Կապույտ մզկիթում ներկայացվեցին հայկական արմատներ ունեցող իրանցի հայտնի լուսանկարչի աշխատանքները

Կապույտ մզկիթում ներկայացվեցին հայկական արմատներ ունեցող իրանցի հայտնի լուսանկարչի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի առաջին լուսանկարչական միջազգային փառատոնի շրջանակում Երևանի Կապույտ մզկիթում ներկայացվեց հայկական արմատներ ունեցող Իրանի հայտնի լուսանկարիչ Անտուան խան Սևրուգինի և հայկական հոգևոր-մշակութային ճարտարապետությունը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը բացվեց օգոստոսի 31-ին:

«Մեկ ամիս շարունակ Երևանում մարդիկ առիթ ունեն տեսնել 39 ցուցահարթակներում ցուցադրված լուսանկարչության ցուցահանդեսներ: Այդ հարթակներից մեկն էլ Կապույտ Մզկիթն է: Ցուցահանդեսներին ներկայացրել ենք 20 երկրների մասնակիցների 500-ից ավելի աշխատանքներ,-ասաց Հայաստանի առաջին լուսանկարչական միջազգային փառատոնի կազմկոմիտեի նախագահ Տաթև Մնացականյանը:

Ցուցադրություններ են եղել նաև մետրոյի կայարաններում: Ազգային ժողովում ևս բացառիկ ցուցադրություն են կազմակերպել: Սեպտեմբերի 12-ին նախագահական նստավայրի բակում ևս տեղի կունենա ցուցադրություն:

Փառատոնի շրջանակում կազմակերպվել է նաև մրցանակաբաշխություն, ընտրվել են երեք լավագույնները: Փառատոնի շրջանակում Իրանի մշակույթի կենտրոնի աջակցությամբ ու ջանքերով նաև մասնակցել են մեծ թվով իրանցիներ: Երրորդ տեղը զբաղեցրել է հենց իրանցի Մահբուհեհ Ֆարաջոլլահին, ով լուսանկարչական գործունեությունը սկսել է 2008 թվականից: Ներկայում Իրանի թատրոնի տան գլխավոր լուսանկարիչն է:

Ֆարաջոլլահին ներկայացրել է «Մեկ ժպիտ» լուսանկարը: « Նկարել եմ երեխաների ուրախությունը բակում իրենց խաղի ժամանակ: Դրա համար էլ լուսանկարը կոչվում է «Մեկ ժպիտ»,-պատմեց նա:

Կապույտ մզկիթում ցուցադրությունը կազմակերպվել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի աջակցությամբ:

«Չնայած նրան, որ Կապույտ մզկիթը վաղուց արդեն վերածվել է զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկի, սակայն այն իր ոչ ճիշտ ներուժով է ներկայանում հանրությանը, ընկալվում է որպես հավատքի կենտրոն: Սակայն Կապույտ մզկիթի ներուժն ավելի մեծ է, այն պատմամշակութային մեծ կենտրոն է, մեծ գործունեություն է ծավալում: Իրականացնելով այս միջոցառումը՝ ևս մեկ անգամ շեշտադրել ենք այդ ներուժը և ցույց ենք տալիս պատրաստակամությունը՝ համագործակցելու բոլոր մշակութային կենտրոնների հետ, սերտացնելու հայ-իրանական մշակութային կապերը»,-ասաց Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին:

Ցուցահանդեսին ներկայացված էին հայկական արմատներ ունեցող Իրանի հայտնի լուսանկարիչ Անտուան խան Սևրուգինի (Սերունյան, Սեգրուվյան, Սևրիոգին կամ Սևրագին) լուսանկարները:

Արվեստաբան Իվեթ Թաջարյանը նկատեց՝ հայկական արմատներով լուսանկարիչ Սևրուգինը մեծ համբավ ունի Իրանում: Նրա լուսանկարները կարելի է տեսնել Եվրոպայի շատ թանգարաններում: Սևրուգինի լուսանկարներում կարելի է տեսնել նաև Իրանի հովանավորության տակ գտնվող հայկական եկեղեցիներ, մշակութային կենտրոններ: Դա ցույց է տալիս, թե Իրանում ինչ հոգատարությամբ են վերաբերում հայկական կոթողներին:

Թաջարյանն արդեն երկար տարիներ է, ինչ ուսումնասիրում է Սեգրուվյանների գերդաստանը, նրանց պատմությունը: Նա նկատել է՝ Անտուան խան Սևրուգինի հայ լինելու մասին քիչ խոսք կա, հաճախ թյուրիմացաբար կարծել են, թե նա վրացի կամ ֆրանսիացի է: Անտուան Սևրուգինը եղել է պալատական և շահի անձնական լուսանկարիչը, որն իրավունք է ունեցել մուտք գործել այնպիսի վայրեր, որտեղ երբեք մուտք չի գործել որևէ իրանցի լուսանկարիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում