ԱԳՆ-ի անորոշ կեցվածքը որևէ կերպ մեր շահերից չի բխում. Հերմինե Մխիթարյան

ԱԳՆ-ի անորոշ կեցվածքը որևէ կերպ մեր շահերից չի բխում. Հերմինե Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ԱԳՆ-ն իր անորոշ կեցվածքով ու ոչինչ չասող հայտարարություններով հնարավորություն է տալիս հակառակորդին ավելի ու ավելի ամրապնդել դիրքերը բանակցային գործընթացի շրջանակներում: Այս մասին Times.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի վերջին հայտարարություններին և դրանց ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքին:

«Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վարչապետ Փաշինյանի՝ Արցախին առնչվող հայտարարությունները, ինչպես և սպասելի էր, լուրջ խնդիրներ են առաջ բերում: Դրան գումարվում է նաև ՀՀ ԱԳՆ-ի կեցվածքը, որ մի կողմից փորձում է սրբագրել վարչապետի խոսքերը, ներկա գործընթացների հետ համադրման եզրեր գտնել, մյուս կողմից շարունակում է խոսել հակամարտության մեջ ընդգրկված բոլոր հասարակությունների համար ընդունելի լուծման հասնելու մասին: ԱԳՆ-ն, փաստորեն, իր անորոշ կեցվածքով ու ոչինչ չասող հայտարարություններով հնարավորություն է տալիս հակառակորդին ավելի ու ավելի ամրապնդել դիրքերը բանակցային գործընթացի շրջանակներում: Ցավով պիտի արձանագրենք, որ բանակցային ողջ գործընթացում ապակառուցողական դիրքերում եղած Ադրբեջանն այսօր հայկական կողմին է մեղադրում ոչ կառուցողական լինելու մեջ», – նշեց փորձագետը՝ հավելելով, որ պաշտոնական Բաքուն, իհարկե, չի սահմանափակվի միայն հայտարարություններով և կօգտագործի հնարավոր բոլոր հարթակները, ինչի մասին նշված էր նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի վերջին հայտարարության մեջ:

«Ի՞նչ ենք անում մենք Բաքվի քայլերին ի պատասխան, աշխատու՞մ ենք արդյոք մեր միջազգային գործընկերների, առաջին հերթին՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ՝ բացատրելու համար ստեղծված իրավիճակն ու մեր դիրքորոշումը: Ի վերջո՝ գիտակցու՞մ ենք արդյոք, որ որևէ պահից իրավիճակը շտկելու հնարավորություն այլևս չենք ունենա: Պիտի հասկանանք, որ բանակցություններում առանց հստակ սահմանված ռազմավարության ու մարտավարության անհնար է հաջողություն ակնկալել: ԱԳՆ-ի հայտարարությունները պիտի զերծ լինեն երկիմաստություններից. կամ բանակցային գործընթացի շրջանակներում շարունակում ենք պայքարը եղած մարտավարության շրջանակներում՝ փորձելով հասնել Արցախի լիարժեք վերադարձին բանակցային սեղան, կամ արձանագրում ենք, որ կտրուկ փոխում ենք մեր մարտավարությունը՝ պատրաստ լինելով դրանից բխող բոլոր մարտահրավերներին և առնվազն փորձելով գտնել նոր հնարավորություններ», – նշեց Մխիթարյանը՝ ամփոփելով, որ այս անորոշ կեցվածը որևէ կերպ մեր շահերից չի բխում. Արցախի հարցում մեր դիրքորոշումը միշտ եղել է առավել քան հստակ ու հիմնավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում