Բեմադրված շնորհանդես

Բեմադրված շնորհանդես

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Aravot.am: Օրերս Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանում նշվեց Ուկրաինայի գրողների միության անդամ Անահիտ Սարգսյանի 24-րդ՝ «Ձայն Սփյուռքի եւ սերը» գրքի շնորհանդեսը, որտեղ ամփոփված են նրա չափածո եւ արձակ ստեղծագործությունները:

Գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը ներկայացրեց օրվա հերոսուհուն. «Ա. Սարգսյանի ապրելու կերպը գրելն է, երգելը, ասմունքելը… Ժողովածուի շատ ստեղծագործություններ ոգեւորիչ են, ողողված սիրով, հայրենապատումները կարոտով տոգորված…»:

Հեղինակը խոսքաշեն է, աշխույժ ու տրամադրող. անմիջապես ստանձնում է իր իսկ բեմադրած շնորհանդեսի գլխավոր դերը՝ ասմունքելով բեմ է ելնում, ապա կենսագրականից պատառիկներ պատմում: Ծնվել է Ստեփանավանում, սովորել տեղի դպրոցում: Կարոտով է հիշում իր ուսուցիչներին, հատկապես երջանկահիշատակ ուսուցչուհի, բազմաշնորհ արվեստագետ, Երեւանի գիտամեթոդական կենտրոնի աշխատակից, բանասեր, նկարչուհի Գյուլնարա Շահինյանին, որից գեղագիտության եւ բարեկրթության դասեր է առել: Ապրել եւ ստեղծագործել է Խարկովում, զբաղվել հայապահպանության հարցերով, տպագրել գրքեր…

Այժմ բնակվում է նաեւ Երեւանում՝ իր կարոտի բնօրրանում:

Անկեղծ զարմանքով է նշում՝ Ուկրաինայում ավելի հեշտ է գրքեր հրատարակելը, քան հայրենիքում:

Ազգայինը բոլոր արժեքներից վեր է դասում. «Ամեն մի հայ ոգեղեն մի լեռ է, ժայռ»: «Ձեր գիրկն եմ գալիս իմ սարեր, գալիս եմ ձեր բուրյան լանջերին գեղեցիկ մեղեդի հյուսելու»: «Եկեք հայեր, այսօր իմ տուն, եկեք հոգիս տաքացրեք…»:

Թեմատիկան ազգայինն է: Եղեռնազարկից մազապուրծ փրկվածներն են. «Խոտրջրի պատմությունը», «Համանվագը», «Նամականին»…

Բանախոսը՝ «Մեր քնարերգության ծիծեռնակը» գրքի նախաբանի հեղինակ, գրող, բնապահպան Սուրեն Հայրապետյանը իր ելույթը գրավոր ներկայացրեց. «Ես էլ, երբ Ուկրաինայում էի, մտքով սավառնում էի Հայաստանում, կարոտում ամեն մի թուփը, քարը: Հեղինակն ապրել է օտար ափերում, բայց չի մոռացել իր ազգային ինքնությունը. պահել ու պահպանել է մեր ավանդույթները, հայի ոգին: Մեր քնարերգության ծիծեռնակն է. մե՛կ այստեղ է, մե՛կ Ուկրաինայում: Փառաբանում է հայրենիքի մեծատաղանդ գործիչներին, ոգեշնչվում նրանց կատարած գործերով, օտար հողում հայի բույրն է տարածում: Անահիտը բարու սերմնացան է»:

Երգահան հեղինակը «Ջուխտակ քարի փեշին» պոեմից մի հատված է երգում: «Ջուխտակ քարը» Արծվաշենի խորհրդանիշն էր: Որտեղից էլ նայեիր, նա հրավիրում էր իր տուն (ավա՜ղ)… Պոեմը ծնվել է արծվաշենցի Նարգիզ մայրիկի օրագրից:

Գրադարանի աշխատակցուհի Աստղիկ Սահինյան. «Անահիտ Սարգսյանի գրվածքներում հայը համբերատար է, օտարի համար՝ կյանքը զոհաբերող: Հեղինակը հաճախ է մտահոգվում՝ ազգային գիտակցության բացակայությունն է կործանարար: Մեր թերարժեքություններից մեկն էլ ազգային արմատներից հեռանալն է. «Չաղաղակենք, թե բազմաչարչար ազգ ենք, մեր հողում չգնչուանանք, որ միշտ ազգ մնանք»: «Խնձորի այգին» պատմվածքը հայրենի տունը չլքելու հարցն է բարձրաձայնում. «Անտեր մի թողեք հայոց տները: Տունը ասելիք ունի, մենավոր ոգի է: Այգին մնում է կարոտով: Գնում են, որ այգուն կարոտեն: Սիրանուշ, իմ սեր, ես քեզ հայերեն եմ սիրել…»:

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կենտրոնական գրադարանի նախկին տնօրեն Լենան էլ բարձր գնահատեց հեղինակի գրական վաստակը. «Սիրելի Անաhիտ, ներկապնակդ բազմագույն է: Ստեղծագործություններիդ մեջ քո ներաշխարհն է արտացոլված»:

Հիացած էր նաեւ գեղանկարիչ Մարտիրոս Պետրոսյանը. «Մեծ բավականություն ստացա, մթնոլորտը անկեղծ էր, անբռնազբոս»:

Ինչպես միշտ, Հրանտ Հորիզոնը բարեմաղթանքներով, ժպիտներ պարգեւելով հանդես եկավ:

«Ձայն Սփյուռքի եւ սերը» ժողովածուի շնորհանդեսը մի յուրօրինակ բեմադրություն էր, որի գլխավոր ռեժիսորը հեղինակն էր, նույն ինքը՝ Անահիտ Սարգսյանը, իսկ օգնականները՝ իր սանուհիներ Աննա եւ Մարինե Սահակյանները, որոնք բանաստեղծուհու բառերը հասցնում էին հանդիսատեսի հոգուն:

Օրվա հերոսուհու գրական վաստակի հերթական գնահատանքն էր պատվոգիրը, որը հանձնեց գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը:

ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում