«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ենթակայությունը հանձնվում է ՀՀ արդարադատության նախարարությանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշում ընդունվեց ՀՀ կառավարության օգոստոսի 8-ի հերթական նիստում։
Ըստ որոշման՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ենթակայությամբ, ինչը յուրահատուկ երևույթ է միջազգային պրակտիկայում։
«Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ հիմնականում ազգային արխիվները գործում են մշակույթի կամ արդարադատության նախարարության ենթակայության ներքո։ Մասնավորապես, ազգային արխիվը մշակույթի նախարարության ենթակայության ներքո է գործում Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Սերբիայում և մի շարք այլ պետություններում։
Իսկ Արդարադատության նախարարության ենթակայության ներքո են գործում հետխորհրդային տարածքի մի շարք պետությունների ազգային արխիվներ, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան, Բելոռուսիան։ Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետությունում նույնպես ազգային արխիվը գործում է Արդարադատության նախարարության ենթակայությամբ։
Կարևոր է արձանագրել այն փաստը, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ունի արխիվային գործի կառավարման փորձ, քանի որ վերջինիս ենթակայությամբ է գործում հանրապետությունում իր կարևորությամբ 2-րդ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվը»,- նշված է նախագծում։
Ազգային արխիվը միակ կազմակերպությունն է Հայաստանում, որն իրականացնում է ՀՀ մշակութային ժառանգության մի ամբողջական մասի՝ ՀՀ արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման գործառույթները:
«Բացի այդ, Ազգային արխիվում պահպանվող փաստաթղթերի վավերականությունը, նրանց անձեռնմխելիությունը նշանակում է, որ վերջիններս կրում են ապացուցողական բնույթ: Վերոնշյալի համատեքստում հարկ է հավելել, որ բավարարելով քաղաքացիների սոցիալ-իրավական հարցումները՝ Ազգային արխիվն ապահովում է բնակչության սոցիալական պաշտպանության համակարգի գործունեությունը: Միաժամանակ, կազմակերպելով գիտահետազոտական նպատակներով հետադարձ փաստաթղթային տեղեկության օգտագործումը՝ Ազգային արխիվը ձեռք է բերել գիտական կազմակերպության կարգավիճակ:
Վերոնշյալի համատեքստում հարկ է փաստել նաև, որ ՀՀ ոչ մի պետական մարմին կամ այլ կազմակերպություն ներկայումս չի կարող ստանձնել և իրականացնել Ազգային արխիվի գործառույթները, ուստի նրա գործունեության շարունակությունը որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն անհրաժեշտ է», – նշված է նախագծում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում