Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ

Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Aravot.am: Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լեւոն Բլբուլյանի համար այս տարին հոբելյանական է: Դիմանկարի փորձ. գրականագետ Նորայր Ղազարյանը` հոբելյարի ու նրա ստեղծագործության մասին

Աշխարհի բանաստեղծական պատկերը իր 70-ամյակը բոլորող Լեւոն Բլբուլյանի կեսդարյա ուղեկիցն է: Բանաստեղծական աշխարհընկալումը նրան տարել է կյանքի մի ճանապարհով, որն անցնում է մաքուր արժեքների ուղեցույց-հանգրվաններով: Լեւոնը մշտապես հավատարիմ է իր միջի բանաստեղծական տեսիլին: Ժողովածուից ժողովածու նա ընթերցողին է ներկայացրել հղկված այդ տեսիլը՝ փորձելով այն վեր բարձրացնել առօրյա հարաբերություններից:

Ճիշտ կլինի ասել, որ բանաստեղծությունը Լեւոնի մեջ է ու ինքը՝ բանաստեղծության: Նա իր առջեւ չի դնում ժամանակակից լինելու խնդիրը, քանզի իր տեքստերով գրված բազմաթիվ գեղեցիկ երգերով շունչ է տալիս ժամանակին: Բանաստեղծը երգող ժամանակի կյանքի ներդաշն ռիթմերի ելեւէջների հետ է: Այս ամենով հանդերձ՝ նա զգույշ է վերաբերվում ժամանակին. բանաստեղծական տողը դա է պահանջում: Նրա յուրաքանչյուր տող ասես միանում-ձուլվում է մաքրադաշտ բանաստեղծական մեկ ընդհանուր համակարգի: Բանաստեղծը տողի, պատկերի խիստ ընտրություն է կատարում՝ հեռու մնալով մոդայիկ փորձարարությունից: Նա հենվում է պոեզիայի դարավոր փորձի վրա, եւ փորձարարության սահմանները նրա համար հստակ են.

Չեմ ենթարկվում ես անցողիկ, սուտ հովերին օրերի
Ու չեմ դառնա այս մոդայիկ մուսաներին ես գերի…

 

Լեւոն Բլբուլյանը տարիներ ի վեր բանաստեղծական երկխոսության մեջ է ժամանակի հետ: Սխալ չի լինի ասել նաեւ՝ բանաստեղծական մենախոսության մեջ, սակայն երկխոսություն ասելիս նկատի ենք ունենում բանաստեղծի եւ ժամանակի երկկողմ հարաբերությունը:

Չգրված օրենք է՝ խոսքն ուղղելով ապրած օրերին՝ բանաստեղծը ներքուստ պետք է կռահի պատասխանը: Նման պատասխանն է, որ հղկում է բանաստեղծության «հունը»: «Հղկել» նշանակում է կյանքից վերցրածն անցկացնել գեղեցիկի պրիզմայով: Բլբուլյանի բանաստեղծությունը «թրծվում» է արդիական կրակի հալոցքում: Այնտեղ գեղեցիկի հետ թիրախավորվում է ճշմարիտը: Բանաստեղծի համար ճշմարիտն է գեղեցիկ եւ «սեւագիր» ճշմարտություն չկա: Պոեզիան իդեալական հայելի է: 1994-ին տպագրած բանաստեղծական իր ժողովածուն նա «Աներգ օրեր» է անվանել: Իրոք դրանք ծանր տարիներ, աներգ օրեր էին՝ քաոսային ընթացքով: Սակայն բանաստեղծն իր երգն էր բերել աներգ օրերին.

Քոնը ե՛րգն է, սե՛րն է քոնը,
Հավերժական ու մշտակա,
Խոհերիդ հին ու նոր հունը,
Զրույցները քո հեռակա:
Իսկ ժխորն այս կանցնի մի օր,
Ճառ ու գոչյուն կցամաքեն,
Ու բյուր սրտեր հին կարոտով
Կփնտրեն նույն խոսքերն անքեն:

Բլբուլյանի խոհը ծանրակշիռ է ու խիտ: Ծանրակշիռ խոհն է մեծացնում բանաստեղծության ներգործության ուժը, թույլ չի տալիս, որ օրացույցի թերթիկի կյանք ունենա: Բնավ պատահական չէր, որ լինելով նաեւ հմուտ թարգմանիչ, վերջին տարիներին նա ձեռնամուխ եղավ Օմար Խայամի քառյակների թարգմանությանը ու հաջողեց (2018-ին պարսիկ մեծ բանաստեղծի ստվար հատորը նրա թարգմանությամբ տարվա լավագույն թարգմանական գիրք ճանաչվեց՝ արժանանալով ՀԳՄ Հովհաննես Մասեհյանի անվան պատվավոր մրցանակի): Դա պատահական չէր նաեւ նրանով, որ դեռ տարիներ առաջ հենց ինքը քառյակների հրաշալի մի գիրք հրատարակեց, ապացուցելով, որ տիրապետում է դժվարին, քմահաճ այդ ժանրի նրբություններին, եւ աֆորիստիկ իր մտածողությունը միանգամայն համապատասխանում է քառյակի պահանջներին:

Լեւոնի այդ ժողովածուն մարդերգության լավագույն արտահայտություն է, դասական բանաստեղծության շարունակությունը մեր բարդ ժամանակներում։ Գրքի քնարական հերոսը ամբողջական մարդն է՝ զգացմունքների խորությամբ, լայն աշխարհընկալումով, լավի, գեղեցիկի ու բարու նկատմամբ ամուր հավատով։ Բանաստեղծը խորացնում է քառյակի գեղարվեստական հնարավորությունները, հին, ավանդական ժանրին արդիական գծեր տալիս, թարմացնում բանարվեստը։ Մեր օրերի անկման հոգեբանության դեմ նա գեղագիտական «պատնեշներ» է կառուցում, որոնք մարդու որոնումները ճշմարիտ մարդասիրության պաշարներով պետք է հագեցնեն։ Բլբուլյանի քառյակները արդի աշխարհավորումների փիլիսոփայական խտացումներ են, ոչ սակավ դեպքերում մարդու վերաբերյալ խոհի, զգացմունքի գյուտեր։ Նա նոր չափ ու կշիռ է տալիս մարդաքննական խոհին։ Ու հաճույքով պիտի նշել, որ քառյակների ադ ժողովածուն էլ աննկատ չմնաց, Ավետիք Իսահակյանի անվան գրական մրցանակ բերելով հեղինակին:

Հատուկ անդրադարձի կարիք ունի եւ Լեւոն Բլբուլյանի սիրո քնարը: Ներկայումս, երբ բանաստեղծության մեջ սերը կարծես հեգնանքով է երեւակվում եւ վերածվել է իր հակաերեւույթին՝ անտիսիրո, Բլբուլյանի հասուն գրչի տակ վերագտնում է իր հազարամյա դեմքը, պահպանում զուլալ, քնարական հնչումները։ Բլբուլյանը հյուսում է սիրո ամբողջական մի պատմություն, որտեղ ողբերգական մռայլ ու ծանր գույների փոխարեն իշխում են հոգեբանական անցումները։ Եվ այս ամենը՝ առանց գրական մոդեռն տեխնիկայի, հոգու պեյզաժային գույներով։ Եվ բանաստեղծն իրավունք ուներ այսպիսի տողեր գրելու.

Շատ սերեր են աշխարհում սուտ դուրս եկել,
Անթիվ երգեր՝ ամուլ ու փուտ դուրս եկել,
Բայց, մե՛կ է, ինձ թվում է, թե այս աշխարհ
Ես հենց սիրո՛, երգի՛ համար եմ եկել:

Նրան հաջողվում է ժամանակի խառնարանում մաքուր պահել սիրո լարը։ Ավելին, ոգու սովի դեմ բանաստեղծը ճոճում է սիրո սուրը։ Եվ սիրային նման բանաստեղծությունների շնորհիվ տասնամյակներ անց ընթերցողը մեր ժամանակը կարող է ճանաչել նաեւ որպես ոգեղեն ապրումների ժամանակ:

Բանաստեղծներն այնպե՜ս հեշտ են սիրահարվում…
Բայց դա վերո՛ւստ, Տիրոջ կամո՛ք է սահմանված.
Որ հուզավառ երգեր ծնվեն միշտ աշխարհում,
Ու կյանքն անվերջ գեղեցկանա սիրով նրանց:

Լեւոն Բլբուլյանի բանաստեղծական ժողովածուներում ամբարվել է կեսդարյա տքնաջան հույզերի եւ խոհերի ժամանակը: Ավելացնենք, որ նրա հրապարակախոսության մեջ եւս նույն ժամանակն է՝ քննվող հարցերի բարդ զուգադրումներով:

Թարգմանելով նաեւ լեգենդար Վլադիմիր Վիսոցկու պոեզիան, Լեւոնը անցել է բանաստեղծական ներքին սահմանահատումների, ցույց տվել, որ ճիշտ թարգմանության համար թարգմանիչը պետք է իմանա, թե՛ հեղինակի եւ թե՛ նրա լեզվի հոգեբանությունը: Առհասարակ, որպես հմուտ թարգմանիչ, նա դրսեւորվել է թարգմանական ութ գրքերում, մամուլում հրապարակված բազմաթիվ թարգմանական շարքերում՝ հատկապես ռուս դասական ու ժամանակակից պոեզիայից: Իսկ ահա վերջերս Գրողների միությունների միջազգային ընկերակցության կողմից Մոսկվայում տպագրվեց նրա բանաստեղծությունների ռուսերեն ընտրանին, որը նույնպես գրողի վաստակի բարձր գնահատության արդյունք է: Տարեդարձի շեմին հոբելյարը եւս մի կարեւոր նվեր ստացավ. արժանացավ ծննդավայր Գավառի պատվավոր քաղաքացու կոչման:

Քաղաքը գնահատել է ճանաչված արվեստագետ իր որդուն, ում երկու տասնյակից ավելի գրքերի մեջ առանձնահատուկ տեղ են գրավում ծննդավայրի՝ նրա հավաքած, մշակած կատակների ուրախ ժողովածուները՝ բլբուլյանական հայտնի «արաղապատումները», որ ժողովրդական բանահյուսության հետաքրքիր, արժեքավոր նմուշներ են: Հարազատ քաղաքը իրավացիորեն գրականության իր դեսպանն է համարում նրան: Իսկ գրական մեր ընտանիքում Լեւոնը վաղուց արդեն սիրված, ընդունված անուն է, ումից միշտ նոր սպասելիքեր ունեն ե՛ւ գրչընկերները, ե՛ւ ընթերցողները:

Այնպես որ, ի սրտե ասենք բարի հոբելյանական տարեդարձ՝ մաղթելով, որ այդ սպասելիքները շարունակաբար արդարանան: Իսկ բանաստեղծը վստահ ասում է.

Չէ՛, ամեն ինչ դեռ չես ասել,
Եվ անդորր չէ սա դեռ աշնան.
Լռություն է լոկ ծաղկումի,
Թաքուն մի ծես պտղավորման:

Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ գրականագետ

Հետևեք մեզ նաև Telegram-ում