«Երանի այն մարդուն, որի հույսը Տիրոջ անունն է»
Նմանատիպ
«Երանեալ է այր որոյ անուն Տեառն յոյս է նորա: Ոչ հայեցաւ նա ի նանրութիւն և ոչ ի մոլութիւն սուտ»:
«Երանի այն մարդուն, որի հույսը Տիրոջ անունն է, և որը ունայնությանն ու սուտ մոլորությանը ուշ չի դարձրել» (Սաղմոս 39:5):
Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր միասնաբար տոնում ենք Սուրբ Աստվածածնի գոտու գտնվելու հիշատակության օրը: Այդ գոտու գտնվելը ցնծություն է պարգևել ողջ քրիստոնյա աշխարհին, և նրա շնորհիվ բազում հրաշքներ են կատարվել: Այն բուժել է բազմաթիվ մարդկանց:
Եկեղեցու համար տոնի առիթներ են հանդիսացել բազմաթիվ իրողություններ, այդ թվում և Տիրամոր գոտու և տուփի գտնվելը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ վիրապի մեջ իջեցվելն ու դուրս գալը, Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատումը, սուրբերի նահատակությունները, որոնք, թվում է, թե պետք է տխրության առիթներ լինեին, սակայն եկեղեցական տոնացույցում նշված են իբրև տոն օրեր: Այո՛, դրանք տոնելու օրեր են, քանի որ մարտիրոսված սրբերի արյունը միախառնվել է Տիրոջ զոհաբերվող արյանը: Այո՛, դրանք տոներ են, քանի որ քրիստոնեության մեջ հավերժական տխրություն չկա, մահը անզոր է հարության առջև: Եվ հույսը մի դրդիչ ուժ է, որով առաջնորդվել են սրբերը:
Սիրելինե՛ր, կյանքը Աստծո կողմից մարդուն շնորհված մեծագույն պարգևն է, որը չի սահմանափակվում միայն այս երկրային կյանքով, այլ երկնայինն ու հավիտենականը ևս խոստացված են մարդուն: Եվ այս կյանքը պետք է ապրել հավատով, հույսով ու սիրով: Մնացած բոլոր ուսանելի պատվիրաններն ու կրոնափիլիսոփայական մտքերը, կյանքը ճիշտ ապրելու հորդորներն ու խորհուրդները աշխարհում կարող են ածանցվել միայն այս երեքից, որովհետև երբ դրանք չկան, կյանքը հիմնասյուներ չունի: Որովհետև երբ մարդը դարձի է գալիս, քրիստոնյա է դառնում և մկրտվում է, Աստծո կողմից նրան տրվում են այդ շնորհները: Եվ անկախ ամեն ինչից, որ կյանքը ինքնին բարդ է և փորձություններով, նեղություններով լի, մարդ պետք է հույսը չկորցնի, որ խավարին հաջորդելու է լույսը, գիշերվանից հետո գալու է առավոտը, ձմեռվանից հետո՝ գարունն ու ամառը, տխրությանը հաջորդելու է ուրախությունը, լացը փոխարինվելու է ծիծաղով: Տերևաթափը հավերժ չէ, այլ գալիս է գարունը, և բողբոջում են ծառի ճյուղերը: Երանելի Հոբն ասում է. «Ծառի համար իսկ գտնվում է հույս, թեև կտրում են, նորից է ծաղկում: Ճյուղերը նրա դեռ չեն պակասում» (Հոբի գիրքը 14:7): Մահը վերջ չէ, այլ կա հարություն: Եվ քրիստոնյան ամեն օր ապրում է հարության հույսով:
Հույսը լուսաբացի սպասումն է: Այն մարդուն տրված է ոտքի կանգնելու և չընկճվելու համար: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս խաչվեց մեր մեղքերի համար, և մենք ապրում ենք մեղքերից մաքրվելու, արդարանալու և Երկնային Արքայության արժանանալու հույս ու հավատով: Սուրբ Անտոնն ասում էր. «Ես ինձ արժանի եմ համարում դժոխքի, բայց երբեք դրախտի հույսը չեմ կորցնում»:
Հույսը մարդուն գոտեպնդող, մխիթարող հզորագույն ուժ և շնորհ է: Այն մարդուն չի թողնում հարատև տխրության մեջ և լույս է տալիս խավարում և փորձությունների ժամանակ: Սուրբ Գիրքն ամբողջությամբ հեղեղված է «հույս» բառով, քանի որ Աստված մարդուն երբեք չի լքում: Մենք՝ իբրև քրիստոնյաներ, գիտենք, որ անհուսությունը մեղք է: Դա նշանակում է ուրանալ Ամենազոր Աստծո գոյությունն առհասարակ և Նրա անվերջանալի օգնությունը մասնավորապես: Մարդու փրկության համար Հայր Աստված զոհեց նույնիսկ Իր Որդուն: Լեռան քարոզում Տերն օրինակ է բերում երկնքի թռչուններին, վայրի շուշանին, որոնց մասին հոգում է Աստված, իսկ մարդը ավելին է քան կենդանական և բուսական աշխարհը. «Եթե դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց կնետվի, այդպես է հագցնում Աստված, որքան առավել ևս ձեզ, թերահավատներ» (Մատթեոս 6:30): Աստված միշտ էլ լսում է մեր խնդրանքները, երբ դիմում ենք Նրան մեր աղոթքներով: Աղոթքը ևս մարդու մեծագույն հույսն է, որ մարդուն կապում է Աստծո հետ, հրաշքներ է գործում և փոխում է մարդու կյանքը: Երբ մարդ անելանելի իրավիճակում է հայտնվում, առաջին բանը, որ օգնության է գալիս նրան, աղոթքն է, որ նախ և առաջ նրան հանգստություն և խաղաղություն է տալիս, հետո՝ հույս:
Միայն անհրաժեշտ է չհամառել անհավատության մեջ և հույսը դնել աշխարհածին երևույթների և մարդկային ուժերի վրա: Հիսուս Քրիստոս մերժեց փարիսեցիներին, որոնք անվերջ փորձում էին նրան: Հոբ Երանելին, ճիշտ է, ունեցավ հուսալքության պահեր, նույնիսկ Հոբի գրքի մի գլուխը վերնագրված է «Անհուսություն», սակայն նա ոչ մի քայլ չձեռնարկեց ընդդեմ Աստծո և չհեռացավ Նրանից: Իր զավակներին կորցնելուց հետո անգամ նա մնաց Աստվածապաշտ: Պետրոս առաքյալի և Հուդայի տարբերությունը հենց հույսի մեջ էր, որ Պետրոսը հույսը չկորցրեց՝ ներվելու Աստծո կողմից, մինչդեռ Հուդան գնաց և ինքնասպան եղավ: Սրբերի անկումների մասին միգուցե շատ քիչ է գրված, բայց աստվածաշնչյան հերոսների անկումներն ու վերելքները թույլ են տալիս հասկանալ, որ պետք է հավատով մոտենալ Տիրոջը և հույսով ակնկալել սեփական մեղքերի ներումը:
Սրբերի բարեխոսությունը, որ Հաղթանակած Եկեղեցին են, ևս մեծ օժանդակություն է Զինվորյալ Եկեղեցու, այսինքն՝ մեզ համար: Աստվածամոր բարեխոսությունը քրիստոնյաներիս համար մեր աղոթքների երկինք վերառաքման առաջին հույսերից է: Իզուր չէ, որ սովորաբար Քրիստոսի աջ և ձախ կողքերին պատկերում են Սուրբ Կույսին և Սուրբ Հովհաննես Մկրտչին, որոնց բարեխոսությանը մենք ապավինում ենք հենց Տիրոջ կամքով:
Սիրելինե՛ր, տիեզերաստեղծ Արարիչ Աստված է մեր հույսն ու ապավենը, հետևաբար մենք երկնչելու ոչինչ չունենք: Ինչպես սաղմոսերգուն է ասում. «Սկզբից ևեթ Տիրոջը մշտապես տեսնում էի իմ առջև. Նա իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ: Դրա համար ուրախ եղավ սիրտն իմ, և ցնծաց լեզուն իմ, իսկ մարմինն իմ կհանգստանա հույսով. քանզի դժոխքում չես թողնի դու ինձ, և քո սրբին ապականություն տեսնել չես տա» (Սաղմոս 15: 9, 10):
Հույսը լավատեսություն է: Առանց հույսի մարդու կյանքի թե՛ տխուր և թե՛ ուրախ օրերը կզրկվեն իրենց հմայքից: Օրվա բոլոր ժամերին՝ սկսած առավոտից, մարդուն ուղեկցում է հույսը, և երեկոյան մարդն անկողին է մտնում արևածագի հույսով: «Հույսը երբեք չի ամաչեցնում», ասում է Սուրբ Պողոս առաքյալը, որը նշանակում է, որ մարդն աներկբա կարող է հույսը դնել Իր Աստծո վրա և չտարակուսել: Մաղթում եմ գոտեպնդվել հավատքի մեջ և երբեք չհուսալքվել՝ ապավինելով Տիրամոր բարեխոսությանը:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան
Աղբուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում