Համաշխարհային բանկը հերքում է Վերահսկիչ պալատի տվյալները

ՀՀ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունները հարցեր են առաջացրել ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս: Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունները, որոնք ուշիուշով հետևում են իրենց կողմից ներդրված գումարների շարժին, պարզել են, որ ՎՊ տվյալները հակասում են իրենց սեփական հետազոտությունների արդյունքներին: Ստեղծված իրավիճակը պարզաբանելու համար, վերջերս Համաշխարհային Բանկը նամակով դիմել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին’ նշելով, որ իրենց կողմից իրականացվող Դատաիրավական Բարեփոխումներ Երկրորդ ծրագիրը Հայաստանում շատ լավ ընթացք է ունեցել: Այս ծրագրի հետ կապված ՎՊ պաշտոնական կայքում հրապարակված զեկույցը զարմանք է առաջացրել Համաշխարհային Բանկի ներկայացուցիչների մոտ, ուստի վերջիններս խնդրել են Ի. Զաքարյանին համատեղ ուսումնասիրություն անցկացնել:

Իշխան Զաքարյանին ուղղված նամակում ՀԲ Երևանյան գրասենյակը նշել է նաև, որ դատաիրավական բարեփոխումների վերոնշյալ ծրագիրը Հայաստանում կավարտվի 2013 թվականի հունիսի կեսերին և ծրագրի արդյունավետության մասին վերջնական զեկույցում նրանք անպայման հաշվի կառնեն նաև Վերահսկիչ պալատի դիտարկումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում