Հարցրեք վարչապետին թող պատասխանի. Ղրիմը վերջիվերջո Ռուսաստանի՞նն է, թե՞ Ուկրաինայինը

Հարցրեք վարչապետին թող պատասխանի. Ղրիմը վերջիվերջո Ռուսաստանի՞նն է, թե՞ Ուկրաինայինը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: Այսօր խորհրդարանում դեսպանները հանդիպել են պատգամավորների հետ և քննարկել խորհրդարանական դիվանագիտության խնդիրները: Զարմանալի էր արտաքին գործերի նախարարի շեփորային ելույթը այս մեկ ու կես տարվա ընթացքում խորհրդարանական դիվանագիտության «աննախադեպ նվաճումների» մասին:

Հարգելի’ պարոն նախարար, իշխանափոխությունից հետո Հայաստանը ոչ մի դիվանագիտական նվաճում չի արձանագրել առհասարակ, ուր մնաց՝ խորհրդարանական ասպարեզում: Խորհրդարանական դիվանագիտության գուցե միակ «նվաճումը» անթիվ- անհամար-անիմաստ գործուղումներն են, որոնց վրա առսջին կիսամյակում արդեն ծախսվել է տարեկան բյուջեով հաստատված ամբողջ գումարը, և կառավարությունը կրկին հսկայական միջոցներ է տրամադրել խորհրդարանին՝ այդ վոյաժները շարունակելու համար:

Ի՞նչն եք համարում խորհրդարանական դիվանագիտության նվաճում: Այն, որ ջանասիրաբար copy-paste են արվում դեռևս մեր ժամանակ մշակված տեքստե՞րը: Այն, որ բացառապես շարունակվում են դերևս մեր օրոք հիմնադրված տարբեր ձևաչափերն ու ֆորմատնե°րը։ Թե՞ այն, որ հսկայական ջանքերի շնորհիվ տարբեր վեհաժողովներում կարողանում եք միայն պահպանել Արցախի հետ կապված ձևակերպումները, որոնք մեր օրոք այլևս սովորական էին և կրկին մեր ձեռքբերումներն էին:

Նիկոլ Փաշինյանը երեկ խոսում էր խուսանավելու քաղաքականությունը դիրքորոշում հայտնելու քաղաքականությամբ փոխարինելու մասին: Ո՞րն էր խուսանավելու քաղաքականությունը: Այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ էր և ՆԱՏՈ-ի հե՞տ էր նաև համագործակցում, թե՞ որ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելով նաև Եվրոպական Միության հետ ուներ համաձայնագիր:

Ի դեպ, խուսանավելու մասին. Զելենսկուն ուկրաիներեն շնորհավորանքներ գրելուն զուգահեռ հարցրեք վարչապետին թող պատասխանի. Ղրիմը վերջիվերջո Ռուսաստանի՞նն է, թե՞ Ուկրաինայինը:

Հայաստանում իշխանափոխությունից հետո մի քանի անգամ ասել եմ, որ այսպես կոչված հեղափոխությունը այդպես էլ չի կապիտալիզացվել արտաքին քաղաքական ոլորտի և ոչ մի ուղղությամբ. ոչ՛ ռուսական, ոչ՛ եվրասիական, ոչ՛ եվրոպական, ո՛չ ամերիկյան և ոչ էլ հարևանների հետ տարվող քաղաքականության շրջանակներում:

Լավ է, որ խորհրդարանում այսօր խմբակցություններից մեկի ղեկավարը կրկնեց իմ այդ թեզերը:

Ցավոք, ինքս եմ ականատես եղել, թե այդ անթիվ-անհամար վոյաժների շրջանակներում ինչպես է պահում իրեն Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչպես իրեն չի պահում:

Պատկերացնում եմ այդ հանդիպմանը ներկա դեսպանների քմծիծաղը, որոնցից շատերն արդեն առերեսվել են նոր խորհրդարանի ներկայացուցիչների սկանդալային արկածների հետ տարբեր երկրներում:

Իրավիճակը դեռ փրկում են մի քանի փորձառու պատգամավորներ, բայց այսպիսի պատկերացումներով, այսպիսի զինանոցով երկար ձգել չե՛ք կարող, պարոնայք:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում