Հոգի

Հոգի

Հոգու անմահություն

Որոշ աղանդներ մերժում են մարդու բանական և անմահ հոգու գոյությունը` միևնույն ժամանակ մոլորեցնելով բանից անտեղյակ իրենց հետևորդներին: Քրիստոս Խաչի վրա ավազակին ասաց. «Այսօր Ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23.43): Հոգու անմահության մասին է վկայում նաև աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16.19-31): Բայց եթե ոմանք դարձյալ չեն համոզվում, ապա հետևյալը կասենք: Նախկինում բժշկությունը մեռած էր համարում այն մարդուն, ում սիրտը կանգնում էր, և ուղեղը դադարում էր գործելուց: Մինչդեռ այսօր բժիշկներն ավելի եռանդուն են գործում այն ժամանակ, երբ մարդու սիրտը դադարում է աշխատելուց` փորձելով հաջորդող րոպեների ընթացքում շտկել իրավիճակը: Մարդու այսպիսի վիճակը կոչվում է կլինիկական մահ: Եվ այս վիճակի մեջ գտնված աշխարհի բազմաթիվ մարդիկ իրենց զարմանալի զգացողություններն են պատմում` պնդելով, որ գտնվել են մարմնից դուրս, ինչը շատ գիտնականներ համարում են անմահ հոգու գոյության ապացույցներից մեկը:

Մեռելոցի օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է հոգեհանգստյան արարողություն: Արարողության ընթացքում քահանան ընթերցում է իրեն փոխանցված ննջեցյալների անունները և նրանց հարազատների հետ միասին աղոթում նրանց հոգիների փրկության համար: Քրիստոս հարություն տվեց չորս օրվա մահացած Ղազարոսին (Հովհ. 11.43-44): Ավանդությունն ասում է, որ դրանից հետո Ղազարոսն իր ողջ կյանքի ընթացքում այլևս երբեք չծիծաղեց` հիշելով այն ամենը, ինչ տեսել էր մեռած ժամանակ: Ձեր ննջեցյալներն իրենց հիշատակի համար ձեր ողորմությունների և ձեր աղոթքների կարիքն ունեն: Ուրեմն, սիրելիներ, հատկապես մեռելոցի օրը եկեղեցի եկեք և աղոթեցեք ձեր ննջեցյալների հոգիների խաղաղության համար:

Հոգու անմահության ապացույցներ

Եհովայի վկաները և մորմոնները շատ զարմանալի տեսակետներ ունեն մարդու մահվան մասին: Եհովայի վկաներն իրենց հետևորդներին ամեն ջանքով փորձում են համոզել, որ մարդն անմահ հոգի չունի և մեռնելով ոչնչանում է, սակայն Աստված կարող է հետո նրան վերաստեղծել: Իսկ մորմոնները երկնքի մոլորակները բաժանել են իրար միջև` ասելով, որ փրկված մորմոնը դառնում է մի նոր աստված ու տեղափոխվում անծայրածիր տիեզերքի որևէ մոլորակ, հիմք է դնում մի նոր քաղաքակրթության՝ դառնալով Ադամ այդ աշխարհի համար: Անշուշտ, անհեթեթ են նման տեսակետները, և պարզապես միամիտ աղանդավորներն են մոլորվում դրանցով: Իրականում Աստվածաշունչը հենց Ծննդոց գրքից մեռնողների մասին ասում է, որ նրանք գնացին ու միացան իրենց նախնիներին: Այսպես է ասվում Աբրահամի (Ծննդ. 15.15, 25.8), Իսմայելի (Ծննդ. 25.17), Իսահակի (Ծննդ. 35.29), Հովսեփի (Ծննդ. 49.29, 32) և մյուսների համար, իսկ Մովսեսին Աստված Ինքն է ասում, որ երբ բարձրանա լեռը, այնտեղ պիտի մեռնի և միանա իր նախնիներին (Թվեր 27.13): Սա ցույց է տալիս, որ Հին Ուխտի վաղ ժամանակներում մարդիկ հանդերձյալ կյանքի և հոգու անմահության հանդեպ մեծ հավատ ունեին:

Այսպիսով, որոշ աղանդներ չեն հավատում բանական հոգու գոյությանը կամ հոգու անմահությանը: Բայց Աստվածաշունչը, ընդհակառակը, հատկապես խոսում է այն մասին, որ մարդը մեռնելիս իր հոգին ավանդում է Աստծո ձեռքը: Այդ իսկ պատճառով էլ Մովսեսն ու Ահարոնը, երեսնիվայր ընկնելով Աստծո առջև, Նրան ասում են. «Ո՛վ Աստված, հոգիների ու բոլոր մարմինների Աստված» (Թվոց 16.22): Սաղմոսաց գրքում ևս Դավիթն ասում է. «Դու ես պաշտպանն իմ, Տե՛ր, և քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին» (Սաղմ. 30.6): Քրիստոս ևս խաչի վրա բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Հա՛յր, Քո ձեռքն եմ ավանդում Իմ հոգին»: Եվ երբ այս ասաց, հոգին ավանդեց (Ղուկ. 23.46): Նույն կերպ, երբ քարկոծում էին Ստեփանոս սարկավագին, նա աղոթում էր և ասում. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին» (Գործք 7.58): Աբրահամի և Իսահակի մասին ևս գրված է, որ նրանք իրենց հոգիներն ավանդեցին ու մեռան երջանիկ ծերության մեջ (Ծննդ. 25.8, 35.29): Բացի այս վկայություններից Հին Կտակարանում նաև նշվում է, որ Հուդայի անդրանիկ որդի Էրը, հետո էլ մյուս որդին` Օնանը, հաճելի չթվացին Տիրոջը, և Աստված առավ նրաց հոգիները (Ծննդ. 38.7, 10): Նկատելի է, որ Աստվածաշունչը չի խոսում մարմնի հետ նաև հոգիների ոչնչացման մասին, այլ շեշտում է հոգին Աստծուն ավանդելու, կամ Աստծո կողմից հոգին առնելու մասին: Այսպիսին է նաև անմիտ մեծահարուստի մասին առակը, երբ նրան ասվում է. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու» (Ղուկ. 12.20): Քրիստոս, պատմելով աղքատ Ղազարոսի և մեծահարուստի մասին առակը, ասում է, որ մահից հետո Ղազարոսը գնաց Աբրահամի գոգը, իսկ մեծահարուստը գնաց դժոխք (Ղուկ. 15.22-23): Նաև Խաչի վրա Քրիստոս ավազակին ասաց. «Այսօր Ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23.43): Քրիստոս ավելի բացահայտ է ասում. «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6.64), «որովհետև հոգին առավել է, քան կերակուրը» (Ղուկ. 12.23), «Եվ մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առավել վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը» (Մատթ. 10.28): Ավետարաններում բացահայտ երևում է, որ մահից հետո հոգին անջատվում է մարմնից: Այս է ապացուցում հատկապես Հայրոսի դստեր հարության պատմությունը: Քրիստոս բռնեց նրա ձեռքից, գոչեց և ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ո՛վ մանուկ»: «Եվ նրա հոգին վերադարձավ,- ասում է ավետարանիչը,- և մանուկը իսկույն կանգնեց: Հիսուս հրամայեց, որ նրան ուտելու բան տան: Եվ նրա ծնողները զարմացած մնացին» (Ղուկ. 8.54-56): Նման պատմության հանդիպում ենք նաև Գործք Առաքելոցում: Երբ Պողոս առաքյալի խոսելու ընթացքում Եվտիքոս անունով պատանին ընկնում է պատուհանից և մեռնում, Պողոսը, ցած իջնելով, ընկնում է նրա վրա, նրան իր գիրկը վերցնում ու ասում. «Մի՛ խռովվեք, քանի որ սրա հոգին վրան է» (20.10): Աղանդավորներն ասում են, որ հոգին սովորական շունչն է, իսկ ինչպե՞ս կարող է այդ շունչը ինքնուրույն գոյություն ունենալ: Սակայն իրականում հոգին անմահ Աստծո պատկերով ստեղծված և բանականությամբ է օժտված և այն, որ հոգին սովորական շունչ չէ, ապացուցում է Պողոս առաքյալը` սրանք բոլորովին տարբերակելով: Թեսաղոնիկեցիներին ուղղված թղթում նա ասում է. «Եվ խաղաղության Աստվածն Ինքը թող սրբացնի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը թող անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը» (Ա Թեսաղ. 5.23): Եվ այս մեջբերումները ցանկանում ենք ավարտել Քրիստոսի խոսքերով .«Դուք չէ՞ք կարդացել Մովսեսի գրքում, մորենու դրվագում, թե ինչպես Աստված ասաց նրան. «Ե՛ս եմ, – ասում է, – Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»: Իսկ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ` ողջերի. ուստի, դուք խիստ մոլորված եք» (Մարկ. 12.26-27):

Հոգու գոյության մասին

Տարբեր կրոններ պնդում են, որ մարդու հոգին վերամարմնավորվում է տարբեր մարմինների մեջ: Ոմանք ասում են, թե հոգին առաջանում է մարմնի ձևավորվելուց հետո, ոմանք էլ դրանից առաջ: Սակայն ճշմարիտ քրիստոնեական տեսակետի համաձայն, որը նշում է նաև Սուրբ Գրիգոր Նյուսացին, ինչպես ցորենի սերմի մեջ կա ցողունը, հասկը, պտուղը և այն ոչ հետո է ոչ էլ առաջ, այդպես էլ հոգին է մարդու մեջ պտղավորման ժամանակ:

Հոգու գոյությունը հնուց ի վեր ապացուցել են հետևյալ օրինակներով: Օգտագործողը և օգտագործվողը տարբեր են, ինչպես, օրինակ, կոշկակարն ու իր գործիքները նույնը չեն, նույնպես երաժիշտը և իր երաժշտական գործիքը նույնը չեն, նրանք պարզապես օգտվում են իրենց գործիքներից: Նույն կերպ մարդը քայլելու համար օգտվում է իր ոտքերից, բռնելու համար` ձեռքերից, տեսնելու համար` աչքերից և այլն, և եթե օգտագործողը և օգտագործվողը նույնը չեն, ուրեմն նաև մարդը իր մարմինը չէ, որովհետև մարդն օգտվում է իր մարմնից: Նույնպես առարկաները իրենք իրենց չեն շարժվում, այլ շարժվում են մեկ ուրիշի ազդեցությամբ: Այսպես և մարդը շարժվում է հոգու ուժով: Պյութագորյանները ուսուցանում էին, որ հոգին բանտարկված է մարմնում, և հին փիլիսոփաներն ասում էին, որ մարդը հոգին է, որ փակված է մարմնում և ազատություն է գտնում մահից հետո` դուրս գալով մարմնից: Պյութագորյանների այս ուսմունքն արտահայտված է նաև Պլատոնի ստեղծագործություններում: Պլատոնը հունարեն մարմին` սոմա բառը ստուգաբանում է հետևյալ կերպ: Այն առաջացել է սեմա-գերեզման կամ գերեզմանաքար բառից, ցույց է տալիս, որ մարմինը հոգու զնդանն է, և մարմնի մահով հոգին ազատություն է գտնում: Սեմա բառը, որից, ըստ Պլատոնի, առաջացել է սոմա` մարմին բառը, նաև արտահայտում է նշան իմաստը, այսինքն` հոգին մարմնով, որպես թե նշանով, ցույց է տալիս այն, ինչ իրեն պետք է արտահայտել: Եվ քանի որ մարմինը դիտարկվում էր որպես հոգու բանտ կամ գերեզման, հույները, որ ուշադրությամբ լսում էին Պողոսի ճառը Արիսպագոսում, սկսեցին ծաղրել, երբ առաքյալը խոսեց հարության մասին (Գործք 17.32): Ծաղրի պատճառն այն էր, որ հարությունը ամենահիմար բանն էր հույների համար, քանի որ մարդը, ազատվելով իր բանտից, չի վերադառնա այդ բանտը: Քրիստոնեությունը սովորեցնում է, որ մարդը միայն մարմինը չէ կամ միայն հոգին չէ, այլ այս երկուսի միավորությունը, և սա ապացուցում է առաջին հերթին ոչ թե փիլիսոփայական հիմնավորումներով, այլ պատմական եղելությամբ: Երբ Քրիստոս Հարությունից հետո հայտնվեց աշակերտներին վերնատանը, ասաց. «Տեսե՛ք Իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև նույն Ինքն Ես եմ. շոշափեցե՛ք Ինձ և տեսե՛ք, որովհետև ոգին մարմին և ոսկորներ չունի. ինչպես տեսնում եք, Ես ունեմ» (Ղուկ. 24.39): Քրիստոնեությունն ուսուցանում է, որ ինչպես սերմի հատիկը, հողի մեջ ընկնելով, վեր է հառնում այլ` կատարյալ մարմնով (Հովհ. 12.24, Ա Կորնթ. 15.37-38), այդպես էլ բոլոր մարդիկ ընդհանրական հարության ժամանակ ելնելու են գերեզմաններից` հոգիները միացած մարմիններին, հարություն են առնելու կատարյալ մարմիններով (Ա Թեսաղ. 4.15, Ա Կորնթ. 15.42-44, 53):

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում