Ազգային ժողովում գրենական պիտույքների դեֆիցիտ է

«ՉԻ»-ն վերջին շրջանում ահազանգեր է ստանում Ազգային ժողովի մշտական հարցերի որոշ հանձնաժողովներից այն մասին, որ իրենք մեծ դժվարությամբ են կարողանում պահանջագրերով գրենական պիտույքներ եւ թուղթ ստանալ։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «ԱԺ գործերի կառավարիչ Համիկը՝ Համիկ Մկրտչյանը, ում Հովիկ Աբրահամյանն է բերել Ազգային ժողով, անընդհատ պատճառաբանում է, թե դեռ ապրանք չեն ստացել եւ ոչ մի անգամ անմիջապես չի բավարարում ներկայացրած հայտերը։ Դիմողները ստիպված են լինում երկար սպասել։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ-ում գրենական պիտույքների ու թղթի «դեֆիցիտը» պայմանավորված է Համիկի ու պահեստապետ Աղասի համատեղ «բիզնեսով», քանի որ ԱԺ-ին հասանելիք ամբողջ գույքը հայտնվում է պահեստապետ Աղասի՝ Երրորդ մաս կոչվող թաղամասի գրենական պիտույքների խանութում։ Ի դեպ, սպասարկումից դժգոհում են նաեւ ԱԺ ծառայողական մեքենաներից օգտվողները։ «ՉԻ» հետ զրույցում նրանք նշեցին՝ «Մինչեւ մի լիտր բենզին են տալիս, ուղղակի քթից են բերում»։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ պահեստապետի կինն, ի դեպ, նույնպես հաշվապահությունում է աշխատում, մինչդեռ օրենքը թույլ չի տալիս նույն ենթակառուցվածքում ամուսինների համատեղ աշխատանքը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում