Ինչո՞ւ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց այն ծրագրին, որի իրականացմանը կես տարի մասնակցել է

«Ժամանակ» թերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ։ Ի պատասխան հարցին, թե ինչպես եղավ, որ խմբակցությունը դեմ քվեարկեց իր իսկ մասնակցությամբ ընդունված եւ կես տարի իր իսկ մասնակցությամբ կատարված 2012թ. բյուջեի կատարման հաշվետվությանը, պատգամավորը նշել է.

«Բազմիցս ասել եմ, որ այս վիճակը, այս կառավարման ձեւը, կուրսը, վարվող քաղաքականությունը մեզ չի գոհացնում։ Այդ պատճառով էլ մենք ԱԺ ընտրություններից հետո կոալիցիայի մաս չկազմեցինք, չմտանք կառավարման համակարգ, որպեսզի նախեւառաջ չկրենք բացասական իմաստով չփոխվող քաղաքականության պատասխանատվությունը։ Եվ երկրորդը՝ որ կարողանանք այլընտրանքային լուծումներ առաջարկել…

-Այդ նույն եւ դրանից առաջ իրականացվող բյուջետային ծրագրերի իրականացմանը մասնակցած՝ ԲՀԿ-ին պատկանող նախարարություններում մի շարք ոչ միայն բացասական երեւույթներ, այլեւ չարաշահումներ են հայտնաբերվել։ Օրինակ՝ քաղաքաշինության եւ դեղերի շրջանառության ոլորտներում։

Մշտապես ասել եմ, որ ովքեր օրինազանցություններ են կատարել, պետք է ենթարկվեն պատասխանատվության։

-Հիշեցնեմ քաղաքաշինության նախկին ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած աղաղակող չարաշահումները։

Կոմպետենտ չեմ կարծիք ներկայացնելու, որովհետեւ դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք դրա համար ժողովրդի գրպանից աշխատավարձ են ստանում։ Դա իրավապահ մարմինների իրավասության հարց է…»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում