Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը
Նմանատիպ
Օգոստոսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի և երկու երկրների դեսպանների:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները սերտանում են՝ նպաստելով փոխգործակցության զարգացմանը: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Շվեդիայի Թագավորությանը Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար` մասնավորապես անդրադառնալով նաև խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի որդեգրման կարևորությանը հետագայում մարդկային կյանքում նման ոճիրների կանխարգելման առումով:
Նորին Սրբությունն իր խոսքում Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահին ներկայացրեց նաև Շվեդիայի հայ համայնքի եկեղեցական կյանքը` շնորհակալություն հայտնելով համայնքի հոգևոր-ազգային կյանքի անհրաժեշտ պայմանների ապահովման համար:
Իր հերթին տիար Անդրեաս Նորլենը նշեց, որ ծանոթ է հայ ժողովրդի հարուստ պատմությանը, ապա անդրադարձավ Հայաստան պատվիրակության այցի նպատակներին և սպասելիքներին:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ ժողովրդի դավանած քրիստոնեական արժեհամակարգին, Հայաստանում տեղ գտնող բարեփոխումներին, ժողովրդավարության արժեքներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակությանը մաղթեց առաքելության բարի արդյունավորում:
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում