Հալեպահայերը ներկայում արտագաղթելու միտում չունեն

«Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում այս պահին իրավիճակը հանդարտ է, միայն ժամանակ առ ժամանակ լսվում են ռմբակոծության ձայներ, սակայն Հալեպից բավական հեռու»,-«Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է այժմ Հալեպում բնակվող, նախկինում Տորոնտոյի Սուրբ Երրորդություն Հայ Առաքելական եկեղեցու հովիվ Տեր Զարեհ Ձարգարյանը:

Նա հավելել է, որ այս պահին միակ խնդիրն այն է, որ և սնունդը, հագուստը, գոյատևելու համար անհրաժեշտ բոլոր մնացած պարագանները բավական թանկ արժեն. «Նախքան պատերազմն ամեն ինչ շատ էժան էր, հիմա 5-10 անգամ ամեն ինչ թանկացել է, նույնիսկ՝ ցամաք հացը»: Այս ամենով հանդերձ՝ Տեր Զարեհը նշել է, որ ամբողջ աշխարհից իրենց շատ են օգնել, և իրենք երախտախարտ են նույնիսկ ամենաչնչին օգնության համար. «Կարևոր չէ, թե որտեղից ինչքան օգնություն է եկել այս ընթացքում, այն հավասարապես բախշվել է հայ համայնքի միջև, մարդիկ փորձում են այս փորձությունն էլ հաղթահարել»: Այն հարցին՝ հալեպահայերը շարունակու՞մ են արտագաղթել, թե՞ քանի որ իրավիճակը հանդարտ է՝ նման հոսք չի նկատվում, Տեր Զարեհը պատասխանել է, «Հալեպահայերն այս պահին կարծես թե չունեն նման միտում, առհասարակ ասեմ՝ շատ վտանգավոր է այստեղից արտագաղթելը՝ ճանապարհին գողանում են մարդկանց և փրկագին պահանջում, շատ վտանգավոր է, մարդիկ նման ռիկսի աշխատում են չդիմել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում