաստ լինի նաև հանդիսատեսն այդ հրաշալի երաժշտությունը լսելու, ընդունելու։ Հուսով ենք՝ կկարողանանք այդ սերը ձեզ հետ կիսվելու»,- ասաց նա։
Հարցին, թե ֆինանսական միջոցներ կա՞ն օպերայի բեմադրության համար, Գ. Մանասյանն ասաց, որ գեթ մեկ դրամ չունեն, բայց լիահույս է, որ իրենք այս օպերան պետք է անեն։
«Վստահ եմ, որ մեր ժողովուրդը շատ մեծ մասնակցություն է ունենալու։ Չի եղել գեթ մեկ մարդ, որի մոտ խոսվի օպերայի բեմադրության մասին, ոգևորություն չապերի։ Տիգրան Մեծը նստած է յուրաքանչյուր մարդու մեջ, և մենք դա անելու ենք»,- ասաց Գ. Մանասյանը։
Նա նշեց, որ իրենք ընտրել են երգիչների, սակայն առաջիկա օրերին Փեհլիվանյանն ու Իսահակյանը կլսեն նրանց, վերջնական խոսքը նրանց է պատկանում։
Ջորջ Փեհլիվանյանն ասաց, որ պետք է փորձեն երաժիշտներ գտել հենց Հայաստանից, որոնք հետաքրքրված են բարոկկո երաժշտությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում