«Հայրս ասում էր՝ չհանձնվես ու չհրապուրվես արվեստի նորաձեւություններով»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Aravot.am: Հարցազրույց խորեոգրաֆ, «Միհր» ժամանակակից պարի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանի հետ
– «Միհր» թատրոնը ավելի քան 15 տարի ձեր բեմադրություններով իր արվեստն է ցուցադրում ոչ միայն հայաստանցի հանդիսատեսին, այլեւ հանդես է եկել բազմաթիվ երկրներում՝ Ռուսաստանից մինչեւ Եվրոպա ու ԱՄՆ: Հուլիսին «Կոմիտասի 10 պատվիրաններ» ներկայացումը դիտեցին Վանաձորում, եւ, եթե չենք սխալվում, վերջին արտասահմանյան հյուրախաղը Իրանում էր, որտեղ Մարիվանի միջազգային կատարողական արվեստների փառատոնում Ժան Բատիստ Լյուլիի երաժշտությամբ «Զինվորներ» բեմադրությամբ արժանացել եք միջազգային ծրագրի գլխավոր մրցանակին: Որոշ մասնագետներ հավաստիացնում են, թե «Միհրը» ներկայանում է հազվադեպ հանդիպող պարային մնջախաղ ժանրում: Խնդրում ենք, տարիներ անց, ի վերջո, մեկնաբանեք ձեր ուղղվածությունը: Ի դեպ, ձեզ հանդիպում ենք նաեւ Ծաղկաձորում ավանդաբար անցկացվող մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակներում:
– «Միհրի» արվեստը ժամանակակից պարն է, որը որպես ուղղություն գտնվում է մնջախաղի եւ դասական բալետի խաչմերուկում: Այս ուղղությունը որպես ժամանակակից պարի ժանր, ստեղծվեց 1960-ականներին՝ Արեւմուտքում: Պարաբեմադրիչների ցանկությունն էր ստեղծագործել ազատ, առանց սահմանափակումների: Մնջախաղն ու բալետն ունեն հստակ կանոններ, մինչդեռ ժամանակակից պարն ունի իր առանձին կանոնները:
– Այնուամենայնիվ, որքան մեզ հայտնի է, որոշ բալետային խմբեր գործունեության ընթացքում վերափոխվել են բալետային մնջախաղի:
– Ըստ էության, միաձուլված արվեստներ կան, բայց ես կողմնակից եմ արվեստի, որն «աշխատում» է սեփական մաքուր օրենքներով: Ժամանակակից անվամբ հանդես եկող բոլոր արվեստները, սկսած 20-րդ դարից, իրենք են հեղինակում կանոններ: Հիշում եմ երջանկահիշատակ հորս խոսքը. «Երբեք չհանձնվես ու արվեստի նկատմամբ եղիր անկեղծ եւ, որ ամենակարեւորն է, չհրապուրվես արվեստի նորաձեւություններով» (հայրը՝ Հրաչյա Գալստյանը, 1970-ականներին Հայաստանում մնջախաղի թատրոնի հիմնադիր կազմի նկարիչն էր.- Ս.Դ.):
– Որպես ժամանակակից պարի միակ գործող թատրոն՝ հաճախ ենք լսում, որ հայաստանյան ձեր բեմելների քանակը զիջում է արտասահմանյանին, գուցե դա ուղիղ կապ ունի մի քանի հանգամանքների հետ, այդ թվում՝ դահլիճի վարձավճար եւ այլն:
– Թույլ տվեք չհամաձայնել, միեւնույն ժամանակ հաճելի է լսել, որ հանդիսատեսը ցանկություն ունի հաճախ տեսնել «Միհրին»: Օրինակ՝ սեպտեմբերից մինչեւ հոկտեմբեր ծրագրված է 15 ներկայացում, ինչը փոքր թիվ չէ: Իհարկե, ունեմ նաեւ անհատական հրավերներ՝ վարպետության դասեր անցկացնելու, քննարկումների եւ այլ ձեւաչափերով: Հաճախ հրավիրում եմ մասնագետների, որոնք վարպետության դասեր են անցկացնում հայաստանյան բուհերում եւ թատրոններում: Անշուշտ, դահլիճի վարձակալությունը թանկ հաճույք է, թեեւ մեր ներկայացումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում: Չեմ սիրում եւ խուսափում եմ գումարից տրտնջալ, այդուհանդերձ, եթե ուզում ենք այս դեպքում ժամանակակից կատարողական արվեստը զարգանա, ապա անհրաժեշտ է վերանայել վերաբերմունքը վարձակալման, դրամաշնորհների եւ ընդհանրապես աջակցության առումով: Երբ ժամանակին կրթական ծրագրերով այցելել էի Նյու Յորք, ուսումնասիրում էի բրոդվեյյան թատրոնների փորձը, տեսա, որ դրանց պետական աջակցությունը մոտ 10 տոկոս է, բայց միեւնույն ժամանակ նրանք, քանի որ շահույթ չհետապնդող կառույցներ են, ունեն հստակ հարկային արտոնություններ՝ սկսած աշխատավարձից, ելույթավճարից մինչեւ ստեղծագործական աշխատանք, կարճ ասած՝ այն ամենը, ինչն առնչվում է բեմին: Մտահոգությունս հետեւյալն է, որ բացի նվիրյալ արվեստագետներից, որոնք ցանկացած պայմաններում ստեղծագործում են, ստեղծագործողները չթողնեն բեմն ու զբաղվեն ոչ մասնագիտական աշխատանքներով: Նշեմ նաեւ, որ սեպտեմբերին «Միհրը» երկու ներկայացմամբ՝ «Կոմիտասի 10 պատվիրաններ» եւ «Պանդխտության երգը» ներկայացումներով մեկնում է Իսպանիա, եւ հայաստանյան կոլեկտիվներից առաջինն ենք, որ հանդես ենք գալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Կուենկա քաղաքում պահպանվող երկու պատմամշակութային տարածքում՝ Renaissance Courtyard կոթողում եւ «Torner» թանգարանում:
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Հետևեք մեզ նաև Telegram-ում