Տաթև Չախչախյան. Բանաստեղծություններ
Նմանատիպ
Բարև, մարդ:
Գրկիր ինձ մոր նման,
հոր նման
կամ էլ բոյֆրենդի.
ես հիմա ավելի մենակ եմ, քան սաղմում էի…
ՙես՚-ի ու ՙոչ ես՚-ի հատման կետում արնահոսում է…
Օգնի’ր, մարդ:
Ձգի’ր իմ էությունն ու գոյությունը կապող պարանը…
Ես հոգնեցի սեփական անկշռելիության մեջ թռվռալուց,
ֆռռալուց,
ֆռֆռալուց…
Գլխապտույտ:
Դեմքով` գետնին:
Ամու’ր ձգիր:
Ես հիմա կանգնած եմ մեջտեղում,
ուր ամենը հատվում է ամենի հետ 360’ անկյան տակ:
Ու այդ անկյունում ես հիմա թաղում եմ
բոլոր հավանական սպառումներս:
Խորը շունչ…
Մարդ-ապացույց:
Մարդ-ժխտում:
Մարդ-հիմնախնդիր:
(Շնորհավորանք փախստականների միջազգային օրվա առթիվ) :
Օտարում…
Օտարում…
Օտարում…
* * *
Էլի՞ Երկինք
– Տե’ր, Քեզնից պրծում չկա…
(Ամեն անգամ,
երբ անստվեր հանգուցյալներս բռնում են ոտքերիցս
ու քաշում դեպի մերձիմահ հարթություններ,
ամեն անգամ,
երբ ստորգետնյա մոլուցքներս աչքով են տալիս,
ամեն անգամ,
լիբիդոներիս բավարարման եզրակետին,
Կյանքը,
հևալով,
ուժասպառ,
շնչակտուր տեղ է հասնում,
քաշում ականջներս,
հայրական ապտակ տալիս,
բռնում մազերիցս,
բարձրացնում վեր,
պտտում,
պտտում
ու էլի շպրտում… Երկինք:
Աստված շփոթմունքից կուլ է տալիս լեզուն.
– Էլի դու՞:
Ու մենք մինչ լուսաբաց ջազ ենք լսում,
ժպտում,
լացում,
գոռում,
լռում,
խեղդվում ջազի մեջ,
խեղդում ջազի մեջ…
– Տե’ր, գժվելը հետո. էս անգամ գործով եմ եկել) –
Ծիտ-թռչուն միջակայքում ես արդեն փորձել եմ
դրսևորման բոլոր հնարավոր ձևերը.
Նոր հարթություններ վստահիր ինձ, Տե’ր:
Թույլ տուր խաղալ Քեզ հետ,
ու անմեղորեն հաղթել…
(Դու էլ ես փոքր եղել, չէ՞):
Օգնիր ինձ հաղթահարել Քեզ,
կորցրու Քեզ իմ մեջ,
թուլացիր,
հանձնվիր
ու Քո կործանումը կլինի Քո ազատագրումը…
Թույլ տուր սպանել ու դարձյալ ծնել Քեզ իմ մեջ`
իմ կերպարով ու իմ նմանությամբ…
Ու մի ամաչիր Քո մերկությունից,
ես էլ եմ մերկ ծնվել:
– Հետ եմ եկել, Տե’ր:
Հա, ինձնից պրծում չկա…
* * *
Ես`
ինձնից ավելի անէ,
սպիտակ,
գունաձև,
տեսականորեն` հրեշտակ դառնալու պատրաստ,
ցանկացած տեղում,
ցանկացած պահի,
ցանկացածի համար`
կազմ-պատրաստ,
ես` այնքան հեռու իմ ու քո մոլորակից
և այնքան մոտ մանկական գաղութին:
(Շնչավորը
սպանելու կենսաբանական ու զգայական մղում ունի.
շնորհակալ եմ, որ դու կաս:
Ամեն դեպքում` հանցագործն էլ իր բարոյականությունն ունի:)
Նա հրեշտակ է այնքան ժամանակ,
քանի դեռ դու Աստված ես (խաղում) :
Ու առհասարակ` էլ ի±նչ իմսատ ունեն
աշխարհափրկության քո մասնավոր դեպքերը,
եթե սեռը երկու ոտքի ու երկու ձեռքի մեջ
իրեն շատ էլ լավ է զգում:
(Մեկ է, դու ողջ աշխարհը չես փրկի.
դու արդեն 34 տարեկան ես:)
Մարդուն դեպի մեղքը մղում է
առաջին հերթին` չի կարելին,
ու ոչինչ էլ չկա զարմանալու,
որ մինչ օրս աշխարհում
ամենաշատ վաճառվող գիրքը
Աստվածաշունչն է:
Ու բացի Աստվածաշնչի կատարյալ իմացությունից,
ես անդառնալիորեն երես առած եմ.
զգույշ, չընտելացնես ինձ:
Տնեցիներն ակնհայտորեն անհանգիստ են,
երկար ժամանակ է` չեմ գրում:
Ես`
թափանցիկ,
անձև,
գործնականում ավելին` քան հրեշտակ:
– Մնաց փարատվել նրանով,
որ դժոխքում էլ են ծանոթներ հանդիպում.
Ց…
* * *
Գայլերը նայում էին լուսնին
ու ոռնում սեռի տենչանքը…
Անտառապահը քնած էր:
Ես հանկարծ պարզորոշ զգացի,
որ կանգնած եմ
գիշերահավասարի ուղիղ կենտրոնում:
Սոցիումից վտարված գա’յլ, արի’,
ես քեզ սպասում եմ
գիշերահավասարի ուղիղ կենտրոնում`
կես շիշ աբսենթով
ու հաղորդության նշխարհով…
Արի’…
Ես փաթաթվել եմ խոնավ անտառին,
անտառը սեղմում է իրանս,
անտառը դողերոցքի մեջ է…
(Նոյեմբերին քեզնից թաց հողի հոտ էր գալիս…
Նոյեմբերը վերջացավ…)
Հետաշնանային ցավը
ճկույթով շոյում է ձախ ականջս,
մտնում ներս,
խաղում գլխուղեղիս աջ կիսագնդի հետ,
քներակներս ձգում գիշերվա լայնքով մեկ,
մատին փաթաթում նյարդաթելերս…
Ցավը թռվռում է գախթունիս վրա,
ստուգում է ամրությունը,
ինչ-որ մեկի ատամի տակ խռխռթում է
զգայությունս…
Նյարդաթելերը պրկվում են…
(Ինչ փափուկ է մահը կեչիների վրա…)
Գայլերը վազում էին արևի առջևից…
Տենդը գեղեցիկ էր…
Ցավը կորած սեռից էր…
Հաղորդությունից հետո
ես վառեցի անտառը.
անտառը անսեռ էր…
18-Ի ՀԱՅՏ
Չափահասությունից ձկան հոտ եմ առնում.
խեր լինի…
…Պարզապես
դու այն միանամյա օտագործման մուսաներից չես,
որոնք սովորաբար լցնում են
պոետ աղջիկների հանելուկային մեծ պայուսակները:
(Առեղծվածը կորա՞վ: )
Շաքարեղեգներ` կախված երկնքից:
Կյանքին կյանքով խաբելու ցինիկ հաճույք:
Անվերահսկելի ինդոադապտացիա:
Միջօրե:
Քո հերթական հազից հետոթոքերս չորացան նախանձից.
թվաց` քեզ մոտ միշտ պոետական ցրտեր են:
Հետո իմացա` ընդամենը տաղանդավոր ֆարինգիտ էր:
(Թոքերի խոնավեցում` ջրափոսում: )
Մի վախեցիր. մինչև գլոբալ տաքացումը մեր կողմերը հասնի`
կհասցնենք մի քանի հատոր էլ գրել…
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը,
դոլլարի տատանումները սրա-նրա նկատմամբ,
նավթի գնի իջեցումը ճնշմանդ համեմատ,
ու ամերիկաիրաքյան հակամարտությունը լուծելուց հետո
արի տուն,
հանվիր,
մտիր թեյիս բաժակի մեջ…
STOP!
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է`
արևը միանգամից կուլ տալը վնասակար է առողջությանը:
(Թեյախմության արվեստը
ուղիղ համեմատական է շաքարի գնին…)
Չշեղվենք:
Համաձայն վերջին կենսավիճակագրական տվյալների`
մոլորակի տեղաբնիկների մոտ
միանգամյա օգտագործման իրերի պահանջարկն
աճում է հակակենսաբանական արագությամբ:
Հանգիստ կաց.
ես նախընտրում եմ շարունակելիությունը`
5 երեխա/70 տարում արագությամբ:
* * *
Ինչ-որ մեկը հետանձրևային սուլոցով
անցավ աշնան միջով ու… մրսեց:
Թշվառ էր,
խոցելի,
անթրաշ
ու անխուսափելիորեն` հայ:
Իր ժամանակավոր հողաթմբում մենակ էր`
արքայից արքային վայել թիթիզությամբ,
խղճից թույլ բռնակալ,
հետմահու ստրուկ:
(Քիթը տիպիկ դիկտատորական էր:)
Ու թեև ֆրոյդիզմից գլուխ չէր հանում,
բայց հասկանում էր, որ այստեղ մի բան կա:
Զգա՞ց:
Մկրտությամբ` քրիստոնյա,
սաղմնային բուդդիստ,
անիգտակցաբար` ցեղակրոն,
էությամբ` գինեգործ:
(Աստծո կենացին արդեն քնած էր լինում…
Ականջդ կանչի, Մորփեոս…)
Զգա՞ց:
Ո’չ ազոխի համից,
ո’չ էլ գլյուկոզայի գերհագեցումից
չէին բարձրանում սեզոնի սրտաճմլիկությունը,
ճմլիկությունը,
ամլիկությունը, …
4 տարեկան մի աղջիկ
քստքստոցով ավլեց աշունը
ու առաջին անգամ տեսավ մերկ ծառ.
ամոթից շիկնեց,
աղջկական ձևեր,
դե, գիտեք…
Ծառը կուչ եկավ,
իբր միամիտ ստացվեց…
Հայ էր…
Զգա՞ց:
* * *
Հոգին անժամանակ խռովեց մարմնից,
մարմինը հիշաչար էր,
չար էր,
բայց քնկոտ,
իմը չէր,
քոնը չէր.
մարմին էր էլի…
Խնձոր-մնձորով կաշառեցինք ու…
Իսկ մինչ այդ մենք քնեցրել էինք ասֆալտի աստծուն`
ամենակենցաղային հեքիաթներով,
հետո ցավակցական sms ուղարկել ասֆալտապաշտներին,
դուռը ներսից փակել տերերի ու հնազանդների վրա …
Ասֆալտից վեր (առնվազն ասֆալտից վեր)
առանց կարգավիճակի թափառելն էլ մի բան չի:
(Մասնավոր երկինքներում սնվել չեմ սիրում`
հոգեմարսողական համակարգս հարգելով):
Մաշկիդ տակ ներաճած դրախտը հնձեցիր.
գարնան հույս կա՞…
( Է’շ, մի’ սատկիր, գարուն կգա):
Դու մի ասա`
լավատեսությունը կրծած ոսկոր է,
սերը` հարևանի երկար-բարակ լվացքը բարուրաշորերի,
պարտքը` տարրական ֆունկցիաների անընդհատություն,
հավատն էլ` յոթը պորտով ժառանգվող հիվանդություն:
(Վայ, պարզվեց աչքերիդ գույնը բեկանման ենթակա չէ):
Հե՜յ, հերիք է խաղաս հարևանիս գեների հետ,
փախցնես քունս,
իրար հանգուցես ու խճճես սրա-նրա հոգեթելերը.
խելոք մնա, թե չէ… կմեծանամ:
Ես նստում եմ երթուղային տաքսի
,ու միակության գաղափարը
զբաղեցնում է բոլոր ազատ նստատեղերը:
Իսկ այս թերխաշ խառնածփոթից դուրս`
մի այլ խառնաշփոթում շոգեխաշվող մարմինդ
դեռ գլխի չի ընկել,
որ հոգեթելերի միջոցով դու միշտ հասանելի ես`
ուզած, թե չուզած…
* * *
Սովորույթի մնայնությունը
կապված է նրա անհեթհեթության հետ:
Պրուար
Մենակությունը հազում է,
ես խփում եմ մեջքին` երեք անգամ…
…Դու երևի այդպես էլ չհասցնես սիրել բոլորին`
չաղ ու նիհարներին,
սևուկներին,
սպիտակներին,
ինչպես այն հիմարը,
ով փորձում էր վարակվել բոլոր հիվանդություններով`
աշխարհում միակն ու անկրկնելին լինելու համար
և կորավ հոգեբուժարանում`ժանտախտից փախչելիս…
Հենց պարապ լինես` ապրիր…
Հենց վերջացնես` զանգիր…
Ես առաջինն եմ անցնում փողոցը սև կատվից հետո
ու ողջ ճանապարհին դողում սնահավատությունից:
Ես կռճտացնում եմ ատամներս սպիտակ կատուների վրա…
Մի բաժակ տաք շոկոլադ էլ դատարկվեց…
Ու վնգստում է մենակությունը գրպանումս`
մեքենայի տակ ընկած շան պես:
Նրանց սովորաբար գնդակահարում են…գիշերը…
Սովորական գիշերային կրակոցներ:
Քնահարամ հոգեբուժարանի պահակ:
Խրախճանք առանց հաչոցի:
Քեզ սիրելը կամաց-կամաց դառնում է սովորույթ…
կամ սնահավատություն…
…Ապրիր արա’գ…ժամանակ չկա…
…Սպասում եմ զանգիդ…
***
Իսկ հետո կմնանք երեքով`
ես, ես, պատը:
…Գույներից,
դեմքերից,
ակնոցներից,
կետերից ու ստորակետերից հետո
ձայնս կկախվի առաստաղից…
Իսկ իրականում առաստաղ չկա,
չկա ձայն, ու չկան պարաններ:
ՈՒ անհետևանք ապագայի կողքին
միոտանի ճակատագիրն է:
Շրջանակված դատարկություն,
մի կոտրված դուռ,
կիսակառույց անցյալ,
որը չի վաճառվում:
Պատից այն կողմ վարձով են տրվում
բոլոր աչքերը,
մտքերը,
հուշերը,
ժամկետն անց իրականությունը,
լռությունը…
Իսկ հետո ծիծաղում ենք
ես, պատը, և այն մյուս` կիսահանգուցյալ ես-ը:
Քայլում ենք ես ու պատը,
և առաջվա նման առաստաղ չկա,
չկան պարաններ…
Պատից այն կողմ ոչինչ չեմ տասնում:
Պատ չկա:
Ես քայլում եմ:
* * *
Արտիստին…
…Չորս կողմը կանաչ էր,
վերջը չէր երևում,
հետևաբար` կար…
Հավատում էի…
Միտքը պահմտոցի էր խաղում մարմնի հետ,
էությունն արևածաղիկ էր չրթում…
Մենք ամեն առավոտ գնում էինք փնտրելու…
(Հարթաթաթ էի, շուտ էի հոգնում: )
…Ու քանի դեռ լեզուն էր աղոթում,
պատշգամբում հոգին ծխում էր էկզիստենցիայի մնացորդները:
…Քանի դեռ կար ապաշխարանքի խորհուրդը,
մարմինները շարունակում էին
ստել,
սպանել,
գողանալ,
շնանալ…
Ասում են` չորս կողմը կանաչ էր…
…Ու չկար ավելի շոշափելի պատկեր,
քան մոմի ներկայությունը վառվելուց հետո,
քան մեղքի թռիչքը փակ սենյակում…
Ադամական մեղք կրողները շատանում էին ժամ առ ժամ,
ու ծննդատան պատերի տակ օձեր էին սատկում…
Օձեր վարժեցնող ծաղրածու,ով արդեն հայր էր…
Ես կրծոտած խնձորներ էի ընծայում շինածս կուռքերին
ու բարձրաձայն ծիծաղում
լիակատար երջանկության հասնելուց առաջ:
…Ես քարշ չէի տալիս գոյությունս…
…Գոյությունն էր տանում ինձ…
Չորս կողմը կանաչ էր…
Հավատում էի…
Տաթև Չախչախյան, 2008-2009
Աղբյուր՝ Granish.org
Հետևեք մեզ նաև Telegram-ում