Ապրենք որպես Աստծո զավակներ
Նմանատիպ
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել, որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի» (Հովհ. 3;5-6)։
Մեր Տիրոջ այս պատգամը մեզ ուղղորդում է դեպի մկրտություն: Մեզանից շատերը ենթագիտակցորեն են գնում մկրտության կամ սովորույթի համաձայն՝ ամբողջապես չգիտակցելով այս խորին խորհուրդը:
Սակայն Հիսուս ավետարանի միջոցով մեզ զգուշացնում է. «Երբ պիղծ դևը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտրում. և երբ չի գտնում, ասում է.-Վերադառնամ իմ տունը, որտեղից ելա: -Եւ գալիս է ու գտնում այն՝ մաքրված և կարգի բերված: Այն ժամանակ գնում և վերցնում է իրենից ավելի չար յոթը այլ դևեր և մտնում, բնակվում է այնտեղ. և այն մարդու վերջին վիճակը լինում է ավելի վատ, քան նախկինը» (Ղուկ.11;24-26): Անշուշտ, մկրտության խորհրդի միջոցով մենք մաքրվում ենք ադամական մեղքից և որդեգրվում Աստծուն: Մկրտությունը միակ սրբազան արարողությունն է, որի միջոցով Տերը ներում է կամա թե ակամա գործած մեր բոլոր մեղքերը՝ սրանով հնարավորություն տալով նոր կյանք սկսելու: Այս սուրբ ու կենդանարար խորհրդը պարտավորեցնում է մեզ այլևս սուրբ կյանքով ապրելու: Մկրտության ժամանակ հոգևորականը հարցնում է կնքահորը. «Երախայս զի՞նչ խնդրէ» այսինքն՝ «մկրտվողը ինչ է ուզում», և կնքահայրը պատասխանում է. «Հավատ, հույս, սեր, մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»: Ահա միայն այս վկայությունը ստանալուց հետո է, որ հոգևորականը կատարում է մկրտությունը, որին հետևում է դրոշմի, այսինքն՝ կնունքի արարողությունը: Այս խորին խորհրդի միջոցով մարդն իր վրա է վերցնում աստվածային կնիքը` դառնալով Աստծո զավակ: Դրոշմի արարողությունը կատարվում է Սուրբ Մյուռոնի միջոցով, որի բաղադրությունը գտնում ենք Աստվածաշնչի Ելից գրքի 30-րդ գլխում, որտեղ Աստված պատվիրում է Մովսես մարգարեին օծության յուղ պատրաստել: Հնում այս յուղով օծվել են թագավորներն ու հոգևորականները, իսկ Քրիստոսից հետո այս սուրբ օծության յուղով օծվում են Քրիստոսին հավատացողները՝ որպես Երկնավոր Թագավորի ժառանգներ: Եթե թագաժառանգը իրեն որպես արքայազն չի պահում, ապա զրկվում է թագը ժառանգելու իրավունքից: ՈՒստի մենք, մկրտության խորհրդի միջոցով դառնալով Հիսուսի որդեգիրը, պետք է ապրենք որպես Աստծո զավակներ, ըստ Տիրոջ խոսքի. «Սու՛րբ եղեք, որովհետև Սուրբ Եմ Ես»:
Անշուշտ մարդը, լինելով մեղանչական, հնարավոր է, որ իր կյանքում կամա թե ակամա գործի մեղքեր: Նշենք, որ յուրաքանչյուր մեղք մի նոր պատնեշ է մարդ-Աստված հարաբերության մեջ, սակայն Տերը, լավ ճանաչելով իր ստեղծագործությունը, հաստատեց խոստովանության կարգը. «ՈՒմ արձակեք երկրի վրա, արձակված լինի երկնքում, ում կապեք երկրի վրա, կապված լինի երկնքում»՝ այսպիսով իր աշակերտներին տալով մեղքերը կապելու և արձակելու իշխանությունը, որի շարունակողներն են այսօրվա հոգևորականները: Յուրաքանչյուր մկրտված մարդ պարտավոր է իր ակտիվ գործունեությունը ծավալել եկեղեցական կյանքից ներս, իր նպաստը բերել եկեղեցու զորացման գործում՝ մասնակցելով Սուրբ պատարագներին, խոստովանելով իր գործած մեղքերը և պատարագի վերջում հաղորդվելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կենդանարար Մարմնին և Արյանը՝ մեղքերից մաքրվելու համար, քանզի այսպես է ասում աստվածախոս Պողոս առաքյալը. «Մկրտությամբ թաղվեցինք Նրա հետ մահվան մեջ, որպեսզի ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով. որովհետև, եթե Նրա մահվան նմանությամբ տնկակից եղանք նրան, պիտի լինենք նաև Նրա հարության նմանությամբ», որովհետև «Մեղքի վարձքը մահ է»:
Կգա ժամանակ, երբ մենք բոլորս կկանգնենք մեր Տիրոջ ահեղ դատաստանի առաջ և ստիպված կլինենք պատասխան տալ մեր ապրած կյանքի համար, քանզի այս ժամանակավոր կյանք-հնարավորությունը հավիտենականին հասնելու համար է: Մարդ երեք կյանքի փուլ է անցնում առաջին փուլը նախածննդյան շրջանն է, երբ երեխան մոր որովայնում լսում և ճանաչում է ծնողների ձայնը, զգում է արտաքին աշխարհը, երկրորդը հետծննդյան շրջանն է, երբ մենք, ապրելով այս աշխարհում, զգում ենք Աստծո ներգործուն ուժը մեր կյանքից ներս, իսկ երրորդը երկնային հավիտենական կյանքն է, որ պատրաստված է մկրտությանը հավատարիմ մարդկանց համար, ովքեր Եկեղեցու ծոցում հավատով ու խոստովանությամբ հաղորդակից եղան Աստծո շնորհներին, քանզի այսպես է ասում Տերը. «Ինչպես Նոյի օրերում էր, երբ կին էին առնում և մարդու էին գնում, նույնպես և կլինի Մարդու Որդու գալստյան ժամանակ»: Իսկ ի՞նչ էր եղել Նոյի ժամանակ: Երբ Նոյ նահապետը կառուցում էր տապանը և հայտարարում, որ Աստված ջրհեղեղ պիտի անի, բոլորը ծիծաղում էին նրա վրա՝ խենթ անվանելով, և ահա այսօր էլ Եկեղեցին, լինելով փրկության տապան, ասում է, որ Հիսուս պիտի գա ու դատի ողջերին և մեռելներին՝ իրենց գործած մեղքերի պատճառով: Հավատու՞մ ենք արդյոք մենք այս խոսքերին, թե՞…
Հորդորս է, որ ամենքս, որ մեզ վրա առել ենք աստվածային կնիքը, մտնենք մեր փրկության տապանը՝ Սուրբ Եկեղեցին, ապրենք որպես Աստծո ժողովուրդ, որպեսզի հեռու մնանք Աստծո դատաստանից և մեզ չվերաբերի այս ասացվածքը. «Շունը դառնում է՝ ուտելու իր փսխածը, և լվացված խոզը՝ վերստին թավալվելու ցեխի մեջ»: Եթե մենք չենք հավատում Աստծուն, դա չի նշանակում, որ Նա չկա, եթե չենք հավատում Աստծո արդար դատաստանին, չի նշանակում, որ այն տեղի չի ունենալու, այնպես որ, սիրելի՛ ընթերցող, ընտրությունը քոնն է…
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեցկին
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում