Կարո՞ղ եք հանրությանը ներկայացնել, թե ինչ միջոցներով եք կառուցել ձեր առանձնատունը. Ն. Փաշինյանը` Ի. Զաքարյանին

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ԱԺ-ին ներկայացրած զեկույցի քննարկման ժամանակ` ԱԺ ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմելով Իշխան Զաքարյանին նշել է, որ շատ հետաքրքիր ներկայացում է ՎՊ-ի հաշվետվությունը և հիշեցրել նախորդ տարվա նույն քննարկումը, երբ ինքը Իշխան Զաքարյանին հարցրել էր, թե իր առանձնատունն ինչ միջոցներով է կառուցում և դա անպատասխան էր մնացել:

«Պետք է արձանագրեմ, որ հաշվետու ժամանակաշրջանում Դուք ավարտին եք հասցրել Ձեր հսկայական դղյակի շինարարությունը ՊՆ-ի հարևանությամբ, որն անցյալ տարի դեռևս շինարարության փուլում էր»,-Slaq.am-ի փոխանցմամբ ասել է Աժ պատգամավորը:

Նա դիմելով Իշխան Զաքարյանին՝ հարցերել է, թե ի վերջո նա կարո՞ղ է ԱԺ-ին, հանրությանը ներկայացնել, թե ինչ միջոցներով է կառուցել այդ առանձնատունը:
Իշխան Զաքարյանը պատասխանելով պատգամավորի հարցին՝ ժպտալով ասաց, որ շատ լավ հասկանում է հարցի ենթատեքստն ու նշեց. «Հարցը 2011 թվականի բարձրացվեց «Իրավունք» թերթի աշխատակցի կողմից և ինքը դրանից հետո ստացավ այն անձնավորության պատասխանը, ով որ ամբողջ ներդրումներն արել է»,- նա հավելել է, որ 10-15 օր անց մի նոր առանձնատուն է կառուցվելու, որը այդ նույն մարդու ներդրումների հաշվին է կառուցվելու:

Աժ պատգամավորն արդեն արձագանքելու ժամանակ ասել է, որ իր հարցը շատ ուղիղ էր, առանց որևէ ենթատեքստի: Նա հղում է արել ԶԼՄ-ներից մեկի հետ Իշխան Զաքարյանի կնոջ հարցազրույցին ու նշել, որ  ՎՊ-ի նախագահի կինն ասել է, թե իրենք ապրում են այդ առանձնատանը:

Ի պատասխան` Իշխան Զաքարյանը նշել է, որ չի ժխտում, թե այդ տանը չի ապրում: Նա նաև նշել է, որ կարող է ներկայացնել այդ ներդրումների հիմքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում