Փաշինյանը դեսպաններին. «Գնացէք այսուհետեւ աշակերտեցէք զամենայն հեթանոսս, մկրտեցէք զնոսա յանուն ոչ բռնի, թավշեա, ժողովրդական յեղափոխութեան»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: ՀՀ արտաքին քաղաքականության մասին Նիկոլ Փաշինյանի և Զոհրաբ Մնացականյանի այսօրվա ելույթների հիմնական կետերը մի 2-3 անգամ կարդացի։ Մե՛կ իրենց մտքերն եմ կարդում, մե՛կ միջազգային լրահոսը։ Մե՛կ հայկական հեղափոխության համաշխարհային նշանակության մասին Փաշինյանի թեզերը, մե՛կ Պուտին-Էրդողան հանդիպման մանրամասները։ Մե՛կ կանանց իրավունքների ոլորտում իրականացվելիք քաղաքականության մասին Մնացականյանի մոտեցումները, մե՛կ Իրան-Արևմուտք հարաբերություններում ստեղծված իրավիճակի մասին առաջատար երկրների ղեկավարների գնահատականները… Ես այդ արտահայտությունը չեմ սիրում, բայց մոտս իսկական կոգնիտիվ դիսոնանս է առաջացել։ Մենք որտե՞ղ ենք ապրում։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները մեզ հե՞չ չեն վերաբերվում։
Կանգնել, այդքան մարդու ներկայությամբ հայտարարում է, իբր «ավանդական խուսանավումների քաղաքականությունը» փոխարինել է «սեփական հստակ դիրքորոշում ունենալու եւ այդ դիրքորոշումը հետեւողականորեն պաշտպանելու քաղաքականությամբ»: Ո՞վ կարող է լուսավորել՝ մեր շուրջը տեղի ունեցող աշխարհաքաղաքական կարևորագույն, անգամ կասեի՝ շրջադարձային զարգացումներից ո՞ր մեկի մասին մեր ղեկավարներն այսօր «սեփական հստակ դիրքորոշում» հայտնեցին։ Կա՞ր նման բան։ Չկար։
Թող շատ գռեհիկ չթվա ասածս, բայց Նիկոլ Փաշինյանն այսօր իրեն Քրիստոսի տեղն էր դրել դեսպանների հետ հանդիպման ժամանակ. «Գնացէք այսուհետեւ աշակերտեցէք զամենայն հեթանոսս, մկրտեցէք զնոսա յանուն ոչ բռնի, թավշեա, ժողովրդական յեղափոխութեան»։
Թե բա՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը դարձավ «բառիս բուն իմաստով համաշխարհային իրադարձություն…»
Հետևեք մեզ նաև Telegram-ում