«Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց…». Սամվել Սևադա
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադայի «Կույսի համաստեղություն» բանաստեղծությունների ժողովածուն:
Գրքում զետեղված են հեղինակի 190 բանաստեղծություններ, 7 գծանկար և 36 գեղանկարչական աշխատանք:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Սևադան ասում է, որ գրքում տեղ են գտել տարբեր շրջաններում գրված բանաստեղծություններ, որոնցում ներկայացված են իր հույզերն ու խոհերը:
Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Սամվել Սևադան կդառնա 70 տարեկան: Նա իրեն հատուկ հումորով ավելացնում է, որ ծննդյան օրը մոտենում էր, ուստի որոշեց ինքն իրեն նվեր անել՝ գրքի տեսքով:
«Բանաստեղծությունները գրել եմ տարբեր տարիներին, լավագույները ներառել եմ այս ժողովածուի մեջ: Այն առանձնանում է նաև նրանով, որ գրքում զետեղված են իմ գծանկարներն ու գեղանկարչական աշխատանքները: Հուսով եմ, որ այն դուր կգա ընթերցողին, կարծում եմ, որ ընթերցողը ինձ կգնահատի նաև որպես գրող, թեև ես ինձ գրող չեմ համարում, ուղղակի գրքի նպատակն է իմ հույզերը, խոհերը փոխացնել ընթերցողին»,- ասաց Սևադան:
Արվետեսագետը նշեց, որ նաև արձակ գործեր ունի, որոնք մի օր ևս կհանձնի ընթերցողի դատին։
Սամվել Սևադան ծնվել է 1949թ. սեպտեմբերի 12-ին, Գյումրիում: 1974թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1975թ. Աբովյան քաղաքում հիմնադրել և ղեկավարել է գեղարվեստի դպրոցը: 1980թ-ից Հայաստանի նկարիչների միության, 2009թ-ից` վարչության անդամ է և ՀՀ լուսանկարիչների միության պատվավոր անդամ: 1996-98թթ եղել է Երևանի գլխավոր նկարիչը: 1989-2006թթ բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ 1990թ-ին բացել է հայկական առաջին նկարչական դպրոցը:
Նրա լուսանկարչական աշխատանքները բաժանվում են մի քանի ժանրի` դիմանկաների, քաղաքային տեսարանների, նատյուրմորտների և թեմատիկ կոմպոզիցիաների: Դրանք տպագրվել են ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ երկրների ամսագրերում ու թերթերում: Նրա մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, հոդվածներ են տպագրվել աշխարհի շատ երկրների թերթերում և ամսագրերում: Երևանում ստեղծել է «Սևադա Արտ Ստուդիո» գեղանկարչության դպրոցը և իր արվեստանոցում նկարչություն է դասավանդում երեխաներին: Հեղինակել է «Մահվան պես դյութիչ», «Կույսի համաստեղություն» գրքերը:
32 անհատական ցուցահանդես է ունեցել աշխարհի տարբեր երկրներում` ԱՄՆ, Կանադա, Լեհաստան, Էստոնիա, Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և այլուր: 1992թ. արժանացել է Հարավային Ամերիկայի կինոգործիչների միության «Ոսկե հրեշտակ» մրցանակին, 1993թ.` Կաթոլիկ եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդ կարդինալ Մահոնիի մրցանակին, 2007թ.` «Թեքեյան» մրցանակի` «Նշանավոր հայերի դիմանկարներ» շարքի համար: 2014թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում