Թալանչիները պետք է ազատվեն իրենց պաշտոններից. Հովիկ Աբրահամյան

Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվությունը, որտեղ մատնանշվում էր տարբեր ոլորտներում բյուջեի միջոցների մսխման մասին բացահայտումներ, բարկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Panorama.am-ը գրում է, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ելույթից հետո Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է, թե ինչ պատասխան են տալիս այն չինովնիկները, ովքեր բյուջեիի միջոցները մնան կերպ են օգտագրոծում:

«Ես ինչ-որ տեղ նախկինում համոզված էի, որ դրանք, այդ խախտումները իրականությանը չեն համապատասխանում, բայց հիմա, որ այս ամբիոնից հայտարարում եք այդ խախտումների մասին, ճիշտն ասած, զարմացա: Այսինքն, կոպիտ ասած գործ ունենք թալանչիների հետ: Ուզում եմ հասկանալ, պարոն Զաքարյան, դուք, որ այդ չինովնիկներին ներկայացնում եք այս խախտումները, ի՞նչ են ասում: Իրական փողերը բյուջեից լափում են որոշ մարդիկ, և մենք ոչ մի քայլ չենք անում, էսպես չի լինի: Ի՞նչ են ասում այդ չինովնիկները, երբ ասում եք, որ 100 մլն, 200 մլն յուրացրել եք»,- հարցրել է  Հ. Աբրահամյանը:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պատասխանելով ԱԺ խոսնակի հարցին, նշել է, որ ԱԺ Դաշնակցություն, ՀԱԿ, ԲՀ և ՕԵ խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ պատգամավորները իր առջև խնդիր են դրել ներկայացնել նաև, թե ինչ պատասխան են տվել այն կառույցները, որտեղ իրականացվել են աշխատանքները: Այնուհետև տեղեկացրել է, որ Հանրապետական խմբակցության հետ ևս «մոտ երեք ժամ» քննարկում են ունեցել:

«Հանրապետական խմբակցությունում շատ մանրակրկիտ քննարկել ենք, ու հստակ խնդիր է դրված եղել, որ կառավարությունը, նախարարները հստակ պատասխանեն, թե ինչ է արվել Վերահսկիչ պալատի վերահսկողության արդյունքում: Դրանից հետո կառավարության նիստում վարչապետը մեկ առ մեկ բոլորին հարցրել է, թե ինչ արդյունք են ստացել ստուգումները: Վարչապետի հանձնարարությամբ բոլորի պատասխաններն այս պահի դրությամբ տեղադրված են կառավարության կայքէջում և շատ հանգիստ ցանկացած պատգամ,ավոր կարող է վերցնել ու տեղեկանալ, թե ինչ է արվել խախտումը վերացնելու համար», -պատասխանել է Իշխան Զաքարյանը’ միևնույն ժամանակ նկատելով, որ կան նաև պատասխաններ, որոնք ինքնանպատակ են գրվել, այսինքն’ պատասխանել են զուտ պատասխանելու համար:

Արձագանքման ժամանակ Աբրահամյանն ասել է, որ հասարակության շրջանում տպավորություն է ստեղծվում, որ խախտումները հայտնաբերվում են, դրանց մասին բարձրաձայնվում է, բայց լուծում չի ստանում: «Նույն բանը մի քանի անգամ ասել եմ’ եթե գալիս եք, այս ամբիոնից բարձրաձայնում եք խնդիրների մասին, պետք է շարունակական պրոցեսը լինի, պետք է այդ մարդկանցից ազատվել, անփոխարինելի պատշտոնյա կա՞: Ես զարմացած եմ ուղղակի: Գտնում եմ, որ վարչապետը լուրջ գործ անի այս ուղղությամբ: Ես գտնում եմ, որ սա պետք է ունենա լուրջ հետևանքներ, պետք է ազատվել այդ մարդկանցից, ովքեր զբաղված են թալանով, կեղծիքներով, յուրացումներով», -հայտարարել է ԱԺ նախագահը:

Մեկ այլ աղբյուր` 1in.am-ը գրում է, որ  ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը   խիստ մտահոգիչ Է համարել գնումների համակարգում գոյություն ունեցող իրավիճակը և հայտարարել, որ այն ունի համակարգային բնույթ:

Իշխան Զաքարյանի խոսքով՝ գնումների համակարգով գնվող գրեթե ապրանքների գները շուկայանից ավելի բարձր են եղել. «Մենք նրանց հարցնում ենք՝ ինչո՞ւ է միշտ այդպես, մեզ պատասխանում են՝ որոշ դեպքերում այդպես է, որոշ դեպքերում այդպես չէ: Բայց մենք մեր ստուգումների ընթացքում հակառակ երևույթը չենք նկատել»,-հայտարարել է Իշխան Զաքարյանը:

Վերջինս որպես օրինակ նշել է այն հանգամանքը, որ դատարանների նոր շենքեր կառուցելու դեպքում ձեռք է բերվել սովորական տիպի մալուխ, որի մեկ մետրը մեր խանութներում արժե մոտ 130 դրամ, բայց ձեռք են բերել 1007 դրամով: Կամ՝ նույն դատական համակարգում կատարված շինարարության դեպքում նախահաշվում նշված դատական համակարգի շինարարության համար մետաղապլաստե պատուհանի մեկ քառակուսի մետրի համար նախահաշվարկային գին է նշվել 85 հազար դրամը, սակայն ձեռք է բերվել 53 հազար դրամով: Իշխան Զաքարյանի խոսքով՝ մնացած գումարը օգտագործվել է որպես շահույթ: ՎՊ նախագահը նշեց, որ դատական համակարգի մի շարք շենքեր կառուցելու արդյունքում մոտ 270 մլն դրամի ուռճացված հաշվարկներ են հայտնաբերել:

Նա հիշել է նաև էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցներով ձեռք բերված թանկարժեք զուգարանները: Հիշեցնենք, որ այդ զուգարանների համար վճարվել է 100 մլն դրամ, ևս 23 մլն դրամ՝ տեղադրման համար: Իշխան Զաքարյանը ոչ արդյունավետ համարեց այս ծախսը:

Նա կարևոր է  համարել, որ գնումների գործընթացում ներդրված է էլեկտրոնային գնումների համակարգ, բայց հավելեց, որ այն արդյունավետ չէ և գրեթե չի գործում: Նրա խոսքերով՝ ֆինանսների նախարարությունը այժմ մշակում է գնումների էլեկտրոնային համակարգի նոր ծրագիր: Նա հայտնեց, որ այժմ ՎՊ-ն թեև ուսումնասիրում է, բայց ինքը ձեռնպահ է մնում գնահատականներից: Զաքարյանը խոստացավ, որ այդ մասին կխոսի իր հետագա հաշվետվությունների ժամանակ:

Իշխան Զաքարյանի կողմից այս ամենը ներկայացվելուց հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է՝ «թալանչիները պետք է ազատվեն իրենց պաշտոններից»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում