Տաթև Չախչախյան. «Սերը հավասարություն է»

Տաթև Չախչախյան. «Սերը հավասարություն է»

Էկրանի վրա սահում է աղմուկը: Ժամանակը պառկում է ստեղնաշարին ու փակում ականջները: Տողերի արանքում շնչահեղձ է լինում լռությունը:

…Ու լրահոսն անկոչ հյուրի պես լցնում է գիշերս… Սառը, տաք ու գոլ պատերազմներ, նիհար ու գեր նախագահներ, այցեր պաշտոնական ու ոչ միայն, վթարներ ու ծնունդներ, վերջին ցնցող լուրը Մարսից կամ Յուպիտերից. սպիտակ աղմուկ, որից ավելի է սեւանում, սեւանում ու մթում կորում գիշերս…

1 Friend Request
Confirm!
Անծանոթի հետ հեշտ է խոսել, իսկ ավելի հեշտ` լռել չիմացած լեզվով… Ու ի~նչ հեշտ է խզբզել անծանոթին գրված նամակում, անծանոթի սրտին, ֆեյսբուքյան պատին… Ես նկարչի հայացքով տնտղում եմ սպիտակ, դատարկ պատն ու վերցնում վրձիններս…
Ինքն էլ է նկարիչ: Ոսկեգույն մազեր ունի ու մեծ, կապույտ աչքեր: Փոքրիկ իշխանին է նման. հավատում, որ ամենակարեւորը աչքով չես տեսնի, ականջով չես լսի ու լեզվով չես ասի… Իր զգացած աշխարհն է պատկերում, ունեցած ու չունեցած իրականությունը… Վրձիններն ինքն է պատրաստում: (Մտածում եմ` գանգուրներիցս նրան կնվիրեմ): Դեղինն ու կապույտն է սիրում: Գրում է, որ իր խոհանոցի պատուհանը կպած է երկնքին. մնում է պարզել վրձինն ու թաթախել մայրամուտի գույներում: Նստում է սեղանի կողքի հին աթոռին, նայում է երկար, հետո պատուհանը վերանում է, հետո ինքն է վերանում, հետո ամեն բան ձուլվում է կապույտում…

…Նրա մատների տակ կտկտում են ստեղմները, իմ մատների տակ կտկտում են ստեղմները. էկրանի երկու կողմում հավասարվում են աշխարհները:

Me: ո՞նց ես
He: լավ, ոգեւորված, նոր նկար եմ սկսել
Me: դե պատմիր 🙂
He: աղմուկ եմ ուզում նկարել, էն որ կա մետրոյում, փողոցում, կռիվների ժամանակ… Առաջին անգամ աղմուկ տեսա 4 տարեկանում, երբ պապան կարմրած գոռում էր ու վառվում. հա, աղմուկը կարմիր ա… նկատե՞լ ես, կարմիր մարդիկ միշտ իրար գլխի են հավաքվում ու… աղմուկը ցավոտ ա ու վատ հոտ ունի` կեղտոտ շորերի ու քրտինքի հոտ…
Me: ինչ նուրբ ես զգում… բոլոր զգայարաններով…
He: համարյա բոլոր…
Me: տաք նկարներդ սիրում եմ, բայց երբ խաղաղ են, քնած երեխու պես հագիստ ու տաք
He: քնած երեխեն երբեմն երազից վեր ա թռնում ու աչքերը կարմիր են լինում…
Me: կարմրած աչքերով նկարներս պահարանի հետեւում եմ պահում, բայց կուզեի դու տեսնեիր…
He: … 

…Ու օրեր շարունակ բառերն էկրանին թարգմանում են նրա լռությունը…

Հիմա դեղինի բոլոր երանգները նրա մասին են, ու արվեստանոցս մոտեցել է երկնքին… Խոհանոցում նստած, իր ու իմ միջեւ տարածությունը վերանում է, երբ երկուսս նայում ենք նույն գույնին… Ուզում եմ իր ներկոտ մատները տեսնել, միասին կիթառ նվագենք ու երգենք.

“here comes the sun,
here comes the sun,
and I say it’s all right”…

Me: լսիր, աղմուկդ թող, արի մեր ուզած գույներով լռությունը ներկենք…
Me: զանգեմ, պայմանավորվե՞նք
He: Տաթ……………….
Me: ?
Me: ?
Me: ?
Me: ?
He: Տաթ… ես… չեմ լսում ու…

Հ.Գ. Ժամանակակից տեխնոլոգիաները եւ հատկապես սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս հասարակության բոլոր շերտերին գտնվել միեւնույն հարթության վրա: Մոռանալով կարգավիճակը, ֆիզիկական խնդիրները, դառնալ կյանքի լիիրավ մասնիկը, ապրել լիարժեք, գիտակցել ու արժեւորել սեփական դերը հավասար իրավունքների եւ հնարավորությունների աշխարհում:

Աղբյուր՝ Mediamax.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում