Պետք է մինչեւ վերջ բացահայտվի կոռուպցիոն ցանցը. Իշխան Զաքարյան

Այսօր խորհրդարանում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո, բավականին զավեշտալի իրավիճակ ստեղծվեց: Իրենց զայրույթը, զարմանքը եւ վրդովմունքն առավել շատ չէին կարողանում թաքցնել հիմնականում ՀՀԿ-ական պատգամավորները՝ հերթ չտալով անգամ ընդդիմադիրներին: Անգամ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բավականին կոշտ ելույթ ունեցավ՝ զարմանալով, թե նման աղաղակոտ բացահայտումներից հետո ինչո՞ւ վարչապետն ու կառավարությունը համապատասխան հետեւություններ չեն անում եւ քայլեր չեն ձեռնարկում: Այս մասին գրում է Aravot.am-ը:

Լրագրողները ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվեցին՝ անկանկալ չէ՞ր հատկապես իշխանությունների բարկությունը: ՀՀԿ-ականների եւ ՕԵԿ-ականների ելույթները, պարզվում է, անակնկալ չէին ՎՊ նախագահի համար: Ավելին, այդ ելույթները, ըստ նրա, խոսում են իշխանությունների համարձակության մասին, որ մտնում են այդ դաշտ: «Մենք չորս տարի շարունակ խոսում էինք տնտեսության բոլոր ոլորտների մասին եւ հստակ ընդգծում էինք երեք ուղղություն, որտեղ կան լուրջ կոռուպցիոն ռիսկեր՝ սոցիալական ոլորտ, շինարարություն եւ գնումներ: Իշխանությունը համարձակ մտավ եւ սոցիալական ոլորտը շտկեց, այսօր որեւէ մեկը չի կարող ասել, որ այդպես չէ, դա նշանակում է պետական բյուջեի ծախսային մասի երեսուն տոկոս: Հիմա մենք մտնում ենք մնացած յոթանասուն տոկոսով, որը վերաբերվում է քաղաքաշինությանն ու գնումներին: Ես սա շատ համարձակ քայլ եմ համարում իշխանության կողմից, մտնել այդ դաշտ, շտկել, փոխել, ձեւափոխել եւ հասնել նրան, ինչին մենք հասանք թոշակների մասով»,-ասաց Իշխան Զաքարյանը:

Հարցին՝ ինչո՞ւ իշխանությունների համարձակությունը թույլ չի տալիս բռնել ԱԺ նախագահի մատնանշած «թալանչու» ձեռքը, Զաքարյանն ասաց, որ պետք է մինչեւ վերջ բացահայտվի կոռուպցիոն ցանցը:

 Yerkir.am-ի դիտարկմանը՝ ո՞ւմ վրա է ջղայնանում իշխանությունը, ինքն ի՞ր, ՎՊ նախագահը նշեց, որ օրինակ ինքն անձամբ միշտ փորձում է խոսել բացերի մասին, բայց դա չի նշանակում, որ շտկված իրավիճակ չունենք:

Ինչպես գրում է Panorama.am-ը, Իշխան Զաքարյանը խոստանում է մոտ ապագայում հետաքրքիր փաստեր հրապարակել առողջապահության ոլորտի վերաբերյալ. «Կարծում եմ, բավականին հետաքրքիր է լինելու, չէ՞ որ այսօր մենք հաստատում ենք բյուջեով 70 մլրդ դրամ այդ բնագավառին, որից համարյա 50 մլրդ-ն ունի սոցիալական ուղղվածություն: Արդյո՞ք այդ սոցիալական ուղղվածության գումարները մինչև վերջ հասնում են, արդյո՞ք դա մինչև շարքային քաղաքացի գնում է: Այստեղ է խնդիրների խնդիրը: Եվ հենց այդ առումով, ես կարծում եմ, 2013-ի հաշվետվությունները շատ ավելի հետաքրքիր են լինելու: Այդ ժամանակ լավն էլ կլսենք, վատն էլ կլսենք»,-հավելեց Զաքարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում