Աղոթքը պաշտպանություն է
Նմանատիպ
– Հա՛յր, ի՞նչ անել աղոթքի անհրաժեշտություն զգալու համար:
– Պետք էր պատերազմում եղած լինեիք, որպեսզի հասկանայինք միմյանց: Պատերազմի ժամանակ ռազմաճակատում, երբ կենտրոնի հետ մշտական կապի մեջ էինք, մեզ ավելի անվտանգ էինք զգում: Երբ երկու ժամը մեկ էինք կապի դուրս գալիս, մեզ ապահով էինք զգում: Եթե օրը ընդամենը երկու անգամ էինք կապ հաստատում՝ առավոտյան և երեկոյան, ապա մեզ լքված էինք զգում: Նույնն աղոթքի պարագայում է: Որքան շատ է մարդն աղոթում, այնքան հոգևոր վստահություն է զգում: Աղոթքը պաշտպանություն է:
Եթե մենք Աստծու հետ մշտապես «կապի մեջ» ենք, ապա կարող ենք յուրաքանչյուր չարիք կանխել: Մի անգամ մի վանական գնում էր ավտոբուսով և փակ աչքերով աղոթում, այդ պատճառով բոլորը կարծում էին, թե քնած է: Հանկարծ հանդիպակած գծով ընթացող բեռնատարը հարվածեց սյանը, տարբեր կողմերից մեքենաներ բախվեցին և լուրջ ավտովթար տեղի ունեցավ: Իսկ ավտոբուսն ինչ-որ կերպ հայտնվեց ճանապարհից մի քանի մետր այն կողմ, ասես ինչ-որ անտեսանելի ձեռք տեղափոխեց այն, և ոչ մի ուղևոր չտուժեց: Վանականի աղոթքը փրկեց նրանց*:
– Հա՛յր, աշխարհականները հաճախ հարցնում են ինչպե՞ս հարատև աղոթքի ունակություն ձեռք բերել:
– Բանն այն է, որ առաջ իրենց վանականությանը նվիրածներից և անսասան բնավորություն ունեցողներից ոմանք հեռանում էին՝ անմատչելի ժայռերում, քարանձավներում, հեթանոսական դամբարաններում կամ դևերի կացարաններում ճգնելու: Այնտեղ նրանց բազում վտանգներ էին սպառնում՝ ժայռից կարող էր քար պոկվել, դևերն էին մռնչում և այլն, և վախը նրանց ստիպում էր անդադար օգնություն աղերսել. «Քրիստո՛ս, Սո՛ւրբ Աստվածամայր…» Այդ կերպ նրանց մեջ բնակվում էր հարատև աղոթքի բարի ունակությունը: Այսօր, երբ համատարած գիշերային զվարճանքներ են, թմրանյութեր և այլն, ղեկին նստողներից շատերն իրենց չեն կառավարում: Մարդն աշխատանքի է գնում և չգիտի արդյո՞ք ողջ կվերադառնա տուն, թե՞ խեղված կհայտնվի հիվանդանոցում: Մի՞թե դա առիթ չէ՝ մշտապես աղերսելու. «Քրիստո՛ս, Սո՛ւրբ Աստվածամայր…» Եթե աշխարհականներն իրենց սպառնացող վտանգների վախն օգտագործեին ի բարօրություն, ապա նրանք մեզ՝ վանականներիս էլ կգերազանցեին աղոթքում և վտանգներից էլ կխուսափեին:
Օրերից մի օր մի մարդ եկավ իմ խուց: Նա խիստ վշտացած էր, քանի որ անուշադրության պատճառով երեխայի էր վրաերթի ենթարկել: «Ես հանցագործ եմ»,- կրկնում էր նա: «Իսկ դու այդ ժամանակ աղոթո՞ւմ էիր»,- հարցրի նրան: «Ո՛չ»,- պատասխանեց: «Դու այնքան երեխային վրաերթի ենթարկելու համար մեղավոր չես, որքան՝ չաղոթելու»: Եվ մի դեպք պատմեցի նրան: Մի մարդու էի ճանաչում, որը առաքինության մեծ աստիճանի էր հասել: Նա մշտապես աղոթում էր՝ և՛ աշխատավայրում, և՛ ճանապարհին, ամենուր: Նրա աղոթքն ինքնաշարժ էր դարձել, և փառաբանությանը հետևում էին ուրախության արցունքները: Այն գրասենյակում, որտեղ աշխատում էր, արցունքներով էր ցողում բոլոր թղթերը: Ուստի մտածում էր աշխատանքից հեռանալու ու ցածր թոշակի անցնելու մասին, և ինձ մոտ եկավ՝ խորհուրդ հարցնելու: Ես նրան ասացի. «Մի՛ հեռացիր, իսկ երբ գործընկերներդ կհարցնեն, թե ինչու ես լալիս, ասա, որ ննջեցյալ հորդ մասին ես մտածում»: Եվ ահա մի օր, երբ նա մեքենայով ինչ-որ տեղ էր գնում, հանկարծ մի երեխա վազեց ճանապարհին: Նա նրան այնպես հարվածեց, որ երեխան գնդակի պես մի կողմ թռավ, բայց ամենևին չվնասվեց: Աստված պահպանեց, քանի որ մարդն աղոթում էր այդ ժամանակ:
* Հետագայում պարզվեց, որ այդ վանականը հենց հայր Պաիսիոսն էր:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում