Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ

Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ

ԴԵՊԻ ՆԱԻՐԻ

Հնամյա, հին մի երազ,
Երկիր մի՝ դարերի ուրու…

Ե. Չ. «ԱՄԵՆԱՊՈԵՄ»

Սույն այս վեպի առաջին մասում ես փորձեցի պատկերել նաիրյան այդ քաղաքն իր բոլոր հին ու նոր հրաշալիքներով, ջանացի տալ նրա բնակիչների կենցաղը կամ, ավելի լավ է ասել -կենցաղային կոլորիտը, ընդհանուր գույնը միայն ո՛չ թե մանրամասնը -այնպես, ինչպես տեսել եմ նաիրյան այդ քաղաքը ես, ինչպես պատկերացել է նա ինձ, այդ քաղաքը ճանաչողիս: Սրտի անհուն թրթիռով ես ձեռնամուխ եղա նրա նկարագրությանը, սիրելի ընթերցող, որովհետեւ սիրելի է նա ինձ, որպես մանկության օրորան, ծանոթ են նրա բնակիչներն ինձ, ինչպես հինգ մատս կամ այս գրիչս, որով գրում եմ հիմա: Կրկնում եմ՝ սրտի բուռն տրոփով սկսեցի գրել նաիրյան այդ քաղաքի պատմությունը, բայց հիմա, երբ ուզում եմ անցնել նրա հետագա օրերին ու դեպքերին, պատկերել նրա օրերն ու վաստակները -դառն, ծանր մի մորմոք թանձրանում է սրտիս, ուտում է սիրտս: Մի անգամ չգիտեմ շուկա՞ էի գնում, թե վերադառնում էի շուկայից, երբ անհեթեթ մի պատկեր գրավեց ուշադրությունս: Փողոցի մեջտեղով գնում էր բավականին տարիքոտ, միջահասակ մի մարդ, որ արտաքինով նման էր գավառցի վարժապետի կամ փոստ-հեռագրային ցրիչի, եւ, գլխի վրա դրած, տանում էր -երեւակայո՞ւմ եք -դեղնավուն մի դագաղ: Անձր էր, ցեխոտ փողոց. ցեխը հարիսայի նման ճպճպում, կպչում էր ոտքերին. այդ մարդը ահա, գավառցի այդ վարժապետը, տանում էր, գլխի վրա դրած, իրենից շատ ավելի ծանր մեծ մի դագաղ: Դեմքը չէր երեւում, բայց մեջքի ծնկների լարված կորությունը խիստ արտահայտիչ կերպով ցուցադրում էին, որ նա դժվարությամբ է տանում այդ բեռը, բայց ինչ գնով էլ լինի, ուզում է տեղ հասցնի, միայն թե հասցնի: Երեւի մայրն էր մահացել կամ կինը, կամ որդին -ո՞վ իմանա: Նա լարել էր ուժերը. դագաղի ծանրությունից կզակը կպել էր կրծքին. մեջքը չէր կարողանում միեւնույն կորությամբ պահել. այնպես որ դագաղը մերթ առաջ, մերթ ետ կշռվելով, քսվում էր ցեխերին: Ինչի՞ համար էր այդպես նա չարչարվում, ինչի՞ պիտի հանդիպեր այդ խեղճ վարժապետը տեղ հասնելիս…-Մի սիրած -դե՛, եթե ոչ սիրած, գոնե հարազատ մեռելի, որին նո՛ւյն այդ դագաղը դրած պիտի հանձներ հողին -ահա թե ինչո՞ւ էր այդպես անմխիթար. այդպես անօգնական ջանքերով, դագաղը նվացող ողնաշարին հպած, դեպի տուն շտապում այդ տխուր վարժապետը… Այդպես էլ ե՛ս, ընթերցո՛ղ, ճի՛շտ այդ վարժապետի նման.-ո՞ւր եմ գնում: Ինչո՞ւ եմ հպել -բայց ո՛չ թե ողնաշարիս, այլ գանգիս ուղեղին դագաղանման այս բեռը, ուզում եմ տեղ հասցնեմ… ո՞ւր: Եվ մի՞թե այնտեղ, տքնությանս վերջում, որպես նվիրական, սիրելի մի մեռել- չպիտի՞ պատկերանա ինձ Երկիրը Նաիրի, որին դամբանելու համար տանում եմ ես ահա խոհերիս տողաշար դագաղը -տանում եմ կամքիս հակառակ, որովհետեւ, այո, հարկավոր է տանել: Չէ՞ որ, այո՛-թաղել է հարկավոր բոլոր մեռելներին, որքան էլ նրանք սիրելի եւ հարազատ լինեն. չէ՞ որ, միեւնույն է, հակառակ դեպքում կքայքայվեն նոքա՝ զազրելի ախտաբույր, այնպես որ անգամ սիրահարը կզզվի պաշտելի աճյունից: Թողնենք, ուրեմն, մի կողմ լիրիկական զեղումը, սիրելի ընթերցող, անցնենք նաիրյան այդ քաղաքի օրերին դեպքերին: Եվ թող բացվի մեր դեմ օրերի մարդկանց «վաստակոց մեծագործությանց» խորհուրդում «երկիրը հազարամյա» – հնամյա Նաիրին…

Վեպիս առաջին մասում, ինչպես ասացի, ես ձգտեցի պատկերել կենցաղային այն բնույթը, երանգը, որ ուներ նաիրյան այդ քաղաքը «խաղաղ ժամանակ»: Ուժերս ներածի համեմատ՝ ես նախ նկարագրեցի քաղաքը՝ հին ու նոր հրաշալիքներով, ապա անցա բնակիչներին, որոնց ամեն մեկի մասին այնքանը միայն կարողացա ասել, որքանի որ, գուցե արժանի են նրանք: Գուցե դու կուզեիր, սիրելի ընթերցող, որ ես, եվրոպական անվանի հեղինակներին հետեւելով, մանրամասն վերլուծության ենթարկեի «հերոսներիս» հոգեբանությունը, մանրազնին պատմեի, թե ինչպիսի նրբին «ապրումներ» էր ունենում, ասենք, գեներալ Ալոշը, երբ նահանգապետն իջեւանում էր նրա հոյակապ բնակարանը կամ ասենք, հոգեկան ինչ ալեկոծումներ ունեցավ քաղաքային բժիշկ Սերգե Կասպարիչը կնոջը թաղելիս… Բայց այս առթիվ ես, մի անգամ ընդմիշտ, հարկադրված եմ ասել, որ սույն իմ այս վեպում չկա երեւի չի էլ լինելու եւ ո՛չ մի «հերոս»- այս տխուր հանգամանքում, կարծում եմ, ո՛չ թե ես եմ մեղավոր, այլ նաիրյան այդ քաղաքը, որովհետեւ -ի՞նչ, ի՞նչ «հերոսներ» կարող են դուրս գալ, ասենք, գեներալ Ալոշից կամ Համո Համբարձումովիչից -Մազութի Համոյից… Գուցե Մեռելի Ենո՞քը հարմար «հերոս» լիներ կամ Կինտաուրի Սիմո՞նը, կամ վերջապես Տելեֆոն Սեթո՞ն… Է, թողնենք այս հարցը, սիրելի ընթերցող, անցնենք, քանի շուտ է, մեր ընտրած քաղաքի «օրերին ու վաստակներին» եւ, ո՞վ գիտե, կարող է պատահի, որ դեպքերի բերումով այդ աննշան քաղաքի աննշան բնակիչներից շատ շատերը հանկարծ դուրս գան հերոսապանծ հերոսներ -դժբախտ ու հերոսական օրերի բերումով՝ դժբախտանան ու հերոսանան…

…Իսկ դժբախտ օրեր շատ անցան հետագայում ինչպես այդ քաղաքի, նմանապես ամբողջ Նաիրիի գլխից – չէին, չէին կարող, այո՛, այդ դըժբախտ օրերը չծնել անձնավորություններ՝ դըժբախտ ու հերոսական: Չէր կարող, օ, ո՛չ այդ դըժբախտ օրերի, տարիների հրից, չելնել, հերոսական, չհառնել, պայծառ ու սրբացած -Նաիրյան Ոգին:

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Ինչպես այսօրվա ճաշս, սիրելի ընթերցող, ես հիմա ամենայն մանրամասնությամբ հիշում եմ պատմական այն օրը -1914 թվականի հուլիսյան կիրակիներից մեկը -նաիրյան այդ քաղաքում: Սույն այս վայրկյանիս, երբ ես մտադրություն ունեմ մանրամասն նկարագրել այդ նշանավոր օրվա անցուդարձը -տարիների մշուշից կամ, ինչպես բանաստեղծը կասեր, տարիների մռայլ մոխիրների տակից ելնում են ահանկարվում են աչքերիս առաջ այն նշանավոր օրվա դեպքերն ու պատկերները: Պարզ, որոշ, կարծես այդ ամբողջը երեկ կամ մի ժամ առաջ կատարված լինի -ես տեսնում եմ ահա Մազութի Համոյին՝ քաղաքային այգու ակումբի առաջ, թղթախաղի կանաչ սեղանի վրայից, ճառ ասելիս… Պարզ, որոշ, կարծես թե հիմա, սույն այս վայրկյանիս կատարվելիս լինի -ես լսում եմ ահա Մազութի Համոյի հատու ձայնը, Մազութի Համոյի հզոր առոգանությունը: Խավարի, այո, սենյակիս գիշերային խավարի միջից նայում են ահա ինձ Համո Համբարձումովիչի կայծկլտող աչքերը սիրտս թպրտալ է սկսում անորոշ մի հուզմունքից, սիրտս տագնապալից զարկել է սկըսում, ինչպես էլեկտրական զանգի արծաթազօծ լեզվակ: Եվ երեւակայությունս, առաջ վազելով, արդեն նկարում է անողոք դահիճի մի նման, Մազութի Համոյին՝ փայտե մի մանեկենի նման կախաղանից կախված… «Խե՜ղճ, խե՜ղճ Համո…«, փսփսում է սիրտս, լացակումած – ես գրիչս ցած եմ դնում, որ սիրտս հանգստանա եւ ես հնարավորություն ունենամ պատմությունս շարունակելու:

Ծույլ, խաղաղ, կիրակնօրյա իր հանգիստն էր վայելում նաիրյան այդ քաղաքն այդ առավոտ: Ծլնգում էր Առաքելոց եկեղեցու զանգը՝ խաղաղ ու անվրդով: Ով սիրում էր աղոթքը -գնացել էր եկեղեցի, բայց քաղաքացիների մեծ մասը այգում էր գտնվում կամ նստած փակ խանութների առաջ՝ զբաղված էր առօրյա զրույցով: Կային էլ մարդիկ, որ հավաքվել էին Տելեֆոն Սեթոյի կամ Եգոռ Արզումանովի սրճարաններում: Կային էլ, որ հավաքվել էին այգու ակումբում: Ակումբում այդ օրը հավաքվել էին՝ քաղաքային բժիշկ Սերգե Կասպարիչը, Օսեփ Նարիմանովը -հաշտարար դատավորը, Արամ Անտոնիչը -դպրոցի տեսուչը, պ. Մարուքեն, Կինտաուրի Սիմոնը, որը սիրում էր «մեծերի հետ նստել«, անգլիագետ վաճառական Հաջի Օնիկ Մանուկոֆ էֆենդին եւ էլի մի քանի քաղաքացիներ -թուղթ էին խաղում: Խաղում էին -«պրաֆերանս», «մակաո», «բակարա»-սիրում էին խաղալ: Խաղում էին, ըստ սովորության, լուռ ու հանդիսավոր, մերթ ընդ մերթ միայն «փաս», «28», «տալիա» եւ նման բացականչություններով խզելով լռությունը: Բայց, չնայած խաղի մեջ գլխովին ընկղմված լինելուն, խաղընկերներից շատերը, ինչպես, մանավանդ Սերգե Կասպարիչը Օսեփ Նարիմանովը, լավ չէին զգում իրենց. նրանց թվում էր, որ «փչում է», չնայած հուլիսյան հաճելի եղանակին: Շուտ-շուտ դռանն էին նայում կամ պատուհանին: Բանն այն է, որ պակասում էր սովորական մի «բան», որին ընտելացել էին բոլորը -եթե միայն «բան» կարելի է ասել կենդանի այն էլ պատկառելի մարդուն:-Պակասում էր գեներալ Ալոշը: Առանց նրան կյանք չկար ակումբում, մանավանդ որ, նրա հետ մեկտեղ պակասում էր նաեւ ակումբի «երկրորդ հոգին«-ակումբի կենտրոնը -Մազութի Համոն: Դեռ խաղն սկսելուց առաջ Օսեփ Նարիմանովը հարցրեց, այսինքն՝ ոչ.-ակումբ մտնելով, ըստ իր մշտական սովորության, Օսեփ Նարիմանովն ուրախ բացականչեց -«Խորի՜ն հարգանքներս Ալյոշա Նիկիտիչին…»,-բայց պատասխան չստացավ այն հասարակ պատճառով, որ Ալյոշա Նիկիտիչը չկար: Օսեփ Նարիմանովը շվարեց: Գլխում, մի վայրկյանում, զարթնեցին մի շարք կասկածներ: Նախ՝ դեռ երեկ, գիշերվա ժամը չորսին ակումբից ելնելիս, գեներալ Ալոշը խոսք էր տվել առավոտյան տասին ակումբում լինել շարունակել ընդհատված «մակաոն»: Երկրորդ՝ վերջերս գեներալ Ալոշը մի տեսակ «ծուռ» աչքով էր նայում Օլգա Վասիլ եւնային- Շիկահեր Դդումին, իսկ Օլգա Վասիլեւնան ի՛րն է, ի՛րը՝ Օսեփ Նարիմանովինը միեւնույն ժամանակ ուրիշ ո՛չ ոքինը չի կարող լինել: Գեներալ Ալոշը թող այս լավ իմանա, գեներալ Ալոշը… Հազիվ էին այս մտքերը զարթնել Օսեփ Նարիմանովի գլխում, երբ Արամ Անտոնիչը, որի կնոջ համար այնքան անհանգստանում էր նրա լավ բարեկամ հաշտարար դատավորը -ներս մտավ հեւիհեւ եւ նկատելով, որ բոլորն արդեն անցնում են գործի -բռնեց, հետեւից մոտենալով, Օսեփ Նարիմանովի թեւից առաջարկեց նրան «մի ձեռք մակաո կամ պրաֆերանս»:- «Խորի՜ն հարգանքներս»,- բացականչեց Օսեփ Նարիմանովը սրտանց ուրախացած.-«Ինչպե՞ս է Օլգա Վասիլեւնայի առողջությունը, Արամ Անտոնիչ»: Օսեփ Նարիմանովը նոր կարծես մտաբերեց, որ երեք օր է արդեն, ինչ չի տեսել Օլգա Վասիլ եւնային. իսկ երեկ, ժամը երեկոյան վեցին, երբ, ըստ հին սովորության, նա գնաց «այցելության» (ժամը վեցին Արամ Անտոնիչը սովորաբար դպրոցում էր լինում)-աղախինը հայտնեց, որ Օլգա Վասիլեւնան հրամայել է ոչ ոքի չընդունել: Այս դեպքը հիշելով՝ արդեն մթնել էին սկսում Օսեփ Նարիմանովի աչքերը, արդեն ցանկանում էր հեռացնել Արամ Անտոնիչի պսպղուն աչքերից իր մշուշած աչքերը Օսեփ Նարիմանովը, երբ…-«Օլգա Վասիլեւնայից ջերմագին բարեւներ»,- ասաց Արամ Անտոնիչը խորհրդավոր ժպտալով ապա, շրթունքները մոտեցնելով Օսեփ Նարիմանովի ականջին, ինտիմ շշնջաց.-«Մամաշան»-քաղաքի մանկաբարձուհի Ակսյոնա Մանուկովնան -«երեկ երդվեց, որ այս անգամ անպայմա՛ն, անպայմա՛ն տղա կլինի…»: Օսեփ Նարիմանովի սրտից ծանրությունը, քար, ընկավ:-Իզուր չէ, ուրեմն, իր երկարամյա մտերմությունը Օլգա Վասիլ եւնայի հետ -մտածեց նա զվարթացած եւ հայտնեց, բարեկամաբար սեղմելով Արամ Անտոնիչի ձեռքը.-«Պատիվ ունիմ Կոլեչկի կնքահայրը լինելու.-հասկանո՞ւմ եք, Արամ Անտոնի՛չ. -անպայման «Կոլեչկի»… -Եվ բոլորովին հանգստացած՝ նստեցին խաղի:-«Իսկ ո՞ւր է Ալյոշա Նիկիտիչը»,- հարցրեց, թուղթը բաժանել սկսելով, Արամ Անտոնիչը, մի վայրկյան անց: Բայց բոլորն արդեն զբաղվել էին խաղով, այնպես որ ոչ ոք, չնայած որ ամենքն էլ զգում էին նրա բացակայությունը, չպատասխանեց նրան: Բժիշկ Սերգե Կասպարիչը միայն աչքերը կրկին դեպի պատուհանը հառեց, ուզեց ասել կարծես, որ «փչում է» այնտեղից, բայց գլխի ընկավ, որ այդ չէ անհանգստության պատճառը եւ լուռ շարունակեց խաղալ:

Եվ ահա, ցերեկվա ժամը մոտավորապես տասներկուսին, շնչասպառ ներս ընկան գեներալ Ալոշը եւ Համո Համբարձումովիչը- Մազութի Համոն: Ռումբի պես ներս ընկան գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն, արագ մոտեցան սեղաններին, խառնեցին թղթերը -թափեցին հատակին… Բոլորը վեր թռան տեղերից զարմացած ու ապշած: Իսկ Կինտաուրի Սիմոնը, չնայած որ բոլորից շատ էր տարվել եւ ավելի մեծ առիթ ուներ բարկանալու -ինքը եւս, անակնկալի եկած, կարծելով, երեւի, որ հարբած են «տղերքը»-վեր նետեց թղթերը, ոտքի թռչելով, բացականչեց, հիմարացած.- Ուռա՜, ուռա՜ա՜, ուռա՜ա՜ա՜…

-Ի՞նչ է, ցնդե՞լ եք, գասպադա,-զայրացած բացականչեց բժիշկը՝ ձեռքը սեղանին խփելով.-Ի՞նչ է պատահել:

Եվ դեռ չէին կարողացել ուշքի գալ մյուսները, երբ Համո Համբարձումովիչը ձեռքը վեր բարձրացրեց, նշան անելով, որ լսեն, եւ –

-Պատերազմ,-հայտարարեց Համո Համբարձումովիչը կիսաձայն -ու տիրեց լռություն՝ ակնածանք ու զարմանք:

Գեներալ Ալոշը եւս ցանկանում էր ինչ-որ բան ասել. ձեռքը վեր բարձրացրեց, բայց տիրած լռությունից ազդված՝ լռեց ու մնաց: Արամ Անտոնիչի աչքերը հառած մնացին գեներալ Ալոշի վեր տնկած ձեռքին: Հիմարային մի ժպիտ վախեցած քարացավ Կինտաուրի Սիմոնի -Կլուբի Մեյմունի դեմքին: Սերգե Կասպարիչը ձեռքը շրթունքներին տարավ եւ, մեքենայաբար, ինչպես այդ պատահում էր բժշկի հետ ընդունելության պահերին՝ չոր, պաշտոնական հազաց: Հետո գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն պատմեցին եղելությունը, ինչպես որ գիտեին: Բանից դուրս եկավ, որ առավոտյան ժամը յոթին-ութին, երբ Համո Համբարձումովիչը դեռ քնած է լինում, ոչնչից տեղեկություն չունենալով -գալիս հայտնում են, որ գավառապետը խնդրում է իսկույն իր մոտ անցնել մի չափազանց կարեւոր գործով: Խնդրում է, որ Ալյոշա Նիկիտիչին եւս վերցնի: Իսկույն հագնվում եւ Ալյոշա Նիկիտիչի բնակարանն է վազում Մազութի Համոն: Միասին գնում են գավառապետի բնակարանը: Վերջինս, առավոտյան այդ անսովոր պահուն, չափազանց սիրալիր ընդունելով հյուրերին,-հայտնում է նրանց, որ «կամոքն Աստծո եւ Օգոստափառ կայսեր՝ Ռուսաստանը, հարկադրված, պատերազմ է հայտնել… այսինքն՝ գերմանական ստոր կայսր Վիլհելմ II-ը պատերազմ է հայտնել Ռուսաստանին: Հարկավոր է այսօր ցույցեր կազմակերպել, ասել է գավառապետը Ալյոշա Նիկիտիչին եւ Մազութի Համոյին,- եւ հասկացնել ժողովրդին դեպքի մեծ նշանակությունը -դեպքի խոշորագույն նշանակությունը»:

Համո Համբարձումովիչի պատմածը ունկնդիրների վրա թողեց որոտի տպավորություն: Բոլորը ձեռք քաշեցին թղթախաղից եւ, Ալյոշա Նիկիտիչի առաջնորդությամբ, դուրս եկան ակումբից: «Պարոնա՛յք, հարկավոր է սկսել»,- ասաց Համո Համբարձումովիչը՝ ակումբի դռանը կանգնելով: «Ի՞նչը»,- հարցրեց Կինտաուրի Սիմոնը անհանգստացած. նրան թվաց, թե հարկավոր է պատերազմ սկսել: -«Ա՛յ, հիմա կտեսնես»,- պատասխանեց Համո Համբարձումովիչը խորհրդավոր կրկին մտավ ակումբ՝ Կինտաուրի Սիմոնը նրա հետեւից: Ակումբից դուրս եկան նրանք՝ կայսեր մեծադիր նկարը բռնած, իսկ նրանց հետեւից դուրս եկավ ակումբի ծառայողը դրեց ակումբի առաջ թղթախաղային կանաչ մի սեղան: Կայսեր նկարը բռնեցին գեներալ Ալոշը եւ Օսեփ Նարիմանովը. Մազութի Համոն բարձրացավ ու կանգնեց թղթախաղային կանաչ սեղանի վրա. ժողովուրդը հավաքվեց: «Պարոնա՜յք«,-բացականչեց, ձեռքը վեր բարձրացնելով, Մազութի Համոն. բոլորը քար կտրեցին, մնացին բերանբաց. հրաշք էր, զարմանալի զարմանք այդ Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն…

Հայտնեց, հայտնեց, թղթախաղային այդ կանաչ սեղանը պատվանդան արած, թղթախաղային կանաչ սեղանի ահռելի բարձունքից Համո Համբարձումովիչը ներքեւում խռնված նաիրցիներին պատերազմի լուրը: Հայհոյեց՝ աչքերը կայծկլտուք թափեցին. շանթեց իր բարձունքից գերմանական ստոր կայսր Վիլհելմ II-ին Մազութի Համոն: Ամբոխի մեջ կանգնած մանրածախ Կոլոպոտյանին թվաց, որ Մազութի Համոյի ոխերիմ թշնամին է, անձնական «պարտքնտերը»- գերմանական ստոր կայսրը՝ Վիլհելմը: Իսկ քիչ դենը կանգնած վարսավիր Վասիլին Վիլհելմ կայսրը պատկերացավ որպես արյունարբու մի հրեշ: Չմոռացավ հայտնել նաեւ Մազութի Համոն գավառապետի պատմած այն կարեւոր հանգամանքը, որ մեր ամենակարող թագավոր-կայսրը քանիցս անգամներ հեռագիր է խփել Վիլհելմին՝ առաջարկելով հաշտ-խաղաղ վերջացնել ծագած թյուրիմացությունը, բայց նրա հեռագիրները, ցավոք սրտի, մնացել են անհետեւանք: Վերջում կոչ արավ Մազութի Համոն օգնության հասնել ընդհանուր հայրենիքին այդ աղետալի ժամին՝ հոժարակամ զոհել, չխնայել անձնական փոքրիկ զոհաբերությունները մեծ Հայրենիքին: «Կեցցե, ուրեմն, մեր թագավոր կայսրը պանծալի բանակը. կորչի ստոր կայսր Վիլհելմ II-ը. ուռա՜ա՜ա՜»,-վերջացրեց իր պատմական այդ ճառը Մազութի Համոն եւ, ի մեծ զարմանս նրա -տիրեց լռություն: Չկարծեք սակայն, որ ժողովուրդը դիտմամբ չձայնակցեց. իհարկե, ոչ. ժողովուրդը չգիտեր, դեռ չէր սովորել, որ նման դեպքերում հարկավոր է արձագանքել: Բայց ահա օգնության եկավ իր բացառիկ դիրքով գեներալ Ալոշը. իր նման չաղ ծերուկից բավականին անսպասելի ճարպիկությամբ՝ ցատկեց կանգնեց Մազութի Համոյի կողքին, կանաչ սեղանի վրա, գեներալ Ալոշը. «ուռա՜ա՜ա՜«-բացականչեց գեներալ Ալոշը՝ գլխարկը թափահարելով. Սերգե Կասպարիչը, Օսեփ Նարիմանովը եւ Կինտաուրի Սիմոնը ահաձայն կրկնեցին – արդեն ծայրե ի ծայր այգին թնդում էր բացականչությունից, այնպես որ նույնիսկ պ. Մարուքեն, որ արդեն բաժանվել էր խաղընկերներից խառնվել էր ժողովրդին, մի վայրկյան շփոթվեց՝ քիչ մնաց ինքն էլ գլխարկը հաներ եւ գազանանման մռնչար: Բայց պ. Մարուքեն, իհարկե, այդ բանը չարավ. առաջին իսկ օրից ինքնուրույն դիրք բռնեց պ. Մարուքեն դեպի կատարվող անցքերը–բայց այս մասին հետո:

Դեռ թնդում էր այգին ուրախ բացականչությունից, երբ հնչեց գավառապետի ուղարկած զինվորական երաժշտախումբը. զինվորական երաժշտախումբը նվագում է «Բոժե ցարյա»: Բոլորը գլխարկներն հանեցին. երաժշտախումբը լռեց: «Կեցցե մեր սիրելի կայսր Նիկոլայ II-ը.- ուռա՜ա՜ա՜»,- նետեց Օսեփ Նարիմանովը դեպի հասարակությունը նորից, կանաչ սեղանի վրայից, չափ տվին, ձե՛ռքերը թափահարելով, գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն: Ապա, բավականին չափ տալուց եւ բղավելուց հետո, ցած իջան գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն, ահա, երկու այդ պատկառելի նաիրցիների առաջնորդությամբ, քաղաքացիների թափորը դուրս եկավ այգուց եւ շարժվեց դեպի մեծ փողոցը՝ գավառապետի բնակարանը:

Երբ թափորը, զինվորական երաժշտախմբի նվագակցությամբ, անցնում էր Տելեֆոն Սեթոյի եւ Եգոռ Արզումանովի սրճարանների մոտով -նրանցում հավաքված նաիրցիները, որ զբաղված էին թուղթ, դոմինո կամ նարդի խաղալով, դուրս թափվեցին եւ, մինչեւ թափորի հեռանալը, մնացին կանգնած սրճարանների առաջ: «Է՜ս ի՞նչ ղալաբալըղ է էլի»,-հարցրեց Մեռելի Ենոքը՝ դիների աղջիկը ձեռին: «Էլի հացը պըտի թանգընա»,- պատասխանեց կտրուկ Տելեֆոն Սեթոն եւ ներս մտավ սրճարանը՝ գլուխն օրորելով: «Հե՛չ չեմ հասկընա, թե յանի ընչի՞ է էս զուռնա-նաղարեն»,- ասաց նա սրճարանում՝ ոչ թե մասնավորապես մեկին, այլ ընդհանուրին դիմելով, բայց պատասխան չստացավ, որովհետեւ դեռ դուրսն էին բոլորը, նայում էին թափորին: «Էլի հացը պըտի թանգընա, էդ զուռնեն է կփչեն»,-կրկնեց նա իր խոսքը, երբ ներս մտան նորից այցելուները՝ ընդհատված խաղը շարունակելու:-«Ըբը ի՞նչ պտի էղնի»,-պատասխանեց նրան Քոռ Արութը,-եւ նաիրցիները, խորհրդավոր, գլուխներն օրորեցին: Սրճարանում եղածներից մի քանիսը սակայն, ինչպես պ. Աբոմարշը, մանրավաճառ «Ֆռանգը», Կաթոլիկ Դանիելը եւ ուրիշները, տեսնելով, որ թափորն առաջնորդում են այնպիսի պատկառելի նաիրցիներ, ինչպիսի՛ք են գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն,-իրենք եւս խառնվեցին թափորին, գնացին հոսանքով: Շուտով հայտնի եղավ ամենքին, որ գնում են գավառապետին իրենց քաղաքացիական պատրաստակամությունը հայտնելու, իրենց հպատակությունը,-եւ պ. Աբոմարշը գտավ, որ այդ միանգամայն անհրաժեշտ է, անհրաժեշտ ու ցանկալի: «Աշես մինչեւ քանի՞ տարեկանը պըտի կանչեն»,-հարցրեց Կաթոլիկ Դանելը մտահոգված. «Վո՞վ գիտե, նայած հանգամանքին»,-խորհրդավոր պատասխանեց Աբոմարշը եւ երկու խոսակիցներն էլ, կարծես թե, տխրեցին. լուռ քայլում էին՝ աչքերը սեփական կոշիկներին հառած:

Կիրակի, շոգ օր էր. արեւը փայլում էր ոսկեգույն. երկինքը, պարզ, անամպ՝ կործվել էր քաղաքի վրա, որպես կապույտ ափսե: Նվագում էր երաժշտախումբը, մարդիկ, կիրակնօրյա գույնզգույն շորերով, հետեւում էին նրան. ամբոխի մեջ խռնված, մեծ մասամբ երաժշտախմբի առաջն ընկած երեխաներին զվարթ խրախճանք էր թվում անհասկանալի այդ երթը: Տասը-տասներկու տարեկան մի տղա, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի «պզտիկը», որ հայտնի էր բոլորին իր չար բնավորությամբ -քայլում էր, հաղթական, թմբկահարի կողքից եւ, իրեն զինվորականի նմանեցնելով, չափ էր տալիս՝ «Մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ»: Թափորը վերջապես մոտեցավ գավառապետի բնակարանին: Երաժշտախումբը նվագեց «Բոժե ցարյա», գավառապետը ելավ պատշգամբ: «Ուռա՜»,- բացականչեց ամբոխը՝ գեներալ Ալոշի ղեկավարությամբ: Ապա տիրեց լռություն՝ մեռելային սարսափ: Բոլորի աչքերը մեխվեցին գավառապետին: Նա.-նիհար, բարձրահասակ. -բարակ ձեռնափայտ է կարծես՝ ծայրին սոխի գլուխ: Մի-երկու վայրկյան նայում է վերեւից, պատշգամբից, ներքեւում հավաքված ամբոխին բարձրահասակ գավառապետը: Ձեռքը բերանին է տանում՝ հազում է երեւի, ապա-չոր, կտրուկ, զինվորականին վայել հատու, հաստատ ձայնով սկսում է խոսել: Պատերազմ: Կայսր: Վիլհելմ II: Մեր պարտքն է ծառայել հայրենիքին ու գահին: Կեցցե՛: Կորչի՛: Ուռաա՜:

Նորից արձագանքում է ամբոխը, նորից նվագում է երաժշտախումբը «Բոժե ցարյա»: Եվ ահա -նորից դուրս է գալիս… Մազութի Համոն: Քաղաքացիների դեմքը փայլում է պարծանքից, փթթում է նաիրցիների դեմքը, որպես բացված մի վարդ: Ի՞նչ պիտի աներ, ասացեք խնդրեմ, նաիրյան այդ քաղաքը, եթե չլիներ Համո Համբարձումովիչը, այդ «Լույսի» կառավարիչ Մազութի Համոն: Կկորչեր, ոտնատակ կլիներ՝ կթաղվեր տգիտության անսահման խավարում: Ամեն տեղ նա էր, ամեն դժվարին դեպքում նա՛ պիտի, միայն նա՛, սայլը ցեխից հաներ: Այդպես էլ այժմ: Քաղաքացիների կողմից նա, Մազութի Համոն, ամենայն պատրաստակամություն հայտնեց մինչ վերջին կաթիլ արյունը կռվելու՝ հանուն գահի հայրենյաց: Գիտեր, հասկանում էր Համո Համբարձումովիչը, թե որտեղ ինչ լեզվով է հարկավոր խոսել: Օձի լեզու ուներ Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն:

Մազութի Համոյից հետո շնորհակալություն հայտնեց երախտապարտ քաղաքացիներին գավառապետը ապա առաջարկեց ցրվել տները զբաղվել առօրյա գործերով: Գեներալ Ալոշը, Համո Համբարձումովիչը, Օսեփ Նարիմանովը եւ բժիշկը հրավիրվեցին վեր՝ ճաշի: Ժողովուրդը ցրվեց. գնացին՝ ո՛րը տուն, ճաշի, ո՛րը Եգոռ Արզումանովի կամ Տելեֆոն Սեթոյի սրճարանը, ոմանք էլ կրկին քաղաքային այգին վերադարձան՝ օրվա մնացած մասն այնտեղ անցկացնելու:

Այսպիսի՛ ահա շուքով ու հանդիսավորությամբ դիմավորեց նաիրյան այդ քաղաքը հետագայում Համաշխարհային Պատերազմ կոչված արյունալի հյուրին, դիմավորեց, ինչպես այդ վայել էր ամեն մի իսկական քաղաքի, խորին աչալրջությամբ, այդ հանգամանքում քաղաքը պարտական էր կրկի՛ն նրան, իր արժանի զավակին -Համո Համբարձումովիչ Ասատուրովին-Մազութի Համոյին:

Հաջորդ օրը, երկուշաբթի, բոլորը, ինչպես միշտ, արթնացան առավոտ մութլուսուն եւ գնացին գործի: Ոչինչ չէր փոխվել, ոչինչ չէր կատարվել, եթե միայն փոփոխություն չհամարենք այն հասարակ հանգամանքը, որ գեներալ Ալոշը, Մազութի Համոն եւ ընկերները այդ առավոտ մի փոքր հոգնած էին զգում իրենց, մի փոքր կոտրված, ինչպես այդ լինում է սովորաբար լավ քեֆերից հետո: Իսկ քաղաքացիների մեծ տոկոսին, մանավանդ առեւտրական փողոցի գործնական ներկայացուցիչներին, այնպես էր թվում, թե պատերազմի մասին երեկ, կիրակի օրը եղած բոլոր զրույցները ոչ այլ ինչ էին, եթե ոչ -կիրակնօրյա ներելի հանաքներ. անցավ կիրակին, եկավ երկուշաբթին՝ բավական է. թույլ տվեք զբաղվենք հոգսերով: Իհարկե, խոսում էին մեկ-մեկ եւ պատերազմի առթիվ, բայց խոսում էին այնպես, ի միջի այլոց, որպես իրենց չվերաբերող մի բանի մասին: Այդպես էր -առաջին, երկրորդ, երրորդ օրը, այդպես էր առաջին շաբաթվա ընթացքում, բայց կամաց-կամաց հեռու պատերազմն սկսեց նկատելի դառնալ նույնիսկ նաիրյան հեռու այդ քաղաքի, այո, ամեն ինչում – նույնիսկ մանրածախ Կոլոպոտյանը եւ Մեռելի Ենոքն սկսեցին զգալ իրենց շրջապատում անսովոր մի մթնոլորտ, անհասկանալի մի փոփոխություն: Բայց օրերում ու ժամանակներում պատերազմը հայտարարվելու առաջին իսկ վայրկյանից կատարված փոփոխությունը բոլորից առաջ պ. Մարուքեն զգաց նաիրյան այդ քաղաքում այն էլ հենց երկրորդ օրը, երկուշաբթի առավոտ ահա՛ թե ոնց:

Երբ, ըստ իր ամենօրյա սովորության (իսկ պ. Մարուքեն բացի իր այս միակ սովորությունից չուներ, ընդհանրապես, եւ ո՛չ մի սովորություն)-վարսավիր Վասիլի վարսավիրանոցը մտավ եւ, նստելով դեղնավուն հայելու առաջ, դեմքը, հլու, հանձնեց վարսավիրի թավ, կակուղ խոզանակին պ. Մարուքեն -վարսավիր Վասիլը, սապոնոտ խոզանակը թեթեւ սահեցնելով պ. Մարուքեի այտն ի վար, հարցրեց. «Էրեկ էդ ի՞նչ էր, պ. Մարուքե. տեսա՞ր Մազութի Համոյին… Օձի՛ պես կխոսեր անիծածը»: Պ. Մարուքեն չպատասխանեց: Տրամադրությունը վատ էր՝ գիշերը չէր քնել: Երեկոյան յոթից մինչ գիշերվա երեքը պրաֆերանս էր խաղացել այգու ակումբում Արամ Անտոնիչի, Կինտաուրի Սիմոնի էլի սատանան գիտե, թե ում հետ («շեֆերը» չկային. նրանք, ինչպես գիտենք, ճաշի էին հրավիրվել գավառապետի բնակարանը եւ այդ ճաշը, անհասկանալի պատճառով, տեւել էր մինչ գիշերվա տասնմեկը…): Բայց բանը նրանց ճաշը չէր, իհարկե, պ. Մարուքեն թքե՛լ էլ չէր ուզի նրանց ճաշի վրա. պ. Մարուքեն հասկանում էր, իհարկե, այդ ճաշի իմաստը. գավառապետի «տակլիզատորների» լակած «Մադերը» չէր նրա մռայլության պատճառը, այլ այն, որ նա երեկոյան խաղում տարվել էր Արամ Անտոնիչին մի խոշոր գումար եւ չէր կարողացել վճարել, որովհետեւ չէր ունեցել մոտը: Պ. Մարուքեն ինքը առաջինը չէր սիրում «նիսիա» խաղալ, բայց ավելի եւս դեմ էր դրան Արամ Անտոնիչը, բայց երեկոյան դեպքը կատարվեց թյուրիմացաբար, առանց իր իմանալուն. ինքն էլ չհասկացավ, թե ինչպես «տալիայի» վերջում ինքը տարված դուրս եկավ չորս հարյուր յոթը ռուբլի, այնինչ մոտը կար ընդամենը հարյուր իննսուն երկու ռուբլի: «Յորղանիդ չափը գիտենա՞ս»,-ասել էր, բարկացած, Արամ Անտոնիչը պ. Մարուքեին, երբ տեսել էր, որ վերջինս իր տարված գումարը չունի: «Ներողություն, վաղը կվճարեմ»,- պատասխանել էր պ. Մարուքեն քաղաքավարի շտապ դուրս էր եկել ակումբից՝ հետեւից լսելով Արամ Անտոնիչի հռհռոցը եւ Կինտաուրի Սիմոնի, այդ Կլուբի Մեյմունի ստրկական արձագանքը… Մեծ ինքնասիրություն ուներ պ. Մարուքեն սիրում էր ամեն ինչում «գերմանացի» լինել, այնպես որ այդ դեպքը թողել էր նրա վրա ահռելի տպավորություն, ոչնչացրել էր նրան, հավասարել էր գետնին: Գունաթափ եկել էր տուն երեսնիվայր ընկել էր անկողնու վրա. մինչ առավոտ մնացել էր այդպես: Բորբոքված ուղեղում մինչ առավոտվա ծեգը զանազան զուգորդությամբ ու կարգերով շարվել էին -թվեր, թվեր, թվեր. գույնզգույն թղթադրամներ. խաղաթղթեր: Գլուխը ցավում էր հոգնությունից. ուղեղը մշուշի էր նման. ծփում էր, ծանր, մութ, ծփում էր ուղեղը. եւ, տարբեր ձեւերով եւ կարգով, շարժվում էին ուղեղի միջով -թվեր, թվեր, թվեր. գույնզգույն թղթադրամներ. խաղաթղթեր: Պ. Մարուքեն ո՛չ մի մեղք չունի. պ. Մարուքեն երբեք չի երկարել իր ոտքերը վերմակից ավելի. կգտնի, այսօր եւեթ կգտնի պ. Մարուքեն այդ խղճուկ կոպեկները կշպրտի այդ չտեսի դեմքին: Եվ այժմ էլ դեմքը դեմ արած վարսավիր Վասիլի թավ, կակուղ ածելուն՝ հենց այդ էր մտածում, իր հոգնած ուղեղի չհնազանդվող ճիգերով, պ. Մարուքեն. ումնի՞ց վերցնի: Դեմքը դեղնել էր, այրվել, աչքերը՝ բութ, անիմաստ՝ նայում էին -ինքն էլ չգիտեր, թե ո՞ւր. աչքերը տեսնում էին -գույնզգույն թղթադրամներ:

Վարսավիր Վասիլը -ի՜նչ շունն էր, որ չիմանար… իհարկե գիտեր, դեռ երեկոյան լսել էր բանի եղելությունը, բայց չէր ուզում այդ առթիվ խոսել. նույնիսկ պ. Մարուքեի, ըստ սովորության, «տրամադրությունը» չհարցրեց. գիտեր, որ «վատ» է -ի՞նչ հարցներ: Մոտեցրել էր շրթունքները, որքան որ կարող էր, պ. Մարուքեի դեմքին, սահում էր -թավ, թեթեւ քսվելով՝ սահում էր ածելին նրա դեմքն ի վար: Լուռ էր, տոթ ու հանգիստ. լսվում էր վարսավիրի դանդաղ շնչառությունը -ու գոլ, կպչող, բաղանիքի շոգիի նման խեղդող ալիքներով քսվում էր Վասիլի շնչառությունը պ. Մարուքեի դեմքին: Բայց պ. Մարուքեն ոչինչ չէր նկատում, պ. Մարուքեի հոգնած ուղեղում, ինչպես բաղանիքի մառախուղում, օրորվում, օրորվում էին, շոգիի գույնզգույն կաթիլների նման -գույնզգույն թղթադրամներ…

Դուռը բացվեց ներս ընկավ -մանր, չոր, հաստատ քայլերով, կարծես երկու ձեռնափայտ էին հատակին խփում -Հաջի Մանուկոֆ էֆենդին: «Հը, բարի լույս, էֆենդի աղաներս, բարաջողում,-ուրախ բացականչեց Մանուկոֆ էֆենդին.-Գործդ աղեկ է, Վասի՛լ, վով չգա-չգա-պ. Մարուքեն հոս է ու հոս…«:

«Համեցե՛ք նստի, էս է, կվերջացնեմ,- շրթունքները հեռացնելով պ. Մարուքեի դեմքից, ժպտալով պատասխանեց վարսավիրը.– Քեֆերդ տեղը կերեւա. փա՜ռք Ալլահին»: «Ինչո՞ւ չերեւա, աղա՛ս,-բացականչեց Հաջին բարկացած.-Տղա մըն ալ ավելցավ Հայաստանին. սա անգամ մանչ է, յա՜…»: Հերո՛ս էր, Հաջի Մանուկոֆ էֆենդու կնիկը -Նունուֆար հանըմը-տղա էր բերել:

Հաջի Մանուկոֆ էֆենդու այդ ուրախ տրամադրությունը հույսի պես վառվեց պ. Մարուքեի ուղեղում. բութ, քնկոտ աչքերում վայրկենապես բռնկվեց սուր, հուսալից մի իմաստ:

«Դե՛, շո՛ւտ»,-խռպոտ շտապեցրեց պ. Մարուքեն՝ ձախ ուսը ցնցելով.-«ուշանում եմ»:

Վարսավիր Վասիլը վերջացրել էր արդեն: «Շնորհավորում եմ, պ. Հաջաղա»,-վեր կենալով տեղից՝ պարզեց ժպիտն ու ձեռքը Մանուկոֆ էֆենդուն պ. Մարուքեն: Հաջի Մանուկոֆ էֆենդին երկու մատը դրեց պ. Մարուքեի ձեռքը. ձեռք սեղմել չգիտեր: Պ. Մարուքեն պինդ, սրտագին սեղմեց Հաջու երկու մատը եւ… չգիտեր, ո՞նց սկսեր: Բարեբախտաբար Մանուկոֆ էֆենդին հանեց նրան դժվարին դրությունից:

«Ժամանակ ունես նե- քալե ղահվե մը խմենք«,- ասաց Մանուկոֆ էֆենդին մատները խլեց պ. Մարուքեի ձեռքից:-«Հետո կուգամ»,-նետեց վարսավիրին Հաջին, շուռ եկավ. առանց ետ նայելու եւ պ. Մարուքեի համաձայնությունն առնելու դուրս եկավ վարսավիրից: Պ. Մարուքեն, առանց երկար մտածելու, հետեւեց նրան, իսկ վարսավիր Վասիլը զայրացած, զարմացած հայացքը նրանց կռնակներին հառած՝ մնաց մի-երկու վայրկյան սապոնոտ խողանակը ձեռքին. ապա՝ երբ նրանք անհետացան,-«Թյու, նալլա՛թ կարողությանդ, մա՛րդ»,- թքեց, ի խորոց սրտից, վարսավիր ՎասիլըՀաջու հասցեին. հետո մոտեցավ լվացարանին. լվանալով սապոնոտ խոզանակը, սկսեց շվվացնել «Ախ զաչեմ էթա նոչ» «մոդնի» երգը:

Մանր, չոր, հատու քայլերով, կարծես երկու ձեռնափայտ էին խփում մայթին -գնում էր առաջից, առանց ետ նայելու, Հաջի Մանուկոֆ էֆենդին: Ուրախ մտածում էր Մանուկոֆ էֆենդին, որ լավ ազատվեց «ուշաղբազ պերպեր»-ից: Ոչ թե սափրվելու նպատակով մտավ վարսավիր Վասիլի խանութը Հաջի Օնիկ էֆենդին, օ, ո՛չ. նա շաբաթը մի անգամ էր ածիլվում այն էլ շաբաթ օրերը.-նրա նպատակն էր իր նորելուկի մասին վարսավիրին հայտնելը. «Պերպերի լեզու-բաղանիքի դուռ»,-մտածում էր Հաջին եւ նա, իհարկե, իրավունք ուներ: Պ. Մարուքեի մասին, որին հրավիրել էր ինքը մի բաժակ սուրճի, մոռացել էր բոլորովին: Բայց պ. Մարուքեն նրան չէր մոռացել: Մտածում էր, նրա հետեւից հազիվ հասնելով, պ. Մարուքեն, որ եթե բարեհաճի Հաջին փոխարինաբար տալու հարկավոր գումարը -փրկված կլինի. հակառակ դեպքում… Պ. Մարուքեն չգիտեր, թե ի՞նչ կարող է լինել հակառակ դեպքում:

Հաջի Մանուկոֆ էֆենդին, խանութը հասնելով, կանգնեց. կտրուկ շուռ եկավ դեպի պ. Մարուքեն: Պ. Մարուքեն, որ, մտազբաղ, դեռ փոխում էր քայլը առանց դեմը նայելու -գլուխը թափով խփեց Հաջի Մանուկոֆի դեմքին. ռեզինե գնդակի նման ետ ցատկեց, շփոթված, պ. Մարուքեն:

«Յա՛վաշ, է, յավրում, ի՞նչ էղավ քեզի«,-բացականչեց Հաջին, բարկացած. ապա.-«Գնա՛ Սիմոնին ըսե ղահվե մը հրամցնե հաշվուս, ես ժամանակ չունիմ. ներող կըլլաս«,-ասաց նա, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը. դուռը բաց արավ արագ, մտավ եւ դուռը ետ խփեց պ. Մարուքեի քթին:

Հասկացավ պ. Մարուքեն, որ հույս չկա: «Թո՛ւ«,– թքեց պ. Մարուքեն, վարսավիր Վասիլի նման, էֆենդու հասցեին: Եվ քայլեց… ո՞ւր: Մթնեց, մթնեց աշխարհը պ. Մարուքեի աչքին, հուսահատությունը հասավ բարձրագույն կետի: Կպատմե, ծաղրելով, կպատմե երեւի իր բոլոր ծանոթներին Արամ Անտոնիչը հիմա այդ «վերջին խայտառակությունը»: Կպատմե -պ. Մարուքեի մթնած ուղեղում եր եւացին գունատ, զազրելի դեմքերը Օսեփ Նարիմանովի, Գեներալ Ալոշի, Մազութի Համոյի: Եվ հանկարծ, այդ վայրկյանին ահա, հուսահատության այդ ծայրահեղ վայրկյանին -հիշեց երեկվա եռուզեռը պ. Մարուքեն. կանգնեց, պատկերացավ հանկարծ պ. Մարուքեի բորբոքված ուղեղում կանաչ սեղանի վրա կանգնած Մազութի Համոն: Եվ Մազութի Համոն, այդ ամենասովորական «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչը, երեւաց նրան -ուրիշ. երեւաց անծանոթ: Ինչպես հեռո՜ւ-հեռո՜ւ, պատմական մի անձնավորություն, կանգնեց նրա գլխում Մազութի Համոն… Ինչպես պատմության դասագրքից հանած գրավյուր՝ պատմության դասագրքից սահեց Մազութի Համոն դեպի պ. Մարուքեի բորբոքված ուղեղը: «Պատերազմ»,-ասաց երեկվա ձայնով, պ. Մարուքեի բորբոքված ուղեղին Մազութի Համոն: Եվ պ. Մարուքեի սրտում ինչ-որ անհայտ մի ձեռք շարժեց, ժամացույցի սլաքի նման, ինչ-որ ծանր մի բան սովորական տեղից, պ. Մարուքեն հասկացավ, վերին մի հրաշքով, գլխի ընկավ հանկարծ, որ այդ վայրկյանից սկսած ուրիշ է աշխարքն արդեն,-որ, այդ վայրկյանից սկսած, սկսվում է օրերում ժամանակներում եւ ուրիշ մի բան.-այն, որ փոխելու է աշխարքը հիմնովին, ցնցելու, տակն ու վրա է անելու -եթե միայն կարելի է այսպես ասել -դարավոր հիմերը… Ցիրկի մեյմունի նման, ինչպես կասեր այդ մասին վարսավիր Վասիլը,-գլխիվայր մի ցատկյուն կատարեց կանաչ սեղանի վրայից, ինչպես դարավոր մի պատվանդանի վրայից, պ. Մարուքեի ուղեղում Մազութի Համոն, գլխիվայր մի ցատկյուն կատարելով՝ Մազութի Համոն թռավ դեպի պատմության դասագիրքը… Նորից, ինչպես ամբողջ գիշերը, սահեցին, դանդաղ, շարժվեցին մի վայրկյան նրա ուղեղում -գույնզգույն թղթադրամներ: Բայց, ի մեծ զարմանք իրա, սիրտը չպաղեց, չխոցվեց, չճմլվեց: «Եռունդա՛»,-դուրս թռավ, լսելի ձայնով, պ. Մարուքեի շրթունքներից. քարե մի ծանրություն սրտից ընկավ: Արագացրեց քայլերը պ. Մարուքեն. պ. Մարուքեն գնաց տուն՝ քնելու:

Հետագայում, հիշելով այդ վայրկյանը, քթի տակ ժպտում էր իր այդ զարմանալի, համարյա մարգարեական տեսողական կարողության վրա պ. Մարուքեն. բայց հետագայում իր այդ համարյա մարգարեական տեսողական կարողությունը այլ բանի էր վերագրում պ. Մարուքեն. – պ. Մարուքեի կարծիքով՝ իր այդ համարյա մարգարեական տեսողական կարողությունը հետեւանք էր ոչ թե ուղեղի բորբոքման, ինչպես կարող է մտածել միամիտ ընթերցողը, այլ, եթե միայն գեղարվեստական գրվածքում կարելի է այսպես արտահայտվել -քաղաքական հեռատեսության…

Արդեն սկսվել էր «կռիվը» ինչ-որ անհայտ տեղերում. մի-երկու ամիս էր արդեն, ինչ սկսվել էր պատերազմը: Վաղուց արդեն ծայր էին առել շշուկներ, որ շուտով, այսօր չէ -վաղը, ինչպես Տելեֆոն Սեթոն էր ասում՝ «ռուսը կռվի կը կանչե անօրենին»: Խոսում էր՝ արդեն ասում էր քաղաքային այգում ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին, որ կա, արդեն «Կենտրոնում» ստացված են ստույգ տեղեկություններ, որ շուտով, շատ շուտով կռիվ կհայտարարվի նաեւ «ոսոխին» եւ այն ժամանակ արդեն ամեն ինչ կփոխվի… Լայն հորիզոններ կբացվեն այն ժամանակ Նաիրիի համար,-խորհրդավոր ձայնով, որպես պետական մի գաղտնիք, ասում էր ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին: Չգիտեմ այդ ի՞նչ փոփոխություններ է, որ դեռ նոր պիտի տեղի ունենային այդ քաղաքի կյանքում ի՛նչ հորիզոններ պիտի բացվեին Նաիրիի առաջ այդ խորհըրդավոր փոփոխություններից. չգիտեմ, ասում եմ, որտեղի՞ց էր ստանում «Կենտրոնը» նման տեղեկություններ. բայց մի բան կարող եմ հաստատ ասել, որ որոշ փոփոխություններ արդեն իսկ տեղի էին ունեցել շատերի գործերում, բայց այդ բանը, դժբախտաբար, չէր կարողացել տեսնել ընկ. Վառոդյանը: Այդ «տեղեկությունները» նա կարող էր ինքը, առանց «Կենտրոնին» դիմելու, հենց տեղում ստանալ ամեն մի ամենահասարակ նաիրցուց, թեկուզ հենց մանրավաճառ Կոլոպոտյանից, որի առաջ, այո՛, արդեն իսկ բացվել էին որոշ հորիզոններ… Նրա, մանրածախ Կոլոպոտյանի կյանքում, արդեն իսկ տեղի էր ունեցել այն աչքի ընկնող, կենսական փոփոխությունը, որ, մի-երկու ամսվա ընթացքում, ռաֆինադ-շաքարի գինը 14 կոպեկից թռել էր 17-ի: Ավելացրել էր գինը -Հաջի Օնիկ Էֆենդի Մանուկոֆը, որ ստանում էր շաքարը տեղից, ստանում էր վագոնով եւ, իր հերթին, պարկերով ծախում էր մանրավաճառներին: Բայց այդ դեռ չնչին փոփոխություն էր, համեմատած այն ավելի քան շոշափելի փոփոխության հետ, որ տեղի էր ունեցել հենց այդ նույն Կոլոպոտյանի հարեւան Կաթոլիկ Սիմոնի խանութում: Եվ ուրիշ խանութներում եւս, որոնցում պակասել էր արդեն, կամ պիտի պակասեր, կամ պակասելու վրա էր օգնող ձեռքը, որի՝ որդին, եղբայրը, որը՝ հենց ինքը: Գնացել, տարել էին արդեն– Կաթոլիկի որդուն, նրա հարեւան Կարապետյանի, Մարտիրոսյանի ու հազար ու մի անհայտ «յան»-երի որդիներին, եղբորը, իրան: Հերթի էին հենց իրենք -պ. Աբոմարշը, Կինտաուրի Սիմոնը, սա, նա, մյուսը. ո՞րը թվես: Արդեն, ամեն առավոտ երեւում էին պատերի վրա -պատերի վրա փակցնում էին արդեն ինչ-որ անհայտ ձեռքեր սպիտակ հրամաններ: Կանչում էին թղթերի վրայից, պատերի վրայից, կանչում էին սպիտակ հրամանները -սրան, երկրորդին, հարյուրին. կանչում էին դեպի Հինգհարկանի Շենքը: Գալիս, թափվում էին արդեն ամեն առավոտ, լցնում էին փողոցներն ու մեյդանը -պատանի, երիտասարդ, տարիքոտ տրեխավորներ. շրջանի գյուղերից գալիս հավաքվում էին Հինգհարկանի Շինության առաջ: Գնում էին այդտեղից -կայարան. խմբերով, գնում էին կայարան: Կանգնում էր, երկար ու կարմիր, ապրանքատար գնացքը. կանգնում էր կայարանից բավականին հեռու, դեպոյի մոտերքը: Տրեխավոր մարդիկ լցվում էին մեջը, թափվում էին մեկը մեկի վրա, ինչպես ձկները տակառում: Սուլում էր շոգեմեքենան. սուր, խեղդամահ արվող անասունի նման, սուլում էր սուլոցը շոգեկառքի: Տրեխավոր մարդիկ գոռում էին անիմաստ, տրեխավոր երիտասարդները երգում էին պառավաձայն.-

«Տա-նը՜ը՜ը՜-մե՛ն-ադե՛ ջան-տա՜ա՜-նը՜ը՜ը՜-մե՜ե՜ե՜ե՜ն…«:

Իսկ, մյուս կողմից, գալիս էին գնացքներ, ամեն օր, ամեն գիշեր գալիս էին գնացքներ անհայտ հեռուներից դեպի նաիրյան այդ քաղաքը: Ու լցվում էր քաղաքը «սոխ» զինվորներով. լցվում էր քաղաքը օր օրի վրա, վայրկյան վայրկյանի հետեւից: Ուրախ էին Եգոռ Համբարձումովը, Բոչկա Նիկոլայը, մանրավաճառ Կոլոպոտյանը: Ուրախ էր, ընդհանուր առումով, ամբողջ Լորիս-Մելիքյանը՝ կայարանից -մեյդան: Էլ, իհարկե, առավոտ կանուխ, մշուշի միջից իր խանութը վազող նաիրցի վաճառականը, մանրավաճառը, չարչին, Հաջի Մանուկոֆն ու Կոլոպոտյանը չէին մտածում, որ մինչ ինը-տասը, ինչպես այդ տեղի էր ունենում առաջ, պետք է իրենց խանութների դռանը անգործ կանգնած, ձանձրությունից հորանջեն: Օ, ո՛չ, իհարկե ոչ: Առավոտվա ծեգից մինչեւ երեկոյան մութը լի՛քն էր, լի՛քն էր լինում փողոցը հիմա «սոխով ու սխտորով», ինչպես անվանում էին խանութպանները զինվորներին եւ գյուղացի նորահավաքներին: Եվ ի՛նչ. վատ չէ՛ր: Որը մի քառորդ շաքար, որը հինգ կոպեկի հալվա, որն էլ ուրիշ մի բան -ամենքից մի կոպեկ, հաշիվը -հարյուր՝ մանեթը կա: Այդ դեռ մանր-մունրը: Սրա հետ համեմատած -թալան էր, ինչպես, նախանձելով, ասում էր Կոլոպոտյանը,-Հաջի Մանուկոֆինը, պարսիկինը եւ ուրիշ մեծ մաղազաներինը՝ փոդրաթչիներինը:-«Տասը վագոն սապոն, 10 խոզի ճարպ, տասն էլ չգիտեմ ի՞նչ զահրումար»- ահա, Կոլոպոտյանի հաշվով, նրանց «տոմարը»: Մենակ Մեռելի Ենոքն էր, խեղճը, հին օրերի օրը. սկզբում նա կարծեց, որ իր գործը եւս աջողակ կգնա, բայց չարաչար սխալվեց. մեռնողները, ճիշտ է, շատացան աշխարհում, բայց ոչ այնպիսիքը, որոնք պետք ունեին դագաղի. «սոխերին», ինչպես նա էր ասում, «կազյոնի» էին թաղում, այսինքն՝ առանց դագաղի, իսկ «սխտորները»… Դե՛, ե՞րբ էին այդ տրեխավոր «բռիները» մարդավարի ապրել: Այնպես որ նա, ինչպես առաջ, օրվա մեծ մասն անգործ, ձանձրությունից ձանձրացած՝ թիթեղե սպիտակ հրեշտակներ էր փակցնում պատրաստի դագաղների վրա, իսկ երբ դրանից էլ էր ձանձրանում Մեռելի Ենոքը -գնում էր Տելեֆոն Սեթոյի սրճարանը՝ վերջինիս եղբոր, հիսունն անց Քոռ Արութի հետ դոմինո խաղալու: Վերջինս ճիշտ որ կույր էր. բայց, բարեբախտաբար, մի աչքից միայն. այդ մի աչքը Քոռ Արութը կորցրել էր երիտասարդ ժամանակ՝ բարեկենդանի օրը մեյդանում «ղոչի» հետ մենամարտելիս: Նրա մոտ էր գնում Մեռելի Ենոքը իր ձանձրույթը փարատելու, որովհետեւ իր նման անգործ էր լինում Քոռ Արութը. եղբոր սրճարանում Քոռ Արութը, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ վարում էր մշտական խաղակցի պաշտոն: Մեկ-մեկ էլ կայարան էր գնում Մեռելի Ենոքը եկող-գնացողին նայելու, որտեղից նա վերադառնում էր տխրած կամ ուրախացած. տխրած, որ ինքը ո՛չ մի շահ, ո՛չ մի հասույթ չունի գնացող-եկողներից, եւ ուրախացած, որ ինքը չկա եւ, երեւի, երբեք էլ չի լինի ուղարկվողների շարքերում: Բայց Մեռելի Ենոքի այդ եթերային ուրախությունը տեղի էր տալիս ծայրահեղ տխրության, երբ նա, քաղաք վերադառնալով, տեսնում էր խանութներում տիրող եռուզեռը:-Բոլորը աշխատում էին, բոլորը շահում -բացի իրենից միայն մեկ էլ իր միակ սրտակից՝ Քոռ Արութից: Բայց նրան վիճակված էր զրկվել իր այդ միակ սրտակցից -մի հանգամանք, որ խորը տպավորություն թողեց նրա ինքնասիրության վրա եւ մտցրեց նրա կյանքում եւս որոշ փոփոխություններ…

Մի անգամ իր անպետք դագաղներից ու հրեշտակներից ձանձրացած, Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնաց, ըստ սովորության մի ձեռք դոմինո խաղալու, Մեռելի Ենոքը, բայց մեծ եղավ զարմանքը, երբ տեսավ, որ Քոռ Արութը սրճարանում չկա: Կարծեց թե դուրս է գնացել, սպասեց, սպասեց -բան դուրս չեկավ: Քոռ Արութը չկար: Տելեֆոն Սեթոն էլ, դե, առաջվանը չէր, նրա սրճարանը ավելի քան լիքն էր լինում հիմա «սոխերով» «սխտորներով». դժվարանում էր հարցնի: Վատ զգաց իրեն Մեռելի Ենոքը, սիրտը պայթում էր սրտմտությունից, այնպես որ չկարողացավ համբերել, մոտեցավ հարցրեց: «Գործի եմ դրե վակզըլի մեյդանը»,- եղավ Տելեֆոն Սեթոյի պատասխանը. «սոխերուն չայ կծախե»: Չհասկացավ առաջին վայրկյանին Մեռելի Ենոքը, բայց մտաբերեց կայարանը, հիշեց. հիշեց վակզալի մեյդանը: Սուսուփուս դուրս եկավ Սեթոյի սրճարանից ու շտապ քայլերով դիմեց կայարան: Գնում էր խոշոր քայլերով. հեւիհեւ վազում էր փողոցի մեջտեղից Մեռելի Ենոքը. սոխերը հրում էին նրան, հայհոյում էին երբեմն, երբ դիպչում էր նրանց, բայց ուշադրություն չէր դարձնում. գնում էր գլուխը կախ ձեռքերը թափահարելով: Երկար, սեւ, խունացած չուխի առանց այդ էլ բորբոսնած փեշերը քսվում էին փողոցի փոշուն, ավլում էին փողոցը. նա գնում էր անկանգ, Լիր Արքայի նման սրտում դառնություն ու կսկիծ՝ Մեռելի Ենոքը գնում էր կայարան: Վերջապես նա հասավ կայարան եւ նո՛ր գլխի ընկավ, որ նրա դիմացը գտնվող նախկին ամայի տարածությունը դարձել է արդեն -բազար, դարձել է, ինչպես Տելեֆոն Սեթոն հորջորջեց -«Վակզլի մեյդան»: Նույն խոշոր քայլերով մտավ վակզալի մեյդանը Մեռելի Ենոքը եւ այն է, նոր էր սկսել, դեռ նոր էր փնտրել իր ընկերոջը՝ Քոռ Արութին, երբ մեկը քաշեց նրա փեշից: «Պաշո՛լ, սոխ հայվարա»,- կարծելով, որ ռուս զինվորներն են չուխիցը քաշում, հայհոյեց Մեռելի Ենոքը բարկացած. բայց… «Ե՛ս եմ, մա՛րդ Ասսու, հաչք չունի՞ս»,-լսեց Քոռ Արութի ձայնը շուռ եկավ դեպի նա: Ու մնաց, արձան կտրեց՝ տեղնուտեղը քարացավ Մեռելի Ենոքը տեսած տեսարանից: Փոքրիկ մի սեղան, առաջին կանգնած թեյ էր լցնում թիթեղե թեյամանից Քոռ Արութը. կողքից մի ռուս զինվոր պարզել էր ձեռքը, որ վերցնի: «Յա՛, տո՛. գործի՞ ես էղե, Հարո՛ւթ…»,-բացականչեց Մեռելի Ենոքը՝ հայացքը, պուշ, Քոռ Արութին հառած:-«Հա՛, ի՞նչ էնենք, Ենոք ջա՛ն. յավաշ-յավաշ փարա կաշխատինք, ի՞նչ կա օր…»,-կարծես արդարանալով, կարծես պարծենալով պատասխանեց Արութը. սկսեց դեմը դրած բաժակները մաքրել: Նայե՜ց-նայե՜ց. կոտրած ժպիտը դեմքին, իր նախկին խաղընկերոջը Մեռելի Ենոքը, մի երկու կցկտուր հարցուփորձ արավ առեւտրի մասին.-«Է, էրթա՛մ»,-ասաց, ապա, առանց ընկերոջը նայելու, Մեռելի Ենոքը: – Եվ շուռ եկավ անսպասելի կերպով. խոշորագույն քայլերով վերադարձավ քաղաք:

Հաջորդ օրվանից, փոքրիկ սեղանի դեմը կանգնած, հաց ու կալբաս էր ծախում վակզալի մեյդանում Մեռելի Ենոքը, իսկ մի շաբաթ անց այլեւս չէին վախենում, նրա խանութի առաջով անցնելիս, քաղաքի երեխաները. Մեռելի Ենոքը լիկվիդացիայի էր ենթարկել դագաղագործությունը զբաղված էր այժմ «ձեռքի առուտուրով»:

Ահա՛ թե ինչ փոփոխություններ էին արդեն տեղի ունեցել մի-երկու ամսվա ընթացքում, քաղաքի կյանքում,- իսկ ընկ. Վառոդյանը դեռ սպասում էր, հիմարը, որ «Կենտրոնը» տեղեկացնի իրեն ինչ-որ խորհրդավոր որոշումների մասին, որից հետո միայն, ընկ. Վառոդյանի կարծիքով, պիտի տեղի ունենային որոշ փոփոխություններ…

Եվ ահա… հիշում եմ, ինչպես օրս, սիրելի ընթերցող.-նորի՛ց, նորի՛ց, ամեն ինչի սկզբում, ամեն ինչ սկսողը, ամեն հասարակական քիչ թե շատ աչքի ընկնող երեւույթի մասին առաջին շեփորողը -նա ի՛նքն էր, Համո Համբարձումովիչ-Մազութի Համոն էր նաիրյան այդ քաղաքում: Եվ այս անգամ էլ էլի նա՛ էր, էլի նա ինքը, քաղաքի ամենաազդեցիկ մարդը, «Լույսի» կառավարիչը եւ «Ընկերության» տեղական կոմիտեի նախագահը -Մազութի Համոն: Իհարկե, «Ընկերության» ազդեցիկ անդամ լինելուն էր հարկավոր վերագրել այն հանգամանքը, որ Մազութի Համոն ամեն ինչ գիտեր, ամեն ինչ իմանում էր ժամանակին եւ ժամանակին էլ հայտնում էր, ում որ հարկն էր, ում որ հարկավոր էր հայտնել: Բայց այս դեպքում հարկավոր էր հայտնել ի լուր բոլորի. «Հայտնի՛ր բոլորին»,-այսպես էր գրված, ասում էր ընկ. Վառոդյանը, այն գրության վրա, որ ստացվել էր, ավելի ճիշտ կլիներ ասել՝ որ ստացել էին «Կենտրոնից»: Ընկ. Վառոդյանը իր սեփական աչքերով տեսել էր այդ գրությունը Մազութի Համոյի գրասենյակում, Համո Համբարձումովիչն ինքն էր ցույց տվել այդ հետաքրքիր գրությունը ընկ. Վառոդյանին: Ընկ. Վառոդյանն էլ, չգիտենք թե ինչու, հարկ էր համարել հայտնել ամենից առաջ պ. Մարուքեին -բայց ոչ թե «Կենտրոնից» ստացած այդ գրության, այլ այն «ըղձալի տեղեկության» մասին. որ բերել էր գրությունը: Պ. Մարուքեն այնքան էլ չէր սիրում ընկ. Վառոդյանին, այդ, ինչպես արտահայտվում էր նա -«նաիրցի վարժապետին», որի կռնակի վրա, ինչպես հայտնի է արդեն քեզ, սիրելի ընթերցող, «Դառնության կենտրոնից» հիշատակ էին մնացել հետաքրքիր հետքեր: Ընկ. Վառոդյանն էլ, իր հերթին, վերեւից էր նայում այդ «եվրոպացի ավանակ Գրաստամատյանին», որի պատմական ազգանվան սկզբնատառը այդպես անբարեխղճաբար փոխելով՝ բավականին զվարճություն էր պատճառում ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին: Բայց ընկ. Վառոդյանի նման, ոչ այնքան էլ բարյացակամ, վերաբերմունքը դեպի պ. Մարուքեն բխում էր ո՛չ թե անձնական, այլ ավելի քան օբյեկտիվ, հասարակական պատճառներից. բանն այն է, որ պ. Մարուքեն երբեմն թույլ էր տալիս իրեն բավականին երկիմաստ հայտարարություններ անել «Ընկերության» հասցեին. ահա թե ինչ… Այս բանը նրան ոչ միայն ընկ. Վառոդյանը, այլ եւԿլուբի Մեյմունն անգամ չէր կարողանում ներել, թեկուզ նա, այդ կոշկակար Սիմոնը, ոչ թե անդամ էր «Ընկերության», այլ սոսկական համակրող: Եվ ինչպե՞ս էր համարձակվում պ. Մարուքեն -ահա զարմանալին. ո՞վ, ո՞վ չգիտեր, որ ավելի հեշտ էր «Մութ սենյակում» հայհոյանք շպրտել «Նիկոլի» հասցեին, քան, անգամ երազում, անբարյացակամ վերաբերմունք ցուցահանել դեպի «Ընկերությունը»: «Ընկերությունը», ինչպես առաջին մասում առիթ ունեցանք ասելու, «Կենտրոն» էր, այն էլ -«Գեր-Կենտրոն»: Եթե դու ցանկություն ունես, սիրելի ընթերցող, թեկուզ ամենահեռավոր, ամենանսեմ կերպով պատկերացնել այդ «Կենտրոնը» -երեւակայի՛ր հետեւյալը:-Ինչ-որ անհայտ մի տեղ, մի տեղ, որի ուր լինելը ոչ ոք, նույնիսկ ընկ. Վառոդյանը չգիտե. նաիրյան, չինական, կամ, ո՞վ գիտե, կարող է պատահել, որ ասորաբաբելական իքս, իգրեք, զեթ -Անհայտ քաղաքում, քաղաքի ծայրամասում, կենտրոնում, կարող է՝ գերեզմանատանը -մի խոսքով՝ այնպիսի մի տեղում, որի գոյությունն անգամ կասկածի է ենթարկվում -կա, գոյություն ունի -չգիտեմ, ինչպե՞ս ասեմ, որ գլխի ընկնես -նո՛ւ, անհայտ մի սենյակ. կամ խցիկ. կամ ներքնահարկ: Այդտեղ, այդ ներքնահարկում ահա, որի ուր լինելը, ինչպես ասացինք, ո՛չ մի մարդ չգիտե,- ապրում է հսկայական մի սարդ, աներեւույթ մի սարդ. սարդանման ուղեղ: Եվ այդ սարդը ահա, սարդանման այդ ուղեղը, իր անհայտ տեղից, իր այդ անորոնելի բնակարանից պարզում է իր ճանկերը. այնտեղից սկսած՝ հյուսում է իր ոստայնը, կուռ, հյուսում է անողոք: Պարզում է իր ճանկերը, թելավոր, դեպի քաղաքները նաիրյան, դեպի ուղեղները, սրտերը, կամքերը նաիրյան.-պարզում է -Մուշ, Բիթլիս, Դիարբեքիր. պարզում է -Թիֆլիս, Թեոդոսիա, Էնզելի. պարզում է -Երուսաղեմ… Մի խոսքով՝ ամեն, ամեն անկյուն, ուր կա մի, գոնե մի նաիրցի: Նյու-Յորք, Ժնեւ, Կալկաթա, Պերու, Րիո-Ժանեյրո, Աննամ.-ի՞նչ, ի՞նչ քաղաք կամ երկիր հիշատակեմ, ուր չկա, ուր չեն հասել թելերը, երկաթյաթելիկները Ուղեղասարդի: Հյուսում է, հյուսում է իր ոստայնը նա. կուռ, երկաթե՝ հյուսում է քաղաքից քաղաք, երկրից երկիր. իսկ ինքը չի երեւում. անխուսափելի, անշոշափելի է ինքը, որպես հրաշք. հրաշք է, չես հասկանում. սարսափելի գաղտնիք.- զարմանալի զարմանք… Ահա՛ թե ի՛նչ է «Ընկերությունը» որպես «Կենտրոն», որպես, ինչպես ընկ. Վառոդյանն է շատ հաջող բնորոշում՝ «Գեր-Կենտրոն», սիրելի ընթերցող: Բայց ես դեռ ամենազարմանալին, ամենագլխավորը չասի. վախեցա չհավատաս: Բայց ի՞նչ կասես փաստերին. աչքի առաջ են փաստերը. փաստերը պերճախոս: Բանն այն է, սիրելի ընթերցող, որ Ուղեղասարդը ո՛ր վայրկյանին ուզենա՝ կարող է քաշել դեպի ինքը, գործողության դնել, շարժել, ինչպես որ կամենա, տիեզերական իր ոստայնը, ոստայնի թե՛լը ամեն մի, ամեն մի ամենահեռավոր թելիկը, թելիկի ծայրը, ծայրի ծայրածիրը… Ահա՛ թե ինչ: Երեւակայո՞ւմ եք՝ այնտեղ, իր անհայտ տեղում, սենյակում իր նստած՝ սարդային այդ ուղեղը կամ ուղեղային այդ սարդը կարող է շարժել, մի փոքր ձգել, տատանել հազարերորդ իր ճանկը, ճանկի ամենածայրը,- եւ ահա Նյու-Յորքում այսինչ-այնինչ թելիկները, թելիկային մարդիկ, կանեն, ինչ որ ինքը, Կենտրոնը կամենա, Կենտրոնաուղեղասարդը ուզե… Կշարժե նա, Կենտրոնաուղեղասարդը, իր հազար մեկերորդ թելիկը – ահա Ժնեւում, Եվրոպի մեջտեղում, նաիրատառ «Դրոշակի» վրա կշարվեն ահեղամռունչ, գահակործան կոչեր… Բայց դա էլ դեռ ոչինչ. դեռ ամենաաներեւակայելին կա, ամենահրաշանմանը: Ընտանեկան հարկում, կնոջդ, երեխաներիդ, քրոջդ կամ մորդ հետ նստած քեզ համար թեյ էիր խմում, կամ ճաշում, կամ ընթրում էիր դու, սիրելի ընթերցող, երբ քսանհինգ տարի առաջ, գեղեցիկ մի օր շարժեց իր ամենաբարակ ճանկը, ճանկի ամենածայրը Կենտրոնաուղեղասարդը աներեւույթ իր տեղից – ահա, երեւակայո՞ւմ ես,-այնտեղ, Վոսփորի դալարագեղ ափերին, սուլթանների լպիրշ մայրաքաղաքում, լիմոնադի խցանի մի նման՝ թավ, թեթեւ թռավ՝ անսիրտ դիվանագետների ժանգոտած ուղեղներում, որպես նաիրյան, այսինքն՝ «Ընկերության» ոգու ցասումնալից մի ցույց, արդարության բողոք -պայթեց, օդը ցնցեց Բանկը Օտտոման… Եվ ի՞նչ էր, ի՞նչ էր, եթե ոչ նո՛ւյն Կենտրոնասարդի ամենաաննշան թելերի ամենաաննշան շարժման ամենաչնչին հետեւանքը -այն, որ թռավ, գահընկեց, Ելդզի մեծաշուք պալատներից Ելդզի Ճիվաղը -նա, որի արյունարբու հայրենիքի մասին դրել էր, իր հեռու թելիկների միջոցով, դրել էր Կենտրոնասարդը, աշխարհիս առաջին մարդու անկաշառ նաիրասերի բերանը «Հիվանդ մարդը պետք է մեռնի» ճակատագրական պատգամը: Օ, ո՞րը, ո՞րը պատմեմ, քանի որ բազում են մեծագործությունները նրա, բազում ու անհատնում: Եվ ինչքա՜ն, ինչքա՜ն պիտի ծիծաղելի թվա այս ամենից հետո այն, միանգամայն ճի՛շտ որ անհանդուրժելի, հանգամանքը, որ այնպիսի մի մեծամիտ ոչնչություն, ինչպիսին էր պ. Մարուքեն, այդ ողորմելի «Գրաստամատյանը» հանդգնում էր զանազան երկմիտ, անթույլատրելի ակնարկներ անել, թղթե սլաքներ թռցնել «Ընկերության» հասցեին… Գիտեր, իհարկե, վաղո՜ւց շոշափել էր արդեն տեղական իր շնորհալի թելիկների միջոցով, այդ հանդուգն հանգամանքը Կենտրոնաուղեղասարդը. բայց շատ էր չնչին, շատ էր անարժան մժեղը, որպեսզի ճանկերը շարժվեին թռներ, հօդս ցնդեր պ. Գրաստամատյանը Բանկ Օտտոմանի նման… այո՛: Ավելի քան ճշմարիտ կլինի կարծել, որ պ. Մարուքեի հենց այդ չնչինությանը, այդ ոչնչությանը պետք է վերագրել այն, այլապես միանգամայն անհասկանալի, հանգամանքը, որ նա մնում էր անպատիժ նույնիսկ շարունակում էր նաիրյան այդ քաղաքում իր աննշան ծանրությամբ աննշան տատանումներ պատճառել Կենտրոնաուղեղասարդի թելիկներից ամենաթելիկին -ընկ. Վառոդյանին: Բայց ընկ. Վառոդյանն էլ հո գիտեր իր գործը. օ, նա շատ սքանչելի էր տիրապետել թելիկատատանման նրբագույն արվեստին. այդ բանում խրատական նշանակություն էր ունեցել ընկ. Վառոդյանի համար իր կարճատեւ մտերմությունը հանգուցյալ ընկ. Կարոյի հետ, այն տարաբախտ ընկ. Կարոյի, որ այնպես վաղաժամ, ինչպես ընթերցողին հայտնի է արդեն վեպիս առաջին մասից, զոհ գնաց Վարդանի կամուրջի, այսինքն՝ նրա դիմաց գտնվող աննշան խրճիթի պայթման դեպքին: Նրանից, այո՛, ընկ. Կարոյից էր առաջին անգամ, իր հեղափոխական գործունեության վաղ արշալույսին, առաջին հրահանգներն ստացել ընկեր Վառոդյանը: Նրանից էր ստացել առաջին անգամ ընկ. Վառոդյանը հեղափոխական ընդվզումի կարմիր ավետարանը -«Ամբոխային տրամաբանությունը»: Կարծում ենք, ավելորդ է վերստին հիշատակել այն ճակատագրական դասը, որ իր հերոսական կռնակի վրա, «շոմպոլի» կապո՜ւյտ-կապո՜ւյտ հետքերի ձեւով, ստացել էր ընկ. Վառոդյանը «Դառնության Կենտրոնից»: Այսպիսի պատկառելի հեղափոխական անցյալից հետո դժվար էր, իհարկե, գործ ունենալ ընկ. Վառոդյանի հետ, մանավանդ որ վերջերս նա կամաց-կամաց ավելի ավելի խոշոր ուշադրության էր սկսում արժանանալ Կենտրոնաուղեղասարդի տեղական գլխավորաթելի -Համո Համբարձումովիչի -Մազութի Համոյի կողմից:

Եվ, այստեղ եւեթ հարկավոր է ասել, որ հենց այդ օրերից է, որ սկսեց սարն ի վեր բարձրանալ ընկ. Վառոդյանը, հետագայում նաիրյան այդ քաղաքի կյանքում այնքան խոշոր դեր խաղացող ա՛յն ընկ. Վառոդյանը, որը, վերջ ի վերջո, ոչ այլ ինչ էր, եթե ոչ խղճուկ մի վարժապետ, «նաիրյան մի բթամտություն».-ինչպես ասում էր պ. Մարուքեն: Ինչո՞վ, ինչո՞վ նա Մազութի Համոյի աչքը մտավ -աստված ինքը գիտե, բայց փաստը մնում է փաստ, որ, այս օրերից սկսած, նա ավելի խոշոր մասնակցություն ունեցավ քաղաքի անցուդարձում, քան ինքը Սերգե Կասպարիչը, բժիշկը -այդ երկրորդ, կամ ավելի լավ է ասել -աջ ձեռքը Մազութի Համոյի: Ես էլ չեմ խոսում Օսեփ Նարիմանովի -Համո Համբարձումովիչի ձախ ձեռքի մասին, որը կամաց-կամաց, դեպքերի զարգացման ընթացքում, համարյա թե կորցրե՛ց իր ամբողջ նշանակությունը: Այս հանգամանքն ավելի զարմանալի կթվա, եթե ասեմ, որ նախքան այդ, ինչպես Սերգե Կասպարիչը, այնպես էլ Օսեփ Նարիմանովը «Կենտրոնից» նշանակված անդամներ էին Տեղական Կոմիտեում, որի նախագահն էր, ինչպես արդեն գիտենք, մինչեւ վերջը մնաց -Մազութի Համոն: Սա նշանակում է, որ, ինչպես բժիշկը, այնպես էլ հաշտարար դատավորը, երկուսն էլ՝ Մազութի Համոյի հետ հավասարապես ենթակա էին Կենտրոնասարդի անմիջական, այո՛, տատանումներին՝ ուղեղահրահանգներին. իսկ ընկ. Վառոդյա՞նը… Նա ի՞նչ էր որ. նա իսկի էլ կարծես գոյություն ունենալիս չլիներ առաջներում: Ինչքա՜ն, ինչքա՜ն էր պատահել, երբ նա, ընկ. Վառոդյանը, կարծես թե պատահմամբ, մտել էր Մազութի Համոյի գրասենյակը, երբ այնտեղ «նիստի» են նստած եղել Տեղական Կոմիտեի «Երեքը». եւ ի՞նչ. պատահում էր հետեւյալը. նա, ընկ. Վառոդյանը, հազիվ էր կարողանում գլուխը ներս խոթել, երբ բժիշկը, միշտ այդ մեծամիտ բժիշկը, բարձրացնում էր քիթը վեր, հոտոտում էր օդը՝ նայելով ընկ. Վառոդյանի դեմքին, -«ներողություն» -ասում էր բժիշկը կիսաժպիտ, որից հետո զսպանակի նման դռնից դուրս էր թռչում ընկ. Վառոդյանի գլուխը ու մնում էր դռան, փակ դռան հետեւում՝ որսորդական բարակի նման ներսի շշուկներին ունկնդիր: Այսպես էր, այո՛, առաջներում. բայց հետո… Հետո ընկ. Վառոդյանը դարձավ նշանավոր գործիչ, պատկառելի անձնավորություն շա՜տ, շա՜տ անգամներ առիթ ունեցան բժիշկ Սերգե Կասպարիչը եւ հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը նրա ընդունարանի առաջհերթի սպասելու…

Բայց ների՛ր, ընթերցող, որ ես պատմությանս թելը բավականին խճճեցի, թեկուզ, գիտե՞ս, նաիրյան այդ քաղաքի այն նշանավոր օրերի պատմությունը գրողը հիմա, ուզած-չուզած, պիտի զգա իրեն այն դժբախտ երեխայի դերում, որը, ինչպես այդ հաճախ տեղի էր ունենում հենց նույն այդ քաղաքի երեխաների կենցաղում, գետում լողանալուց հետո ուզում է հագնվել, բայց գտնում է շապիկի թեւերը թրջած այնպես պինդ հանգուցած, որ սատանան ինքը կդժվարանա արձակել. նա գիտե, նա հասկանում է, որ իր շուրջը հռհռացող երեխաներն են այդ արել. նրա սիրտը պայթում է ոխից ու բարկությունից, բայց նույնպես ավելի քան լավ հասկանում է նա, որ եթե ընկնի ընկերների հետեւից -շատ են, մի երկուսը ետ կմնան մնացած շորերը եւս կթրջեն ու կհանգուցեն, ուստի մնում է նրան հանգուցած շապիկը մի կողմ թողնել հագնել շորերն առանց սպիտակեղենի -ինչպես մեզ, ընթերցող, գոնե անհանգույց դեպքերն ու իրողությունները մոռացության չտալու նպատակով մնում է մի կողմ թողնել բոլոր խճիճներն ու հանգույցները եւ անցնել վեպի շարունակությանը:

Ինչպես ասացի՝ ընկ. Վառոդյանը սեփական աչքերով տեսել էր Մազութի Համոյի գրասենյակում «Կենտրոնից» ստացած գրությունը, որի մեջ գրված էր, ի միջի այլոց, «Հայտնի՛ր բոլորին» հրահանգը: Եվ ահա, Մազութի Համոյի գրասենյակից ելնելով, հանդիպեց, պատահմամբ, պ. Մարուքեին ընկ. Վառոդյանը եւ մտածեց, որ առաջին հերթին հենց այդ հաստամիտ Գրաստամատյանին է հարկավոր հայտնել հետաքրքիր նորությունը: Այդ միտքն հղացավ ընկ. Վառոդյանի գլխում երկու պատճառով. նախ՝ ինքը ցույց կտա այդ հաստամիտ պարոնին, որ այնքան էլ հասարակ անձնավորություն չէ ընկ. Վառոդյանը, որ, այո, ինքը կապեր ունի այնպիսի կենտրոնների հետ, որ կարող է ամեն նորություն իսկական աղբյուրից իմանալ,- ապա՝ ինչպես հրահանգել էր նրան Մազութի Համոն, «կշոշափե հողը»… Իսկ պ. Մարուքեն, այսպես թե այնպես, որպես հակառակորդ, բավականին հետաքրքիր «հող» էր՝ հասարակական տրամադրությունները շոշափելու համար…

«Հետաքրքիր նորություններ»,- ասաց ընկ. Վառոդյանը, այնպես, ի միջի այլոց, պ. Մարուքեին: – «Բավականին հետաքրքիր…»:

«Հը՞,-ակնոցների տակից վեր, ընկ. Վառոդյանին նայեց պ. Մարուքեն. – Ի՞նչ կա»:

Ընկ. Վառոդյանը ժպտաց: Ու հազաց հետո, ձեռքը շրթունքներին տանելով. «Ըհը՛, ըհը՛, ըհը՛»,-ճիշտ եւ ճիշտ Սերգե Կասպարիչի նման:

Պ. Մարուքեն բարկացավ.

«Մի բան գիտես-ասա՝ ի՞նչ ես պոչդ գետնովը տալիս«:

Ընկ. Վառոդյանը շիկնեց, աչքերից արյուն կաթեց ընկ. Վառոդյանի – «Յոթ օրից Էրզրում կլինենք»,-պայթեց ռումբի նման, կրկնելով Մազութի Համոյի խոսքերը, ընկ. Վառոդյանը պ. Դրաստամատյանի գլխին ու նայեց նրան հաղթական:

Նայեց, նայեց նրան, արհամարհանքը ակնոցների տակից դառը պսպղացնելով, պ. Մարուքեն.-«Իդիո՛տ»,– կարծես թքեց, կարծես ձգեց, ծանր մահակի նման, ընկ. Վառոդյանի դեմքին պ. Մարուքեն. ու շուռ տվեց դեմքը. աջ ուսը ցնցելով՝ հեռացավ:

Նա գիտեր, քչերից մեկն էր պ. Մարուքեն նաիրյան այդ քաղաքում, որ թերթեր էր կարդում,-կարդացել էր արդեն պ. Մարուքեն, որ արդեն, արդեն՝ պատերազմ է հայտարարված Տաճկաստանին: Եվ, երեւակայո՞ւմ եք- դժգոհ էր դրանից: Տարօրինակ, այո, զարմանալի մարդ էր այդ պ. Դրաստամատյանը, ինչքան էլ նրան, խորին արհամարհանքով, պ. Գրաստամատյան անվաներ ընկ. Վառոդյանը, ինչքան էլ նրա, առանց այն էլ աչքի ընկնող քթի ծայրը համարյա թե միշտ ավելի եւս աչքի զարկեր իր անհաճո կարմրությամբ, որ, ինչպես ասում էին, հետեւանք էր ոգելից ազդեցությունների,-չնայած, կրկնում ենք. այս բոլոր տարօրինակություններին-պ. Մարուքեն է՛ր եւ արժանի է ամենայն ուշադրության: Երեւակայո՞ւմ եք. նա, այդ հարբեցող «եվրոպացին» այդ երեկո հանդգնություն ունեցավ կատարելու այնպիսի մի մեծագործություն, որի համար արժե՛ որ նա համարվի իմ միակ հերոսը, այդ կարմրաքիթ Դրաստամատյանը…

Նա գիտեր, այո -կարդացել էր արդեն պ. Դրաստամատյանը, որ պատերազմ է հայտարարված Տաճկաստանին, միակ մարդն էր գուցե, որ, իրեն միայն հայտնի պատճառներով, դժգոհ էր դրանից: Կային ասողներ -ինչպես, օրինակ, Հաջի Մանուկոֆ էֆենդին,-որ «անարխիստ» է պ. Մարուքեն, այսինքն՝ «անիշխանական». այնինչ ընկ. Վառոդյանն այն կարծիքն ուներ, որ նա, այսինքն՝ պ. Մարուքեն, ոչ «անարխիստ» է, ոչ բան, այլ, պարզապես մի «մխի գլոխ», որին հարկավոր է «խփել»: Չգիտենք, որքա՞ն էր համապատասխանում իրականության ընկ. Վառոդյանի այդ կարծիքը պ. Մարուքեի մասին, բայց հարկավոր է ասել, որ ընկ. Վառոդյանի այդ օրիգինալ կարծիքում կար, եթե ոչ ուղղակի, գոնե կողմնակի ճշմարտության որոշ տոկոս. գուցե, այո, ընկ. Վառոդյանի տեսակետից, այդ «մխի գլխին» հարկավոր էր «խփել», քանի որ, այո,-մենք չգիտենք, թե ուրիշ ինչ պատճառներ կային պ. Մարուքեի համար, իրեն չվերաբերող մի խնդրի,-Տաճկաստանին հայտնած պատերազմից դժգոհելու, բայց մի բան պարզ էր ինքնըստինքյան, այդ այն է, որ պ. Մարուքեն նկատել էր, որ արդեն շարժվում է «Ընկերությունը»,- սա՛ էր, ամենից առաջ, նրա դժգոհելու պատճառներից մեկը: Ո՛չ անարխիստ, ո՛չ բան: Նա՝ պ. Մարուքեն, իրեն միայն հայտնի պատճառներից դրդված, դեմ էր «Ընկերությանը», այսինքն՝ կոնկրետ ասած՝ տեղական «երեքին» ու նրա արբանյակներին. նրանք սեւ ասեին, պ. Մարուքեն կասեր՝ սպիտակ. նրանք հա ասեին, պ. Մարուքեն կասեր՝ չէ: Եվ այսպես -ամեն ինչում. այսպես էլ հիմա: Արդեն խոսում էին քաղաքում, արդեն շշնջում էին, խորհրդավոր, զանազան բերաններ: Արդեն տալիս էին հայտնի անուններ… Անհամբերությամբ սպասում էին այդ ըղձալի օրվան. այս ըղձալի օրը, ինչպես ընկ. Վառոդյանն էր ասում քաղաքային այգում ծանոթ օրիորդներին, պիտի բանար իրենց՝ Նաիրիի առաջ ըղձա՛լի հորիզոններ: Դեռ երեկ, դեռ առաջի օրը, այգու ակումբում պարծենում էր, «ագռավի աղջիկը» սեղանին խփելով, Կինտաուրի Սիմոնը, որ «կամավոր կգնա»: Հասկանում էր, իհարկե, զգում էր արդեն պ. Մարուքեն, որ շուտով «պարը կսկսվի» եւ գլխապտույտ կգնա. հասկանում էր եւ դժգոհելով սպասում: Իսկ հիմա ահա, ընկ. Վառոդյանին հանդիպելուց հետո, հասկացավ, զգաց պ. Դրաստամատյանը, որ արդեն գլորվել է քարը – քթի տակ, դժգոհ, փնթփնթալով՝ քաղաքային այգու ակումբը գնաց պ. Մարուքեն, մտածելով, որ այնտեղ, երեւի, ամեն ինչ կիմանա:

Իրիկուն էր արդեն. արդեն վառվում էին լույսերը քաղաքային այգում: Նվագում էր զինվորական երաժշտախումբը. նվագում էր «Բոժե ցարյա»: Հասկացավ պ. Մարուքեն, որ «սկսվել է պարը»: Հիշեց այն մյուս կիրակին. կանգնեց, կանգնեց նորից պ. Մարուքեի ուղեղում -կանգնեց, այծագլուխ, Մազութի Համոն: Լիքը, խիտ կանգնած հասարակության միջով մոտեցավ ակումբին պ. Մարուքեն – եւ, հրաշքի մի նման, ելնելով կարծես իրա, պ. Մարուքեի ուղեղից -կանգնեց. դեմը, նույն թղթախաղային կանաչ սեղանի վրա կանգնած էր -Մազութի Համոն: Ներքեւում, այսինքն՝ սեղանի կողքին, գլխաբաց կանգնած էին՝ բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Արամ Անտոնիչը, Գեներալ Ալոշը, ընկ. Վառոդյանը եւ Կինտաուրի Սիմոնը -կոշկակարը: Բերանները բաց՝ բղավում էին «ուռա»: Դեռ չէր ուշքի եկել պ. Մարուքեն, երբ մեկը հետեւից հրեց նրա կողին եւ ականջին բղավեց. «Գըլխարկդ հանե՛, տո՛, չե՞ս հասկընա»: Նայեց -Աբոմարշն էր. ակնոցը քթին, այծամորուք: Դեմքին -պատկառանք էր խորհրդավոր. ակնոցը թեքվել էր մի կողմ. գլուխը նման էր «Խաթաբալայից» հանած ծաղրանկարի: Հանեց գլխարկը, առանց բան հասկանալու, պ. Մարուքեն. բայց մինչ այդ նվագը դադարեց, բոլորը ծածկեցին գլխարկները եւ այս անգամ պ. Մարուքեն ինքը մնաց՝ քիթը վեր, գլխարկը ձեռին: «Հայրենակիցնե՛ր», – սկսեց, երեւի ընդհատված ճառը շարունակելով, Մազութի Համոն. տիրեց լռություն՝ լսողություն տիրեց: «Մոտ է, մոտենում է օրը, -շարունակեց ապա Մազութի Համոն, -երբ, ելած մոխիրից, դարերի քնից,- հառնե՛ պիտի, ազատ, երկիրը հազարամյա- ազատ Նաիրին»: Այս իմաստով ահա խոսում էր, բավականին հուզված, Մազութի Համոն. բայց ահա նրա ձայնը բարձրացավ, ձեռքը վեր մեկնվեց աչքերը վառվեցին. նա, ինչպես երեւում էր, վերջացնում էր ճառը.-«Ամեն ոք մեզանից պարտավոր է օգնել, ինչով որ կարող է, այսօր. ես չեմ կասկածում»,-վերջացրեց խոսքը Մազութի Համոն,- «որ մեր հաղթապանծ զորքերը մի շաբաթից հետո Էրզրում կմտնեն»: Այսպես վերջացրեց իր ճառը Մազութի Համոն – եւ նորից թնդաց երաժշտությունը՝ հասարակությունը ոռնաց: Ոգեւորության հենց այդ ծայրահեղ վայրկյանից հետո էր ահա, որ տեղի ունեցավ անսպասելի, աներեւակայելի, անթույլատրելի մի բան.-երեւակայո՞ւմ եք՝ պ. Մարուքեն, այդ «ախմախ անասունը», որպիսի հորջորջում տվեց նրան, դեպքը կատարվելուց հետո, Գեներալ Ալոշը,-այդ ողորմելի պ. Մարուքեն ահա, իր կանգնած տեղից, հենց որ Մազութի Համոն իր խոսքը վերջացրեց -«Իդիո՛տ»-բացականչեց, ինչքան որ ձայն ուներ, Համո Համբարձումովիչի հասցեին. տիրեց մեռելային լռություն՝ ապշանք, էլեկտրական լարում:-«Բա՛ցց»-իջավ, չոր, հնչուն՝ շխկալով ընկավ ընկ. Վառոդյանի ապտակը պ. Մարուքեի այտին: Պ. Աբոմարշն շտապեց ոտքի մի խրատական հարվածով օգնության հասնել ընկ. Վառոդյանին: Պ. Մարուքեն, երեսնիվայր, ընկավ. ակնոցը, պսպղուն, թռավ մի կողմ: «Հարբած է»,- հայտնեց Սերգե Կասպարիչը՝ դեպքի տեղը հասնելով: «Հարբած է»,-հաստատեց ընկ. Վառոդյանը.-«պետք է ոստիկանատուն ուղարկել, որ ուշքի բերեն»: Ու պատմեց, որպես ապացույց, ընկ. Վառոդյանը, որ նույնը, բառացի, կես ժամ առաջ ասաց իրեն, փողոցում, առանց որեւէ առիթի, պ. Մարուքեն:

Պ. Մարուքեին տարան ոստիկանատուն:

Չգիտեմ, հարբած էր թե չէ պ. Մարուքեն, բայց մի բավականին հավաստի աղբյուրից ես հետո տեղեկացա, որ, ճիշտ որ, ինչպես այդ հավաստի աղբյուրն էր ինձ տեղեկացնում -պ. Մարուքեն հարբած էր եղել: Նույնն էր հաստատում եւ Բոչկա Նիկալայը հետո, պատմելով, որ այդ օրը, դեպքը պատահելուց երկու ժամ, մոտավորապես, առաջ պ. Մարուքեն իրա, Բոչկա Նիկալայի դախլի դիմացը կանգնած՝ գլուխն է քաշել «մի բոթիլ սմիրնովկա»-դառնահամ օղի: Բայց այս դեպքում արժեքավոր է, իհարկե, ոչ այնքան Բոչկա Նիկալայի ցուցմունքը, մանավանդ որ օղու նրա հիշատակած քանակը դժվար թե ընդունակ լիներ «խելքից հանելու» պ. Մարուքեին,-որքան, այո՛, վերեւում հիշածս «հավաստի աղբյուրի» ցուցմունքը, որովհետեւ… Բայց այս ենթադրությունս հիմնավորելու համար նախ եւ առաջ հարկավոր է ասել, թե ի՞նչ «աղբյուր» էր այդ, որին կարելի էր հավատ ընծայել այն էլ այնպիսի մի նուրբ անհասկանալի հարցում, որպիսին էր պ. Մարուքեի վարմունքը պատմական այն ահավոր, այն նշանակալից վայրկյանին: Այդ «աղբյուրը», դե, մի մարդ էր, երեսունին մոտիկ մի երիտասարդ նաիրցի, որը վերջին օրերս էր միայն երեւացել նաիրյան այդ քաղաքում, բայց որին ճանաչում էին տեղացիք նրա մանկությունից. ռեալական դպրոցի տեսուչ Արամ Անտոնիչի մորեղբոր որդին էր դա -Կարո Դարայանը, որին յոթ-ութ տարեկան հասակից Մոսկվա, Լազարյան Ճեմարանն էր ուղարկել Արամ Անտոնիչը. սրա խնամքին էր մնացել, ծնողների մահվանից հետո, դեռ մանուկ հասակից Կարո Դարայանը: Արամ Անտոնիչը, նրան Մոսկվա ուղարկելով, հասել էր երկու նպատակի մի անգամից. նախ՝ ազատվել էր նրա հոգսից, երկրորդ՝ իր վերջին պարտքը դրանով հատուցած էր համարել իր ազգակցի հիշատակին: Ինչպես որ գնացել էր Մոսկվա Կարո Դարայանը -այնպես էլ մնացել էր այնտեղ մինչեւ ավարտելը, որից հետո եւս, թեկուզ տեղափոխվել էր Կովկաս-Բաքու, բայց չէր երեւացել հայրենի քաղաքում, չնայած Արամ Անտոնիչի հաճախակի խնդրանքներին: Արամ Անտոնիչը, մանավանդ երբ Դարայանը վերջացրեց դպրոցը, երբ արդեն վերացած էր համարում ամեն մի հոգատարության խնդիր մորեղբոր որդու նկատմամբ, շատ էր ցանկանում նրան իր մոտ տեսնել, գուցե հենց նրա համար միայն, որ, ինչպես ասում էր նա հաճախ Գեներալ Ալոշին, «ցանկանում էր իր ազնվության պտուղը մոտիկից ճաշակել»: Բայց հետո, Կարո Դարայանի Բաքու գալուց մի քանի ժամանակ անց, Արամ Անտոնիչը դադարեց հանկարծ իր «ազնվության պտուղի» մասին առհասարակ խոսելուց, իսկ երբ, լինում էր, հիշեցնում էին նրան իր «սանիկի» մասին -Արամ Անտոնիչը թթու դեմք էր շինում. Արամ Անտոնիչը ծամծմում էր զրույցը: Գեներալ Ալոշը սկզբում չէր հասկանում, ավելի շուտ՝ չէր իմանում բանի եղելությունը. բայց հետո նա իմացավ, եւ ահա բանը մինչ այնտեղ հասավ, որ Արամ Անտոնիչը մի գեղեցիկ օր էլ վերցրեց գրեց իր սանիկին, որը, ի դեպս, համարյա թե չէր էլ պատասխանում իր «բարերարի» նամակներին ո՛չ մի նշան չէր էլ ցույց տալիս այդ կողմերը երեւալու,-Արամ Անտոնիչը, ինչպես ասացինք, վերցրեց գրեց Կարո Դարայանին, որ չլինի թե վերջինս իր աչքին երեւա. իսկ եթե պատահի գալու լինի հայրենի քաղաքը -չլինի թե մտաբերե իր քեռու բնակարանը. քեռու բնակարանը «փուչ» սանիկի համար փակված կլինի: Այսպես էր գրել իր մորեղբորորդուն Արամ Անտոնիչը իր վերջին նամակում – ահա, այդ նամակը գրելուց երկու ամիս անց, որտեղից որտեղ, մեր պատմած դեպքերի նախօրյակին, մի գեղեցիկ առավոտ եկավ Կարո Դարայանը նաիրյան այդ քաղաքը կառքը կանգնեցրեց… ճիշտ պ. Մարուքեի բնակարանի առաջ: Այս վերջին հանգամանքը խիստ զարմանալի թվաց ոչ այնքան քաղաքացիների, որքան իրա -Արամ Անտոնիչի աչքին. բանն այն է, որ, ճիշտ է, Մոսկվա գնալուց առաջ երկու երեխաներ, ավելի լավ է ասել՝ երկու փողոցային խաղընկերներ, թեպետ եւ ճանաչելիս լինեին իրար պ. Մարուքեն եւ Կարո Դարայանը, բայց չէ՞ որ դրանից հետո այնքան էր ջուր հոսել, այն էլ տարբեր հուներով, որ ոչ մի հնարավորություն, թվում է թե, չպիտի մնար նրանց մտերմանալու: Դրանից հետո պ. Մարուքեն, ինչպես գիտենք, տեղական քաղաքային յոթնամյա դպրոցն էր ընկել, որից հետո, չգիտենք, թե ի՜նչ զարմանալի հրաշքով, եղել էր Բեռլինում, այնինչ Կարո Դարայանը գնացել էր Մոսկվա, ապա Բաքու, այնպես որ ո՛չ մի առիթ, ո՛չ մի հնարավորություն, թվում է թե, չեն ունեցել իրար հանդիպելու – եւ հանկարծ… Կարո Դարայանը վերադառնում է այդ քաղաքը եւ կայարանից քշում է ուղի՛ղ պ. Մարուքեի բնակարանը, ամենայն ճշտությամբ ասում է կառապանին պ. Մարուքեի հասցեն… Հասկանո՞ւմ եք՝ Կարո Դարայանը, ամբողջ քսան տարի ո՛չ հայրենի քաղաքի ո՛չ էլ պ. Մարուքեի դեմքը տեսնելուց հետո -ասում է կառապանին պ. Մարուքեի հասցեն եւ հին բարեկամի նման իջնում է նրա տանը, նախքան վերջինիս սենյակ մտնելը -դուրսը, հենց դռան առաջ, կառապանի կողքին մի պինդ համբուրվելով իրեն միանգամայն անծանոթ, բայց հրաշքով մտերմացած պ. Մարուքեի հետ… Այս բանն իր սեփական աչքերով տեսել է Կինտաուրի Սիմոնը, կոշկակարը ամենայն մանրամասնությամբ պատմել է ընկ. Վառոդյանին: Եվ ահա -հենց այդ Դարայանը, նա ինքը, ինչպես այս բոլորից կարող եք եզրակացնել՝ պ. Մարուքեի այդ հոգեկից ընկերն ահա, վերջինիս հետ քաղաքային այգում տեղի ունեցած այն ցավալի դեպքի երկրորդ օրը հավատացնում էր բոլորին, որ պ. Մարուքեն, ճիշտ է, հարբած է եղել: Կարծում եմ, որ ես իրավունք ունեմ Կարո Դարայանին, այդ, իմ կարծիքով ամենահավաստի աղբյուրին, լիովին հավատալու, նախ նրա համար, որ նա հետագայում հայտնի դարձավ քաղաքին, որպես միանգամայն մաքուր, անկաշառ մի անձնավորություն, ապա՝ նրան, պ. Մարուքեի այդ սրտակից ընկերոջը, իսկի էլ ձեռնտու չէր հարբեցողի դիպլոմ կպցնելը իր «հոգեկցի» ճակատին, մանավանդ որ այդ չարաբաստիկ «դիպլոմը» շատ շուտով պատճառ դարձավ պ. Մարուքեի ուսուցչական դիպլոմից զրկվելուն: Մի հանգամանք, որի մեջ խառն էր – եւ նա ինքն էլ չէր թաքցնում -Մազութի Համոյի մատը: Նա՝ Մազութի Համոն, որպես ծխական դպրոցների ավագ հոգաբարձու, ասել էր հոգաբարձական ժողովին, որ շտապ կարգով, որպես բացառություն, տեղի էր ունեցել ո՛չ թե Համո Համբարձումովիչի գրասենյակում, այլ եկեղեցու մոմավաճառքի խանութում, որտեղ միշտ պատրաստ էր լինում ծխական դպրոցների հոգաբարձական կազմը,-այդ կազմին ահա ասել էր, զայրույթի փրփուրը բերանին, Մազութի Համոն, որ «նաիրյան դպրոցում, ուր կրթվում, հասունանում թեւ է առնում մեր մատաղ սերունդը, որի ուսերի վրա, որի վտիտ ուսերի վրա վաղը պետք է ծանրանա նաիրյան- օ, ես հավատում եմ դրան,-պայծառ ապագան դարբնելու գործը,- հարգելի ժողովականնե՛ր, ես ասում եմ, այո, որ նման մի սրբազան վայրում, այն էլ ուսուցչի բարձր կոչումով, տեղ չպե՛տք է ունենան պ. Դրաստամատյանի նման հարբեցող ավարաները…»: Այսպես էր ասել ծխական դպրոցների հոգաբարձական կազմին, միանգամայն արդարացի լինելով, Մազութի Համոն,- եւ նրան, այդ կազմին, ոչինչ ուրիշ չէր մնում անելու, քան հաստատելու նրա կարծիքը եւ հեռացնելու պաշտոնից պ. Մարուքեին, որը եւ տեղի ունեցավ, ի մեծ անտարբերություն պ. Մարուքեի եւ ի մեծ ուրախություն ամբողջ քաղաքի -երկու օր անց:

Բժիշկ Սերգե Կասպարիչը այլեւս նստում էր զորակոչային ատյանում: Իսկ երեկոները, ըստ սովորության, նորից զբաղվում էր քաղաքային ակումբում մխիթարիչ թղթախաղով, բայց այն տարբերությամբ, որ այժմ հետզհետե խոշորանում էին գումարները, խաղամիջի գումարները. «տասը», «հիսուն», «հարյուրի»-ի տեղ կանաչ սեղանների շուրջը այժմ լսվում էին «երեք ու կես», «հինգ» «հավասար» բացականչությունները, որոնք, փոխաբերաբար հասկացվում էին, որպես հարյուրի ու հազարի հետ առնչություն ունեցող գումարներ: Երկրորդ աչքի ընկնող փոփոխությունը, որ առանձնապես դուր էր գալիս Սերգե Կասպարիչին, այն էր, որ նոր, միանգամայն «թարմ» մարդիկ էին սկսել հաճախել քաղաքային ակումբը, ըստ մեծի մասի երիտասարդ սպաներ, որոնք շատ շուտ ընտելանում էին բժշկին եւ, նրանից հետո, մնացած շրջանին՝ Օսեփ Նարիմանովին, Գեներալ Ալոշին, Արամ Անտոնիչին եւ մյուսներին. ես դիտմամբ առաջին հերթին չտվի Համո Համբարձումովիչի անունը, որովհետ նա թեկուզ չէր դադարել ակումբ հաճախել, բայց երեւում էր կանաչ սեղանի շուրջը ոչ պարբերաբար, ինչպես առաջ, այլ երբեմն-երբեմն, այլն էլ երեկոյան ուշ ժամերին, տասնմեկից հետո. ո՞վ, ո՞վ չգիտեր, որ օրըստօրե մեծանում, վիթխարի ծավալ էր ստանում Մազութի Համոյի հասարակական գործունեությունը, որով, իհարկե, քիչ տեղ էր մնում անձնական հաճույքներին՝ աննշան տեղ: Արդեն խոսում էին, արդեն շատ որոշակի շշուկներ էին շրջում քաղաքում – այդ շշուկները ինչ – որ առնչություն ունեին ընկ. Վառոդյանի հետ, արդեն տալիս էին հայտնի անուններ: «Անդրանիկ», «Դրո», «Քեռի», – խոսում էին արդեն տներում ու փողոցներում: Եվ այդ անունները կապվում էին, ինչ – որ անհայտ թելերով կապվում էին այդ անունները Մազութի Համոյի գրասենյակին. ինչ – որ անհայտ կողմերից երկարվում էին, ասես, աներեւույթ թելեր փաթաթվում էին «Լույսի» կառավարիչ Մազութի Համոյի շուրջը, նրա հետ առընթեր մեջ առնելով նա ընկ. Վառոդյանին, այո, նախ առաջ ընկ. Վառոդյանին, ապա բժշկին Օսեփ Նարիմանովին: Չգիտենք՝ կապ ունեի՞ն արդյոք այդ շշուկներին, թե ոչ, բայց այդ օրերին էր հենց, որ Հինգհարկանի Շենքի հրամանների կողքին մի առավոտ քաղաքացիք փակցրած գտան -ուրիշ, նաիրատառ հրամաններ, ճիշտն ասած՝ հայտարարություններ, որոնց ներքեւում, սպիտակի վրա սեւով ստորագրված էր՝ տպված էր նաիրատառ՝ Համազասպ Աստվածատրյան. – դա հենց ի՛նքն էր՝ «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչ Ասատուրովը – Մազութի Համոն…

Այդ հայտարարությունները կանչում էին քաղաքացիներին, կանչում էին, ինչպես ասված էր նրանցում – կիրակի, ցերեկվա ժամը 12-ին, ամառային ակումբի դահլիճը – «Հասարակական ժողովի»: Գրված էր, նույնպես ասված էր նրանցում, որ -«Ներկա մոմենտի մասին կբանախոսե Համազասպ Աստվածատրյանը»-(կարդա՝ Մազութի Համոն) ապա՝ «Բանախոսությունից հետո տեղի կունենա մտքերի փոխանակություն մի շարք կարեւոր հարցերի մասին. մուտքը ազատ է բոլորի համար. պատասխանատու կարգադրիչ՝ Համազասպ Աստվածատրյան» – ահա այդ հայտարարությունների բովանդակությունը:

Կարդաց-կարդաց այդ հայտարարությունը վարսավիր Վասիլը, նրա դեմքը, չգիտեմ ինչու, գարնան առավոտի նման, զվարթ, բացվեց. կարծես յուղ քսեցին վարսավիրի դեմքին: Ձեռքերը իրար շփելով՝ մտավ Կինտաուրի Սիմոնի կոշկակարանոցը վարսավիր Վասիլը եւ զվարթ բացականչեց. «Մազութի Համոն էլի կանչել է քեզի, տո՛, Կլուբի Մեյմուն, բանե խաբա՞ր ես հեչ…«: Կոշկակար Սիմոնը կարծեց, թե ճիշտ որ կանչում է իրեն Մազութի Համոն. դանակը վար դրեց Կինտաուրի Սիմոնը եւ ելավ ոտքի: «Ո՞ւր ա, ո՞ւրտեղ է», – թեկուզ խոցված վարսավիրի կոպիտ հորջորջումից, բայց ներքուստ հպարտացած, որ, ա՛յ, ինքը եւս առնչություն ունի այնպիսի անձնավորության հետ, ինչպիսին է Համո Համբարձումովիչը – Մազութի Համոն: «Ո՞ւրա»,- շողոքորթ ժպտալով՝ հարցրեց Կինտաուրի Սիմոնը վարսավիր Վասիլին, կարծելով, որ դուրսը, դռան մոտ, երեւի, կանգնած սպասում է իրեն Մազութի Համոն: «Ա՛յ», – պատասխանեց, մեջքը թեքելով կռնակը դեպի Կլուբի Մեյմունը դարձնելով, վարսավիր Վասիլը. ու ցուցամատը տարավ, ցույց տվեց… իր այն տեղը, որի վրա ծննդյան օրից նստում էր նա: Հասկացավ Կլուբի Մեյմունը, գլխի ընկավ նա, որ «ձեռ է առել» իրեն վարսավիր Վասիլը. – «Թո՛ւ, մարդ, նամուսիդ«,-թքեց Կինտաուրի Սիմոնը վարսավիրի հետեւից. բայց նա, խռպոտ հռհռալով, ցատկել էր արդեն դուրս: Վարսավիր Վասիլը արդեն չկար:

Բայց ես մոռացա ասեմ, որ Մազութի Համոյի նույն այդ հայտարարությունների կողքին, նույն այդ օրը, փակցրած կային եւս ուրիշ հայտարարություններ, որոնց ճակատին տպված էր թեեւ «Լույս» Նավթարդյունաբերական Ընկերության կողմից» ծանուցումը, սակայն նրանց ներքեւում եւս տպված էր նորից նրա, անխուսափելիորեն նրա – Մազութի Համոյի ստորագրությունը: Նրանցում, այդ մյուս հայտարարություններում, ծանուցվում էր ի լուր հանրության, որ -«Ապրանքատեղափոխության պայմանների դժվարանալու պատճառով՝ «Լույսի» վարչությունը պատիվ ունի հայտնելու արգո հասարակությանը, որ սույն թվից սկսյալ նավթը վաճառվելու է փութը մի ռուբլի հինգ կոպեկով»-այսինքն՝ նախկին գնից փթին 15 կոպեկ ավելով: Չնայած Համազասպ Աստվածատրյանի առաջին հայտարարության առանձին խորհրդավորությանը եւ անհասկանալի ոճին՝ Մազութի Համոյի այս երկրորդ հայտարարությունն ավելի հուզեց քաղաքացիների միտքը, քան առաջինը: Մանավանդ որ չար լեզուներն սկսեցին խոսել,- այս լեզուների շարքում իր առանձնահատուկ տեղն ուներ պ. Մարուքեի լեզուն,-որ նավթի գինը բարձրացնելու խնդրում մատ չունի «Կենտրոնը», այսինքն՝ «Լույսի» կենտրոնական՝ Բաքվի վարչությունը, այլ որ այդ հետեւանք է իրա -Մազութի Համոյի սեփական ձեռներեցության, մի բարեմասնություն, որով այնքան հարուստ էր Մազութի Համոն եւ որի շնորհիվ նա քանիցս արժանացել էր կենտրոնական վարչության առանձին ուշադրությանը, հատուկ հարգանքին: Չգիտենք, որքան հիմք ունեին այդ զրույցները, բայց մենք, աչքի առաջ ունենալով ռուսական հայտնի առածը, տրամադիր ենք կարծելու, որ այդ «ծուխը» եւս պիտի նախապայման ունենար եթե ոչ իսկական մի «կրակ», գոնե կրականման մի բան: Սիրելի ընթերցո՛ղ, քո աչքից թող չխուսափե իմ այս միանգամայն «նուրբ», միանգամայն զգուշավոր վերաբերմունքը դեպի Մազութի Համոյի անձնականին ուղղված զանազան «ասեկոսեները». ո՞ր, ո՞ր, ասացեք խնդրեմ, քիչ թե շատ համարում ունեցող հեղինակը կարող է ցանկանալ, որ իրեն մեղադրեն բամբասանքի մեջ դեպի իր հերոսը -նո՛ւ, եթե ոչ «հերոսը», գոնե իր վեպի նշանավոր, այո՛, կենտրոնական անձնավորություններից մեկը: Իսկ ինձ համար, մանավանդ, ոչ միայն որպես հեղինակի, այլ որպես մարդու -ուրեմն կրկնակի կերպով անհաճելի պիտի լիներ նման մեղադրանքը, որովհետեւ, զգում եմ, որ եթե ես թույլ տայի ինձ գոնե մի, թեկուզ ամենաչնչին, անբարեխղճություն գրությանս առարկա անձնավորության հասցեին -ապա հետեւեին, խղճի խայթի նման հսկեին պիտի անքուն գիշերներս Մազութի Համոյի կայծկլտող աչքերը՝ ուտեին պիտի սիրտս: Պիտի նայեին նրանք, հսկեին պիտի խղճմտանքս -կախաղանի բարձունքից պարզեին պիտի դեպի խիղճս Մազութի Համոյի տառապյալ աչքերը -նախատինքի, այո, մորմոքի ասեղներ…

Կիրակի, ինչպես գրված էր հայտարարության մեջ՝ ցերեկվա ժամը 12-ին արդեն կանգնած էր Մազութի Համոն ակումբի դահլիճի դեռ չբարձրացրած վարագույրի հետեւը եւ պատրաստվում էր սկսելու: Նայում էր վարագույրի արանքից դահլիճում հավաքված հասարակությանը սրտմտում էր կարծես. կողքին կանգնած էր ընկ. Վառոդյանը եւ նույնպես ցույց էր տալիս դժգոհության նշաններ: Բանն այն էր, որ այնքան էլ, կարծես, դահլիճը լիքը չէր: Առաջին շարքում, կողք կողքի, նստած էին՝ Գեներալ Ալոշը, Օսեփ Նարիմանովը, բժիշկը: Արամ Անտոնիչը երկրորդ կարգի առաջին նստարանն էր ընտրել եւ քիթը վեր տնկած, հոտոտում էր օդը. փնտրում էր օդի ալիքներում ինչ-որ ծանոթ մի բան, բայց, կարծես, չէր գտնում: Նրանից երկու նստարան այն կողմը նստել էր կոշկակար Սիմոնը -Կլուբի Մեյմունը: Վարսավիր Վասիլը նրա հետեւում դրված նստարանն էր ընտրել եւ, նայելով կոշկակարի ծոծրակին, շոյում էր մորուքը: Բացի այս հարգելի նաիրցիներից, եթե Հաջի Մանուկոֆին, ռեալականի օրիորդաց գիմնազի մի քանի ուսուցիչ-ուսուցչուհիներին, ծխականի վարժապետ-վարժուհիներին, տեր Հուսիկ քահանա-Խաչագողին եւ պ. Աբոմարշին էլ թվենք -սրանով համարյա թե սպառած կլինենք չափահաս քաղաքացիների կոնտինգենտը, եթե, իհարկե, այդպիսիների շարքին չդասենք մի քանի ուսանող-ուսանողուհիներին մի շարք աշակերտներին (մեծ մասը Գեւորգյան ճեմարանից), որոնք կարծես թե իրենք էլ զգալով իրենց անչափահաս լինելը՝ շարվել էին պատերի երկայնքին եւ բռնել էին մուտքը՝ չնայած որ դահլիճում դեռ, բավականին թվով, մնացել էին դատարկ նստարաններ:

Տասներկուսից տասը անց Մազութի Համոն անհանգստացավ. նայեց ժամացույցին, նայեց ընկ. Վառոդյանին. «Հարկավոր է սկսել»,-ասաց ընկ. Վառոդյանին Մազութի Համոն: Ընկեր Վառոդյանը դուրս եկավ մի վայրկյան, ծառային կարգադրեց – եւ ահա, երբ կրկին վերադարձավ հայտնեց Համո Համբարձումովիչին, որ իսկույն կսկսեն -դրսից, ակումբի դռնից, լսվեց զանգի ձայնը, որից հետո դահլիճ մտնել սկսեցին մի քանի նոր անձնավորություններ, մի երկու ուսանող, մի երկու եկվոր սպաներ. վերջին մտնողը պ. Մարուքեն էր, հետեւից՝ Կարո Դարայանը, որ տեղավորվեցին վերջին շարքի նստարաններին. ապա դուռը փակվեց, վարագույրը բարձրացավ…

Եվ ահա այստեղ էր, որ հանդիսականների աչքին ներկայացավ մի բավականին տարօրինակ, անսպասելի տեսարան. բեմի աջ անկյունում դրված էր ամբիոնանման մի հարմարություն, որի կողքին կանգնած էր Մազութի Համոն, իսկ բեմի կենտրոնում, նույն ճակատագրական կանաչ սեղանի առաջ (ուրիշ սեղան երեւի չէր ճարվել ակումբում) նախագահական աթոռի վրա նստած էր, որպես նախագահ -երեւակայո՞ւմ եք -ընկ. Վառոդյանը… Վա՛տ, վա՛տ հոտ էր փչում, ինչպես հետագայում ասում էր պ. Մարուքեն, նաիրյան այդ ժողովից -ասում էր, ինչպես ասացինք, հետագայում, երբ արդեն պատմության գիրկն էր անցել այդ ժողովը արդեն եւ ակնբախ էին դարձել նույնիսկ Մեռելի Ենոքի աչքին, նրա աղետավոր հետեւանքները… Բայց ա՛յն, ա՛յն ժամանակ ո՞նց հասկանար այդ «վատ հոտը» -չասենք Մեռելի Ենոքը, որն ընդհանրապես քիչ բան էր հասկանում, այլ, ասենք, հենց մանրավաճառ Կոլոպոտյանը, որ իսկի չէր էլ եկել ժողովի կամ նաիրցի արհեստավորը, որ չէր էլ լսել այդ ժողովի մասին եւ եթե լսեր էլ -քիչ բան պիտի հասկանար: Ո՞նց, ո՞նց իմանար նեխած ձկան նման վագոնները լցված նաիրցի տրեխավորը, ո՞նց հասկանար այդ «վատ հոտը» նա, որ առաջին անգամն էր, ելած իր մութը խուղից, երկաթագիծ տեսնում նրա անհայտ հեռուներից սարսափահար՝ լալիս էր պառավանման երգում էր, պառավաձայն, վայրենի իր «Տանըմը»-փակ, անդուռ վշտի հանճարեղ այդ ոռնոցը, որ պատիվ կարող էր բերել ամեն մի, ձմռան կեսգիշերին դունչը լուսնին տնկած, սարսափահար գայլի…

Տասներկուսից տասնհինգ անց այդ ժողովը բացվեց:

«Ըհը՛, ըհը՛«,-երկու մատը շրթունքներին տանելով, չոր հազաց ընկ. Վառոդյանը. ասաց բացման խոսքը՝ կարճ ազդու: «Տիկիններ եւ պարոններ»,- սկսեց իր խոսքը ընկ. Վառոդյանը, թեկուզ, կարծեմ, ոչ մի տիկին չկար դահլիճում, եթե, իհարկե, չհաշվենք ծխականի վարժուհի օր. Սաթոյին, որին փոխաբերական մտքով միայն, թերեւս, կարելի էր «տիկին» անվանել, այն էլ եթե նման մի անքաղաքավարություն թույլատրելի լիներ նաիրյան ժողովներում: Ընկ. Վառոդյանը իր բացման խոսքում, մոտավորապես, ասաց, որ «մեծ օրեր» են եկել, նշանակալից օրեր ամեն մեկի համար, բոլոր ժողովուրդների համար եւ, մասնավորապես, նաիրյան ժողովրդի համար: Նա հայտնեց, որ պ. Համազասպը կզեկուցե այդ նշանակալից օրերի ամբողջ կարեւորության մասին եւ համոզված է, որ արգո հասարակությունը միանգամայն հասուն, աչալուրջ վերաբերմունք կցուցահանե դեպի դրված խնդիրները: «Խոսքը, զեկուցման համար, տրվում է պ. Համազասպին»,-ասաց ընկ. Վառոդյանը եւ նստեց: Եվ մինչ կմոտենար ամբիոնին պ. Համազասպը, մինչ կխմեր ջուրը -դահլիճում, Գեներալ Ալոշի առաջնորդությամբ, ներկաներն հազալ սկսեցին եւ կոկորդները մաքրել, կարծես իրենք պիտի, բոլորը մեկ, ատենախոսեին: Բայց շուտով տիրեց լիակատար լռություն, Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն, վերջապես, սկսեց…

Ես չեմ կարող, իհարկե, արագագրական ճշտությամբ վերարտադրել այստեղ Մազութի Համոյի այդ պատմական, այդ նշանավոր ճառը: Բայց ձեւականը, այսինքն՝ նրա շարժումների, ձայնի, առոգանության այլ նրբությանց նկարագրությունը մի կողմ թողնելով, որովհետեւ, սիրելի ընթերցող, դա վեր է իմ ուժերից,-ես կաշխատեմ պատմել, ամենայն ճշտությամբ, նրա այդ պատմական ճառի բովանդակությունը կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ կորիզը,- եւ թող ներե ինձ Համո Համբարձումովիչի տառապյալ ստվերը, եթե ես, ինձնից անկախ պատճառներով, թույլ տամ թեկուզ ամենաաննշան, մազաչափ անճշտություններ:

«Խաչատուր Աբովյանը, «Վերք Հայաստանի, ողբ հայրենասիրի» իր հայտնի վեպում պատմում է, թե ինչպես Լիդիացվոց Կրեսոս թագավորի համր լեզուն բացվում է մայրենի լեզվի հրաշալի հրաշքով»:-Այսպես մանվածապատ, այսպես բանաստեղծական սկսեց իր այդ նշանավոր ճառը Մազութի Համոն: Իմաստն այն է, պարզաբանեց նա հետո, որ հայրենազուրկ մարդու գոյությունը մի վերք է, մի յարա, իսկ մայրենի լեզուն -հրաշարար բալզամ: Դուք գիտեք, թե ինչպիսի՜ մեծ սիրով, ինչպիսի մեծ ոգեւորությամբ քնարերգել են բոլոր մեծ բանաստեղծները, ինչպես մեր Ալիշանը եւ Գամառ Քաթիպան,-շարունակեց հետո Մազութի Համոն,-իրենց հայրենի երկիրը, իրենց հայրենի աշխարհը -իրենց հայրենիքը: Ինչո՞ւ,- հարցը, շեշտակի, դրեց Մազութի Համոն,-որովհետեւ, ինչպես հայտնի է բոլորին եւ ինչպես համոզված է ինքը -այդ երկու գաղափարը, այդ երկու հասկացողություններն են -մայրենի լեզու եւ հայրենի երկիր- որ, հարմոնիկ կերպով շաղկապվելով իրար, ստեղծում են այն մեծ, այն, ամեն մի ժողովրդի զարգացման պսակը կազմող, հոյակապ շենքը, որ կոչվում է ազգություն: Հայրենի երկիր մայրենի լեզու. ահա՛ այն երկու հզորագույն ազդակները, որ շաղկապելով իրար, ամեն մի զարգացած ժողովրդից, ամեն մի ցաք ու ցրիվ ցեղից կազմում են անքակտելի մի միավոր,-կազմում են, ինչպես ասաց, կենդանի մի օրգանիզմ- մի ամբողջական ազգություն: Բայց հարց տանք, հարց տանք մեզ ամենից առաջ, թե ի՞նչ է կոնկրետ կերպով իրենից ներկայացնում ազգություն միավորը կազմող իր առաջադրած անդամներից առաջինը-հայրենի երկիրը: Եվ, իհարկե, ոչ ոքի համար նորություն չի լինի, եթե նա ասի, որ դա այն հողն է, որի վրա ապրել են տվյալ ժողովրդի նախորդները, այն հողն ու ջուրն են, որով սնվել են, դարերի ընթացքում կյանք են ստացել տվյալ ժողովրդի պապերը, պապերի պապերը, նրանց էլ պապերն ու պապերի պապերը: Ինքը նրա համար է այնքան անգամ կրկնում «պապերը«, որովհետեւ ցանկություն ունի արգո հասարակության առանձնակի ուշադրությունը հրավիրել այն, ավելի քան կարեւոր եւ տվյալ դեպքում հիմնական հանգամանքի վրա, որ «հայրենիք» գաղափարը կապված է ո՛չ միայն այն հողի, այն երկրամասի հետ, որի վրա ապրում է հիմա տվյալ ժողովուրդը. օ, ոչ, իհարկե ոչ, հարգելի հանդիսականներ: Այստեղ ինքը՝ Մազութի Համոն, հարկադրված է կիրառել ազգային հարցի շուրջը գոյություն ունեցող գիտական գրականության այն հիմնական տեսակետը, որ կոչվում է «պատմական տեսակետ»: Բանն այն է, այն է, հարգելի հանդիսականներ, որ հայրենիք կոչվածը մի օրում չի շինվում, մի օրում չի՛ կազմակերպվում, հայրենիքը կազմվում է դարերի ընթացքում եւ ժառանգություն է մնում դարերի ժառանգներին: Եթե օրինակով խոսելու լիներ, մի՞թե միայն սա՞, միթե միայն փոքրիկ այդ քաղա՞քն է իրենց հայրենիքը… Ծիծաղելի կլիներ, եթե այդպես մտածեին: Օ, նա գիտե, Մազութի Համոն համոզված է միանգամայն, որ ո՛չ ոք արգո հանդիսականներից այդպես չի մտածում: Բայց ինչո՛վ, ինչո՛վ պիտի հաստատեն իրենք, որ այսինչ կամ այնինչ երկրամասը, որի վրա ապրում են այսօր բոլորովին տարբեր, օտար ցեղեր- ինչի՞ հիման վրա կարելի է պնդել, որ այդ երկրամասը եւս կազմում է այսինչ ժողովրդի հայրենիքը, նրա օրինական սեփականությունը: Ոչ այլ ինչով, եթե ոչ կենդանի պատմությամբ, այսինքն՝ գոյություն ունեցող այն պատմական հետքերով, որ թողել է տվյալ ժողովուրդը տվյալ երկրամասերում. ահա՛ թե ինչ, ահա՛ թե որտեղ է հարցի կենտրոնը, հարգելի հանդիսականներ: Ուրեմն, պարզ ասած, հայրենիք գաղափարի հիմքն է կազմում տվյալ ժողովրդի կուլտուրան, կուլտուրական անցյալը- ահա ամենաէականը:-

«Ուրեմն, հիմնական այս տեսակետը պարզաբանելուց հետո, պարզ պիտի լինի ամեն մեկի համար, որ այսինչ ցեղը կամ ժողովուրդը, որ, դեպքերի բերումով դարեր շարունակ տիրել է տվյալ երկրամասին իր ապրած վայրում ոչ մի հետք, ոչ մի կուլտուրական արձան չթողնելուց բացի՝ քանդել է այդ միեւնույն տեղում ապրած ու վաստակած ժողովրդի հնագույն հետքերը,-պարզ է, հարգելի հանդիսականներ, որ նման մի ցեղ ո՛չ մի իրավունք չունի խոսելու իր այդ ժամանակավոր ապաստանի մասին, որպես «հայրենիքի»: Երկա՜ր-երկա՜ր խոսեց այս ուղղությամբ Մազութի Համոն, բերեց կոնկրետ օրինակներ, ինչպես «մենք եւ ոսոխը», ապա անցավ իր առաջադրած «երկու հիմնական հասկացողություններից» երկրորդին- մայրենի լեզվին: Ինչպես հոգին է՝ մարմնի մեջ, ինչպես հոգին է շնչավորում չոր մարմինը եւ կենդանի կապակցություն ստեղծում մարմնի բոլոր մասերի, բոլոր անդամների, բոլոր բջիջների մեջ -այնպես էլ լեզուն, մայրենի լեզուն, այն հոգին, այն, ավելի լավ է ասել՝ ցեմենտն է, որ միացնում է տվյալ ժողովրդին իր, դարերից ժառանգություն մնացած, հայրենիքում, կապում է այդ ժողովրդի անհատներին իրար, կերտում է նրանցից այն անքակտելի միավորը, որ կոչվում է «ազգություն»: Ահա՛ թե ի՛նչպես է լուծում լեզվի եւ հայրենիքի, այսինքն՝ մի խոսքով ասած՝ ազգության պրոբլեմը ժամանակակից գիտությունը, հարգելի հանդիսականներ: Ուրեմն, պարզ ասած, «հայրենիքը» տվյալ ազգության մարմինն է, իսկ «լեզուն»- հոգին: Ուրեմն, հարգելի հանդիսականներ, եթե մենք հարցը կոնկրետացնենք եւ կիրառել ուզենանք մեր հայրենի իրականությանը, պիտի ասենք.-ահա՛ մեր հոգին, ահա՛ մեր մարմինը: Վաղո՜ւց, վաղո՜ւց է արդեն, որ բաժանված է մեր հոգին մեր մարմնից, բայց, հարգելի հանդիսականներ, քանի դեռ կենդանի է հոգին- կենդանի է մարմինը: Ինչքան էլ «լեզուն» եւ «հայրենիքը» անքակտելի օղակներ կազմեն «ազգություն» կոչված կենդանի միավորի, բայց պատմության մեջ շատ անգամ պատահել են դեպքեր, երբ որեւէ ազգություն, դեպքերի դժբախտ բերումով զրկվելով մեկից, կառչել է մյուսին, այդպիսով հնարավորություն է ունեցել չձուլվել օտարներին, պահել իր ազգային դեմքը, ինչպես մենք, արգո հանդիսականներ, ինչպես նաիրցիներս: Եվ այսօր, բայց ավելի լավ է ասել՝ մինչ օրս, որովհետեւ նո՜ր, նո՜ր պայծառ հեռանկարներ են բացվում այսօրվանից մեր առաջ, հարգելի հանդիսականներ,-ի՞նչ, ի՞նչ էինք մենք մեզանից ներկայացնում, որպես ազգություն. ես կասեի՝ հոգի առանց մարմնի. հոգեւոր ազգություն: Որովհետեւ, այո, մայրենի լեզո՛ւն էր միայն, որ դեռ պահում էր մեզ, պաշտպանում էր ձուլման վտանգից – եւ նրա՛, նրա շնորհիվ էր միայն, որ մենք, ուրիշ շատ եւ շատ ազգերի, ինչպես, օրինակ, Ասորեստանի եւ Բաբելոնի նման կորստյան չմատնվեցինք… Ո՞րն էր, ո՞րն էր Նաիրին մինչ օրս, հարգելի հանդիսականներ. ո՞րն էր, այո,-կենդանի Նաիրին:-Նաիրին ե՛ս էի, հարգելի հանդիսականներ, Նաիրին դո՛ւք էիք եւ բոլոր նրանք, որոնք մեզ նման խոսում էին նաիրյան քաղցր լեզվով, որի մասին այնպիսի հրաշքներ է պատմում Խաչատուր Աբովյանը… Ես հիմա խոսում եմ,- հիշում եմ, ձայնը բարձրացնելով, մարգարեական հուզմամբ բացականչեց, ոգեւորված, Մազութի Համոն.-ես խոսում եմ հիմա Հոգեւո՛ր Նաիրիի մասին, հարգելի հանդիսականներ,- այս իմաստով ես կարող եմ ասել, որ Նաիրին այնտեղ է, որտեղ կա գոնե մի նաիրցի: Առաջին՝ մարմնավորի հայրենիքի իմաստով՝ Նաիրին այնտեղ է, որտեղ ապրել են մեր պապերը, մեր պապերի պապերը եւ նրանց էլ պապերի պապերը, հարգելի հանդիսականներ,-այնտեղ է, ասենք -Վանում, Բիթլիսում, Դիարբեքիրում. այնտեղ է -Կիլիկիայում, Դերսիմում, Գարահիսարում. իսկ երկրորդ՝ լեզվի, հոգեւորի իմաստով -Նաիրին, կրկնում եմ, այնտեղ է, որտեղ կա, որտեղ ապրում է այսօր գոնե մի նաիրցի: Իսկ որտե՞ղ, որտե՞ղ, ասացեք խնդրեմ, չկա, չի ապրում հիմա մեր եղբայր նաիրցին… Որտե՞ղ, աշխարհի ո՞ր, թեկուզ ամենահեռավոր անկյունում, չկա, ոտք չի դրել հայրենազուրկ նաիրցին…Տարել է, տարել է իր հալածված ստվերը, տարել է աշխարհից աշխարհ թափառական նաիրցին: Ելել է նա, նաիրցին -հինգ դար առաջ ելել է հայրենի աշխարհից ու թողել է հնամյա իր անունը աշխարհի բոլոր կողմերի վրա թափառական նաիրցին: Եվ այսօր ահա արդեն հնչում է ժամը, հարգելի հանդիսականներ. ժամանակ է արդեն, որ գա, ետ դառնա նորից հնամյա իր երկիրը աստանդական նաիրցին: Եվ արդեն -արդեն՝ աշխարհի հեռու, ամենախուլ անկյուններից պարզում է իր ձեռքը դեպի իր հայրենիքը, պարզում է դեպի հայրենի Նաիրին -աստանդական զավակը. մարմինը կորցրած ուրվականի նման՝ մարմնանալ է ուզում հազարամյա Նաիրին… Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս մարմնանա…«-Այստեղից էր ահա, որ անցավ Մազութի Համոն «ներկա մոմենտին»:

Պետք է, սակայն, նկատել, որ Մազութի Համոյի այդ պատմական բանախոսության առաջին, տեսական մասը բավականին քիչ, համարյա աննկատելի ուշադրության արժանացավ հանդիսականների կողմից: Հանդիսականները, ճիշտ է, չէին աղմկում, չէին էլ հազում կամ անհանգստանում տեղերում, այլ այնպես, կարծես թե չկային, կարծես թե, ինչ-որ մի անխուսափելի պարտականություն կատարած լինելու համար՝ ականջները դեմ էին տվել սատանի ջրաղացի. ոչ ջուր էր լցվում ականջները, ոչ մտքի հատիկ: Բանախոսության երկրորդ մասը, սակայն, բավականին հետաքրքրեց եւ նույնիսկ այն աստիճանի հուզեց հանդիսականներին, որ մինչեւ անգամ Կինտաուրի Սիմոնը -Կլուբի Մեյմունը, ձայն առավ եւ… համարյա թե խոսեց:

«Դուք գիտեք,-ասաց Մազութի Համոն՝ հարցի գործնականին անցնելով,-որ, երկրորդ շաբաթն է արդեն, ինչ պատերազմ է հայտարարված մեր դարավոր թշնամուն- ոսոխին: Մեր հաղթապանծ զորքերն արդեն մտել են թշնամու սահմանները,-մո՜տ է, մո՜տ է արդեն փառավոր այն օրը, երբ մեր փառավոր զորքերը Էրզրում կմտնեն: Ծանրության կենտրոնը հիմա նրանումն է, որ մենք, նաիրցիներս, հարկ եղած լրջությամբ գիտակցենք, հասկանանք լիովին այն խոշոր նշանակությունը, որ ունեն այդ անցքերը եւ կարող են ունենալ մեր հարցի համար: Բավական է գիտակցել այս հանգամանքը միայն, որպեսզի հասկանանք, որ չի կարելի այսօր, այո՛, չի կարելի ձեռքերը ծալած նստել. հարկավոր է ցույց տալ մեզ բոլորիս համար նվիրական գործին ամենայն աջակցություն, լիակատար աջակցություն: Թե՛ բարոյական եւ թե՛, մանավանդ, նյութական: Դուք գիտե՞ք,-ձայնը բարձրացնելով եւ խորին հուզմունքով բացականչեց հանկարծ Մազութի Համոն,-որ ես հայտնեմ պիտի հիմա մի ուրախալի, մի, բացառիկ նշանակություն ունեցող, խոշոր նորություն.-թագավոր կայսեր ստորագրությամբ գրություն է ստացվել փոխարքայի հասցեով, որով թույլատրվում է մեզ կամավորական բանակներ կազմակերպել -ուրիշ խոսքով ասած՝ մեր սեփական, այո՛-նաիրյան զորքն ունենալ՝ մեր հին հայրենիքի գրավված վայրերը պաշտպանելու համար…»:

Դեռ չէր վերջացրել իր այս նախադասությունը Մազութի Համոն, երբ, կարծեմ բժիշկ Սերգե Կասպարիչի նշանով, դահլիճում ծայր առավ մի կատաղի ծափահարություն: Հանդիսականներից շատերը, ինչպես Կինտաուրի Սիմոնը եւ վարսավիր Վասիլը, ոգեւորության այն աստիճանին հասան, որ սկսեցին ոտքերը գետնին խփել բացականչություններ անել: Բայց հնչեց նախագահի,-չոր, հատու,-հնչեց ընկ. Վառոդյանի զանգը նախագահական տեղից. դահլիճում տիրեց լռություն: Բաժակից ջուր խմեց, առիթից օգտվելով, Մազութի Համոն եւ շարունակեց.-«Սա նշանակում է, որ կայուն, իրական հողի վրա է դրվում այսօրվանից մեր հարցը- մեզ մնում է գրկաբաց առաջ գնալ ստեղծված հնարավորություններին՝ աճապարել կազմակերպված դիմավորել մեր տառապյալ հայրենիքի վերջնական ազատագրմանը»:-Այստեղ նորից, չնայած մի վայրկյան առաջ էր խմել -բաժակից ջուր խմեց Մազութի Համոն -«բայց դեռ ես չեմ հայտնել, հարգելի հանդիսականներ, ամենաէականը»,-ասաց Մազութի Համոն խորհրդավոր ձայնով. երեւում էր, որ ուզում էր հայտնել չափազանց կարեւոր, նշանակալից մի նորություն, բայց դժվարանում էր ձեւավորել: «Ես պիտի հայտնեմ ձեզ, հարգելի հանդիսականներ,-ասաց, շրթունքները սրբելով, նա վերջապես,-որ նույն այդ բարձրագույն գրությամբ-ամենահավաստի աղբյուրից մենք տեղեկություն ենք ստացել- բավականին, այո՛, բավականին որոշ խոստումներ են տրվում մեզ ապագայի նկատմամբ- եւ մենք ամենայն վճռականությամբ կարող ենք ասել, որ բացի ընդհանուր բարյացակամ վերաբերմունքից դեպի մեր «Հարցը»- մենք արդեն ունենք իրական, ապա ուրեմն պաշտոնական երաշխիքներ ամենաբարձր ինստանցիաներից գրավոր տրված…»:

Այստեղ նորի՛ց, նորից դղրդաց դահլիճը հախուռն ծափահարություններից, ապա անցնելով բանախոսության վերջաբանին, դեպի հասարակությունն եկավ, ամբիոնի մոտից հեռանալով, Մազութի Համոն եւ ասաց, մոտավորապես, հետեւյալը. «Մեծ, վճռական, պատմական օրեր ենք ապրում, հարգելի հանդիսականներ,- հարկավոր է, որ մենք, պարզ ու որոշ կերպով, ցուցահանենք մեր կազմակերպված վերաբերմունքը դեպի կատարվող անցքերը: Պետք է գիտենանք օգտվել առիթից -շեշտեց, խրատական շեշտով, Մազութի Համոն: Հարկավոր է գործով, այո՛, ոչ թե խոսքով, օգնության գալ այսօր հայրենիքի ազատագրման նվիրական գործին, պարզ ասած՝ պետք է ժողովըրդական ամենալայն խավերի սեփականություն դարձնենք կամավորության գաղափարը: Թող գրվի՛, ով որ կարող է, ով որ ընդունակ է զենք վերցնելու -թող գրվի՛ նա կամավոր,- այն ժամանակ գալիք սերունդների առաջ մենք, հպարտությամբ, այո՛, իրավունք կունենանք ասելու, որ արինք, ինչ որ պահանջվում էր մեզանից պատմական այս ծանր վայրկյանին,-կատարեցինք, այո, որդիական մեր պարտքը դեպի մեր թանկագին հայրենիքը, դեպի, ես հավատում եմ, այո, օ՜, ես չեմ կասկածում -վերածնվող Նաիրին…»:

Այսպես, մոտավորապես, վերջացրեց իր պատմական այդ բանախոսությունը Մազութի Համոն եւ հանդիսականների կողմից, ինչպես կարելի էր սպասել, արժանացավ բուռն, անսահման ծափահարությանց: Ո՞վ էր, ո՞վ էր, չգիտեմ, սկսողը, բայց, մի վայրկյան չանցած, ամբողջ դահլիճը, ոտքի ելնելով, երգում էր նաիրյան հիմնը. դահլիճը, մի մարդու նման, Սերգե Կասպարիչի ղեկավարությամբ, երգում էր «Մեր Հայրենիքը»:

Հետո սկսվեց մտքերի փոխանակությունը: Մտքերի փոխանակությունն սկսեց Սերգե Կասպարիչը, բժիշկը: Ապա խոսեցին՝ Օսեփ Նարիմանովը, Արամ Անտոնիչը, պ. Աբոմարշը, տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Բոլորն էլ համամիտ էին պ. Համազասպին. բոլորն էլ ցանկություն էին հայտնում, ուժերը ներածին համեմատ, օգնության գալ «ընդհանուր գործին»: Ամեն ինչ լավ էր գնում մինչ այդ, ամեն ինչ գնում էր, ինչպես հալած յուղ, եւ արդեն պատրաստվում էր իր գործնական առաջարկը մտցնել ընկ. Վառոդյանը, երբ, հանկարծ, միանգամայն անսպասելի, աննախագուշակելի կերպով, պատահեց բավականին անախորժ, աներեւակայելի մի թյուրիմացություն: «Կարելի՞ է մի խոսք»,- հնչեց հանկարծ ներկաների 90, գուցե 99 տոկոսին անծանոթ մի ձայն դահլիճի ամենածայրից. բոլորը ետ նայեցին, իսկ Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը -առաջ. անտեղի էր այդ ձայնը եւ անսպասելի: Նայեց, ճարպոտ վիզը հազիվ ետ շրջելով -նայեց դեպի ձայնը եւ Արամ Անտոնիչը. նա միակն էր, գուցե, դահլիճում, որ ճանաչում էր այդ ձայնը: Ձայն խնդրող ձայնը Արամ Անտոնիչի «սանիկինն» էր- Կարո Դարայանինը: Գուշակեց Արամ Անտոնիչի սիրտը, որ լավ բան չի կարող պատահել, դեմքը հանկարծակիի եկավ -Արամ Անտոնիչի դեմքը անհամբերությունից ծռվեց: «Դուք… ինչի՞ մասին եք ուզում խոսել»,-հարցրեց, ոտքի կանգնելով, ընկ. Վառոդյանը:-«Ես մի հարց միայն կուզեի տալ պ. Աստվածատրյանին,-պատասխանեց Դարայանը.-կարելի՞է»:-Նայեց, հարցական հայացք գցեց Համո Համբարձումովիչի դեմքին ընկ. Վառոդյանը: Համո Համբարձումովիչի հայացքը անհասկանալի մնաց ընկ. Վառոդյանին: «Խնդրեմ»,-ասաց ընկ. Վառոդյանը, զանգը վերցնելով.-«Միայն թե կարճ»: Դահլիճը, անհամբերություն կտրած, սպասում էր Դարայանին: Կիսազարմացական, կիսահեգնական ժպիտը դեմքին՝ նայում էր Դարայանին Համո Համբարձումովիչը. «Ո՞վ է այս լուսնից ընկածը»,-ասում էր կարծես հեգնախառն հայացքը Մազութի Համոյի: «Ես մի հարց միայն կուզեի տված լինել պ. Աստվածատրյանին,- ասաց Դարայանը.-Չէ՞ր կարող արդյոք պ. Աստվածատրյանն ասել, թե ո՞վ է տեսել այն գրությունը, որի մեջ, իբր թե, «իրական խոստումներ կան տրված ամենաբարձր ինստանցիաներից» եւ, եթե այդպիսին, այսինքն՝ գրությունը կա՝ ինչպե՞ս են ձեւակերպված այդ խոստումները- բառացի…»:

Ինչպես քարը, այո՛, սարից գլորվելով ընկնելով գետը, առաջ է բերում շառաչուն ջրհուզում, ինչպես ֆուտբոլի գնդակը, խաղընկերներից մեկի անշնորհք հարվածից խաղի ամենատաք վայրկյանին պայթելով՝ առաջ է բերում ընդհանուր տհաճություն ընդհանուր ցասում -այդպես էլ Կարո Դարայանի անտեղի այդ հարցը, սրահի ընդհանուր, լարված ոգեւորության մթնոլորտում պայթելով՝ առաջ բերեց -բարկություն ու հեգնա՞նք ասեմ, չգիտեմ, թե՞-հեգնանք ու բարկություն: Սերգե Կասպարիչը եւ Օսեփ Նարիմանովը վեր թռան տեղերից, զարմանքը դեմքերին՝ հասարակությանը նայեցին Սերգե Կասպարիչը եւ Օսեփ Նարիմանովը: «Ո՞վ է այդ երեխան, որ նման մի տհաս, երեխայական հարց կարող է տալ նման մի ժողովում»,-ահա այս էր գրված բժիշկ Սերգե Կասպարիչի եւ հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովի հայացքներում: Նրանց հետեւելով՝ նույնպես ոտքի կանգնեցին Գեներալ Ալոշը, պ. Աբոմարշը, Կինտաուրի Սիմոնը եւ Արամ Անտոնիչը. վերջինիս դեմքը մի այնպիսի արտահայտություն էր ստացել, կարծես ասելիս լիներ.-«Ներեցեք անարժանիս՝ ե՛ս եմ մեղավորը…»: Մեկը, Համո Համբարձումովիչը կարծեմ, հեգնական ծիծաղեց. ամբողջ դահլիճը, մի մարդու, այո, մի բերանի նման՝ հեգնախառն փռթկաց: «Ծը՜նգ, ծը՜նգ, ծը՜նգ»,-հնչեց նախագահի զանգը, մեղմ ու զիջող.-«ծիծաղեցեք, բայց- լռել է՛լ է հարկավոր»,-ասում էր այդ զանգը կարծես ընկ. Վառոդյանի ձեռքում: «Լռեցե՛ք, պարոննե՛ր»,-բացականչեց ընկ. Վառոդյանը, մի քայլ առաջ գալով,- եւ, ինքն էլ, կարծես չկարողանալով զսպել ծիծաղը՝ փռթկաց:- «Լռությո՜ւն, լռությո՜ւն»,- օգնության եկավ նրան, արդեն բոլորովին լրջացած Մազութի Համոն. «Նստեցեք, պարոններ»,-ու ցույց տվեց ձեռքով, թե ինչպես հարկավոր է նստել, Համո Համբարձումովիչը: Բոլորը, աղմուկով ու հռհռոցով, վերջապես նստեցին: Ապա առաջ եկավ, ծանր ու լրջադեմ, Մազութի Համոն -տվեց արժանի պատասխանը.-«Ես պիտի ասեմ հարցասեր երիտասարդին, որ նման հարցեր կարող են տալ միայն- թող ներե ինձ հարցասեր պարոնը- դպրոցական աշակերտները…»: Եվ դահլիճը թնդաց, որոտաց ծափահարությունից: «Թույլ տվեք,-ինչքան որ ձայն ուներ, բղավեց, շփոթված, Կարո Դարայանը.- չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք, մարդկանց խաբել…»: Եվ այստեղ էր ահա, որ, ինչպես ներքեւում ասացինք, ձայն առավ -երեւակայո՞ւմ եք -Կլուբի Մեյմունը,-այսինքն՝ վեր թռչելով տեղից, ձայն տվեց ինքն իրեն Կլուբի Մեյմունը եւ- «Դո՛ւրս արեք էդ իշու հայվանին»,-բացականչեց, հոգու խորին վրդովմունքով, կոշկակարը ու առաջ պրծավ, ուզեց նետվել դեպի Դարայանը, բայց… վարսավիր Վասիլը, օգտվելով հանգամանքից, իբր թե պատահմամբ, դեմ տվեց ոտքը Կլուբի Մեյմունին. Կլուբի Մեյմունը, գերանի նման, տարածվեց հատակին: Տիրեց ընդհանուր իրարանցում, աղմուկ ու հռհռոց: Հետո ինչ պատահեց -հետաքրքիր չէ, ընթերցո՛ղ, որովհետեւ, այո, պատահեց անխուսափելին. Օսեփ Նարիմանովի առաջարկով քվեարկության դրվեց, դահլիճը բավականին հանդարտվելուց հետո, օրինական առաջարկը Կլուբի Մեյմունի. Համո Համբարձումովիչը երկու հակիրճ խոսքով խայտառակության սյանը գամեց, Դարայանին հասարակության միաձայն որոշումով դահլիճից հեռացնելուց հետո, Դարայանի նման «տխմար երիտասարդներին». ընկ. Վառոդյանը հայտնեց ի լուր հանրության, որ մոտ օրերում եկեղեցու մոմավաճառքի խանութում կսկսվի կամավորների ցուցակագրություն. հետո ժողովը փակված հայտարարվեց, հասարակությունը ցրվեց: Բայց ոչ. մոռացա մի հանգամանք եւս: Ժողովը փակված հայտարարվելուց առաջ Մազութի Համոն, չնայած որ այդ մասին արդեն քաղաքում փակցված կային հայտարարություններ -Մազութի Համոն, չնայած այդ հանգամանքին, հարկ համարեց իր կողմից եւս հիշեցնել հարգելի հանդիսականներին, որ երեկոյան ժամը 9-ին, այդ միեւնույն դահլիճում, մայրաքաղաքից հյուր եկած հայտնի զինվորական, գեներալ-պրոֆեսոր Այսինչ-Այսինչը կարդալու է դասախոսություն «Նաիրյան հարցի ապագայի» մասին. խնդրում է ներկա լինել եւ հարգել նրա, հատկապես այդ նպատակով մեր քաղաքը եկած այդ օտարազգի բարեկամի, այդ գեներալ-գիտնականի բարյացակամ վերաբերմունքը դեպի Նաիրյան դատը:

Ժամը չորսը կլիներ, երբ ժողովը վերջացավ:

Պ. Մարուքեն եւԿարո Դարայանը. լա՛վ գտել էին իրար այդ «էշի գլուխները«, ինչպես կնքել էր նրանց Արամ Անտոնիչը -դպրոցի տեսուչը: «Մի մատ յուղ» էին դարձել վերջին օրերում նաիրյան այդ քաղաքում այդ երկու պարոնները: «Խուփը գլորվել -գտել էր պուտուկը»,- ասում էր նրանց մասին տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Բայց պ. Մարուքեն, այսպես թե այնպես, էլի «իրենց շունն» էր -վերջին հորջորջումը պատկանում էր իրան՝ վարսավիր Վասիլին,- իսկ ո՞վ էր այդ նոր «կապից կտրածը», այդ, ինչպես ասում էր նրա մասին Արամ Անտոնիչը -«Մոսկովներում փչացած անասունը»: Ո՞վ էր, այո՛, այդ հիմար պարոնը, որին հասակավոր քաղաքացիներն էին միայն հիշում փողոցներում վեգ խաղալիս եւ որը վերադարձել էր ահա իր հայրենի քաղաքը, որպես օտարական, որպես անառակ որդի: Ո՞վ էր նա, ինչո՞վ էր զբաղվում, ո՞ւմ հացին էր յուղ քսում -ահա հարցեր, որոնցով հետաքրքրվում էին գեներալ Ալոշից սկսած մինչ վարսավիր Վասիլը: Վարժապե՞տ էր նա, բժի՞շկ, ինժենե՞ր. չէ.-աբլակա՞տ էր, չարչի, «լամպի շուշա՞»-ո՞վ իմանար: Ահա բնական հարցեր, որ, մանավանդ վերջին հետաքրքիր թյուրիմացությունից հետո, տալիս էին իրենց հետաքրքիր քաղաքացիները: Հարցեր, սակայն, որ մնում էին մութ, մնում էին անպատասխան: Մնում էին անպատասխան այն հասարակ իմաստով, որ հազար ու մի պատասխան էին գտնում զանազան ուղեղներում՝ նայած տվյալ ուղեղի ցանկությանն ու խառնվածքին: Օրինակ, վարսավիր Վասիլի ուղեղում այն կարծիքն էր նստել, որ Կարո Դարայանը ոչ այլ ինչ է, եթե ոչ -«քամի թռցնող», իսկ թե ինչ է նշանակում «քամի թռցնել»,-հարկավոր էր իրենից իմանալ: Այնինչ Հաջի Օնիկ Էֆենդի Մանուկոֆը տրամադիր էր հակառակը կարծելու.-ո՛չ թե «քամի թռցնող» է Կարո Դարայանը, ասում էր նա, այլ «քամի ուտող», կամ, բառացի՝ «քամի կուլ տվող», իսկ թե ի՞նչ քամիներ էր ուտում կամ կուլ տալիս Կարո Դարայանը -այդ էլ հարկավոր էր Հաջուց հարցնել: Եվ եթե հարցնող լիներ -նա՝ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, այդ պատկառելի նաիրցին, շատ պատկերավոր կերպով կբացատրեր, թե ի՞նչ է հասկանում ինքը «քամի» ասելով: «Ատ քամիները ստամոքսի մեջ կշինվին, Ռուսիո անուշահոտություն կըսեն ատոնց էրզրումցիք…»,-կասեր, քահ-քահ ծիծաղելով, հայտնի անգլիագետը: Բայց հարցը, իհարկե, հիմնովին փոխվում եւ միանգամայն «իրական« հողի վրա էր դրվում, երբ վարսավիր Վասիլի եւ Հաջի Օնիկ էֆենդու շնական ուղեղներից տեղափոխվում էր Գեներալ Ալոշի, Մազութի Համոյի, բժշկի, Օսեփ Նարիմանովի կամ ընկ. Վառոդյանի «գործնական» ուղեղները: Այս հարցը միանգամայն տարբեր բնույթ էր ստանում վերջիններիս ուղեղներում: Ամենից առաջ շատ բան ուներ ասելու Արամ Անտոնիչի, դպրոցի տեսչի ուղեղը այն պարզ պատճառով, որ նա՝ Արամ Անտոնիչը, նախ՝ հարազատ «քեռին» էր Կարո Դարայանի, ապա՝ նա, Արամ Անտոնիչը միայն գիտեր, տեղեկություններ ուներ ստացած, թե ինչո՞վ էր զբաղվում իր «եգանը», այսինքն՝ մորեղբորորդին, Մոսկվայում ու Բաքվում: Այո՝ նախ Արամ Անտոնիչը եւ ապա Մազութի Համոն: Գրել էր, ամենից առաջ Արամ Անտոնիչին էր գրել իր անարժան սանիկի «տխմար արարքների» մասին Արամ Անտոնիչի հարազատ եղբայրը -Գարասիմ Անտոնիչը, որ գլխավոր հաշվապահի պաշտոն էր վարում «Լույս» նավթարդյունաբերական ընկերության կենտրոնական վարչության՝ Բաքվի գրասենյակում: Նա, քամի կուլ տվող այդ հաստագլուխ էշը -երեւակայո՞ւմ եք -թյուրք բանվորներին է գրգռելիս եղել նավթարդյունաբերական նաիրյան այդ ընկերության դեմ.-ահա թե ինչով է զբաղվելիս եղել այդ «անբան անասունը» մինչ այդ քաղաքը գալը, սիրելի ընթերցող: Եվ այն էլ, ի նկատի ունեցեք, մի ընկերության, որի կենտրոնական վարչության նախագահն էր այն մյուս, իսկական «Ընկերության»- Կենտրոնաուղեղասարդի կենտրոնական թելերից մեկը՝ Հայտնի Անունը: Ահա՛ թե ինչպիսի՜ տխուր տեղեկություններ էր ստացել իր «Հոգեժառանգի», իր անարժան «սանիկի» մասին, դժբախտաբար երկու ամիս միայն առաջ, Արամ Անտոնիչը, այն էլ այնպիսի մի անձնավորությունից, որին չէր կարող, իրավունք չուներ չհավատալ: Ստացել էր այդ շշմեցուցիչ տեղեկություններն իր հոգեզավակի մասին Արամ Անտոնիչը եւ որոշել էր ոչ ոքի չհայտնել, բայց մեծ եղավ նրա զարմանքը, երբ, այդ տխուր նամակն ստանալուց երկու օր հետո, երեւաց նրա գրասենյակում Մազութի Համոն եւ, մի-երկու սովորական հարցուփորձից հետո,-«Բավականին հետաքրքիր նորություններ ենք լսում «եգան»-իդ մասին, Արամ Անտոնիչ»-գցեց, իր շեղ, հեգնական հայացքի նման, ամոթահար ակնարկը Արամ Անտոնիչի դեմքին Մազութի Համոն: Արամ Անտոնիչի դեմքը, գաջած պատի նման, սպիտակեց: Եվ գրեց, այդ նույն երեկո, Մազութի Համոյի հեռանալուց հետո գրեց իր վերջին նամակը, առանց ստորագրության, Արամ Անտոնիչը, նախատեց, անարգանքի սյանը գամեց իր այդ վերջին նամակում Կարո Դարայանին Արամ Անտոնիչը: Եվ պատվիրեց, խստիվ պատվիրեց այդ վերջին նամակում, որ չլինի՛ թե երբեւիցե հիշե իր քեռուն այդ փուչ դավաճանը. չլինի թե երբեւիցե իր աչքին երեւա: Եվ ահա -արդեն լռել էր, արդեն, մոռացած, էլ չէր խոսում անհաճո այդ նյութի մասին Արամ Անտոնիչին հանդիպելիս Համո Համբարձումովիչը, երբ, ինչպես գիտեք, անամոթաբար բուսնեց, երեւաց հանկարծ իր հայրենի քաղաքում Կարո Դարայանը… բայց այս մասին մենք, բավականին մանրամասն, արդեն պատմել ենք վերեւում, պ. Մարուքեի հետ քաղաքային այգում տեղի ունեցած այն անպատվաբեր դեպքը նկարագրելիս: Բայց հիմա, երբ տենդոտ գործունեություն էր սկսել, հանձինս Մազութի Համոյի եւ ընկ. Վառոդյանի, Տեղական Կոմիտեն -ի՞նչ, ի՞նչ մխիթարանք կարող էին պատճառել այդ թշվառ սանիկի, մեղմ ասած՝ տղայական արարքները Արամ Անտոնիչին՝ նրա քեռուն, «հոգեհորը»: Նա՝ Կարո Դարայանը, հասկանո՞ւմ եք՝ համարձակվում էր ինչ-որ փայտիկներ խրել «Ընկերության» անիվը,- այդ ողորմելի ճիճուն, այդ «Կարո Փարայանը»: Դարայանի անվան սկզբնատառը այդպիսի մի երկմիտ կերպարանափոխության ենթարկողը նույն անձնավորությունն էր էլի, նույն ընկ. Վառոդյանը, որ առանձին մի շնորհք, մի փոքրիկ թուլություն ուներ դեպի նման, այո, «երկմիտ» հանաքները. նա չէ՞ր, նա չէ՞ր միթե, որ «Գ»-ի էր վերածել պ. Մարուքեի պատմական ազգանվան սկզբնատառը՝ «Գրաստամատի» փոխելով արքայական «Դրաստամատը». նա՛, նա՛ էր էլի, ինչպես առիթ ունեցանք վերեւում հիշելու -գավառացի չնչին վարժապետից արդեն «անձնավորություն» դարձած այդ ընկ. Վառոդյանը…

Երեկոյան դեռեւս ութ կեսին լիքն էր, ծայրեիծայր լիքն էր արդեն ամառային ակումբի դահլիճն այդ երեկո:

Առաջին շարքի նստարանները բռնված էին արդեն քաղաքի վերին, այո՝ ամենավերին խավերով: Այդպիսի հասարակություն շատ սակավ էր հավաքվում, տարենը մի-երկու անգամ հազիվ էր հավաքվում քաղաքի ակումբներում: Բայց, ասենք, քաղաքի ակումբներում (նաիրյան այդ քաղաքը բացի ամառային ակումբից ուներ եւ ձմեռայինը)-երբեք էլ չէր հավաքվում նման հասարակություն. նման հասարակություն, լինում էր, որ տարին մի անգամ, այն էլ Մազութի Համոյի բնակարանում, հավաքվում էր, այո, նրա անզուգական դստեր՝ Սեւաչյա Պրիմադոննայի ծննդյան օրը, երբ ներկա էր լինում ինքը՝ գավառապետը, համարյա թե քաղաքի ամբողջ «վերին խավը», ընտրովի հասարակությունը: Այդ օրերին, իհարկե, տեղ չունեին նրա, Մազութի Համոյի, ընտանեկան սեղանի շուրջը Կինտաուրի Սիմոնը վարսավիր Վասիլը, որոնք ներկա էին հիմա ակումբի դահլիճում. ընկ. Վառոդյանն անգամ չէր համարձակվի գլուխը ներս խոթելու Համո Համբարձումովիչի բնակարանն այդ բացառիկ օրերին, թեկուզ հետագայում, նկարագրածս դեպքերից հետո, ընկ. Վառոդյանը եւս սկսել էր տեղ ունենալ Մազութի Համոյի սեղանի շուրջն այդ բացառիկ օրերին նույնիսկ, երեւակայո՞ւմ եք՝ ասում են, բժիշկ Սերգե Կասպարիչից, երեւի, օրինակ վերցնելով, սովորել էր համբուրել Սեւաչյա Պրիմադոննայի ձեռքը վերջինիս շնորհավորելիս.-չափից, այո, չափից արդեն անցնել էր սկսել այդ «սատկած վարժապետը» վերջին ժամանակներում…

Երեկոյան, ինչպես ասացինք, ինը չկար, երբ արդեն նստած էին, առաջին շարքում նստած էին արդեն -Գեներալ Ալոշը, քաղաքի պարետը՝ բարձրահասակ մի սպա, որ վերջին ժամանակներս մի առանձին ուշադրության էր սկսել արժանանալ Համո Համբարձունովիչի դստեր -Սեւաչյա Պրիմադոննայի կողմից,-բժիշկը, Արամ Անտոնիչը՝ իրա կնոջ -Շիկահեր դդումի կողքին, Օսեփ Նարիմանովը, Հինգհարկանի Շենքի համարյա թե բոլոր աչքի ընկնող պաշտոնյաները -ո՞րը թվեմ: Սպասում էին Գավառապետին եւ կնոջը, որոնց բերելու համար, անձամբ Սեւաչյա Պրիմադոննայի ուղեկցությամբ, գնացել էր ինքը՝ Մազութի Համոն: Այդտեղ էր նաեւԱնգինա Բարսեղովնան՝ Համո Համբարձումովիչի հարգելի ամուսինը, որին զբաղեցնում էր, Մազութի Համոյի բացակայության պատճառով, պարետը՝ բարձրահասակ սպան. անտարբեր չէր, այո, ասում էին չար լեզուները, վերջին ժամանակներում դեպի այդ բարձրահասակ երիտասարդը Անգինա Բարսեղովնան, որը, իր հերթին, հատուկ ուշադրության էր սկսել արժանանալ, չնայած իր պատկառելի տարիքին, սպայի կողմից: «Ձվածեղի սիրուն՝ թավի պոչը կլիզե»- ահա վարսավիր Վասիլի չարամիտ կարծիքն այդ նուրբ հանգամանքի մասին. չա՛ր, չա՛ր, օձի լեզու ուներ այդ «ուշաղբազ պերպերը»-ինչպես բնորոշում էր նրան՝ վարսավիր Վասիլին, Ղահվեճի Սեթոն:

Ո՞վ, ո՞վ, ասես, որ չէր եկել Գեներալ- պրոֆեսորին լսելու ցանկությամբ այդ երեկո. նույնիսկ Բարսեղ Աբգարիչը՝ թվաբանության ուսուցիչը, որ թոքերի պատճառով, բավականին «ծույլ» էր հասարակության մեջ երեւալու խնդրում -նա՛ եւս, նրա կինը՝ «Ճուտը», կնոջ ընկերուհին՝ Վառյա հոգյակը -բոլորը կային, բոլորն էլ, անխտիր, վերին խավից: Նրանց մեջ էին, խառնված նրանց՝ նստել էին դահլիճի միջին կարգերում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը. պ. Աբոմարշը, տեր Հուսիկ քահանան -Խաչագողը,-եւ նույնիսկ, թեկուզ արդեն մուտքին բավականին մոտիկ, բայց եւ այնպես այս բարձր հասարակությունից ոչ այնքան էլ հեռու – բազմել էին… ծխականի վարժապետ – վարժուհիները. – Բյուզանդ Վարդերեսյանը՝ հայերենի դասատուն, որ աշակերտել էր Մանուկ Աբեղյանին եւ պարծենում էր դրանով, – օր. Վարդուհի Զատիկյանը, որ չէր կարող «տանել» օր. Նվարդին, – նո՛ւյն այդ օր. Նվարդ Լուսպարոնյանը՝ «մազը կտրածը» – պ. Աշոտի կողքին, այն ճեմարանավարտ պ. Աշոտի, որ արդեն սկսել էր դեպքերի բերումից ավելի եւս ոգեւորվելով, «Նաիրյան լեզվի պրոպագանդը ռուսախոս երիտասարդների շրջանում» եւ արդեն իսկ ուներ, մանավանդ վերջերս, բավականին հաջողություն: Սրանց հետ խառն եւ սրանցից հետո-դահլիճը ծայրեիծայր լցրած տեղավորվել էին արդեն այլեւայլ հասարակ քաղաքացիներ, ինչպես մանր խանութպաններից շատերը՝ Կարապետյանը, Հովհաննիսյանը, Պողոսյանը, Պողոսյան երկրորդը, Կարապետյան երրորդը, – ուսանողներ, աշակերտներ, ճեմարանցիներ (վերջիններս ուսանողների եւ աշակերտների մեջտեղ գտնվող մի ուրույն կատեգորիա էին կազմում նաիրյան այդ քաղաքում, – ինչպես, երեւի, բոլոր քաղաքներում,- եւ հատուկ ատելության էին ենթակա ռուսական դպրոցների սաների կողմից, դեպի որոնք իրենք եւս առիթ չէին կորցնում իրենց ծայրահեղ զզվանքը հայտնելու)-մի խոսքով՝ մարդ չկար, որ այնտեղ չլիներ. պակասում էին, թերեւս, Մեռելի Ենոքը եւ Քոռ Արութը միայն, բայց նրանք էլ, դե, երեւի դեռ զբաղված էին իրենց եռանդուն առեւտրով -վակզալի մեյդանում:

Ժամը իննից հինգ րոպե պակաս դահլիճը, որպես ծփուն մի արտ, ծփաց ու օրորվեց, բոլորը շուռ տվեցին գլուխները դեպի մուտքը. արդեն մտնում էին, զուգված ու շողշողուն, գավառապետը, նրա կինը՝ Ագրիպպինա Վլադիսլավովնան, Սեւաչյա Պրիմադոննան եւ Մազութի Համոն… Մինչեւ նշանակված տեղերն ուղեկցեց նրանց, հասարակության հիասարսուռ հայացքների ներքո, Մազութի Համոն եւ դուրս եկավ նորից դահլիճից, չգիտեմ ինչու, նորից անհետացավ…

Ժամը ճիշտ իննին վարագույրը բացվեց: Բեմը դատարկ էր՝ ոչ ոք չկար: Նույն թղթախաղի սեղանը, բայց այս անգամ արդեն կարմիր մահուդով ծածկած, դրված էր բեմի մեջտեղում. մոտը երկու աթոռ. իսկ բեմի աջ կողմը -նույն ամբիոնանման հարմարությունն էր, որի կողքին կանգնած բանախոսում էր, չորս ժամ առաջ, Մազութի Համոն: Եվ ահա, վարագույրը բացվելուց անմիջապես հետո, ձախ կողմից երեւացին՝ Մազութի Համոն – Գեներալ – պրոֆեսորի թեւը բռնած… «Ահ», հառաչեց դահլիճը հիացքից ու ահից. ծափահարությո՞ւն էր, չգիտեմ, թե բերդը պայթեց… Չտեսնված, այո, աներեւակայելի օվացիա էր, որին արժանացան Գեներալ – պրոֆեսորը եւ Մազութի Համոն: Եվ ահա-թռավ, Գեներալ – պրոֆեսորի ոտքերի մոտ ընկավ թարմ ծաղիկների փարթամ մի փունջ. Սեւաչյա Պրիմադոննան էր, որ դեպի պրոֆեսորը նետեց ծաղիկների այդ փունջը իր նազելի ձեռքով. վերցրեց, վերցրեց դստեր գցած փունջը Մազութի Համոն եւ, խոնարհ գլուխ տալով, մատուցեց թանկագին հյուրին:-Այսպիսի՛ ահա չտեսնված մի փառքի արժանացավ Գեներալ – պրոֆեսորը դեռ բանախոսությունը չսկսած: Եվ դղրդում էր դահլիճը հախուռն ծափահարությունից, որին, գլխի «տազը» սոխափայլ պսպղացնելով, պատասխանում էր Գեներալ – պրոֆեսորը խորապես հուզված: Գեներալ – պրոֆեսորին երկու հակիրճ խոսքերով հասարակությանը ներկայացնելուց հետո -մոտեցավ, նստեց նախագահական աթոռին Մազութի Համոն՝ ձեռքը զանգին աչքը, ծուռ, դեպի նստարանների շարքը հառած, դեպի Անգինա Բարսեղովնայի լիքը թեւը, որ հպվել էր, երկնային մի անմեղությամբ, բարձրահասակ սպայի մահուդե թեւին: «Ծընգ-ծընգ-ծընգ», – հնչեց Մազութի Համոյի -նախագահի զանգը. ծափահարությունը դադարեց. դահլիճը պապանձվեց՝ ուշադրություն կտրեց: Բայց հենց այդ վայրկյանին պատահեց մի փոքրիկ թյուրիմացություն, որի վրա թեկուզ ուշադրություն չկարողացան դարձնել առաջին կարգերը, բայց դռան մոտ նստածները նկատեցին եւ հաջորդ օրը քաղաքում ամենայն մանրամասնությամբ պատմում էին իրար: Դեպքը կամ թյուրիմացությունը ոչինչ, առանձնապես, չէր ներկայացնում իրենից. նրա կատարման ընթացքում, առանց այն նկատելու, սկսել էր արդեն Գեներալ – պրոֆեսորը իր հետաքրքիր բանախոսությունը, բայց եւ այնպես թեր եւ դեմ զրույցներին բավականին նյութ տվեց այդ «դեպքը» հետագայում, նույնիսկ գրված գտան հետագայում, Հինգհարկանի Շենքի «մութ սենյակում», ընկ. Վառոդյանի պատվի հետ ինչ-որ առնչություն ունեցող հետաքրքիր գրություններ՝ այդ «դեպքին» վերաբերյալ… բայց այդ մասին հետո: Բանն այն է, որ վարագույրը բացվելուց անմիջապես հետո, երբ դահլիճը թնդում էր ծափահարությունից, դահլիճի դուռը, որ փակվել էր արդեն, բացվեց եւ մտան, կամացուկ, այնպես որ դռան մոտ նստածներից մի երկուսը միայն նկատեցին նրանց -Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն: Ոչինչ չկար տարօրինակ, ոչ ոք էլ, ինչպես ասացինք, համարյա թե ուշադրություն չդարձրեց այդ սովորական հանգամանքի վրա. բայց նրանց մտնելուց անմիջապես հետո, նույնպես համարյա թե աննկատելի, ներս մտավ նրանց հետեւից անծանոթ մի անձնավորություն եւ առաջարկեց նրանց, այդ անծանոթ անձնավորությունն առաջարկեց պ. Մարուքեին եւ Կարո Դարայանին «մի վայրկյանով հետեւել իրեն՝ դուրս գալ դահլիճից»: Թե ի՞նչ էր պատճառը, որ առանց բողոքելու հետեւեցին նրան. թե ինչո՞ւ նույնիսկ չբողոքեցին նրանք, Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն -դժվար է ասել, բայց փաստը մնում է փաստ, որ դահլիճից դուրս գալուց հետո եւս այնպես պատահեց, որ, առաջ ընկած, քայլեց դեպի քաղաք անծանոթ անձնավորությունը եւ,-մինչ արդեն, ոգեւորված, նաիրյան հնագույն պատմության հնագույն դրվագներն էր վեր հանում ակումբի դահլիճում Գեներալ – պրոֆեսորը,-թոկով կապածների նման այդ նույն վայրկյանին հետեւում էին անծանոթ անձնավորությանը, հլու գնում էին նրա հետեւից Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն: Գնում էին -այո՛, այդ նրանք հասկացել էին արդեն -անծանոթ անձնավորության հետեւից «Մութ Տեղն» էին գնում Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն…

Ընկ. Վառոդյանը գտնվում էր այդ պահուն Համո Համբարձումովիչի բնակարանում: Նրա վրա պարտականություն էր դրված պատրաստություն տեսնել «բանկետի» համար. դասախոսությունից հետո ընթրիքի պիտի հրավիրվեր Գեներալ – պրոֆեսորը Մազութի Համոյի բնակարանում: Եվ ահա, իր պարտականությունները լիովին իմացող հեղափոխականի նման -տենդոտ, պատրաստություններ էր տեսնում, միանգամայն գիտակցելով գործի մեծագույն նշանակությունը նաիրյան ցեղի ապագայի համար՝ Մազութի Համոյի պալատ-բնակարանում ընկ. Վառոդյանը:

Հենց այդ ապագայի մասին, նաիրյան ցեղի պայծառ ապագայի մասին էր խոսում այդ նույն վայրկյանին ակումբի դահլիճում Գեներալ – պրոֆեսորը: Թափվում էին, այո, հեղեղանման հոսում էին վարդագույն խոստումները դեպի երջանկացած սրտերը հանդիսականների.- Գեներալ – պրոֆեսորի սոխանման գանգից, ուղեղից ելնելով՝ բացվում էր, պայծառ ու լուսավոր, նաիրյան ապագան: Եվ այդ պայծառ ապագայի հոսող ջերմությունից հալչում էր սիրտը Անգինա Բարսեղովնայի.-նաիրյան պայծառ ապագան, էլեկտրական բորբ հոսանքի նման լցվելով սիրտը Անգինա Բարսեղովնայի, անցնում էր այնտեղից դեպի մահուդե թեւը քաղաքի պարետի: Ու նույն այդ լուսավոր, նույն այդ նաիրյան պայծառ ապագայի փայլից բոցկլտուն, նայում էին, հրացայտ, նայում էին, այո, գալիք օրերի հույսերով շողշողուն -նախագահական աթոռի բարձունքից նայում էին Անգինա Բարսեղովնայի եւ բարձրահասակ սպայի մեղմ հպված թեւերին մեծախոհ աչքերը Մազութի Համոյի:

Վաղո՜ւց, վաղո՜ւց արդեն առավոտյան սովորական ժամերին, ինչպես այդ անում էր նա առաջ -վարսավիր Վասիլի վարսավիրանոցը ոտք չէր դնում այլեւս պ. Մարուքեն. դպրոց մտնելուց զրկվելով՝ զրկվել էր նաեւ վարսավիրանոց մտնելու սովորությունից պ. Դրաստամատյանը: Կարո Դարայանի Մոսկվայից բերած բավականին «բութ» ածելին քերում էր արդեն պ. Մարուքեի այտերն ու կզակը եւ հարկավոր է ասել, որ պ. Մարուքեն վաղուց արդեն չէր վայելում այն խոնարհ հարգանքը, որպիսին տածում էր վարսավիր Վասիլը դեպի նա առաջ: Այնպես որ, թող ամենեւին զարմանալի չթվա, որ այդ առավոտ, երբ, մոտավորապես ժամը 11-ին, դուրս եկան Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն «Դառնության կենտրոնից» եւ, տուն վերադառնալով, անցնում էին արդեն վարսավիրանոցի մոտից -«Անուշնե՛ր»,- հեգնախառն ասաց վարսավիր Վասիլը պ. Մարուքեին – եւ դա ծա՛ղր էր, ծա՛ղր էր, չարախինդ ակնարկ էր պ. Մարուքեի հասցեին: Եվ պ. Մարուքեն, իհարկե, հասկացավ վարսավիր Վասիլի այդ հեգնանքը. պ. Մարուքեն հասկացավ, բայց լռեց:

Դառնության, այո՛, դառնության ու անակնկալի մի առավոտ էր այդ առավոտը պ. Մարուքեի եւ, մասամբ էլ, իհարկե, Կարո Դարայանի համար: Դեռ չէին անցել նրանք վարսավիր Վասիլի վարսավիրանոցից, երբ դեմից բուսնեց, ուրիշ մի աշխարքից անսպասելի ընկած հրաշքի նման դեմ ելավ նրանց… երեւակայո՞ւմ եք՝ Մարանկոզ Նշանը, ա՛յն Նշան Մարանկոզյանը, որ «որսորդական ապրանքների» խանութ ուներ առաջ Ալեքսանդրյան փողոցում, բայց, մի գեղեցիկ օր, փակեց իր խանութը եւ «Պուլկարիա» գնաց «զանազան գործերով»: Ընթերցողը, անշուշտ, հիշում է սույն այս վեպիս առաջին մասից, թե, իրոք, ինչո՞ւ փակեց խանութը Մարանկոզ Նշանը. խայտառակ փախուստ էր դա իրոք ուրիշ ոչինչ, խայտառակ փախուստ էր ու չեզոքացում, որ հետեւանք էր, ինչպես գիտենք, Մազութի Համոյի հզոր ազդեցության, որից նա՝ այդ խղճուկ վանեցին, ձգտում էր խլել «նաիրյան գործերի ղեկավարության» առաջնությունը: Եվ նա հիմա, իր այդ խայտառակ անկման ու փախուստից հետո, վերադարձել էր ահա նաիրյան այդ քաղաքը եւ այն էլ – զինված ու փափախավոր… Հետն էլ երեքը-չորսը՝ երեքը, չորսն էլ իրա, Մարանկոզ Նշանի նման, զինված ու փափախավոր:

«Ծանոթացե՛ք, – ասաց Նշան Մարանկոզյանը պ. Մարուքեին մի լավ համբուրելուց հետո.-Պուլկարահայ ուսանող, այժմ կամավոր- Հրանտ Կյուլպենկյան, նույնը՝ Օնիկ Ուզունպաճաղյան.- ասիկա մեր «Պուլկարացին է»- ցույց տվեց, խորհրդավոր ժպիտը դեմքին, երրորդ փափախավորին Նշան Մարանկոզյանը եւ ապա -«աս ալ մեր ընկ. Թափառականը»,- վերջացրեց այնպիսի մի շեշտով Մարանկոզ Նշանը, որ նույնիսկ Կարո Դարայանը, որ չէր ճանաչում ոչ միայն դրանց, այլ եւ իրան՝ Մարանկոզ Նշանին -աչքերը հառեց ընկ. Թափառականի դեմքին: Այդ դեմքը, ի դեպս, շատ քիչ էր նման թափառականի դեմքի. սափրված, կոկ, ավելի շուտ սալոնային լակեյի դեմք էր դա, քան հեղափոխական թափառականի: Թող չվիրավորվի ընկ. Թափառականի պայծառ հիշատակը իմ այս վերջին համեմատությունից. քանի որ դրանով ես ոչ թե նրա ներքինը, այլ արտաքինը միայն նկարել կամեցա. ներելի են նման միջոցները գրչի մշակներին, որոնք ոչ ներկ ունեն ոչ էլ ածուխ իրենց տրամադրության ներքո, այլ միայն բառեր, որոնց տասնյակները չեն կարող, իհարկե, ընթերցողի աչքին ասել այն, ինչ որ վրձինի մի շարժումը կասեր, ածուխի մի գիծը: Երջանիկ են, բյուր անգամ երջանիկ են այս տեսակետից քանդակագործները, նկարիչները կամ նույնիսկ հասարակ լուսանկարիչները, սիրելի ընթերցո՛ղ, որովհետեւ շատ հաճախ պատահում են դեմքեր, որոնք բաց են ինչպես գիրքը՝ նայի՛ր ու կարդա՛, ինչպես գիրքը, այո՝ վերցրո՛ւ ու կարդա՛: Այդ դեմքերից էր ահա ընկ. Թափառականինը. ընկ. Թափառականի դեմքը հարկավոր էր տեսնել: Վայել էր այդ դեմքին եվրոպական ծղոտե գլխարկը, նուրբ «պանաման» սպիտակ ու լայնեզր, բայց ծածկել էր այդ դեմքը -ահռելի մի փափախ, իսկ կողքից կախել էր ընկ. Թափառականը պատկառելի մի զենք, որը հետագայում խորհրդանիշը դարձավ ամբողջ մի «պետական կազմակերպության»: Չէր, հազար ու բյուր անգամ չէր սազում այդ զենքը ընկ. Թափառականին, բայց ընկ. Թափառականը, ինչպես նա ցույց տվեց այդ հետագայում, արժանի էր, այո՛, այդ զենքը կրելուն:

Ծանոթացավ, իր հերթին պ. Մարուքեի կողմից ներկայացվելով նրանց, Մարանկոզ Նշանին ու խմբին, եւ՛ Կարո Դարայանը. հետո նրանք բաժանվեցին: «Ովքե՞ր են դրանք»,-հարցրեց Կարո Դարայանը, երբ մտնում էին արդեն պ. Մարուքեի բնակարանը: – «Նացիոնալ – դեմոկրատներ», – պատասխանեց պ. Մարուքեն տեղյակ անձնավորության անփութությամբ հետո պատկերավոր ոճով պ. Մարուքեն բացատրեց, որ դրանք նաիրյան հասարակական կյանքի դաշնամուրի վրա, «Ընկերության» դաշնակներին հարկադրելով, նվագում են իրենց հնչակները: Հետո նրանք մտան պ. Մարուքեի սենյակը:

Սենյակում սպասում էր նրանց, վեպիս առաջին մասից մեզ արդեն հայտնի՝ երկրորդ ծխականի վարժուհի օր. Սաթոն: Դա այն «պսակի չարժանացած» օր. Սաթոն էր, որ, մեզ արդեն հայտնի պատճառով, հնարավորություն չէր ունեցել վերջացնելու գիմնազը, ինչպես արդեն գիտենք, այս տխուր հանգամանքում մեղավոր էին նրանք -Օսեփ Նարիմանովը եւ Գեներալ Ալոշը: Բայց արդեն անցած, մոռացված պատմություն էր այդ. այժմ «պսակի չարժանացած» օր. Սաթոն փաստապես արժանացել էր, թեկուզ ո՛չ պաշտոնական, բայց եւ այնպես «պսակի». անտարբեր չէր, ասում էին, դեպի պ. Մարուքեն օր. Սաթոն եւ պ. Մարուքեն էլ, մանավանդ դպրոցից հեռանալուց հետո, չէր խուսափում նրա, օր. Սաթոյի, քնքուշ վերաբերմունքից: Շա՜տ-շա՜տ էր տառապել այդ գիշեր, պ. Մարուքեի անկողնի վրա ընկած, մինչեւ առավոտ, մինչեւ նրա գալը, օր. Սաթոն. բայց, տարօրինակն այն է, որ պ. Մարուքեի վերադառնալուց հետո, քիչ էին նման սիրային զրույցների օր. Սաթոյի զրույցները. նա նույնիսկ չհարձակվեց, չփաթաթվեց սիրած ասպետի պարանոցին, չհամբուրեց նրան: Այլ… քա՛հ-քա՛հ ծիծաղեց օր. Սաթոն, երբ մտան պ. Մարուքեն եւ Կարո Դարայանը. շնորհավորեց նրանց «հարսանիքը»- եւ ապա, արագ-արագ սկսեց խոսել… «Ընկերության» մասին:

«Ընկերությունը», ասում էր օր. Սաթոն, վաղուց արդեն սկսել է գործել: Արդեն ընկ. Վառոդյանը ամեն օր առավոտյան տասից «կամավորներ» էր գրում մոմավաճառքի խանութում: Արդեն պատմում էր, շշուկով, պատմում էր արդեն ընկ. Վառոդյանը մոմավաճառքի խանութը մտնողներին -բարձրագույն ինստանցիաներից տրված խոստումների մասին հետաքրքիր նորություններ: Եվ արդեն, հայտնի նկատառումներով «Մանր Վարկի Ընկերություն» էր կազմակերպում Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն: Վերջինս, մանավանդ, զբաղված էր տենդային գործունեությամբ: Անձամբ եղել էր կենտրոնում եւ նահանգապետից թույլտվություն էր ստացել «Մանր Վարկի Ընկերություն» կազմակերպելու, որով, ինչպես ասել էր հիմնադիրների ժողովին ինքը Մազութի Համոն -նախագահը՝ ձգտում ունեին օգնության հասնել շրջանի գյուղացիներին, մանավանդ գյուղացիներին: Այդ գործը գլուխ բերելուն մեծ աջակցություն էր ցույց տվել նրան՝ Մազութի Համոյին, գավառապետը. նա գրել էր, այո, Մազութի Համոյի՝ նահանգապետին ուղղված խնդրագրի վրա -«Արգելքներ չեմ գտնում» կտրուկ մակագրությունը: Իսկ, որ ամենագլխավորն է -շարժվել էր արդեն, իր անհայտ տեղում, Կենտրոնասարդը, իր անհայտ անկյունից պարզել էր ցանցերն արդեն աշխարհից աշխարհ: Պարզել էր -Վան, Բիթլիս, Բուքրեշ, Նյու-Յորք. ստացել էր «համաձայնություն»: Եվ գալիս էին արդեն, հավաքվում էին արդեն սահմանամոտ վայրերում -«ազդեցիկ անունները»: Ազդեցիկ անունները բերում էին հետները փափախավոր խմբեր… նույնիսկ այդ ծիծաղելի ընկ. Մարանկոզյանը, ասում էր օր. Սաթոն, վերադարձել է արդեն. բերել է հետը -փափախավոր մարդիկ, ուզում է շուտով ճակատ մեկնել ընկ. Թափառականի խմբապետությամբ: «Իսկ մե՞նք,– հարց տվեց, վերջապես, օր. Սաթոն, այդ «պսակի չարժանացածը» հուզված.-ինչո՞ւ չենք աշխատում…»: Պ. Մարուքեն եւ Կարո Դարայանը նայեցին իրար. տխուր մի հարցական կար, մութ մի հարցական նրանց հայացքներում: Իսկ Կարո Դարայանի աչքերում բացի հարցականից – հեգնախառն ժպիտ: Օր. Սաթոն, դե, ոգեւորվում էր. երիտասարդ արյունն էր հուզվողը:

«Երկու օրից ես մեկնում եմ բանակ»,-հայտնեց Կարո Դարայանը. հենց այդ նպատակով էր մայրենի քաղաքը եկել նա.-որպես զորակոչի ենթակա՝ նա «կանչվում» էր իր ծննդավայրում:

Երկու օրից հետո Կարո Դարայանը մեկնեց բանակ:

Անցավ երկու, երեք, չորս օր, անցավ մի շաբաթ, ոչինչ նոր չպատահեց քաղաքում, բացի, թերեւս, նրանից, որ կիրակի, պատարագից առաջ, մի ոգեշունչ քարոզ, մի, եթե կարելի է այսպես ասել՝ հայրենաշունչ կոչ կարդաց ս. Աստվածածին եկեղեցու ամբիոնից տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Հիշեցրեց իր հոտին տեր Հուսիկ քահանան այն խորհրդավոր ու նշանակալից «անցքերը», որ, ինչպես գիտենք, գոյություն ունեին Բերդի, Առաքելոց եկեղեցու եւ Վարդանի կամուրջի մեջ: Խորամանկ, հանճարեղ են եղել նաիրցի արքաները, ասաց տեր Հուսիկ քահանան.-նրանք իմացել են կապել հոգեւորն ու մարմնավորը, սուրը եւ խաչը, կրոնն ու ռազմական կորովը: Խորամանկ, հանճարեղ են եղել նրանք, բայց, դժբախտաբար, եսական ու անմիաբան, ա՛յդ էր, որ կործանեց երկիրը հնամյա -հազարամյա Նաիրին: Ստոր, նենգ, եսական դավաճանությունն է եղել մեզ կործանողը. անձնամոլ վասակներն են եղել մեր տունը քանդողը -ասաց, անարգանքի փրփուրը շրթունքներին, տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Բայց հի՛շե, թող հիշե իր սիրելի հոտը Վարդան Մամիկոնյանի եւ Սահակ Պարթեւի պայծառ անունները – թող խրատվի, ոգեւորվի եւ գոտեպնդվի: Լավ է մարդ պատվով ընկնի պատերազմի դաշտում իր սրբազան կրոնի եւ հայրենիքի համար, քան քարշ տա անասնական գերություն, ինչպիսին քարշ ենք տալիս մենք հինգ դարից ավելի: Բայց ահա հասել է նորից վայրկյանը վերածնության դեպի նո՜ր Ավարայր, նո՜ր Վարդանանց պատերազմ է կանչում իր բոլոր ազնիվ զավակներին մեր տառապյալ հայրենիքը: Կանչում է այսօր նորից, կանչում է վերջին անգամ, հեծության զնդաններից, դարերով անարգված, դարերով ոտնահարված նաիրյան ոգին: Կանչում է կիսավեր վանքերից, պապենական սրբավայրերից, նահատակների մամռաբույր շիրիմներից կանչում է ձեզ վերստին բարբարոսների անարգ ոտքերով ոտնակոխ արված ձեր հայրերի կրոնը, ձե՛ր պապերի հավատքը, ձեր հայրենիքի փառքը: Կանչում է ձե՛զ, արիներ ու պարմանիներ, ձեզ, որ չեք մոռացել դեռ ձեր սուրբ կրոնը եւ հայրենիքի փառքը. կանչում է քեզ, հասարակ ժողովուրդ, որ չունես մեծատունների շահասեր սիրտը, որ ինքդ միայն պատրաստ ես եղել միշտ կրելու ամենայն զոհողություն՝ հանուն կրոնի հայրենյաց: Թող օրինակ չծառայե այդ գոռոզ մեծատունների անձնասեր ու եսական օրինակը իմ սիրելի հոտին, քանի որ նրանք չէ՛, որ պիտի ժառանգեն երկնքի արքայությունը:

-Եվ նրանք չէ, այո՛, սիրելի ժողովուրդ, որ պիտի ժառանգեն երկրի արքայությունը, ազատագրված հայրենիքը, որովհետեւ դո՛ւ պետք է վարես, ցանես ու վայելես նրա կենսատու բարիքները եւ ո՛չ թե այդ եսական մեծամիտները, որ փտում են զեխության գարշահոտ մահիճներում, որ ուտում են փռի անաղ հացը՝ թոնրի անուշաբույր լավաշի փոխարեն:-Այսպե՛ս ահա խարազանեց իր այդ նշանավոր քարոզում քաղաքի մեծատուններին, այսինքն՝ Լորիս-Մելիքյանի խանութպաններին, տեր Հուսիկ քահանա- Խաչագողը, նա, իհարկե, իրավունք ուներ. դրանցից ո՛չ մեկը եկեղեցում չկար, դրանցից ո՛չ մեկը մի սեւ «խաչհամբույր» գցած չուներ դեռեւս ս. Աստվածածնի գանձատուփը:-Հասարակ ժողովուրդն էր կազմում նրա «հոտը» եւ նա փառաբանեց նրան իր նշանավոր այդ քարոզում, դիմեց նրա սրտին, որ անմեղ է, որպես Աստուծո գառը, մաքուր է, որպես աղավնի: Եվ այդ «սրտով անմեղներին» ահա, -ես կասեի՝ ո՛չ միայն «հոգով» աղքատներին, որոնք, տեր Հուսիկի կարծիքով, ժառանգեին պիտի երկնքի արքայությունը -կանչեց, կանչեց նրանց դեպի Նոր Ավարայր տեր Հուսիկը: Եվ ի՞նչ. կոչը շատ ավելի խորունկ, շատ ավելի իրական արձագանք գտավ ունկնդիրների սրտում, քան, ասենք, հենց իրա՝ Մազութի Համոյի այն պատմական կոչը քաղաքային այգում. բավականին թվով արհեստավորներ քաղաքի ծայրամասում ապրող կիսագյուղացիներ հաջորդ օրը «գրվեցին» մոմավաճառքի խանութում, այնպես որ՝ «Կեցցե Խաչագողը»,- մտածեց ինքն իրեն դրանց ցուցակագրող ընկ. Վառոդյանը: Թեկուզ, իհարկե, որոշ հիմք պիտի որ ունենային նաեւ այն կարծիքները, որ այդ «ցուցակագրվելը» մի կողմից, անշուշտ, հետեւանք լինելով տեր Հուսիկ քահանա-Խաչագողի քարոզի ազդեցության, մյուս կողմից, անշուշտ, պայմանավորվում էր նաեւ նրանով, որ «գրվողներից» շատերն այսօր-վաղը, միեւնույնն է, զորակոչի պիտի ենթարկվեին Հինգհարկանի Շենքի կողմից, այնպես որ նրանք, որպես պարտաճանաչ նաիրցիներ, գերադասել էին «նաիրյան շտաբը»- սոխականից: Եվ ապա՝ կամավոր գրվելով նրանք ազատվում էին «կարմիր վագոնների» սարսափից. այնպես որ, գրվելուց հետո, նրանք սրտի ամենայն հանգստությամբ սկսեցին սպասել, ինչպես իրենք էին ասում՝ «խմբի գալուն»:

«Խմբի գալուն» սակայն, միայն թե ավելի քան անհամբեր, սպասում էին, մանավանդ,-ընկ. Վառոդյանը եւ Մազութի Համոն: Եվ թեկուզ ոչ, իհարկե, նման անհամբերությամբ, բայց եւ այնպես բավականին բուռն, սրտառուչ հետաքրքրությամբ, սպասում էր, այո՛, ամբողջ քաղաքը. պիտի գար, երկու-երեք օրից նաիրյան այդ քաղաքը պիտի ժամաներ «նաիրյան առաջին զորքը»: Հայտնի խմբապետի առաջնորդությամբ, վերցնելով հետը տեղական կամավորներին, ճակատ պիտի մեկներ նաիրյան առաջին խումբը մոտակա օրերում:

Եվ ահա – «Խումբը» քաղաք ժամանելուց երկու օր առաջ, քաղաքում «ժողովրդական ժողովարարություն» սկսեցին, Գեներալ Ալոշի եւ -երեւակայո՞ւմ եք՝ Համո Համբարձումովիչի ամուսին՝ Անգինա Բարսեղովնայի գլխավորությամբ, «խմբի» օգտին: Ժողովարարությանը մասնակցում էր համարյա թե քաղաքի ամբողջ «վերին խավը», նույնիսկ գավառապետը, Մազութի Համոյի դստեր՝ Սեւաչյա Պրիմադոննայի ընկերակցությամբ, մի քանի վայրկյանով երեւացին, մտան ամենանշանավոր, օր. Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի, պ. Աբոմարշի, Պարսկաստանցու եւ այլն -խանութները եւ ոչինչ, դժգոհ չմնացին: Հաջի Օնիկ էֆենդին նվիրեց սիրելի կամավորներին մի պարկ շաքար, իսկ Պարսկաստանցին -մի արկղ ծխախոտ մեկ էլ «Լապշինի» լուցկի: Պ. Աբոմարշը ձեռնոցներ նվիրեց կամավորներին, Ժգենտին -դեղորայք, եղբ. Բալասյանները, որ զբաղվում էին սապոնի առեւտրով -սապոն, եւ այսպես շարունակ.-տվեց, ով ինչ որ ուներ, ով ինչից որ հարուստ էր, ինչպես ասում են սոխերը: Բայց եւ այնպես հարկավոր է հիշատակել, որ ամենամեծ նվիրատուն -պ. Աբոմարշն էր, որ, ինչպես ասում էր հետո -«վառել էր», այսինքն՝ վառվել, որովհետեւ տվել էր -մենք քանակը չշեշտեցինք -տասներկու զույգ կաշվե ձեռնոցներ, իսկ դա ավելի շատ արժեր, քան Հաջու մի պարկ շաքարը, կամ եղբ. Բալասյանենց սապոնը: Բայց, շատ որոշ նախադասություններով հայտնում էր հետագայում պ. Աբոմարշը, որ այդ նվերը նա արել է ոչ այնքան կամավորներին, որոնց, վերջ ի վերջո, «հերն էլ անիծած»,-այլ… Սեւաչյա Պրիմադոննային: «Ծիծիկները ուտեմ»,- ասել էր նրան այդ զրույցի ժամանակ վարսավիր Վասիլը.-«Իմ մաստերսկոս գար՝ էշից բերած էղնիմ, թե պատի հայլիս չտայի»: Ահա՛ թե ինչպիսի ահռելի, ինչպիսի հերոսական ոգեւորություն էր առաջ բերել նաիրյան այդ քաղաքում այդ «ժողովրդական ժողովարարությունը»: Ու տվել էին՝ որը փող, որն ապրանք, Կոլոպոտյանը բաժակներ էր տվել, Բոչկա Նիկալայը -գինի,-մի խոսքով՝ ով ինչ որ ուներ -չէր խնայել: Ժողովարարությանը մասնակցել էր նաեւ տեր Հուսիկ քահանան, բայց նա շրջել էր, իր լուսարարի ուղեկցությամբ, արհեստավորների խանութները, քաղաքի ծայրամասերը – մարդիկ հետագայում ինչ-որ առնչություն էին գտնում տեր Հուսիկ քահանայի փայլուն կոշիկների եւ այդ օրվա «ժողովարարության» մեջ. բայց սա բամբասանք էր կարծեմ, սիրելի ընթերցող, որ առաջ էր եկել վարսավիր Վասիլի կողմից նրա անվանը կպցրած հայտնի ածականից – եւ չարժե այսպիսի չնչին ասեկոսեներով կասկածանքի ստվեր գցել տեր Հուսիկի նման ազգասեր քահանայի անբասիր քղամիդին:

…Առավոտյան ժամը տասնմեկը կլիներ, երբ այնքան երազած կամավորական խումբը, առույգ ու առնական շարքերով, վերջապես մտավ քաղաք: Բայց նախքան նրա քաղաք մտնելը՝ դիմավորելու էին գնացել կայարան, Մազութի Համոյի եւ ընկ. Վառոդյանի գլխավորությամբ, ոգեւորված նաիրցիները: Ո՞վ ասես, որ չէր գնացել կայարան՝ հերոսներին դիմավորելու. այնտեղ էին, գեներալ Ալոշից սկսած -մինչեւ Մեռելի Ենոքը: Մեռելի Ենոքը, ասենք, ինչպես եւ Քոռ Արութը, ուզած-չուզած այնտեղ էին ու այնտեղ, այնինչ Կինտաուրի Սիմոնը, պ. Աբոմարշը, Հաջին, վարսավիր Վասիլը եւ մի շարք ուրիշներ «գործը կիսատ թողել»- հատկապես գնացել էին «դիմավորելու» նպատակով: Ես էլ չեմ խոսում արհեստավորների բոլոր «գրվածների» մասին, որոնք եկել էին «խումբը» տեսնելու: Ամենաանսիրտը Լորիս-Մելիքյանն էր.-նա, այդ չարչիների փողոցը, համարյա թե ներկայացուցիչներ չուներ այդ օրը կայարանում. երեւի չարչիներն ավելորդ էին համարել «գործից էղնելը», որովհետեւ միեւնույնն է, խումբը ուզած-չուզած իրենց փողոցով պիտի անցներ, այնպես որ նրանք հնարավորություն ունեին հենց իրենց խանութների առաջից դիմավորելու նրանց, այդ աննման հերոսներին: Այնինչ, դրա փոխարեն կայարանում էր քաղաքի համարյա «ամբողջ ինտելիգենցիան» – ուսուցիչները, նաիրցի սպաները, ուսանողները, պաշտոնյաներից շատերը: Ներկա էին նաեւ մեծ թվով աշակերտներ, որ այդ օրը զոհել էին դասը (պարապմունքները, թեկուզ փոքր ուշացած, բայց արդեն սկսվել էին դպրոցներում)-հայրենիքի գործին, բայց վերջիններիս շարքերում կային եւ այնպիսիները, որոնք մտածում էին արդեն ո՛չ միայն «դասը», այլ իրենց կյանքը զոհաբերել այդ սրբագույն նպատակին:

Գնացքը մոտենալուց դեռ հինգ րոպե առաջ, արդեն կանգնած էին պլատֆորմի վրա՝ Համո Համբարձումովիչը, ընկ. Վառոդյանը, բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Գեներալ Ալոշը եւ Կինտաուրի Սիմոնը. սա այն կազմակերպված խումբն էր, որ պաշտոնապես պիտի դիմավորեր կամավորական խմբին: Այդտեղ հենց, դրանց կողքին, արդեն պատրաստ կանգնած էր զինվորական երաժշտախումբը, որին արդեն պատվիրել էր ընկ. Վառոդյանը՝ գնացքը մոտենալու վայրկյանին նվագել նաիրյան հիմնը՝ «Մեր Հայրենիքը»: Ամեն ինչ, մի խոսքով, մտածված էր պատրաստած, որպեսզի որքան հնարավոր է սրտագին դիմավորեն խմբին – եւ ահա, վերոհիշյալ պատկառելի անձնավորությանց հետեւը կենդանի մի պարիսպ կազմած՝ աչքերը երկաթգծի հեռուն՝ սրտատրոփ սպասում էին անհամբեր նաիրցիները գնացքի մոտենալուն: «Ուշացավ»,- արդեն անհանգստանալով՝ ասաց Գեներալ Ալոշը Մազութի Համոյին այնպիսի մի տոնով, որ կարծես վերջինս լիներ ուշանալու պատճառը: Բայց հենց այդ վայրկյանին լսվեց շոգեկառքի ավետաբեր սուլոցը – բոլորը հանկարծ շարժվեցին տեղերում, հրհրեցին իրար՝ հանգստանալու փոխարեն ավելի եւս անհանգստացան: Զինվորական երաժշտախումբը, ընկ. Վառոդյանի նշանով, հնչեցրեց նաիրյան հիմնը. գնացքը դանդաղ մոտեցավ կայարանին:

Դժվար է, սիրելի ընթերցող, իմ անզոր գրչով նկարագրել այն աներեւակայելի ոգեւորությունը, որով համակվեցին նաիրցիները պատմական այդ նշանավոր, այդ անկրկնելի վայրկյանին: Հազիվ էր երեւացել առաջին փափախավոր գլուխը, երբ ամբողջ կայարանը թնդաց բացականչությունից. ամբողջ կայարանը կարծես հօդս ցնդեց: Իսկ երբ կանգնեց գնացքը եւ դուրս եկավ վագոնից խմբի ղեկավարը -Հայտնի Անունը,-երբ, հապշտապ, գլխարկները ձեռներին, դեմ վազեցին նրան Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը եւ Հայտնի Անունը, ջերմագին փաթաթվելով, համբուրվեց՝ նախ Մազութի Համոյի ապա… ընկ. Վառոդյանի հետ,-հասկանո՞ւմ եք՝ ընկ. Վառոդյանի – այդ այն ժամանակ, երբ, խորին ակնածանքը դեմքերին՝ Հայտնի Անձնավորության ձեռքը սեղմելն էին երազում բժիշկը, Օսեփ Նարիմանովը եւ Գեներալ Ալոշը -էլ ես չեմ խոսում Կոշկակար Սիմոնի -Կլուբի Մեյմունի մասին… Ասում եմ՝ երբ կատարվել սկսեցին այս շանթահարող, այս շշմեցնող բաները -հախուռն «ուռա»-ների ձայնը մինչեւ քաղաք հասավ, այնպես որ՝ «եկան»,-ասաց Կոլոպոտյանը գնորդին, նրա դեմքին անգամ շողաց երանավետ, նաիրյան մի ժպիտ: Հետո դուրս եկավ խումբը եւ խմբապետի նաիրաբառ հրամանով՝ շարք կանգնեց կայարանի առաջ: Եվ ահա… Մազութի Համոն, էլի նույն անփոխարինելի Մազութի Համոն սկսեց ողջույնի ճառը: «Բարի գալուստ,-այսպես սկսեց իր ողջույնի խոսքը Մազութի Համոն.- Դուք տեղ ունեք մեր գլխներին»: Եվ ապա խոսեց այն մեծագույն նշանակության մասին, որ պիտի ունենա անմոռանալի այդ մեծ օրը նաիրյան կյանքում.-«Ազգային ամենամեծ, եկեղեցական տոների շարքը պիտի դասվի պատմական այդ օրը. եւ, Վարդանանց տոնի, Ծննդյան եւՀարության տոների նման տոնե՛ պիտի այդ օրը ապագա Նաիրին: Տոնե պիտի ազա՜տ եւ անկա՜խ Նաիրին այնտեղ, սահմանի այն կողմը, ուր մեր տառապյալ եղբայրները սպասում են հիմա ձեր ազատարար խմբերին… Գնացե՛ք,-վերջացրեց իր խոսքը, համարյա արցունքն աչքերին Մազութի Համոն.-մեր սիրելի եղբայրները դեռ տառապում են այնտեղ բռնության ճիրաններում, մեր հայրերի երկիրը դեռ արյուն է քրտնում բարբարոսի լծից.-գնացե՛ք, մեր քա՛ջ, մեր անխորտակելի, մեր աննահանջ կամքի երկաթյա զինվորներ.-գնացե՛ք, ձեզ շնորհակալություն կասի, ինչպես այսօր արդեն ասում ենք մենք -ես հավատում եմ, այո, ապագա ազատ ու անկախ, անկաշկանդ Նաիրին…»: Բուռն, ահռելի «ուռա»-ների ներքո վերջացրեց իր խոսքը Մազութի Համոն եւ, հուզմունքից օրորվելով, մոտեցավ խմբապետին. «Թող թույլ տրվի ինձ,-ասաց Մազութի Համոն գրկելով խմբապետին.-համբուրել այս ճակատը, սիրելի հայրենակիցներ, որը չի՛ վախեցել երբեք թշնամու գնդակից, որը հեգնանքով է դիմավորել թշնամու գնդակին եւ, ես համոզված եմ միանգամայն, որ դեռ երկա՜ր-երկա՜ր մինչ հաղթանակի օրը, պիտի դիմադրե…»:

Հնչեց, թնդաց աղմկալից նաիրյան հիմնը կրկին. հնչեց ազատաձայն: Ներկաներից շատերի, նույնիսկ Մեռելի Ենոքի եւ Քոռ Արութի, աչքերին երեւացին խնդության արցունքները: Հետո խմբապետը, երկու-երեք խոսքով, ինչպես վայել է զինվորականին, շնորհակալություն հայտնեց թանկագին հայրենակիցներին, որոնք չզլացան հանձինս իրենց՝ իրենց հարգանքը բերել նվիրական գործին: «Բայց,-ասաց խմբապետը վերջում,-եթե այդ հարգանքի մի հարյուրերորդը գոնե նրանք արտահայտեին գործով, գործնական օգնությամբ նվիրական գործին -այն ժամանակ, այո, պ. Համազասպի նման ինքը եւս ո՛չ մի վայրկյան չի կասկածի, որ հեռու չէ այն օրը, երբ ազատագրված կլինի երկիրը Նաիրի…»:

Այսպես խիստ, այսպես տեղի՛ն խոսքերով վերջացրեց իր պատասխան-ճառը հայտնի խմբապետը ապա, երբ դադարեց նաիրյան հիմնը եւ լռեցին կեցցե՛ները -«Թող միշտ կտրուկ լինի մեր թագավոր-կայսեր անհաղթելի սուրը»,-կարծես վերհիշելով, ավելացրեց խմբապետը.-«որովհետեւ նրա արքայական կամոքն է միայն, որ պիտի ազատագրվի երկիրը Նաիրի…»: Այս խոսքերից հետո երաժշտությունը նվագեց «Բոժե ցարյա» -բոլորը գլխարկները հանեցին, իսկ խմբապետն ու ընկ. Վառոդյանը, որ արդեն մի քանի օր էր, ինչ կամավորական հագուստներ էր կրում -ձեռքերը, որպես զինվորականներ, տարան փափախներին:

«Կեցցե՛ թագավոր կայսրը»,-կարծես գլխի ընկնելով, որ, աններելի թյուրիմացությամբ, մոռացել էր այդ կարեւոր հանգամանքը հիշատակել իր ողջույնի խոսքում -բացականչեց Մազութի Համոն՝ գլխարկը թափահարելով: Եվ երբ երաժշտությունն ու «ուռան» դադարեց -հանդեսը վերջացավ: Խմբապետը, Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը նստեցին առաջին, թիկնապահը, բժիշկը եւ Գեներալ Ալոշը -երկրորդ, իսկ Օսեփ Նարիմանովը եւ մյուսները մնացած կառքերում -զմայլված նաիրցիների երջանիկ հայացքների ուղեկցությամբ դիմեցին քաղաք:

Մի ժամ հետո, հայտնի խմբապետի երկրորդ օգնականի հրամանատարությամբ, քաղաք մտավ կամավորական խումբը, ուր եւս նա հանդիպեց ավելի քան բուռն, սրտալի ոգեւորության:

Երեք օրից հետո նույն այդ տեղերից դեպի ճակատ էին ճանապարհ դնում, նույն Մազութի Համոյի եւ ընկ. Վառոդյանի առաջնորդությամբ, այդ խմբի կամավորներին քաղաքի բնակիչները: Այս անգամ ներկաների բազմությունը շատ ավելի ստվար էր, քան ընդունելության օրը, մի հանգամանք, որ մասամբ կիրակի լինելուն պիտի վերագրել, մասամբ էլ նրան, որ շատ-շատերը, այո՛, մանավանդ արհեստավորներից եւ շրջանի գյուղացիներից, եկել էին ճանապարհ դնելու – որը հարազատին, ընկերոջը, որն էլ ծանոթին կամ դրացուն, որոնք ճակատ էին մեկնում, ընկ. Վառոդյանի ձեռքով «գրված» լինելու պատճառով, այդ խմբի հետ: Ասվեցին ինչպես հարկն էր, ճառեր. նվագեցին, ինչպես հարկն էր, նաիրյան հիմնը եւ «Բոժե ցարյան». բարի երթ մաղթեցին սիրելի կամավորներին ո՛չ միայն Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը, որոնք խոսում էին որպես պաշտոնական անձնավորություններ ամենքին հայտնի հիմնարկության կողմից, այլեւ Գեներալ Ալոշը, որ խոսեց քաղաքացիների անունից: Հետո կամավորները գնացք նստեցին – եւ ահա կեցցեների, երաժշտության, լացի եւ ոգեւորության հախուռն արտահայտությունների ներքո գնացքը հեռացավ: Սրտառուչ էր տեսարանը, սրտառուչ ու անմոռանալի, բայց այդ տեսարանից բյուր անգամ ավելի սրտառուչ եւ անմոռանալի էին Մազութի Համոյի աչքերը, որոնցում արցունք կար եւ, արցունքի միջից՝ սպասումի ժպիտ: Նրանք, Մազութի Համոյի այդ անմոռանալի աչքերը, նայում էին հեռացող գնացքին, բայց չէին տեսնում գնացքը. նրանք տեսնում էին սահմանի «այն կողմը», ուր, ինչպես ասել էր ինքը իր ողջույնի խոսքում, գերության ճիրաններում տառապում էր դեռ երկիրը Նաիրի: Այնտեղ էր, այն մթամած հեռվում, ուր հեռացավ գնացքը, – Ավետյաց երկիրը – հնամյա Նաիրին: Եվ, գնացքն անհետանալուց երկար դեռ անց -նայում էին այն կողմը ժպտաթախիծ աչքերը Մազութի Համոյի, բայց Մազութի Համոյի ժպտաթախիծ աչքերը արդեն տեսնում էին, գալիքների անհայտ մշուշների միջից -այնտեղ, ուր հեռացավ գնացքը «նաիրյան ուժերով» բեռնավոր – իր նո՜ր, վերածնված հայրենիքը, կամ, ինչպես կասեր նա հետագայում, եթե կենդանի մնար – միացյալ ու անկախ, ծովից ծով Նաիրին…

Հետևեք մեզ նաև Telegram-ում